1998

«Անկախ լրատվամիջոցների կառավարումը: ԶԼՄ-ների տնտեսական վիճակը և պետական մենաշնորհի հաղթահարման ուղիները».1998թ., նոյոմբերի 6-9, տարածաշրջանային սեմինար Ծաղկաձորում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Եվրոպական ժողովրդավարական նախաձեռնության ֆինանսավորմամբ իրականացվող «Լրատվամիջոցներն անցումային շրջանում» ծրագրի շրջանակներում: 60 մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ԶԼՄ-ների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` Հարավային Կովկասի ԶԼՄ-ների վիճակը, մեդիա շուկայի և գովազդի շուկայի զարգացման հեռանկարները, տարածաշրջանում անկախ լրատվամիջոցների զարգացման իրավական, քաղաքական և տնտեսական պայմանները, անկախ լրատվամիջոցների կառավարումը և պետական մենաշնորհի հաղթահարման ուղիները:

«ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները. համագործակցության հեռանկարներ». 1998թ., հոկտեմբերի 4-6, սեմինար Բյուրականում: Կազմակերպիչ`Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 40 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ ԶԼՄ-ները և ՀԿ-ները՝ բնական դաշնակիցներ, ՀԿ-ները՝ լրագրողների աչքերով, մամուլի դերը ՀԿ առաջնորդների պատկերացմամբ, համագործակցության հնարավոր ուղիներ, համատեղ գործողությունները օրենսդրական և այլ նախաձեռնությունների լոբբինգի գործում: Սեմինարի գլխավոր առանձնահատկությունը՝ առաջին անգամ տեղի ունեցավ ՀԿ-ների և ԶԼՄ-ների «մեծ շփումը», ծնունդ առավ Համակարգող խորհդրի գաղափարը: 1998թ. նոյեմբերից ԵՄԱ-ն Հայաստանի ժուռնալիստների միության և Ամերիկայի հայկական ասամբլեայի ոչ կառավարական կազմակերպությունների կենտրոնի հետ համատեղ անցկացնում են պարբերական թեմատիկ կլոր սեղաններ, որոնց ժամանակ «չորրորդ իշխանությունը» և «երրորդ սեկտորը» քննարկում են շփման հնարավոր ասպեկտները և կառուցողական համագործակցության ուղիները:

«Տեղեկությունների մատչելիություն և գրաքննություն». 1998թ., օգոստոսի 24-26, տարածաշրջանային սեմինար Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Եվրոպական ժողովրդավարական նախաձեռնության ֆինանսավորմամբ իրականացվող «Լրատվամիջոցներն անցումային շրջանում» ծրագրի շրջանակներում: 50-ից ավելի մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսեթիայի, Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ների, մամուլի ծառայությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ ԶԼՄ-ները և գրաքննությունը Հարավային Կովկասում, տեղեկությունների մատչելիությունը և լրագրողների արտոնությունները, պետական գերատեսչությունների մամուլի ծառայությունների դերը, միջազգային կազմակերպությունների փորձը: Սեմինարի մասնակիցները հանդիպեցին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանի բարձրաստիճան այլ պաշտոնյաների, քաղաքական կուսակցությունների առաջնորդների, մշակույթի գործիչների հետ: Սեմինարի գլխավոր առանձնահատկությունը՝ առաջին անգամ Ադրբեջանի ԶԼՄ-ների ներկայացուցիչները Երևան ժամանեցին ոչ թե միջազգային, այլ տեղական կազմակերպության՝ ԵՄԱ-ի հրավերով:

«ԶԼՄ-ների մասին օրենսդրություն. իրավական ակտեր և դրանց կիրառումը».1998թ., հուլիսի 31-օգոստոսի 4, տարածաշրջանային սեմինար Բաթումիում, Վրաստան: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Եվրոպական ժողովրդավարական նախաձեռնության ֆինանսավորմամբ իրականացվող «Լրատվամիջոցներն անցումային շրջանում» ծրագրի շրջանակներում: 50-ից ավելի մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների ԶԼՄ-ների, մասնագիտական կազմակերպությունների, դիվանագիտական առաքելությունների, Եվրոպայի և ԱՄՆ-ի հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ Հարավային Կովկասի երեք երկրների օրենքները և մամուլը, լրագրողական վարքականոնի այլընտրանքային նորմերը, տարածաշրջանի ԶԼՄ-ների ինքնակարգավորման ինստիտուտների կայացումը և հեռանկարները, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի լրագրողների միջև մասնագիտական կապերի հաստատում և համագործակցության հեռանկարներ: Սեմինարի գլխավոր առանձնահատկությունը՝ ակտիվացավ հայ և ադրբեջանցի լրագրողների միջև տարածության կրճատումը, բացվեցին սահմանները՝ հետագա համագործակցության համար: Սեմինարի մասնակիցների հետ հանդիպեց Աջարիայի ինքնավար հանրապետության ղեկավար, Գերագույն Խորհրդի նախագահ Ասլան Աբաշիձեն:

«Հասարակայնության հետ կապերի ծառայությունները և տեղեկությունների մատչելիությունը լրագրողների համար». 1998թ., մայիսի 2-3, սեմինար Աղվերանում: Կազմակերպիչ`Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 40 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների և գերատեսչությունների մամուլի ծառայությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ պետական կառույցների բաց լինելու աստիճանը, լրագրողների դերը հանրության տեղեկանալու պահանջի բավարարման գործում, մամուլի ծառայությունների գործունեությունը ընտրական քարոզարշավների ժամանակ, 1998թ. նախագահական ընտրությունների քարոզարշավների փորձը, արտասահմանյան մամուլի ծառայությունների գործունեությունը: