Դեկտեմբերի 29, 2002

ՍՊԱՆՎԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ

Երեւանի մամուլի ակումբի հայտարարությունը

Դեկտեմբերի 28-ի երեկոյան սպանվել է մեր գործընկերը` Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, Երեւանի մամուլի ակումբի հիմնադիր անդամ Տիգրան Նաղդալյանը:

Վերջին տասը տարում Հայաստանում լրագրողների դեմ բազմաթիվ բռնություններ էին եղելª հարձակումներ, ծեծ, մահափորձ, սակայն 2002 թվականն այս իմաստով աննախադեպ տարի դարձավ եւ ավարտվում է առաջատար լրատվամիջոցներից մեկի ղեկավարի լկտի սպանությամբ:

Ինչն էլ եղած լինի հանցագործության դրդապատճառը, այն եւս մի ցինիկ մարտահրավեր է մեր հասարակությանն ու մասնավորապես հայկական լրագրությանը: Այսպիսի ստոր արարքները սարսափի մթնոլորտ են ստեղծում` լրջագույնս վտանգելով երկրում խոսքի ազատության հաստատումն ու ժողովրդավարության զարգացումն ընդհանրապես:

Երեւանի մամուլի ակումբը ստիպված է եւս մեկ անգամ արձանագրել, որ մամուլի ու լրագրողների դեմ բռնությունների որեւէ դեպք առ այսօր բացահայտված չէ եւ պահանջում է իրավասու իշխանություններից` գտնել այս սպանության կազմակերպիչներին ու կատարողներին:

Մենք խորապես սգում ենք տաղանդավոր, բարձր պրոֆեսիոնալ լրագրողի` Տիգրան Նաղդալյանի ողբերգական մահը, ցավակցում ենք նրա բոլոր հարազատներին, բարեկամներին եւ գործընկերներին:

Հույս ենք հայտնում, որ լրագրողական հանրությանն այսօր կմիավորեն ոչ միայն վիշտը, այլեւ բռնություններին վերջ տալու վճռականությունը եւ մեզանից կախված ամեն ինչ կանենք դրա համար: Մենք պարտավոր ենք, անկախ քաղաքական կողմնորոշումներից, համախմբվել` պաշտպանելու մեր իրավունքներն ու ազատությունը:

«Մի սպանեք լրագրողներին», – կոչ էր անում Տիգրանը:

Հավերժ հիշատակ նրան…