Մայիսի 26, 2014

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանական լրագրողների նկատմամբ ՀՀ Ազգային ժողովի չորս պատգամավորների վիրավորական պահվածքի կապակցությամբ

Անցած շաբաթ՝ մայիսի 19-ից 22-ը կայացած ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստը առանձնացավ լրագրողների նկատմամբ որոշ պատգամավորների ակնհայտ ագրեսիվությամբ և անպարկեշտ վերաբերմունքով ։

Այսպես, մայիսի 19-ին, երբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը փորձեց իմանալ ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի կարծիքը` օրեր առաջ Երեւանի «Վերնիսաժ»-ի մոտ տեղի ունեցած հրաձգության մասին, վերջինս լրագրողներին պատասխանելիս ասաց. «Դուք բոլորդ անբարոյականներ եք»։

Մայիսի 21-ին ծայրահեղ գռեհկություն եւ լրագրողին ճնշելու մտայնություն դրսեւորեց ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը, որին մոտեցած «Հրապարակ» թերթի թղթակիցն ուզում էր պարզել, թե ինչ կարծիքի է նա կառավարության ներկայացրած ծրագրի մասին։

Մյուս օրը` մայիսի 22-ին, ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը փողոցային հայհոյանք հնչեցրեց` ի պատասխան Tert.am կայքի լրագրողի հարց ուղղելու փորձին։

Նույն օրը պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, գինովցած վիճակում, ակնհայտ անպարկեշտ վարվելակերպ դրսեւորեց Fnews.am կայքի կին թղթակցի նկատմամբ։

Այս չորս պատգամավորներից միայն Շուշան Պետրոսյանը փորձեց այլ ԶԼՄ-ների միջոցով որոշ պարզաբանումներ ներկայացնել, սակայն դրանք համոզիչ չէին։ Իսկ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ներողություն հայտնելու նրա պատրաստակամությունն ամենեւին էլ համարժեք չէր լրագրողներին հասցեագրված արտահայտությանը։ Ինչ վերաբերում է մյուս միջադեպերին, ապա ո՛չ Մելիք Մանուկյանը, ո՛չ Արայիկ Գրիգորյանը, ո՛չ էլ Մհեր Սեդրակյանը ներողություն հայցելու որեւէ քայլ չարեցին։ Ի դեպ, վերջինս 2012թ. դեկտեմբերին նմանատիպ վարք դրսեւորեց նաեւ «Ա1+»-ի թղթակցի հետ շփվելիս:

Դատապարտելի համարելով հիշյալ պատգամավորների ագրեսիվ եւ անպարկեշտ վարվելակերպը` մենք` ներքոստորագրյալներս, պահանջում ենք.

– ԱԺ ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցություններից՝ քննարկման առարկա դարձնել այս միջադեպերը եւ իրենց գնահատականները ներկայացնել հանրությանը,

– ՀՀ դատախազությունից՝ սույն փաստաթուղթը Մհեր Սեդրակյանի մասով համարել հաղորդում հանցագործության մասին, եթե վերջինս հրապարակավ ներողություն չխնդրի Tert.am-ի լրագրողից։

Այդ միջադեպերից տուժած եւ անհարգալից վերաբերմունքի արժանացած լրագրողներին կոչ ենք անում համապատասխան դիմումներ ներկայացնել ԱԺ Էթիկայի հանձնաժողով՝ վերոհիշյալ պատգամավորների վարքը քննարկելու համար։

Միաժամանակ լրագրողական հանրությանն առաջարկում ենք ցուցաբերել մասնագիտական համերաշխություն եւ, բարոյապես աջակցելով գործընկերներին, անհանդուրժող վերաբերմունք արտահայտել պատգամավորների անպարկեշտությունների առնչությամբ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ