Մարտի 21, 2008

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դեմ ոտնձգությունների կապակցությամբ

2008 թվականի մարտի լույս 21-ի գիշերը, ժամը 01:05-ին հրկիզվել է Գյումրիում գործող ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանի ավտոմեքենան, որն այդ պահին եղել է ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի տրամադրության տակ:

Լեւոն Բարսեղյանի համոզմամբ այս միջադեպն ուղղակի կապ ունի «ԳԱԼԱ» ՀԸ պաշտպանության, այդ եւ այլ առիթներով իշխանությունների հասցեին նրա հնչեցրած քննադատության, 2008 թ. հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը ակումբի հրդեհման փորձի եւ մի քանի անգ ամ հեռախոսային ահազանգ երով իր եւ ակումբի հասցեին հնչեցված սպառնալիքների հետ:

Հիշեցնենք նաեւ, որ Գյումրիի քաղաքապետը 2008 թ. փետրվարի 25-ին հրապարակայնորեն վիրավորել եւ ահաբեկել էր «ԳԱԼԱ» ՀԸ-ին եւ «Ասպարեզ» ակումբին` հայտարարելով` «… Մեր քաղաքում մի երկու քաղմաս է մնացել, որ ժողովուրդը զզվում է, դա «ԳԱԼԱ» քաղմասն է, մեկ էլ «Ասպարեզ» քաղմասը … վերջապես, մի քիչ թող նրանք էլ զգաստանան», սակայն տեղական ոստիկանությունը մերժել է այդ նախադասությամբ վիրավորելու, զրպարտելու եւ սպառնալու  համար «Ասպարեզի» դիմումի հիման վրա քրեական գործ հարուցել քաղաքապետի դեմ` ՙհանցակազմի բացակայության պատճառով»:

Մենք հայտարարում ենք, որ Գյումրիում անկախ լրագրողական կազմակերպության դեմ ոտնձգությունն ուղղակի հետեւանքն է մի կողմից ամեն տեսակ այլախոհությունը արգելելու, քաղաքական հալածանքների, ընդդիմադիր եւ անկախ կազմակերպությունների ու լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտելու, մյուս կողմից` իշխանությանը հաճո անձանց ու կառույցների ամենաթողությունը քաջալերելու: Նման իրավիճակում քաղաքացիների աննախադեպ ակտիվությունը` ի պաշտպանություն ազատ խոսքի եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության, երեւի դուր չի եկել ոմանց եւ հատկապես Գյումրու քաղաքապետին, որը մարտի 20-ին մի այլ հեռուստաալիքով կոչ է արել քաղաքացիներին չօժանդակել «ԳԱԼԱ»-ին:

Մենք խստորեն դատապարտում ենք մեր գործընկերների նկատմամբ իրականացված այս հանցավոր ոտնձգությունը, եւ քանի որ «Ասպարեզ» ակումբի դեմ առայսօր կատարված բոլոր տեսակի ահաբեկչությունները չեն բացահայտվել եւ մեր համոզմամբ չեն կարող բացահայտվել Գյումրիի իրավապահների կողմից, իսկ չբացահայտումը առավել սանձարձակ է դարձրել հանցագործներին` պահանջում ենք, որ այդ բոլոր դեպքերով հետաքննությունն իրականացնեն հանրապետական իրավապահ մարմինները:

Երեւանի մամուլի ակումբ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ  – Հայաստան
ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալություն
«Անտենա» ՀԿ
Ռադիո «Վան»
Վանաձորի մամուլի ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Հայկական ժամանակ» օրաթերթ
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
«Ժամանակ Երեւան» օրաթերթ