Մայիսի 3, 2006

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 

Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, «Ինտերնյուսը» եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ողջունում են մեր երկրում հաստատվող ավանդույթը` լայնորեն նշելու մամուլի ազատության համաշխարհային օրը, երբ ընդգ ծվում է զանգ վածային լրատվության միջոցների հսկայական դերը ժողովրդավարության հաստատման, քաղաքացիական հասարակության կառուցման, օրենքի գերակայության հաստատման, միջազգային համագործակցության եւ անվտանգության ամրապնդման գործում:

Առաջիկա տարիները Հայաստանի առջեւ մի շարք պատասխանատու խնդիրներ են դնում, որոնց լուծումից են կախված երկրի զարգացումն ու բարգ ավաճումը: Դրանց թվում են ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, աղքատության հաղթահարման համար եւ կոռուպցիայի դեմ պայքարին արդյունավետություն հաղորդելը, Հարեւանության եվրոպական քաղաքականության եւ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի շրջանակներում միջազգային խոշոր ծրագրերի իրականացումը, Ղարաբայան հակամարտության կարգավորման ուղղությամբ իրական առաջընթացի ձեռքբերումը, տարածաշրջանային ինտեգրացիայի հնարավորությունների օգտագործումը եւ այլն:

Խոսքի ազատության երաշխիքները եւ ուժեղ ազատ ԶԼՄ-ների առկայությունը կարեւորագույն գործոններ են, որոնցով  պայմանավորվում են թվարկված խնդիրների լուծումը: Այս առնչությամբ մեր կազմակերպություններն իրենց գործունեության առաջնահերթություններ են համարում հետեւյալ ուղղությունները.

– ԶԼՄ-ների բնագավառի (եւ ամենից առաջ հեռուստատեսության եւ ռադիոյի) օրենսդրության բարեփոխումը, ինչի անհրաժեշտությունը բխում է ՀՀ փոփոխված Սահմանադրությունից: Չնայած մենք բազմիցս արտահայտել ենք մեր անբավարարությունը Սահմանադրության այն փոփոխությունների խորության առնչությամբ, որոնք վերաբերում են զանգվածային լրատվամիջոցներին, մենք հնարավոր եւ անհրաժեշտ ենք համարում բարեփոխումները խորացնել առանձին օրենքների կատարելագործմամբ:

– Կոռուպցիայի, քաղաքացիների իրավունքների խախտումների դեմ պայքարում մամուլի դերի բարձրացումը ենթադրում է լրագրողների իրավական պաշտպանվածության ուժեղացում, նրանց` պաշտոնական տեղեկություններին առանց խոչընդոտների  հասու լինելու ապահովում, վիրավորանքի եւ զրպարտության համար ազատազրկման հնարավորության բացառում, լրագրողների մասնագիտական պարտականությունները կատարելուն խոչընդոտելու համար իշխանության մարմինների պատասխանատվության մեծացում: Այս առնչությամբ նախատեսվում են մի շարք օրենսդրական նախաձեռնությունների լոբբինգ եւ գործնական միջոցառումների իրականացում:

– Աջակցություն ազատ եւ թափանցիկ քաղաքական բանավեճերին ու անաչառ լուսաբանումներին, որոնք ժողովրդավարական ընտրությունների անհրաժեշտ պայման են: Հաշվի առնելով քաղաքական գործընթացների վրա հեռուստաեթերի բացառիկ ազդեցությունը, ինչպես նաեւ` Հայաստանի հանրային հեռուստատեսության հատուկ առաքելությունը, անհրաժեշտ է 2007-2008 թվականներին խուսափել ընտրարշավները կողմնակալ լուսաբանելու հեռուստաալիքների մեծամասնության, այդ թվում Հ1-ի`  պրակտիկայից: Մեր կազմակերպությունները համակողմանիորեն կօժանդակեն հեռուստաեթերում, եւ ամենից առաջ Հանրային հեռուստատեսությունում այնպիսի հաղորդումների երեւան գալուն, որոնք քաղաքացիներին կօգնեն կատարելու ազատ եւ գիտակցված ընտրություն:

– Տեղեկատվական աջակցություն  Հարեւանության եվրոպական քաղաքականության եւ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի ծրագրերին, համակողմանի բարեփոխումներին, տնտեսական զարգացմանն ու աղքատության հաղթահարմանը: Սրանց հաջողությունը նշանակալիորեն կախված կլինի արդյունավետ հասարակական վերահսկողությունից, իմիտացիոն երեւույթների եւ միջոցների ոչ նպատակային ծախսումների բացառումից: Մենք կօժանդակենք այդ ծրագրերի իրականացման բոլոր փուլերի պրոֆեսիոնալ եւ հետեւողական լուսաբանմանը եւ քաղաքացիական հասարակության շահագրգիռ ու իրավասու ներկայացուցիչների սերտ համագործակցությանը:

– Մամուլում Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման, տարածաշրջանային այլ խնդիրների հաղթահարման, Հարավային Կովկասում եվրոպական ինտեգրացման գործընթացների ակտիվացման հնարավորությունների լայնորեն լուսաբանման համար պայմանների ստեղծում: Այս նպատակով նախատեսվում է օգտագործել հարեւան երկրների գործընկերների հետ երկխոսության եւ տեղեկատվության փոխանակման զանազան ձեւեր, հակազդել փոխադարձ մեկուսացման միտումներին եւ «սառը պատերազմի» մեթոդների կիրառմանը:

– Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգ ային հանձնաժողովի գործունեության թափանցիկության եւ անաչառության բարձրացում: Հայաստանի հեռարձակման ոլորտը կարգ ավորող այդ մարմնի նկատմամբ վստահությունը էապես նվազել է, մասնավորապես, նրա անցկացրած մի շարք մրցույթներից հետո, որոնցում «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունները անհաջողության մատնվեցին: Մեր կազմակերպությունները ձգտելու են հասնել մրցութային առաջարկների քննարկմանը խորհրդակցական ձայնում անկախ փորձագետների մասնակցությանը, ինչը նախատեսված է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով:

– Պրոֆեսիոնալ լրագ րության նորմերի ներդրում եւ զարգ ացումª ինքնակարգ ավորման կառույցների եւ հասարակության առջեւ ԶԼՄ-ների կամավոր հաշվետվողականության համակարգ երի միջոցով: Նման համակարգ երից են Մամուլի խորհուրդը, խմբագ րական օմբուդսմանը, վարքականոնները եւ այլն:

Մենք լրագրողական հանրությանը, մեր գ ործընկերներին կոչ ենք անում` միավորել ջանքերը եւ համաձայնեցված միասնական գործողություններ իրականացնել Հայաստանում խոսքի եւ լրատվամիջոցների ազատության ամրապնդմանը միտված թվարկված խնդիրները լուծելու համար:

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

«ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ