Հոկտեմբերի 10, 2003

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Զանգվածային լրատվության մասին» օրինագծի կապակցությամբ

Գիտակցելով «Զանգվածային լրատվության մասին» օրինագծի լայն քննարկման կարեւորությունը, Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, Հայաստանի «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն միաժամանակ մտահոգություն են հայտնում վերջին օրերին այդ փաստաթղթի շուրջ ստեղծված իրավիճակի առթիվ:

Նախ, մենք մեկ անգամ եւս մեր բավարարվածությունն ենք արտահայտում արդարադատության նախարարության եւ ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներին` թափանցիկ աշխատանքի եւ լրագրողական հանրության` օրինագծի կատարելագործմանն ուղղված առաջարկություններն ընդունելու պատրաստակամության համար:

Մյուս կողմից, մենք ստիպված ենք արձանագրել, որ կառուցողական աշխատանքին խոչընդոտում են մի շարք լրագրողների եւ քաղաքական գործիչների ոչ իրազեկ հրապարակային դատողությունները, ինչն անառողջ մթնոլորտ է ստեղծում եւ հղի է օրինագիծը քաղաքական խարդավանքների պատանդ դարձնելու վտանգով:

Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր այն գործընկերների տեսակետին, ովքեր արտահայտվում էին ընդդեմ ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող հատուկ օրենք ունենալու` պնդելով, որ դրա բացակայությունը նախընտրելի է անգամ ամենաառաջադեմ օրենք ունենալուց: Նրանց մտահոգությունը հիմնավորվում է վարչա-իրավական ոլորտի անկատարությամբ եւ իրավական նորմերի կամայական (հասկանալի է ոչ ի շահ ԶԼՄ-ների) մեկնաբանության հնարավորությամբ (թեպետ իրավական վակուումը նույնպես կարող է օգտագործվել ընդդեմ խոսքի ազատության): Մենք այսօր էլ պատրաստ ենք կազմակերպել լայն քննարկում`լրագրողական հանրության մեծամասնության աջակցությունը վայելող միասնական տեսակետ մշակելու համար.

– ցանկանո՞ւմ ենք, արդյոք, մասնակցել օրինագծի հետագա կատարելագործման, այն եվրոպական չափանիշներին լիովին համապատասխանեցնելու աշխատանքներին (ինչի համար, ինչպես նշեցինք վերեւում, կան բարենպաստ հնարավորություններ),

– թե՞ նախընտրում ենք մնալ ընդհանուր իրավական կարգավորման բաց դաշտում` «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» գործող օրենքը չեղյալ հայտարարելուց եւ Քաղաքացիական օրենսգրքում մի շարք ճշգրտող փոփոխություններ մտցնելուց հետո (քայլեր, որոնք անխուսափելի են օրենսդրությունն ամբողջացնելու համար):

Այս որոշումներից յուրաքանչյուրն ընդունելի է մեր կազմակերպությունների համար, եւ մենք պատրաստ ենք այն պաշտպանել ցանկացած ատյանում, եթե մեր գործընկերները կատարեն գիտակցված եւ համաձայնեցված ընտրություն: Միաժամանակ, մենք կտրականապես դեմ ենք ԶԼՄ-ների կարգավորմանն առնչվող հարցերի քաղաքական կամ պատեհապաշտական ցանկացած շահարկման:

Շրջանառության մեջ եղած օրինագիծը արդեն մի քանի անգամ քարկոծման է ենթարկվել այն բանի համար, թե, իբր, այն նախատեսում է քրեական պատասխանատվություն զրպարտության եւ վիրավորանքի համար, ինչպես նաեւ` հասարակ քաղաքացիների համեմատ պաշտոնյաների առավել մեծ իրավական պաշտպանվածություն ԶԼՄ-ներից: Նման օրենսդրական դրույթների դեմ լրագրողական հանրությունն իսկապես պետք է վճռականորեն պայքարի, սակայն այդ պայքարը պետք է հասցեագրված լինի: Այսինքն` քննադատությունը պետք է ուղղվի ոչ թե «Զանգվածային լրատվության մասին» օրինագծին, որը չի պարունակում (եւ չի կարող պարունակել) քրեական պատասխանատվություն նախատեսող դրույթներ, այլ` ՀՀ գործող Քրեական օրենսգրքին:

Պակաս անհեթեթ չեն «ԶԼ» մասին օրենքի ընդունումը ղարաբաղյան կարգավորման գործընթացների մանրամասները հասարակությունից թաքցնելու կառավարության ցանկությանը կամ լրագրողներին ծեծելուն կապելու փորձերը: Ցավոք ոչ իրազեկ դատողությունները նման օրինակներով չեն սահմանափակվում: Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծն, իրոք, դեռեւս շատ թերություններ ունի, սակայն դրան ներկայացվող չհիմնավորված առարկությունները միայն շեղում են դրա կատարելագործմանն ուղղված կառուցողական աշխատանքի անհրաժեշտությունից:

Վերջին պահին Մամուլի ազգային ակումբի այլընտրանքային նախագծի հայտնվելը նույնպես քիչ է նպաստում օրինաստեղծ գործընթացին լրագրողական հանրության արդյունավետ մասնակցությանը: Նախ` այն չափազանց ուշացած է ու խորհրդարան է ներկայացվել առանց լրագրողների լայն շրջանակների հետ նախնական քննարկման եւ համաձայնեցման: Երկրորդ` իր որակով զիջում է պաշտոնական օրինագծին եւ հազիվ թե կարող է առավել ազատական համարվել: Վերջապես` երրորդ` ՄԱԱ-ի նախագիծը բոլոր նրանց, ովքեր հակված են անտեսելու լրագրողական միավորումների առաջարկները, հիմք է տալիս մատնացույց անելու մեր մասնագիտական միջավայրում առկա հակասությունները:

«Զանգվածային լրատվության մասին» օրինագծի ողջ պատմությունը լրագրողների, փորձագետների, միջազգային կազմակերպությունների, գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների միջեւ այնպիսի արդյունավետ բանավեճերի եւ համագործակցության խոստումնալից օրինակ է, որոնց շնորհիվ իր էությամբ հետադիմական օրինագիծը մեկուկես տարում բերվեց Եվրոպայի խորհրդի չափանիշներին մոտ տեսքի:

Մնացել է մեկ քայլ, եւ որպեսզի այն սխալ չլինի, մենք կոչ ենք անում.

– մեր լրագրող գործընկերներին` կողմնորոշվել օրենք ունենալ-չունենալու հարցում, եւ եթե մեծամասնությունն, այսուհանդերձ, կողմ լինի ունենալուն, ապա առաջարկություններով եւ դիտողություններով նպաստել «Զանգվածային լրատվության մասին» օրինագծի կատարելագործմանը,

– կառավարության եւ Ազգային ժողովի ներկայացուցիչներին` հիշել, որ Եվրոպայի խորհուրդը սպասում է ոչ թե ԶԼՄ մասին նոր օրենք ընդունելու պարտավորության մեխանիկական կատարում, այլ լրագրողական հանրության հետ այդ հարցում համաձայնության ձեռք բերում,

– օրինագծի շուրջ բանավեճերի բոլոր մասնակիցներին` հրաժարվել ամբիցիաներից եւ այսրոպեական դատողություններից, առաջնորդվել բացառապես խոսքի եւ մամուլի ազատության շահերով,

– զանգվածային լրատվության միջոցների ղեկավարներին` նպաստել թերթերի էջերում եւ եթերում օրինագծի կառուցողական քննարկումներին,

– կուսակցական գործիչներին` հրաժարվել ԶԼՄ-ների մասին օրենսդրությանը պատեհապաշտական մոտեցում ցուցաբերելուց: Հիշել, որ տեղեկատվական ոլորտը կարգավորող օրենքների որակից են մեծապես կախված քաղաքական կյանքի առողջացումն ու երկրում ժողովրդավարության զարգացումը:

Երեւանի մամուլի ակումբ
Հայաստանի ժուռնալիստների միություն
Հայաստանի «Ինտերնյուս» հասարակական կազմակերպություն
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե