Սեպտեմբերի 1, 2017

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դատական կարգադրիչի կողմից լիազորությունները չարաշահելու և «Ա1+»-ի թղթակից Ռոբերտ Անանյանի և օպերատոր Բագրատ Սարոյանի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ

2017թ. սեպտեմբերի 1-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում էր «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը, ուժի գործադրմամբ խոչընդոտվել է «Ա1+» առցանց հեռուստաընկերության թղթակից Ռոբերտ Անանյանի և օպերատոր Բագրատ Սարոյանի օրինական մասնագիտական գործունեությունը։

Նիստը նկարահանելիս «Ա1+»-ի աշխատակիցները փորձել են տեսագրել նաև, թե ինչպես են դատական կարգադրիչները բռնությամբ կասեցնում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նախաձեռնած բողոքի ակցիան՝ ընդդեմ հանրային պաշտպանի։ Այդ պահին կարգադրիչներից մեկը սեփական նախաձեռնությամբ փակել է տեսախցիկը, ոլորել թղթակցի ձեռքերը և օպերատորի հետ միասին հեռացրել դահլիճից։ Մինչդեռ դռնբաց դատական նիստում նախատեսված միակ սահմանափակումը վկաների ցուցմունքը չնկարահանելն է։ Փաստորեն, դատական կարգադրիչը չարաշահել է իր լիազորությունները։ Նրա ինքնությունն այս պահին դեռ ճշտված չէ, սակայն դեմքը հստակ երևում է «Ա1+»-ի կայքում հրապարակված տեսանյութում։

Սա առաջին դեպքը չէ, երբ դատարաններում անօրինական սահմանափակումներ են կիրառվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, իսկ վերջին միջադեպը անթույլատրելի է նաև այն առումով, որ խոսքը հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող դատական գործընթացի լուսաբանման մասին է։

Հաշվի առնելով այս փաստերը, մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք.

– Դատական դեպարտամենտից՝ պարզել լիազորությունները չարաշահած կարգադրիչի ինքնությունը և պատասխանատվության ենթարկել նրան՝ ապագայում լրագրողների նկատմամբ նման վարքագիծը բացառելու համար,

– Նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանից՝ պատշաճ վերահսկողություն սահմանել դատական կարգադրիչների գործողությունների նկատմամբ և հաշվի առնելով այս գործի հանդեպ հանրային հետաքրքրությունը՝ բացառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքների որևէ անօրինական սահմանափակում։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ -ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ