Սեպտեմբերի 15, 2005

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (փոփոխություններով) նախագծի կապակցությամբ

Երեւանի մամուլի ակումբը ստիպված է արձանագրել, որ  Հայաստանի հասարակայնությունը բավարար չափով ընդգրկված չէ սահմանադրական բարեփոխումների գործընթացում: Մի շարք կարեւոր այլընտրանքային առաջարկություններ անհրաժեշտ ուշադրության չեն արժանացել, ինչի պատճառով նախագծի առանձին դրույթներ շարունակում են լուրջ դժգոհությունների տեղիք տալ: Մասնավորապես, մեզ չեն կարող գոհացնել խոսքի ու տեղեկատվության ազատությանը վերաբերող դրույթների ձեւակերպումները: Ամենից առաջ մտահոգում են հեռարձակման բնագավառը կարգավորող մարմնի ձեւավորման՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծով սահմանվող մեխանիզմները, քանի որ դրանք  հեռարձակվող լրատվամիջոցների առավելագույն ազատություն չեն ապահովում:
Եվ քանի որ երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագիծը չի կարող արմատապես բարեփոխվել, մենք ներկայացնում ենք մեր՝ խմբագրական բնույթի առաջարկությունները, որոնք հնարավորություն կտան որոշ չափով կոնկրետացնել համապատասխան դրույթները  եւ նպաստել ձեւակերպումների առավել հստակեցմանը:

Նախագծի Հոդված 27-ի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության առկայությունը եւ գործունեությունը։

Հիմնավորում

Նախագծի «անկախ եւ հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության» բառակապակցությունից հանված է առաջին եւ – ը: Նախագծի տարբերակը կարող է թյուրըմբռնումների տեղիք տալ՝ տպավորություն առաջացնելով, թե մեզանում ստեղծվում է անկախ ռադիո եւ հեռուստատեսություն ու հանրային ռադիո եւ հեռուստատեսություն:
Մեր առաջարկած տարբերակով միանշանակ հասկացվում է, որ «անկախ» բառը վերաբերում է հանրային ռադիոյին եւ հեռուստատեսությանը:

Նախագծի Հոդված 83.2-ը ձեւակերպված է՝

«Հեռարձակող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովման նպատակներից ելնելով օրենքով ստեղծվում է անկախ մարմին, որի անդամների կեսն ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իսկ կեսը նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից՝ 6 տարի ժամկետով: Ազգային ժողովն այդ մարմնի անդամներին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»:

Նախ՝ պետության կողմից ձեւավորվող մարմինները ստեղծվում են ոչ թե այս կամ այն ոլորտի ազատությունը եւ անկախությունը ապահովելու, այլ՝ բնագավառը կարգավորելու նպատակով: Այլ հարց է, որ Սահմանադրությունը պետք է այդպիսի մարմնի անկախության որոշակի հիմքեր սահմանի:

Երկրորդ՝ Սահմանադրությունն այդ մարմնի կարգավորիչ գործառույթը պետք է հստակ ամրագրի: Այլապես անհասկանալի է մնում, թե ինչով այն պիտի զբաղվի. բնական է՝ ոչ հեռարձակմամբ կամ տեսաձայնային արտադրանք թողարկելով եւ ոչ էլ, ասենք, հեռարձակող ընկերությունների ներքին խնդիրներին միջամտելով:

Երրորդ՝ կարգավորման օբյեկտ պետք է լինի ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային հեռարձակումը: Եվ քանի որ (հակառակ ԵՄԱ եւ այլ լրագրողական կազմակերպությունների առաջարկությունների) Սահմանադրությունը նախատեսում է միայն մեկ մարմնի ձեւավորում, ապա այն պետք է կարգավորի ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը, ինչը պետք է հստակորեն գրվի Հիմնական օրենքում:

Այս հիմնավորմամբ Երեւանի մամուլի ակումբն առաջարկում է՝

Նախագծի Հոդված 83.2-ը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Օրենքով ստեղծվում է մասնավոր եւ հանրային հեռարձակվող լրատվության միջոցների գործունեությունը կարգավորող եւ նրանց բազմազանությունն ապահովող մարմին: Այդ մարմնի անկախության ապահովման համար նրա անդամների կեսն ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իսկ կեսը նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից՝ 6 տարի ժամկետով: Ազգային ժողովն այդ մարմնի անդամներին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ի լրումն ասենք, որ լրատվամիջոցը չի կարող լինել հեռարձակող. հեռարձակողն այն ընկերությունն է, որն արտոնագրի հիման վրա եթեր է հեռարձակում հեռուստառադիոհաղորդումներ: Լրատվության միջոցները լինում են հեռարձակվող: