Մարտի 7, 2012

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգի կապակցությամբ

Ի կատարումն 2012 թվականի հունվարի 31-ին ԿԸՀ-ի կողմից հաստատված՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգի, այս օրերին ընթանում է լրագրողների հավատարմագրումը։ Թեեւ սույն Կարգի 3-րդ հոդվածի 2-րդ կետում նշվում է, որ ԿԸՀ-ն «բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ», այնուամենայնիվ, Կարգի որոշ դրույթներ անհանգստության տեղիք են տալիս։ Մասնավորապես,  մտահոգություն են առաջացնում կարգի 9-րդ եւ 11-րդ հոդվածով նախատեսված հավատարմագրման մերժման եւ դադարեցման հետեւյալ երկու հիմքերը. լրագրողի հավատարմագրումը մերժվում է կամ դադարեցվում է, եթե «նա տարածել է ընտրական հանձնաժողովների (պաշտոնատար անձանց) գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը» կամ «դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, եւ նրա դատվածությունը մարված կամ հանված չէ»: Հավատարմագրման մերժման եւ դադարեցման այս հիմքերն անընդունելի են հետեւյալ պատճառներով.

– սույն Կարգում նախատեսվում են իրավունքի այնպիսի սահմանափակումներ, որոնք կարող են սահմանվել միայն օրենքով, եւ՝ ոչ ենթաօրենսդրական ակտով,

– լրատվամիջոցների իրավունքներից է բխում ընտրական գործընթացները լուսաբանելու համար լրագրողների ինքնուրույն եւ ազատ ընտրության հնարավորությունը։ Այդ ընտրությունը չպետք է կաշկանդված լինի որեւէ կերպ, այդ թվում նաեւ՝ ԿԸՀ-ի կողմից,

– հաշվի առնելով, որ մոտակա ամիսներին լրագրողների բավական մեծ մասը ներգրավված է լինելու ընտրական գործընթացների լուսաբանման մեջ, Կարգը, փաստորեն, արգելք կարող է հանդիսանալ լրագրողի մասնագիտական գործունեության համար՝ զրկելով լրագրողին հավատարմագրման հնարավորությունից «անցյալի մեղքերի» համար, որն էլ անընդունելի է ժողովրդավարական արժեքներ դավանող երկրում,

– Կարգում՝ որպես լրագրողի հավատարմագրումը մերժելու եւ դադարեցնելու հիմք է սահմանվում՝ ընտրական հանձնաժողովների գործունեության մասին այնպիսի տեղեկությունների տարածումը, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ ԿԸՀ-ն անուղղակիորեն սահմանում է իր համար քննադատությունից պաշտպանվելու լրացուցիչ երաշխիքներ։ Տվյալ դրույթն առավել մտահոգիչ է, հաշվի առնելով, 2010 թվականի ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում զրպարտության եւ վիրավորանքի օրենսդրական փոփոխություններից հետո ձեւավորված եւ բազմաթիվ քննադատությունների արժանացած դատական պրակտիկան,

– անկախ նրանից, թե նշված դրույթներն ինչպես կկիրառվեն, նման սահմանափակումների առկայությունը Կարգում արդեն իսկ որոշակի ճնշման միջոց է եւ կարող է անտեղի կաշկանդել լրագրողների աշխատանքը՝ այն էլ պետության համար այսքան կարեւոր ընտրական շրջանում։

Հաշվի առնելով վերոշարադրյալը, մենք՝ ներքոստորագրյալներս, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում ենք վերանայել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգի 9-րդ եւ 11-րդ հոդվածով նախատեսված՝ հավատարմագրման մերժման եւ դադարեցման հիմքերը։

Երեւանի մամուլի ակումբ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան