Մայիսի 19, 2008

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Խոսքի եւ մամուլի ազատության վիճակի վերաբերյալ

Անցած նախագահական ընտրությունների հետեւանքով Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, ողջ սրությամբ ընդգծում է ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում կոնկրետ, վճռական քայլեր կատարելու անհրաժեշտությունը: Եվ այդ բարեփոխումների արդյունավետության կարեւորագույն պայման է երկրում տեղեկատվական միջավայրի փոփոխությգունը, խոսքի ազատության եւ ԶԼՄ-ների բազմակարծության ապահովումը:

Վերջին մեկ տարին փորձությունների շրջան էր Հայաստանի ԶԼՄ-ների համար: Լրատվամիջոցների ազատության վրա իշխանության հարձակումներն ակտիվացան 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո: Բավական է հիշել հեռարձակման ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու կառավարության հապշտապ նախաձեռնությունը, որը փաստորեն միտված էր հայաստանյան եթերից «Ազատություն» ռադիոկայանը դուրս մղելուն: Մի քանի ամիս անց սանձազերծվեց պետական մարմինների արշավն ընդդեմ Գյումրիում գործող ՙԳԱԼԱ՚ հեռուստաընկերության:

ՀՀ նախագահական ընտրություններից առաջ, դրանց ընթացքում եւ հետընտրական շրջանում հեռուստաընկերությունների մեծամասնության կողմից քաղաքական գործընթացների խիստ կողմնակալ լուսաբանումն ուղղակի հետեւանք էր հեռարձակվող լրատվամիջոցների նկատմամբ իշխանության ճնշումների ուժեղացման:

2008 թվականի մարտի 1-ից մինչեւ 20-ը Երեւանում հայտարարված արտակարգ դրությունն ուղեկցվում էր նախնական գրաքննությամբ, ինչի հետեւանքով դադարեցվել էր մի խումբ առաջատար թերթերի հրատարակությունը, արգելափակվել էին իշխանությունների հասցեին քննադատական հրապարակումներով հայտնի ինտերնետային կայքերը: Մի շարք հեռուստաընկերություններ իրադարձությունների միակողմանի, ընդդիմության համար վիրավորական լուսաբանմամբ անհանդուրժողականություն եւ թշնամանք էին տարածում քաղաքական դաշտի եւ հասարակության մի ստվար հատվածի նկատմամբ: Դրանով խախտվում էին ինչպես համընդհանուր իրավական եւ բարոյական նորմերը, այնպես էլ  Արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի համապատասխան դրույթները:

«Ֆրիդոմ Հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպության` ս. թ. ապրիլի վերջին հրապարակած 2007 թվականին աշխարհում մամուլի ազատության մասին զեկույցում Հայաստանի ԶԼՄ-ները  հերթական անգամ դասվեցին ՙոչ ազատների՚ թվին: Իսկ երկրում նախորդ տարվա համեմատ ԶԼՄ-ների ազատության մակարդակի երկու կետով անկումը «Ֆրիդոմ Հաուսը» բացատրեց առաջին հերթին «Խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների նախաշեմին իշխանությունների կողմից ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների ուժեղացմամբ»:

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի 2008 թվականի ապրիլի   17-ի թիվ 1609 բանաձեւը փաստեց. «Թեեւ գոյություն ունի բազմակարծ եւ անկախ տպագիր մամուլ, իշխանությունների կողմից էլեկտրոնային լրատվամիջոցների եւ նրանց գործունեությունը կարգավորող մարմինների նկատմամբ իրականացվող վերահսկողության ընթացիկ մակարդակը,  ինչպես նաեւ` իսկապես անկախ եւ բազմակարծություն ապահովող հանրային հեռարձակողի բացակայությունը, խոչընդոտում են լրատվամիջոցների դաշտում բազմակարծության ձեւավորմանը եւ խորացնում քաղաքական համակարգի նկատմամբ հանրության վստահության պակասի խնդիրը»:

ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի ընդունումից, Հայաստանում նախագահական ընտրությունների եւ հետընտրական իրավիճակի մասին մի շարք այլ միջազգային եւ տեղական կազմակերպությունների քննադատական հայտարարություններից հետո բավականին ժամանակ է անցել, սակայն տպավորություն է ստեղծվում, թե երկրի իշխանությունները համապատասխան գործնական հետեւությունների չեն հանգել: Ստեղծված իրավիճակը շտկելու համար Երեւանի մամուլի ակումբը առաջարկում է հետեւյալ առաջնահերթ քայլերը, որոնք անհրաժեշտ է իրականացնել առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում.

1. 2007 թվականի խորհրդարանական եւ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, ինչպես նաեւ` հետընտրական ժամանակաշրջանում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ), որն անկախ կարգավորող մարմնի կարգավիճակ ունի եւ կոչված է «վերահuկել հեռուuտաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունը»  («Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենք, հոդված 37, մաս 1), չկատարեց իր հիմնական գործառույթներից մեկը եւ միջոցներ չձեռնարկեց կանխելու հեռարձակողների մեծ մասի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումները: Այս խնդիրն արտացոլվել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի 2008 թվականի մարտի 8-ին կայացրած որոշման մեջ եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 2008 թվականի ապրիլի 25-ին տարածած Արտահերթ հրապարակային զեկույցում: Մասնավորապես, Սահմանադրական դատարանը գտավ, «որ 2008թ. Հանրապետության Նախագահի ընտրության ընթացքում (…) Օրենքի պահանջների կատարմանը ձեւական մոտեցում է դրսեւորել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը: Դրանց արդյունքում լրատվամիջոցներում ոչ միայն տեղ են գտել կողմնակալ մոտեցումներ, այլեւ առանձին լուսաբանումների ընթացքում արձանագրվել են նաեւ իրավական ու բարոյական նորմերի խախտումներ»: Իսկ ՀՀ նախագահական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության 2008 թ. փետրվարի 20-ի նախնական եզրակացության մեջ ասված է. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը ադեկվատ կերպով չի իրականացրել իրավական դրույթներին լրատվամիջոցների համապատասխանության վերահսկման իր լիազորությունները»: ԵԽԽՎ 2008 թվականի ապրիլի 17-ի թիվ 1609 բանաձեւն ուղղակիորեն նշում է. «Պետք է երաշխավորել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, ինչպես նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անկախությունը քաղաքական շահերից:  Բացի այդ, պետք է վերանայել նշված մարմինների կազմավորման կարգը` երաշխավորելու դրանցում հայաստանյան հասարակության իրական ներկայացվածությունը:  Այս ոլորտում Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի փորձագետների առաջարկությունները պետք է ի վերջո հաշվի առնվեն»: Այդ մարմինների կազմերի ձեւավորման մասին ժամանակին առաջարկներ էր արել նաեւ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին իր`«Մամուլի ազատության վիճակը Հայաստանում» 2006 թվականի զեկույցում` նշելով, որ դրանք «… պետք է արտացոլեն երկրի քաղաքական-հասարակական բազմազանությունը եւ պետք է ներառեն ՀԿ-ներ եւ մասնագիտական ընկերակցություններ»:

Վերը շարադրվածից ելնելով` մենք պնդում ենք, որ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում օրենսդրական փոփոխություններ կատարել` ապահովելու համար ՀՌԱՀ-ի ձեւավորմանը տարբեր քաղաքական ուժերի,  քաղաքացիական հասարակության մասնակցությունը, իսկ Հանձնաժողովի ներկա անդամներին կոչ ենք անում կամավոր հրաժարական տալ: Օրենսդրության արմատական փոփոխություններով նախատեսված կարգով ՀՌԱՀ-ի նոր կազմի ձեւավորմամբ հնարավորություն կստեղծվի իրականացնելու ՀՀ Սահմանադրության 83.2 հոդվածի պահանջները, ինչպես նաեւ` ԵԽԽՎ 2008 թվականի ապրիլի 17-ի թիվ 1609 բանաձեւի առաջարկությունները:

2. Անցած մեկ տարվա ընթացքում առավել ակնհայտ է արտահայտվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության` իր կարգավիճակին ու առաքելությանը չհամապատասխանող գործունեությունը: 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ եւ դրանց ընթացքում այս հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական ծրագրերը ներկայացնում էին միակողմանի տեղեկատվություն եւ չէին պահպանում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի` քաղաքական բազմակարծություն ապահովելու պահանջը: Ավելին, իր գործունեությամբ Հանրային հեռուստաընկերությունը ոչ միայն չէր նպաստում ազգային համաձայնությանը, այլեւ, ընդհակառակը, փոխադարձ ատելություն էր բորբոքում: Նույն ոճով էր այն աշխատում նաեւ հետընտրական շրջանում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հիշյալ զեկույցում արձանագրվել է.  « (…) անընդունելի լուսաբանման (խոսքը արտակարգ դրության ժամանակաշրջանին է վերաբերում – ԵՄԱ) ամենացցուն օրինակը տալիս էր ՀՀ հանրային հեռուստաընկերության առաջին ալիքը (Հ1), որը ոչ միայն անտեսում էր Հրամանագրի դրույթը, այլեւ խախտում էր «Հեռուստատեսային եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի պահանջները, այն է` հանրային հեռուստառադիոընկերությունում (…) հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունը (…) արգելվում է»:

Օրենսդրության, հանրային հեռարձակման չափանիշների, պրոֆեսիոնալ նորմերի խախտման ողջ պատասխանատվությունն ընկնում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի վրա: Մենք համարում ենք, որ  Խորհուրդում, օրենսդրական համապատասխան փոփոխությունների արդյունքում, պետք է հավասարապես ներկայացված լինեն ինչպես իշխող քաղաքական ուժերի, այնպես էլ ընդդիմության առաջարկած մասնագետները: Այդպիսով կկատարվի ԵԽԽՎ 2008 թ. ապրիլի 17-ի 1609 բանաձեւի առաջարկությունը. « (…) օրենսդրությունը բարեփոխելուց զատ, իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն` ապահովելու հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի անկախությունն ու բազմակարծությունն առօրյա գործունեության մեջ»: Եվ իբրեւ Հայաստանի հանրային հեռարձակման բարեփոխումների առաջին քայլ, մենք տեսնում ենք նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ողջ կազմի կամավոր հրաժարականը:

3. Խոսքի ազատության համար հատկապես վտանգավոր նախադեպ էր 2008 թվականի մարտի 1-ից 20-ը Հայաստանում նախնական գրաքննության կիրառումը, թեպետ դա արգելված է ՀՀ օրենսդրությամբ, եւ Արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրով կամ որեւէ այլ պաշտոնական փաստաթղթով այն նախատեսված չէր:

Մենք պահանջում ենք` մարտի 1-ի դեպքերի ու դրան հաջորդած իրադարձությունների անկախ հետաքննությունը, որ պետք է իրականացվի ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի համաձայն, ներառի նաեւ ուսումնասիրություն, թե ովքեր, ում հրահանգով եւ ինչ իրավական հիմքով էին անցկացնում նախնական գրաքննություն, եւ պատասխանատուները պատժի ենթարկվեն ՀՀ օրենքներով:

4. Մենք պահանջում ենք դադարեցնել այլակարծության համար հետապնդումները լրատվամիջոցների նկատմամբ` ինչ պատրվակով էլ որ դա իրականացվի: Քաղաքական պայքարը չի կարելի վերածել ընդդեմ ժողովրդավարական արժեքների արշավի, ինչը ավելի է սրում առանց այն էլ լարված իրավիճակը եւ վտանգում երկրի ապագան: