2005. ԱՆԿԱԽ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԴԵՖԻՑԻՏԸ` ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԻՄՆԱՀԱՐՑ

Երևանի մամուլի ակումբի տարեկան հաշվետվությունը

2005թ. ՀՈՒՆՎԱՐ

ՀՈՒՆՎԱՐԻ 5-ին  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) “Ա1+” հեռուստաընկերությունից պահանջեց 15-օրյա ժամկետում ազատել ԳԱԱ-ին պատկանող շենքում զբաղեցրած տարածքները, հակառակ դեպքում վտարման հարցը կլուծվի դատական կարգով։  ԳԱԱ-ն այս պահանջը բազմիցս ներկայացրել էր 2004 թվականին՝ պատճառաբանելով, թե շենքում պետք է տեղավորվեն Ակադեմիայի ինստիտուտներն ու կազմակերպությունները։ 2004 թվականի դեկտեմբերի 6-ին “Ա1+”-ը դիմել էր ՀՀ կառավարություն՝ խնդրելով թույլատրել սեփականաշնորհելու զբաղեցրած տարածքները։ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից ստացված պատասխանում ասվում էր, թե նշված օբյեկտները մասնավորեցման ենթակա չեն, քանի որ ԳԱԱ-ի տրամադրության տակ են (մանրամասները տես՝ 2004 թվականի հաշվետվության մեջ

ԳԱԱ-ն հեռուստաընկերությունից պահանջեց նաեւ վճարել տարածքի վարձակալության պարտքը՝ 700 հազար դրամի չափով։ “Ա1+”-ի տնօրեն Մեսրոպ  Մովսեսյանի կարծիքով, Ակադեմիան դրանով խախտում է եղած պայմանավորվածությունները, որոնց համաձայն վարձավճարը պետք է մարվի շենքի նորոգման համար “Ա1+”-ի ներդրած գումարների հաշվին։

2005 թ. ապրիլի 11-ին ՀՀ տնտեսական դատարանում լսվեց ԳԱԱ-ի հայցն ընդդեմ “Ա1+”-ի հմինադիր “Մելտեքս” ՍՊԸ-ի։ “Ա1+”-ի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը հակընդդեմ հայց ներկայացրեց. “Ա1+”-ին վտարելու դեպքում Ակադեմիան պետք է փոխհատուցի շենքի նորոգման համար հեռուստաընկերության ներդրած գումարը (ըստ “Ա1+”-ի ղեկավարի՝ ավելի քան $30 000)։ Հակընդդեմ հայցը քննության չընդունվեց, ինչպես նաեւ մերժվեցին պատասխանողի երկու միջնորդությունները (տարածքն ազատելու դեպքում սարքավորումների ապամոնտաժման եւ տեղափոխման ծախսերը հայցվորի կողմից փոխհատուցելու եւ դատավորին բացարկ հայտնելու վերաբերյալ)։

Տնտեսական դատարանը բավարարեց ԳԱԱ հայցը, եւ հեռուստաընկերությունն այդ վճիռը բողոքարկեց վերադաս դատական ատյանում։ Մայիսի 26-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց “Ա1+”-ի հիմնադրի հայցը։ Ընդ որում, ինչպես տեղեկացրել է “Այբ-Ֆե” թերթը (2005 թ. մայիսի 27-ի համարում), Վճռաբեկ դատարանի նիստի մասին ծանուցումը “Ա1+”-ի խմբագրություն է հասցվել միայն մայիսի 26-ի առավոտյան՝ քննությունը սկսվելուց մեկ ժամ առաջ։ Փաստորեն, ընդգծում է թերթը, վերին ատյանի դատարանի վճիռն ընթերցվել է “Ա1+”-ի ներկայացուցչի բացակայությամբ։

Հուլիսի 20-ին Գիտությունների ազգային ակադեմիան “Ա1+”-ից պահանջեց մեկ շաբաթվա ընթացքում ազատել տարածքը, եւ նույն օրն էլ “Ա1+”-ի ղեկավարը նամակով դիմեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին։ “ Մեր զբաղեցրած տարածքը (Գրիգոր Լուսավորիչ, 15 հասցեում) Գիտությունների ազգային ակադեմիային փոխանցելու մասին կառավարության որոշումից եւ դրան հաջորդած դատական վճիռներից հետո միանգամից կդադարեցվի 4 կազմակերպության ՝ “Ա1+”-ի ինտերնետային էջի, “Այբ-Ֆե” շաբաթաթերթի, բարձրագույն հեռուստատեսային կուրսերի եւ “Համասփյուռ” ցանցի (միավորում է 11 մարզային հեռուստաընկերություն — ծան. խմբ.) գործունեությունը”   — ասված էր մասնավորապես, նամակում։ Այնուհետեւ Մեսրոպ Մովսեսյանն ուշադրություն էր հրավիրում այն բանի վրա, որ նույն շենքում տարածքներ վարձակալող մյուս հաստատություններին նման պահանջներ չեն ներկայացվել, որ “Ա1+”-ը բարեխղճորեն վճարել է վարձակալության գումարները, ներդրումներ է կատարել շենքի կապիտալ նորոգման համար, իսկ էլեկտրասարքավորումների, սերվերի եւ արբանյակային ալեհավաքների ապամոնտաժումը մեծ ծախսեր է պահանջում։ “Ա1+”-ի ղեկավարը խնդրում էր վարչապետին՝ օժանդակել ԳԱԱ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու, որպեսզի գոնե ժամանակավորապես խմբագրության տրամադրության տակ թողնվի 6 սենյակ, ուր կարող են տեղավորվել 40 աշխատակիցները։ Այս խնդրանքը բավարարելու դեպքում Մեսրոպ Մովսեսյանը պատրաստակամություն էր հայտնում երկու օրվա ընթացքում ազատել նույն շենքի 4-րդ հարկի սենյակները։ “Չենք կասկածում, որ դուք պատրաստ եք ձեր աջակցությունը ցուցաբերել անկախ մամուլի կայացման գործին”,- նշված էր վարչապետին ուղղված դիմումում։ Անդրանիկ Մարգարյանը պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանին հանձնարարեց ուսումնասիրել “Ա1+” հեռուստաընկերությանը նոր տարածք տրամադրելու հնարավորությունը։

2005 թվականի վերջի դրությամբ հարցը դեռեւս լուծված չէր։

ՀՈՒՆՎԱՐԻ 18-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նիստում որոշում ընդունվեց 200 հազար դրամի չափով տուգանել “Հայրենիք” հեռուստաընկերությանը։ Իբրեւ տուգանքի հիմնավորում նշվում էր հեռուստաընկերության կողմից 2004 թվականի դեկտեմբերի 23-ին, 26-ին, 27-ին եւ 2005 թվականի հունվարի 3-8-ին ֆրանսիական “Մեցցո” հեռուստաընկերության ծրագրերի վերահեռարձակումը։ Ըստ ՀՌԱՀ-ի, դրանով “Հայրենիք” ՀԸ-ը խախտել է “Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին” ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, որի համաձայն արտասահմանյան ընկերությունների հաղորդումների վերահեռարձակումն իրականացվում է պայմանագրային հիմունքներով՝ վերահեռարձակումից առաջ այդ մասին գրավոր տեղեկացնելով Ազգային հանձնաժողովին։ Բացի այս, “Հայրենիքի” եթերում առանց ցուցադրման իրավունքի մի շարք ֆիլմեր են հեռարձակվել։

ՀՌԱՀ-ի այս որոշումը մամուլում բացասական արձագանք ունեցավ (2001 թվականից հեռարձակվող “Հայրենիքը” Հայաստանում միակ մանկական եւ ըստ էության ոչ կոմերցիոն ալիքն է, հեռուստաընկերության սեփականատերը հայտնի ձեռնարկատեր, “Գրանդ հոլդինգ” ընկերության ղեկավար Հրանտ Վարդանյանն է)։

“Այբ-Ֆե” շաբաթաթերթը (2005 թ. 21-27 հունվար) զարմանք էր հայտնում, որ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը “միայն այժմ է նկատել” “Մեցցոն” “Հայրենիքի” եթերում, թեպետ վերահեռարձակումն իրականցվում է արդեն երեք տարի։ “Իրավունք” թերթը (2005 թ. 25-27 հունվար) ենթադրում էր, որ ՀՌԱՀ-ի նախագահի “սկզբունքայնությունը” ունի նաեւ ենթատեքստ, “քանի որ նա որոշ առնչություն ունի արտոնագրման գործին, իսկ մեկ ֆիլմի արտոնագրումը ավելի քան 100 դոլար է, ինչը մանկական հեռուստաալիքի համար, անկասկած, ծանր բեռ է”։ 2005 թվականի հունվարի 29-ի համարում “Ազգ” թերթը տեղեկացրեց նախորդ համարում հրապարակված “Ո՞ւմ դեմ եւ հանուն ինչի՞ է պայքարում ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը” հոդվածին ՀՌԱՀ-ի ղեկավարի արձագանքի մասին։ Գրիգոր Ամալյանը թերթին հիշեցնում էր աստվածաշնչյան պատվիրանը. “Մի գողացիր”։ Սա մեկնաբանությունների նոր ալիք առաջացրեց։ Փետրվարի 1-ին “Նովոյե վրեմյա” թերթը “Գրանդ հոլդինգի” մամուլի քարտուղար Արման Վանեսկեղյանի հոդվածի խմբագրական մեկնաբանության մեջ մասնավորապես նշում է. “Պատվիրանները, ինչպես հայտնի է, տասն են։ “Մի գողացիր”-ը դրանցից միայն մեկն է։ Բայց կան նաեւ ուրիշները, օրինակ, առօրյա “Մի վնասիր”-ը… Մի վնասիր այնպիսի լուրջ երաժշտական հաղորդումների հազարավոր սիրահարներին, որպիսիք համարյա չեք հանդիպի ոչ մի այլ ալիքում”։ Բուն հոդվածում “Գրանդ հոլդինգի” մամուլի քարտուղարը նշում է. “Ես համոզված էի, որ հենց ֆրանսիական “Մեցցո” ընկերությունն է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից պահանջել կանխելու իր ծրագրերի չարտոնված ցուցադրումը. (…) Որքան էլ զարմանալի է, պարզվեց, որ ֆրանսիացիները բացարձակապես կապ  չունեն եւ ոչ մի բողոք էլ չեն արտահայտել”։ “Հայկական ժամանակ” թերթն էլ (2005 թ. փետրվարի 1-ի համարում) մի քանի հարց է տալիս. “Արդյո՞ք ՀՌԱՀ-ը մոնիտորինգի է ենթարկում մյուս բոլոր հեռուստաընկերությունների եթերը եւ հայտնաբերում օրենքի խախտումները. արդյո՞ք լոտոների, գովազդների տեւողությունները ճիշտ այնքան են, որքան սահմանված են օրենքով, արդյո՞ք հ/ը-ների սեփական արտադրության հաղորդումները այնքան են, որքան օրենքն է պահանջում, արդյո՞ք… Այս հարցերին ի պատասխան Ամալյանը միշտ ասում է, թե հանձնաժողովի տեխնիկական հնարավորությունները սահմանափակ են, եւ մանրակրկիտ ուսումնասիրել հնարավոր չէ”։ Նման կարծիք է արտահայտել նաեւ “Գոլոս Արմենիի” թերթը (2005 թ. փետրվարի 1-ի համարում), ընդգծելով. “Կարելի է բերել նաեւ ոչ թե պարզապես օրենքի տառին, այլեւ ընդհանրապես օրենքին հակասող այլ, առավել աղաղակող եւ անգամ սկանդալային փաստեր այս կամ այն հայրենական հեռուստաընկերությունների գործողություններում։ Եվ, բնականաբար, նույն հաջողությամբ կարելի է բերել նման իրավախախտումների բացահայտման ուղղությամբ Հանձնաժողովի պասիվության օրինակներ”։ “Առավոտ” թերթը (2005 թ. փետրվարի 2-ի համարում) դժվարացել է որոշել, թե ով է ճիշտ ՀՌԱՀ-ի եւ “Հայրենիքի” հակամարտության մեջ եւ վերջինիս սեփականատիրոջը խորհուրդ է տվել դիմելու դատարան։ Միաժամանակ թերթը տարակուսանք է հայտնել, որ “Հայրենիքի” պաշտպաններն ավելի շատ են, քան ժամանակին ունեին “Ա1+” եւ “Նոյյան տապան” հեռուստաընկերությունները, երբ նույն հանձնաժողովը վերջիններիս զրկում էր եթերից։ “Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին այժմ պետական մտածողության պակասի մեջ են մեղադրում անգամ այն լրատվամիջոցները, որոնք մինչ այդ սարի պես կանգնած էին այդ հանձնաժողովի թիկունքին”։ Իսկ քանի որ, ըստ “Առավոտի” “Հայաստանում ոչ մեկը ՀՌԱՀ-ից չի ակնկալում օրենքի ոգուն համապատասխան որոշման կայացում” “Հայրենքի” պարագայում շատերը չեն էլ ցանկանում տեսնել զուտ իրավական խնդիրը. “Փորձում են փնտրել ՀՌԱՀ-ի՝ նման անսովոր գործողության այլ պատճառներ։ Ասենք, անդրկուլիսային պայքար՝ ուղղված “Հայրենիք” հեռուստաընկերության սեփականատիրոջ դեմ եւ այլն։ Եվ եթե անկեղծ լինենք, այս վարկածն իրականությանն ավելի մոտ է թվում”։

Փետրվարի 15-ին ՀՌԱՀ-ը ընդդեմ “Հայրենիքի” հայցով դիմեց ՀՀ տնտեսական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել հեռուստաընկերությանը վճարել տուգանքը։ Ինչպես բացատրեցին ՀՌԱՀ-ում, դատական ատյան դիմելը պայմանավորված էր տուգանքը վճարելու համար օրենքով սահմանված ժամկետը անցնելով։ Ի պատասխան դրա, ինչպես փետրվարի 15-ին տեղեկացրեց “Արմինֆո” լրատվական գործակալությունը, “Հայրենիքի” սեփականատեր Հրանտ Վարդանյանը հայտարարեց, թե չի դառնա “կաշառակերության” զոհ, չի ենթարկվի Գրիգոր Ամալյանի կամքին եւ չի վճարի տուգանքը։ Հայտնի գործարարը պատրաստ էր նույնիսկ անհրաժեշտության դեպքում փակել “Հայրենիքը”, սակայն չդադարեցնել “Մեցցո” — ի վերահեռարձակումը, մանավանդ որ վերջինս որեւէ առարկություն չունի։ Հրանտ Վարդանյանն “Արմինֆո”-ի թղթակցին ասել էր, թե ՀՌԱՀ-ի ղեկավարն անձամբ է վերահսկում լիցենզավորված ֆիլմերի ցուցադրման իրավունքի վաճառքը եւ այդ պատճառով էլ առաջ է տանում սեփական տնտեսական շահերը՝ հեռուստաընկերություններին ստիպելով հրաժարվել արտասահմանյան ծրագրերի վերահեռարձակումից։ Մարտի 15-ին նշանակված դատաքննությունը չկայացավ։ Ինչպես տեղեկացրին ՀՌԱՀ-ից, մարտի 3-ին “Հայրենիք” հեռուստաընկերությունը վճարել էր տուգանքը, ինչից հետո հայցը հետ էր վերցվել։

ՀՈՒՆՎԱՐԻ 19-ին մի շարք հայկական ԶԼՄ-ներ տեղեկատվական բոյկոտ հայտարարեց “Հայ-արիական միաբանություն” կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանին։ Բոյկոտի պատճառը հայ արիների առաջնորդի վիրավորական արտահայտություններն էին, որոնք նա թույլ էր տվել “Ընդդեմ մարդկանց համարակալման” հասարակական միավորման նույն օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ըստ “Արմինֆո” գործակալության հաղորդագրության, Արմեն Ավետիսյանը ոչ համարժեք էր արձագանքել համասեռամոլ պաշտոնյաների իր իբր ունեցած ցուցակը հրապարակելու խոստման (այդպես էլ չկատարված) վերաբերյալ հարցին։ “Ես հրաժարվում եմ պատասխանել այլասերված լրագրողների սադրիչ հարցերին եւ կպատասխանեմ միայն սոցիալական քարտերի եւ անհատական տվյալների թեմայով հարցերին”,-մասնավորապես ասել էր արիների ղեկավարը, ինչից հետո ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ լքել էին մամուլի ասուլիսը։

Ավելի վաղ Ավետիսյանի ղեկավարած “Հայ-արիական միաբանություն”-ը հիշատակվել էր 2004 թվականին աշխարհում հակասեմիտիզմի դրսեւորումների մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի հունվարի 5-ի զեկույցում։ Հայաստանին վերաբերող բաժնում, մասնավորապես խոսվում էր “երկիրը հրեաներից եւ եզդիներից մաքրելու” այդ կուսակցության կոչերի մասին։ Ի դեպ նույն զեկույցում հիշատակվում էր նաեւ “ԱԼՄ” հոլդինիգի ղեկավար Տիգրան Կարապետյանը, այն բանի համար, որ “եթերում հաճախ հանդես է գալիս հակահրեական արտահայտություններով”։

Հունվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացրեց “Հայ-արիական միաբանության” նախագահի ձերբակալության մասին։ Գլխավոր դատախազության մամուլի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Արմեն Ավետիսյանը “մամուլում հրապարակված իր հոդվածներում, հեռուստատեսային եւ այլ հրապարակային ելույթներում, մամուլի ասուլիսներում հրեական ազգության ներկայացուցիչներին տվել է վիրավորական, արժանապատվությունը նսեմացնող եւ հեղինակազրկող գնահատականներ, դրանով իսկ նրանց նկատմամբ ազգային ատելություն եւ թշնամանք հարուցելով”։ Հունվարի 24-ին Արմեն Ավետիսյանին մեղադրանք ներկայացվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 226 հոդվածի (“Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը”) 2-րդ մասի 1-ին կետով, եւ նույն օրն էլ նա կալանավորվեց։ Մարտի 18-ին Ավետիսյանը դատապարտվեց 3 տարվա պայմանական ազատազրկման՝ 2 տարվա փորձաշրջանով եւ դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարգադրություն ստորագրեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի թափուր տեղերի լրացման մրցույթ անցկացնելու մասին։ Մրցույթը հայտարարվում էր Խորհրդի երկու անդամների՝ Հենրիկ Հովհաննիսյանի եւ Ստեփան Պողոսյանի լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ։ Հայաստանում նման մրցույթ առաջին անգամ էր իրականացվում եւ պայմանավորված էր 2003 թվականի դեկտեմբերի 3-ին Խորհրդարանում ընդունված “Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքի պահանջներով։

Փետրվարի 3-ին, թեկնածուների առաջադրման ժամկետը (1 փետրվարի) ավարտվելուց հետո Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, Հայաստանի “Ինտերնյուս” ՀԿ-ը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում էր, որ “Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին” օրենքում կատարված փոփոխությունները չեն համապատասխանում կարգավորող մարմինների ձեւավորման առավելագույն թափանցիկություն ապահովելու՝ Եվրոպայի խորհրդի փորձագետների հանձնարարականների էությանն ու նպատակներին։ “Մասնավորապես, օրենքը չի նախատեսում մրցութային հանձնաժողովի ձեւավորման կարգ՝ ամբողջ գործընթացը թողնելով հանրապետության նախագահի հայեցողությանը։ Եթե նախկինում պետության ղեկավարը անմիջականորեն էր նշանակում խորհրդի անդամներին, ապա այժմ նշանակում է իր իսկ կազմավորած մրցութային հանձնաժողովի որոշած հաղթողների թվից”։ Չորս լրագրողական կազմակերպությունները օրենքի փոփոխություններն ու դրանց հիման վրա հայտարարված մրցույթը գնահատեցին իբրեւ “ժողովրդավարական գործընթացների իմիտացիա”, եւ նորից ընդգծեցին այդ ոլորտում իրական բարեփոխումների անհրաժեշտությունը։

Մրցույթն անցկացվեց փետրվարի 7-ին, եւ հանձնաժողովը (որը ղեկավարում էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը) Հայաստանի նախագահին ներկայացրեց դրա հաղթողներին եւ իր ընտրության գրավոր հիմնավորումը։ Հանձնաժողովը հաղթող էր ճանաչել Ստեփան Պողոսյանին եւ Հենրիկ Հովհաննիսյանին, որոնք “մյուս թեկնածուների համեմատ նշանակալիորեն ավել են համապատասխանում օրենքի ներկայացրած չափանիշներին”, “ունեն գիտական աստիճան, տասնյակ գիտական աշխատությունների եւ հոդվածների հեղինակ են, ունեն հարուստ կենսագրություն եւ աշխատանքի բազմամյա փորձ՝ ներառյալ գործունեությունը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմում 2001–2005 թթ.”։ ՀՀԽ նոր անդամներին նշանակելու նախագահի հրամանագիրը ստորագրվեց փետրվարի 14-ին։

Նման մի մրցույթ էլ մարտի 24-ին հայտարարվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի թափուր տեղերը լրացնելու համար՝ դրա երեք անդամների Սիմավոն Անդրեասյանի, Մուշեղ Հովսեփյանի եւ Արա Թադեւոսյանի լիազորությունների չորսամյա ժամկետը լրանալու կապակցությամբ։ Մրցույթն անցկացվեց ապրիլի 9-ին։ Տասը թեկնածուներից մրցութային հանձնաժողովն ընտրեց Ժիրայր Դադասյանին, Արա Թադեւոսյանին եւ Սիմավոն Անդրեասյանին։ Այսպիսով, ՀՌԱՀ-ում, ըստ էության, միայն մեկ անձի փոփոխություն եղավ։

2005թ. ՓԵՏՐՎԱՐ

ՓԵՏՐՎԱՐԻ 1-ին “Գոլոս Արմենիի” թերթում խմբագիր-հրատարակիչների “Հայկական մամուլ” ընկերակցության նախագահ Վարդան Ալոյանը բարձրացրեց Երեւանի փողոցներից թերթերի կրպակների անհետացման խնդիրը։ Թվարկելով այն տեղերը, որտեղից կրպակներն արդեն հանվել էին, Վարդան Ալոյանը դիմեց “Թեժ գիծ” մշտական խորագրի հյուրին՝ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին՝ հետեւյալ հարցով. “Տպավորություն է ստեղծվում, թե վերջին ժամանակներս Երեւանի քաղաքապետարանը պատերազմ է հայտարարել թերթերի կրպակներին։ (…) Ըստ երեւույթին քաղաքապետարանն ընդունակ չէ դիմագրավելու մեր այն օլիգարխների ախորժակին, որոնք աչք են դրել մայրաքաղաքային հողի այդ համեղ պատառների վրա։ Այդ դեպքում ինչո՞ւ քաղաքային իշխանությունները նման մարդաշատ վայրերում այլ տեղեր չեն հատկացնում այդ կրպակները տեղափոխելու եւ տեղադրելու համար։ Չէ՞ որ յուրաքանչյուր հանված թերթային կրպակ բնակչության համար զանգվածային լրատվության միջոցների հասանելիությանը եւս մեկ հարված է”։ Քաղաքապետը հավաստիացրեց, թե “այդ հարցն այսօր քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում է” եւ “կրպակներն անպայման պետք է օգտագործվեն իրենց ուղղակի նշանակությամբ՝ իբրեւ թերթերի եւ հանդեսների վաճառակետեր”։

Այստեղ անհրաժեշտ է նշել, որ զանգվածային լրատվության միջոցների ղեկավարները դեռեւս 2001 թվականին կառավարությունից պահանջել էին կասեցնել “Հայմամուլին” պատկանող երեք հարյուր կրպակների մասնավորեցման գործընթացը։ Այդ ժամանակ առավելությունը տրվում էր կրպակավարներին։ Մասնավորեցման հիմնական պայմաններից մեկը հինգ տարի կրպակի ուղղակի գործառույթի պահպանումն էր, նույնիսկ սեփականատիրոջ փոփոխության պարագայում։ ԶԼՄ-ների եւ փորձագետների կարծիքով, սա բավարար պայման չէր երաշխավորելու, որ տպագիր հրատարակությունների իրացումը չի կրճատվի։ Իրադարձությունների վերը նկարագրված ընթացքը հաստատեց, որ լրագրողական հանրության մտահոգություններն անհիմն չէին։

ՓԵՏՐՎԱՐԻ 9-ին “Հայկական ժամանակ” օրաթերթը հաղորդեց, որ նախօրյակին՝ փետրվարի 8-ին ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության քննչական բաժնի աշխատակից Աշոտ Կոստանյանը որոշում է կայացրել “Հայկական ժամանակ”-ին պատկանող եւ նրա գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի տրամադրության տակ գտնվող մեքենայի հրկիզման փաստով հետաքնննությունը դադարեցնելու մասին։ Որոշումը հիմնավորվում էր նրանով, որ չի պարզվել այն անձը, ում կարելի է ներգրավել իբրեւ մեղադրյալ։ Միաժամանակ, քննիչը անհրաժեշտ էր համարել որոշման պատճենն ուղարկել Երեւանի “Կենտրոն” համայնքի ոստիկանության բաժին՝ “հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակելու համար”։

Խմբագրության մեքենայի հրդեհը տեղի էր ունեցել 2004 թվականի նոյեմբերի 22-ին, եւ ըստ դատական հրդեհատեխնիկական փորձաքննության դրա պատճառը բաց կրակի աղբյուրն էր։ “Հայկական ժամանակ”-ի գլխավոր խմբագիրը միջադեպը գնահատել էր միտումնավոր եւ անձամբ իր դեմ ուղղված, ու առաջ էր քաշել դրա կազմակերպմանը “Մուլտի գրուպ” կոնցեռնի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մասնակցության վարկածը (մանրամասները տես՝ 2004 թվականի հաշվետվության մեջ)։

Գործի հետաքննություն դադարեցնելու մասին տեղեկատվությունը տպագրված էր “Հայկական ժամանակ”-ի առաջին էջում։ Այն ուղեկցված էր Գագիկ Ծառուկյանի նկարով եւ ուշադրություն էր հրավիրված այն հանգամանքի վրա, որ քննչական մարմինները նույնիսկ չեն էլ փորձել հարցաքննել Ծառուկյանին։ Այս առթիվ թերթը հիշատակում էր, որ նույն քննիչը վարել էր նաեւ 2004 թվականի ապրիլի 5-ին ընդդիմության հանրահավաքի ժամանակ լրագրողների վրա հարձակումների գործի հետաքննությունը (այն ժամանակ հարձակվողներից երկուսը դատապարտվեցին տուգանքի, իսկ պատիժը, դատավարությունը եւ նախաքննությունը մի շարք լրագրողական կազմակերպություններ գնահատեցին իբրեւ ֆարս)։

Փետրվարի 23-ին “Հայկական ժամանակ”-ը դիմեց Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանին՝ միջնորդելով վերացնել քննությունը դադարեցնելու մասին որոշումը։ Մարտի 8-ին դատախազությունից ստացված պատասխանում հայտնվում էր, որ քննիչի որոշումը հիմնավորված է համարվել։

ՓԵՏՐՎԱՐԻ 14-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում ամփոփվեցին հեռուստառադիոհեռարձակման արտոնագրման՝ 2004 թվականի սեպտեմբերի 16-ին եւ 17-ին հայտարարված մրցույթների արդյունքները։ Լրագրողական հանրության համար առավել հետաքրքիր էր Երեւանի երկու՝ 100,6 ՄԳՀ եւ 101,1 ՄԳՀ հաճախությունների մրցույթները։ Դրանց հավակնորդների թվում էր նաեւ “ԷՄ-Էս Էքսպլորեր” ՍՊԸ-ն, որի հիմնադիրներն էին “Ա1+”-ը եւ “Համագործակցություն հանուն ժողովրդավարության” կենտրոնը։ Ազգային հանձնաժողովի քվեարկությամբ “Էմ-Էս Էքսպլորեր”-ը պարտվող ճանաչվեց։ Այսպիսով, Ազգային հանձնաժողովն արդեն տասներորդ անգամ “Ա1+”-ին զրկեց եթեր դուրս գալու (այս անգամ՝ ռադիոեթեր) հնարավորությունից։ Ի դեպ, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգի խմբի (Ռոլանդ Վեգեների խումբ)  հաշվետվության (որը հունվարի 22-ին հաստատվել էր Նախարարների կոմիտեի կողմից) մեջ նշվում է, որ Երեւանում ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ խմբի ներկայացուցիչները առաջ են քաշել “Ա1+”-ի հարցը՝ ընդգծելով այդ հեռուստաընկերության “սիմվոլիկ արժեքը”։ Սրան ՀՀ նախագահը պատասխանել է, թե չի կարող միջամտել հաճախությունների տրամադրման գործընթացին, սակայն ընդունել է երկրում ԶԼՄ-ների բազմակարծության անհրաժեշտությունը եւ նորից խնդրել “հայկական հեռարձակման ոլորտի միջազգային աուդիտ” իրականացնել։ Վեգեների խմբի հաշվետվության մեջ մտահոգություն էր հայտնվում նաեւ հեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների (ՀՌԱՀ-ի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի) ձեւավորման կարգում փոփոխությունների բացակայության առիթով։

ՓԵՏՐՎԱՐԻ 28-ին ԱՄՆ Պետական դեպարտամենտը տարածեց 2004 թվականին աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ իր ամենամյա զեկույցը, որը պատրաստել էր Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրոն։

Խոսելով Հայաստանում խոսքի եւ մամուլի ազատության վիճակի մասին՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը նշում էր, որ թեպետ երկրի Սահմանադրությունը երաշխավորում է խոսքի եւ մամուլի ազատությունը, “իշխանությունները խոսքի ազատության վրա որոշակի սահմանափակումներ են դրել, եւ եղել են բռնության, ահաբեկման ու ինքնագրաքննության դեպքեր”։ 2004 թվականի վերաբերյալ զեկույցի բովանդակած գնահատականները մնացել էին նույնը, ինչ եւ նախորդ տարեկան զեկույցներում։ Այսպես, պետական տպարանն ու մամուլի տարածման գործակալությունը գործել են իբրեւ առեւտրային ձեռնարկություններ “առանց պետության կողմից տեսանելի միջամտության”, “ոչ մի թերթ լիովին անկախ չէր տնտեսական, քաղաքական խմբերի եւ անձանց շահերից”։ Մասնավոր հեռուստաընկերությունների լրատվական թողարկումները հիմնականում ազատ են եւ լավ տեխնիկական մակարդակ ունեն, սակայն դրանց բովանդակությունը կարող է փոխվել լրագրողների ինքնագրաքննության հետեւանքով եւ կախված այն բանից, թե ում հովանավորության տակ է գտնվում ընկերությունը։ Ինչ վերաբերում է Հայաստանի հանրային հեռուստատեսությանը, ապա, ըստ Պետդեպարտամենտի կարծիքի, նրա լրատվական լուսաբանումների վրա շարունակում էին նշանակալի ազդեցություն ունենալ երկրի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաները։ Հեռուստաընկերությունը ներկայացնում է հիմնականում փաստեր, սակայն խուսափում է խմբագրական մեկնաբանություններից կամ իշխանությունների գործողությունների քննադատությունից. “Օրինակ, շատ քիչ են լուսաբանվել մայրաքաղաքում ապրիլի 12-ի եւ 13-ի քաղաքական ցույցերը”։ Զեկույցում հիշատակվում է նաեւ, որ “Ա1+” -ը “երկրի վերջին անկախ հեռուստաընկերություններից մեկը” 2002 թվականին հեռարձակման արտոնագիր չի ստացել “նախագահ Քոչարյանի աշխատակազմի սուր քննադատական լուսաբանման համար”։ Խոսվում է նաեւ 2004 թվականի հոկտեմբերին “Կենտրոն” հեռուստաընկերության կողմից “Ազատ Եվրոպա”/”Ազատություն” ռադիոկայանի ծրագրի հեռարձակումը շարունակելուց հրաժարվելու մասին։ Պնդելով, թե “երկրի առաջատար լրատվամիջոցները հիմնականում իշխանամետ են”, զեկույցի հեղինակներն իբրեւ օրինակ բերում են 2003 թվականի նախագահական ընտրությունների լուսաբանումը, երբ “ԶԼՄ-ների մեծ մասը, այդ թվում Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, մասնավոր հեռուստաընկերությունների մեծ մասը եւ հիմնական պաշտոնաթերթը նորությունների լուսաբանման ժամանակ աչքի էին ընկնում խիստ կողմնապահությամբ՝ հօգուտ գործող նախագահ Քոչարյանի”։ 2004 թվականին խոսքի եւ մամուլի ազատության պահպանման իրավիճակը զեկույցում բնութագրվում էր նաեւ “լրագրողներին ճնշելու” դեպքերով։ Իբրեւ կոնկրետ օրինակներ էին բերվում ընդդիմության ապրիլի 5-ի եւ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվա, օգոստոսի 24-ին Ծաղկաձորում ֆոտոլրագրողի նկատմամբ բռնության միջադեպերը։ Զեկույցում խոսվում էր նաեւ ՀՀ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների, մասնավորապես, պաշտոնատար անձին զրպարտելու եւ վիրավորելու համար պատժի որոշ մեղմացման մասին։ Սակայն ընդգծվում էր, որ զրպարտությունը եւ վիրավորանքը դեռեւս մնում են քրեական հանցագործություններ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի՝ Հայաստանում կրոնի ազատությանը վերաբերող բաժնում, նշվում էր նաեւ, որ ԱԼՄ հեռուստաընկերության ղեկավարը “եթերում հաճախ հանդես է գալիս հակահրեական արտահայտություններով”։

2005թ. ՄԱՐՏ

ՄԱՐՏԻ 14-ին ամերիկյան Լրագրողների պաշտպանության կոմիտե (CPJ) կազմակերպությունը տարածեց 2004 թվականի ընթացքում աշխարհի տարբեր երկրներում լրագրողների վրա հարձակումների վերաբերյալ իր տարեկան հաշվետվությունը։

Զեկույցի Հայաստանի իրավիճակին վերաբերող բաժնում, ասվում էր, որ երկրի իշխանությունները չկարողացան պաշտպանել լրագրողներին ապրիլյան ցույցերի ժամանակ, իսկ “որոշ դեպքերում իշխանություններն իրենք էին ուղղակիորեն ներքաշված մամուլի վրա հարձակումների մեջ”։ Զեկույցում, իբրեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա հարձակումների կոնկրետ օրինակներ էին բերվել ապրիլի 5-ի եւ 12-ի լույս 13-ի գիշերվա դեպքերը։ “Այդ հարձակումների անպատժելիությունը հանգեցրել է լրագրողների առավել խոցելիության”,-ընդգծել է CPJ-ին՝ այս պնդմանը հավելելով ֆոտոլրագրողի նկատմամբ եւս մեկ բռնության օրինակ՝ 2004 թվականի օգոստոսի 24-ի Ծաղկաձորի միջադեպը։ CPJ-ի կարծիքով “Ընդդիմության գարնանային հանրահավաքների եւ այլ նուրբ քաղաքական հարցերի հեռուստատեսային լուսաբանումը հօգուտ նախագահ Ռոբերտ Քոչարյանի էր, ով “հասել է նրան, որ հեռուստաընկերությունները մնան իշխանությունների կողմնակիցների կամ նրանց ձեռքին, ովքեր չեն քննադատում իր քաղաքականությունը”։ Զեկույցում նկարագրվում էր “Ա1+”-ի՝ “իշխանությունների քաղաքականությունը քննադատող անկախ եւ ազդեցիկ  հեռուստաընկերության” եթերազրկումն ու հետագա իրադարձությունները։ Թեպետ ի տարբերություն հեռարձակվողների, տպագիր լրատվամիջոցները ավելի քիչ են գտնվում իշխանությունների հսկողության տակ, նրանց մեծամասնությունը վերահսկվում է քաղաքական կուսակցությունների եւ հարուստ բիզնեսմենների կողմից՝ ի վնաս խմբագրական անկախության եւ մասնագիտական չափանիշների”։ CPJ-ին ուշադրություն է դարձրել նաեւ զրպարտության եւ վիրավորանքի համար քրեական հետապնդումը վերացնելու մասին լրագրողական կազմակերպությունների, Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ-ի կոչերն իշխանությունների կողմից անտեսելու վրա։

ՄԱՐՏԻ 22-ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց “Ահաբեկչության դեմ պայքարի մասին” ՀՀ օրենքը։ Դրա որոշ դրույթներ հարուցում են լրագրողական հանրության մտահոգությունը, քանի որ սահմանափակում են ահաբեկչությանն առնչվող տեղեկատվություն ստանալու եւ տարածելու ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքները։

Մասնավորապես օրենքի 14-րդ՝ “Հակաահաբեկչական գործողության մասին տեղեկատվության սահմանափակումը” հոդվածը  արգելում է տարածել այնպիսի տեղեկատվություն, որը բացահայտում է հակաահաբեկչական գործողության իրականացման հատուկ տեխնիկական եղանակներն ու գործելակերպը, կարող է խոչընդոտել հակաահաբեկչական գործողության իրականացմանը եւ վտանգ ստեղծել քաղաքացիների կյանքի եւ առողջության համար, ուղղված է ահաբեկչության քարոզչությանը կամ արդարացմանը։ Բացի այս, լրագրողներին արգելվում է տեղեկություններ տարածել հակաահաբեկչական գործողությանը մասնակից պետական մարմինների, հատուկ ծառայությունների եւ ահաբեկչության դեմ պայքարի՝ դրանց մասնագիտացված ստորաբաժանումների աշխատակիցների, ինչպես նաեւ այդ գործողության իրականացմանն աջակցություն ցուցաբերած անձանց մասին։

“Ահաբեկչության դեմ պայքարի մասին” օրենքը ՀՀ նախագահը ստորագրեց ապրիլի 19-ին։ Այլ կերպ ասած, գործողության մեջ մտան այնպիսի դրույթներ, որոնք կարող են բավականին լայն մեկնաբանություն ունենալ եւ խոսքի ազատության ու պաշտոնական տեղեկությունների մատչելիության հերթական խոչընդոտ դառնալ։

ՄԱՐՏԻ 22-ին Վիենայում տեղակայված Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) հրապարակեց  2004 թվականին աշխարհում մամուլի ազատության մասին իր ամենամյա վերլուծությունը։ Ուսումնասիրելով 191 երկրների եւ տարածքային կազմավորումների մամուլի իրավիճակը՝ IPI-ը արձանագրել է “աշխարհի շատ մասերում լրագրողների սպանությունները բացահայտելու եւ սպանողներին պատասխանատվության ենթարկելու իշխանությունների զարմանալի անկարողությունը”։ 2004-ը Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից հետազոտություն կատարելու ողջ ընթացքում վատագույնն է եղել խոսքի ազատության իրավիճակի առումով։

Վերլուծության՝ Հայաստանին վերաբերող բաժնում ասվում էր, որ չնայած ուղղակի գրաքննության բացակայությանն ու ԶԼՄ-ների բազմակարծությանը, երկրի մամուլը միայն մասնակիորեն է ազատ։ Ներկայացվում էր Հայաստանի մամուլի օրենսդրության վիճակը եւ թվարկվում էին 2004 թվականին լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտման, խոսքի ազատության սահմանափակման օրինակները. մասնավորապես, ապրիլի 5-ին եւ 12-ի լույս 13-ի գիշերը Երեւանում ընդդիմության հանրահավաքների ժամանակ լրագրողների վրա հարձակումները, ինչպես նաեւ՝ մայրաքաղաքում եւ երկրի այլ քաղաքներում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բազմաթիվ բռնությունները։ IPI հիշատակում էր նաեւ 2002 թվականին եթերից զրկված “Ա1+” անկախ հեռուստաընկերությանը հեռարձակման արտոնագիր չտրամադրելը։ “Լրագրողների եւ անկախ մամուլի վրա հարձակումների քանակը չի պակասել, եւ թեպետ կառավարությունը փորձում է աջակցություն ցուցաբերել լրագրողներին, վերջիններս շարունակում են պնդել, որ այդ փորձերը զուտ ցուցադրական են։ Արդյունքում, երկրի ԶԼՄ-ները դեռեւս բոլորովին էլ ազատ չեն”,-եզրակացնում էր Մամուլի միջազգային ինստիտուտի վերլուծությունը։

ՄԱՐՏԻ 31-ին Հայաստանի ժուռնալիստների միությունում կայացած մամուլի ասուլիսում երկրի մի շարք լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ հայտարարեցին ի պաշտպանություն “Ա1+” հեռուստաընկերության միջոցառումներ սկսելու մասին։ Ակցիան նվիրված էր “Ա1+”-ի եթերազրկման (02 ապրիլի 2002) երեք ամյակին։ Միջոցառումների կազմակերպիչները լրագրողներին կոչ արեցին մասնակցել 2005 թվականի ապրիլի 2-ի երթին եւ հանրահավաքին, որում կսկսվի ստորագրահավաք՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանն ուղղված կոչի տակ։ Կոչը պահանջում էր տրամադրել ազատ հաճախություն՝ հեռուստահեռարձակման լիցենզավորման նոր մրցույթ անցկացնելու համար։

Նույն օրը՝ մարտի 31-ին ընդունված Հայաստանի ժուռնալիստների միության, Երեւանի մամուլի ակումբի, Հայաստանի “Ինտերնյուս” ՀԿ-ի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եւ Հայաստանի հելսինկյան կոմիտեի համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ բոլոր մրցույթներում “Ա1+”-ի առաջարկները գնահատելով մրցակիցներից ցածր, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը ելել է ոչ թե այդ հեռուստաընկերության հայտից կամ նրա պրոֆեսիոնալ մակարդակից, այլ կատարել է իշխանությունների քաղաքական պատվերը։

Ստորագրողները աջակցություն էին հայտնում ի պաշտպանություն “Ա1+”-ի միջոցառումների կազմակերպիչների պահանջներին՝ կոչ անելով ՀՌԱՀ-ին՝ տրանսպորտի եւ կապի նախարարության, այլ իրավասու մարմինների հետ համատեղ առանձնացնելու ազատ հաճախություն եւ անցկացնելու լիցենզավորման նոր, բաց ու թափանցիկ մրցույթ։ Հինգ ՀԿ-ների հայտարարությունը ավարտվում էր տեղական եւ միջազգային հանրությանն ուղղված կոչով՝ աջակցելու այդ քաղաքացիական պահանջին եւ նման դիմումներ հղելու ՀՌԱՀ-ին։ Միջոցառման նախօրյակին եւ օրը որոշ թերթեր իրենց առաջին էջերում կոչ էին անում միանալ դրան եւ աջակցել առաջ քաշված պահանջներին։

Ապրիլի 2-ի հանրահավաքը կայացավ մայրաքաղաքի կենտրոնում՝ Կոմիտասի արձանի մոտ եւ այդտեղ էլ սկսվեց ստորագրահավաքը (այն պետք է տեւեր 10 օր)։ Հանրահավաքի ժամանակ պետավտոտեսչության ներկայացուցիչները տուգանային հրապարակ տարան հեռուստաընկերությանը պատկանող մարդատար ավտոմեքենան, որում գտնվում էին ցուցապաստառները, բարձրախոսը եւ այլ տեխնիկա (ինչպես մամուլում տեղեկացնում էր ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Սայադ Շիրինյանը, տուգանք վճարելուց հետո ավտոմեքենան կվերադարձվի, իսկ տեխնիկան առգրավված է համաձայն օրենքի)։

Ապրիլի 12-ին Կոմիտասի արձանի մոտ տեղի ունեցավ եւս մի հանրահավաք, որում հայտարարվեց ստորագրահավաքը մինչեւ մայիսի 3-ը շարունակելու մասին։

Մայիսի 3-ին ՀԺՄ-ում կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարվեց, որ ազատ հաճախություն տրամադրելու միջնորդության տակ ստորագրել է 5750 քաղաքացի։ Նույն օրն էլ միջնորդությունն ուղարկվեց ՀՀ կառավարություն։ Սակայն այս դիմումն անպատասխան մնաց։

2005թ. ԱՊՐԻԼ

ՄԱՐՏԻ 31-Ի ԼՈՒՅՍ ԱՊՐԻԼԻ 1-Ի ԳԻՇԵՐԸ Գորիսում (Սյունիքի մարզ) հրդեհվեց “Սյունյաց երկիր” թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին պատկանող եւ նրա տան բակում կայանված “Նիվա” մակնիշի ավտոմեքենան։

Ապրիլի 1-ին “Սյունյաց երկիր” թերթի գլխավոր խմբագիրը դիմում հղեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հայկական ԶԼՄ-ներին, երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային եւ լրագրողական կազմակերպություններին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինին։ Նամակում Սամվել Ալեքսանյանը կատարվածը որակեց իբրեւ վերջին շրջանում “Սյունյաց երկիր” թերթի նկատմամբ Սյունիքի մարզպետի գործողությունների հերթական դրսեւորում”։ Միջադեպի պատճառը, ըստ Ալեքսանյանի “Նովոյե վրեմյա” թերթին (2005 թ. մարտի 12) տված իր հարցազրույցն էր “որից հետո թերթի խմբագիրը մարզպետից միջնորդավորված բազմաթիվ նախազգուշացումներ եւ գիշերային զանգեր է ստացել”։ Հարցազրույցում Սամվել Ալեքսանյանը խոսում էր իր եւ իր ընտանիքի նկատմամբ տեղական իշխանությունների, մասնավորապես Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից շարունակվող ճնշումների մասին (“Սյունյաց երկրի” խմբագիրը նախկինում եղել էր մարզպետի մամուլի քարտուղարը եւ ազատվել էր պաշտոնից 2004 թվականի սեպտեմբերի վերջին)։ Մարզպետը հրապարակավ ժխտեց իր նկատմամբ բոլոր մեղադրանքները եւ ասաց, թե Սամվել Ալեքսանյանին կպատժի օրենքով։

Հունիսի 1-ին Սյունիքի մարզի դատախազությունը դադարեցրեց Սամվել Ալեքսանյանի մեքենայի հրդեհման գործով հետաքննությունը։ Իսկ հունիսի 24-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանն դադարեցրեց մի այլ՝ 2004 թ հոկտեմբերի 13-ին “Սյունյաց երկիր” թերթի խմբագրությունում Սամվել Ալեքսանյանի վրա հարձակման գործի քննությունը։ Այդ փաստով հարուցված էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ՝ “Խուլիգանություն” հոդվածով (մանրամասները տես՝ 2004 թվականի հաշվետվության մեջ)։ Հունիսի 30-ին “Սյունյաց երկիրը” հայտարարություն տարածեց դատաքննությունը դադարեցնելու մասին։ “Դատարանի նման որոշման համար հիմք է ծառայել, ինչպես նշված է որոշման մեջ, իրավիճակի փոփոխումը։ Իսկ իրավիճակը փոփոխող գլխավոր հանգամանքը, դատելով դատավճռի տեքստից, հանցագործներից մեկի ստացած “մեդալն” է՝ իր իսկ գլխավորած կազմակերպության կողմից հորինված եւ այս կողմերում կիլոներով բաժանվող”,- ասվում էր հայտարարության մեջ։ Այնուհետեւ տեղեկացվում էր, որ դատավարությունը սկսվելուց ի վեր “Սյունյաց երկիր”-ը երեք անգամ բացարկ է հայտնել դատավորին, ինչը ամեն անգամ մերժվել է, այդ պատճառով իրենք բոյկոտել են վերջին նիստը։ Սամվել Ալեքսանյանը վճիռը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ դատարան, որը օգոստոսի 29-ին այն թողեց անփոփոխ։ Դեկտեմբերի 2-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը նույնպես վճռեց Սամվել Ալեքսանյանի բողոքը չքննել։

ԱՊՐԻԼԻ 20-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում կայացավ ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանի եւ համազգային ու տեղական հեռուստաընկերությունների ղեկավարների աշխատանքային խորհրդակցություն։ Հանդիպմանը քննարկվեցին հայկական եթերում թունդ ալկոհոլային խմիչքների գովազդին առնչվող հարցեր։ ՀՌԱՀ-ի պնդմամբ, ինքը միշտ չէ, որ հնարավորություն ունի պատժամիջոցներ կիրառել հեռարձակողների նկատմամբ՝ “Գովազդի մասին” ՀՀ օրենքի անկատարության պատճառով։ Օրենքում, հեռարձակվող լրատվամիջոցներով թունդ ալկոհոլային խմիչքների (բացառությամբ կոնյակի) եւ ծխախոտի գովազդն արգելելու մասին փոփոխությունները խորհրդարանի կողմից ընդունվել են 2002 թվականի հունիսի 26-ին եւ ուժի մեջ են մտել 2003 թվականի հունվարի 1-ից։ Սակայն եթերում ալկոհոլի (հատկապես օղու) գովազդը չի պակասել։ Հեռուստաընկերություններն անցել են անուղղակի (առեւտրային նշանների) գովազդի՝ օգտվելով նրանից, որ օրենքը նման “խորմանկության” համար պատիժներ չի նախատեսում։ Ընդսմին, այդ “անուղղակիությունն” այնքան “ուղղակի” է, որ հեռուստադիտողների մոտ գովազդի առարկայի վերաբերյալ բնավ կասկածներ չեն մնում։

ՀՌԱՀ-ում կայացած խորհրդակցության ժամանակ համաձայնություն ձեռք բերվեց 2005 թվականի հունիսի 1-ից ամբողջովին դադարեցնել թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը։ Այսուհանդերձ, “ալկոհոլային գովազդը” եթերում շարունակվում է։

ԱՊՐԻԼԻ 22-ին “Անկյուն+3” հեռուստաընկերությունը (Լոռու մարզ, ք. Ալավերդի) եթեր դուրս եկավ համարյա երեք ժամ ուշացումով։ Ըստ հեռուստաընկերության տնօրեն Սոս Սիրադեղյանի, պատճառը ստուդիան հեռուստաաշտարակին միացնող էլեկտրական մալուխների վնասումն էր։ Անսարքությունը հայտնաբերվել էր եթերից առաջ՝ ժամը 18.00-ին։ Մալուխները, որոնք անցնում էին հարեւան շենքի տանիքով, կտրտված էին աքցանով։ “Անկյուն+3”-ի ղեկավարի կարծիքով միջադեպն առնչվում էր Ալավերդու քաղաքապետի մայիսի 8-ին նախատեսվող ընտրություններին։ Թեպետ, ընդգծեց Սոս Սիրադեղյանը, քաղաքապետի երեք թեկնածուներն էլ իրենց զայրույթն արտահայտեցին կատարվածի առնչությամբ։ Հեռուստաընկերության տնօրենը հայտնեց նաեւ, որ միջադեպի մասին տեղեկացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարածքային ստորաբաժանմանը։ Կատարվածի մասին ռեպորտաժը ցուցադրվեց հաջորդ օրը՝ ապրիլի 23-ին, “Անկյուն+3”-ի լրատվական թողարկման ժամանակ։

ԱՊՐԻԼԻ 22-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվեց “Հետաքննող լրագրողներ” հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Հայցվորը պահանջում էր փոխհատուցել 308 հազար դրամի դատական եւ այլ ծախսերը, որ նա կատարել է Երեւանի քաղաքապետարանի դեմ ձգձգված դատավարության ընթացքում։ Մայրաքաղաքային վարչակազմի հետ պայքարը սկսվել էր ավելի քան մեկ տարի առաջ (2004 թ. ապրիլի 14-ին)՝ կապված լրագրողական հետաքննության համար անհրաժեշտ որոշումները չտրամադրելու հետ։ Հայցվող փաստաթղթերը քաղաքապետարանն ընդունել էր 1997-2003 թվականներին։ Դրանք վերաբերում էին Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի շրջակա կանաչ տարածքների կառուցապատմանը։ Առաջին եւ երկրորդ ատյանների դատարաններն այդ պահանջը մերժել էին, վերին ատյանի դատարանը գործը կրկին ուղարկել էր Վերաքննիչ դատարան՝ նոր քննության (նոր կազմով)։ Վերջինս բավարարել էր հայցը։ Այժմ էլ քաղաքապետարանն էր բողոքարկել վճիռը, սակայն 2005 թվականի փետրվարի 10-ին Վճռաբեկ դատարանը վճիռը թողել էր ուժի մեջ (մանրամասները տես՝ 2004 թվականի հաշվետվության մեջ)։ Չնայած դատարանի վճռին, քաղաքային վարչակազմը չէր տրամադրում փաստաթղթերը եւ “Հետաքննող լրագրողներ”-ը դիմեց ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարողին։ “Հետաքննող լրագրողներ”-ը փաստաթղթերը ստացավ միայն 2006 թվականի սկզբին։

Իսկ ապրիլի 22-ի նիստում դատարանը բավարարեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության (որը համաձայն օրենսդրության նման դեպքերում իբրեւ պատասխանող է հանդես գալիս) միջնորդությունը՝ Երեւանի քաղաքապետարանին իբրեւ երկրորդ պատասխանող կողմ ներգրավելու համար, որպեսզի պարզվի, թե վերջինս ինչու չի կատարում դատավճիռը։ Մայիսի 24-ին դատարանը բավարարեց “Հետաքննող լրագրողներ”-ի հայցը եւ պարտավորեցրեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը փոխհատուցել հայցվորի ծախսերը։ Նախարարությունը այդ որոշումը բողոքարկեց Վերաքննիչ, ապա եւ՝ Վճռաբեկ դատարան։ Վերջիններս, իրենց հերթին, գտան, որ դրամական փոխհատուցումը պետք է վճարվի (վերին ատյանի դատարանի վճիռը կայացվեց նոյեմբերի 25-ին)։

ԱՊՐԻԼԻ 26-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի մամուլի ասուլիսում հրապարակվեց 2004 թվականին Հայաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույցը։

Տարեկան զեկույցի բաժիններից մեկը վերաբերում էր խոսքի եւ տեղեկություններ փնտրելու, ստանալու եւ տարածելու իրավունքին։ Նրանում, մասնավորապես, արձանագրվում էր, որ “Զանգվածային լրատվության մասին” ՀՀ օրենքը երաշխավորում է խոսքի ազատության, կարծիքներն արտահայտելու եւ գաղափարներ տարածելու իրավունքը, իսկ ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածը պատասխանատվություն է նախատեսում լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար։ “Սակայն 2004 թվականի ապրիլին եւ հետագայում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնարարքներ թույլ տված եւ ֆիզիկական, բարոյական եւ նյութական վնաս հասցրած անձանց չհայտնաբերելն ու անպատժելիությունը վկայում են, որ օրենքով ամրագրված երաշխիքները բավարար չեն եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար չեն ապահովում լիիրավ, ազատ եւ անվտանգ գործունեություն”,-նշվում էր Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում։ Այս պնդումը հիմնավորվում էր լրագրողների եւ ԶԼՄ-ների նկատմամբ միջադեպերով։

“Լուրջ առարկություններ կան վիրավորանքը քրեորեն պատժելի արարք ընդունելու դեմ. Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը վտանգում է խոսքի ազատությունը, հատկապես՝ սահմանափակում է քննադատության ազատությունը, քանի որ քննադատվողը ցանկացած արտահայտություն կարող է գնահատել իբրեւ իր պատվի եւ արժանապատվության նվաստացում։ Անընդունելի են նաեւ հասարակ քաղաքացուն եւ պաշտոնյային վիրավորելու համար պատասխանատվության տարբերությունները”,-ասվում էր այնուհետեւ զեկույցում։

Երկրում բավականին թվով ԶԼՄ-ների առկայությունը, օմբուդսմանի կարծիքով, խոսքի ազատության իրավունքի իրականացման հուսադրող գործոն է։ Սակայն, ընդգծվում էր զեկույցում, “հանրապետության նախագահի մասնակցությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ձեւավորմանը այդ հանձնաժողովի անկախության նկատմամբ անվստահություն է հարուցում”։

Փաստաթղթում նաեւ շոշափվում էր “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի կիրառման, մասնավորապես՝ “պետական կառավարման եւ բոլոր մակարդակների տեղական ինքնակառավարման մարմիններում տեղեկություններ տրամադրելու կարգի” հիմնախնդիրը. “Մեծ տարածում է ստացել քաղաքացիներին կամ հասրակական կազմակերպություններին տեղեկություններ տրամադրելն անհիմն մերժելը”։ Այս պնդումը հիմնավորվում էր տեղեկությունների տրամադրումը մերժելու կոնկրետ դեպքերով։ Բացի այս, նշվում էր զեկույցում, կամայական մեկնաբանություններ են ստանում “առեւտրային գաղտնիք” եւ “անձնական տվյալներ” հասկացությունները։ “Տեղեկատվության ազատության մասին” օրենքի անվերապահ կատարումը իշխանությունների եւ բոլոր մակարդակների վարչական կառույցների կողմից մարդու իրավունքների պաշտպանության կարեւորագույն երաշխիքներից է, հիշեցնում էր օմբուդսմանը տարեկան հաշվետվության մեջ։

ԱՊՐԻԼԻ 27-ին “Ֆրիդոմ Հաուս” միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը  հրապարակեց 2004 թվականին աշխարհում մամուլի ազատության մասին իր տարեկան զեկույցը։ Ամբողջ աշխարհում մամուլի ազատության աստիճանն ընդհանուր առմամբ նվազել է, շարունակվել է նախորդ երեք տարիներին արձանագրված անկման միտումը,-այսպիսի եզրակացության էին հանգել “Ֆրիդոմ Հաուս”-ի հետազոտողները՝ գնահատելով ԶԼՄ-ների իրավիճակը աշխարհի 194 երկրներում։ “Նույնիսկ կայացած ժողովրդավարության երկրներում մամուլի ազատությունը չպետք է ընկալվի իբրեւ իրողություն։ Այն պետք է պաշտպանել եւ խնամել”,-կոչ էր անում “Ֆրիդոմ Հաուս”-ի գործադիր տնօրեն Ջենիֆեր Ուինձորը։ ԶԼՄ-ների իրավիճակը “Ֆրիդոմ Հաուս”-ը գնահատում է 1-100 բալանոց սանդղակով, հետեւյալ անվանակարգերով՝ ազատ (1-30 բալ), մասնակի ազատ (31- 60 բալ), ոչ ազատ (61-100 բալ), ինչքան ցածր է բալը, այնքան բարձր է մամուլի ազատության աստիճանը։ Հայաստանի վարկանիշը 2004 թվականին, ինչպես 2003-ին՝ 64 բալ էր։ Այլ խոսքով՝ հայկական ԶԼՄ-ները մնացին ոչ ազատների խմբում, ուր առաջին անգամ հայտնվել էին 2002 թվականին։

2005թ. ՄԱՅԻՍ

ՄԱՅԻՍԻ 3-ին, Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված եւ ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի ու Երեւանի մամուլի ակումբի կազմակերպած միջոցառման ժամանակ տարածվեց ԵՄԱ մամլո հաղորդագրությունը։ Նրանում, մասնավորապես ասված էր, որ 2005 թվականին Մամուլի ազատության համաշխարհային օրվա թեման է՝ “Մամուլը եւ արդյունավետ կառավարումը”, այսինքն՝ ՄԱԿ-ը կարեւորում է կառավարման արդյունավետության գործում լրատվամիջոցների եւ դրանց միջոցով՝ հասարակության ակտիվ մասնակցությունը։ “Հայաստանի պարագայում այդպիսի խնդիրները մի քանիսն են՝ կյանքի առավելագույնս ժողովրդավարացումը, սահմանադրական փոփոխությունները, ընտրական օրենսդրության բարելավումը եւ ազատ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը։ Եվ այս բոլոր հարցերում մամուլն է, որ պիտի ապահովի քաղաքացիների ու պետության երկխոսությունը, հասարակության մտավոր ներուժի արդյունավետ օգտագործումը”,- ասվում էր ԵՄԱ մամլո հաղորդագրության մեջ։ Երկրի կառավարման արդյունավետության բարձրացմանը աջակցելու ԶԼՄ-ների հնարավորությունները սահմանափակվում են լրատվամիջոցների ազատության խոչընդոտներով։ Իբրեւ այդպիսիք՝ “Շարունակվող բռնարարքներն են  լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ. իսկ 2004 թվականը բացառիկ էր այդ առումով։ Բռնությունների հեղինակները կամ չեն պատժվում, կամ ստանում են այնպիսի պատժաչափեր, որ համարժեք չեն կատարած հանցանքին։ Շարունակում է եթերից զրկված մնալ “Ա1+” հեռուստաընկերությունը՝ չնայած տեղական եւ միջազգային բազմաթիվ կազմակերպությունների բողոքներին։ Հեռարձակման բնագավառը կարգավորող երկու մարմինները՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, չնայած օրենքի ձեւական փոփոխություններին, գտնվում են գործադիր իշխանության վերահսկողության տակ եւ կախված են նրանից։ Սա իր հերթին բերում է հեռարձակվող լրատվամիջոցների կախվածության”։

2005թ. ՀՈՒՆԻՍ

ՀՈՒՆԻՍԻ 4-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը կալանքն իբրեւ խափանման միջոց ընտրեց Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Թերեզա Ասատրյանի նկատմամբ։

Համաձայն ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հունիսի 2-ին տարածած մամլո հաղորդագրության, Թերեզա Ասատրյանը ձերբակալվել էր հունիսի 1-ին՝ խարդախության փորձ կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդ. մաս 2, կետ 2) եւ կաշառք տալուն դրդելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38-312 հոդ. մաս 3, կետ 1) կասկածանքով։ Ինչպես ասվում էր մամլո հաղորդագրության մեջ, 2005 թվականի մայիսի 17-ին Թերեզա Ասատրյանը Վանաձորի նոտարական բաժնի նոտար Արուսյակ Ազարյանին ստիպել է 3500 ԱՄՆ դոլար կաշառք տալ, իբրեւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստվող նյութերով նրան դատի չտալու եւ այդ առթիվ իր կողմից թերթում հոդված չհրապարակելու համար։ “Նշված պատրվակներով մայիսի 17-ին Ասատրյանը Ազարյանից ստացել է 1000 դոլար գումար, իսկ մնացած գումարը չի ստացել՝ իր կամքից անկախ պատճառներով”, — տեղեկացնում էր գլխավոր դատախազությունը։

Լրագրողի ձերբակալությունը լայն արձագանք ստացավ հայկական ԶԼՄ-ներում, որոնք հիմնականում, յուրաքանչյուրը յուրովի, նկարագրում էին Թերեզա Ասատրյանի եւ Արուսյակ Ազարյանի հանդիպումը։ Այսպես, Արմինե Օհանյանը, “Մեղադրվում է խարդախության մեջ” հոդվածում (“Հայկական ժամանակ”, 3 հունիսի 2005) գրում է, որ մայիսի 30-ին Թերեզա Ասատրյանը զանգահարել է իրեն եւ ասել, թե Վանաձորի նոտար Արուսյակ Ազարյանի մասին պատրաստել է հոդված, որը կցանկանար հրապարակել թերթում։ Թերեզա Ասատրյանի՝ “Հայկական ժամանակ”-ի խմբագրություն փոխանցած ծավալուն հոդվածում մասնավորապես խոսք էր գնում մի քանի կասկածելի գործարքներին Արուսյակ Ազարյանի հնարավոր մասնակցության, ինչպես նաեւ 2004 թվականի ամռանը սպանված վանաձորյան քրեական հեղինակություն Գոգայի (Գեւորգ Առաքելյան, նույն վարկածը բերելով ճշտել է “Առավոտը” 2005 թվականի հունիսի 3-ի համարում) սպանությանն այս կամ այն չափով առնչության մասին։ Նկարագրելով իրավիճակը՝ “Հայկական ժամանակ”-ը նշում է, թե դեռեւս հայտնի չէ, արդյոք իրավապահ մարմիններն ունեն Թերեզա Ասատրյանի մեղքը հաստատող ծանրակշիռ ապացույցներ (այլ ոչ թե միայն նոտարի հայտարարությունները եւ ցուցմունքները)։ Թերթը խոստանում էր հետեւել իրադարձությունների ընթացքին եւ տեղեկացնել հանրությանը, “քանի որ մեղադրյալը լրագրող է, իսկ մեզ հայտնի են բազում դեպքեր, երբ քրեական հետապնդման անվան տակ ազատ խոսքը սահմանափակելու փորձեր են արվել, եւ ժամանակի ընթացքում մենք կհամոզվենք՝ արդյո՞ք սա այդ դեպքն է, թե՞ գործ ունենք բոլորովին այլ իրողության հետ”։

Հուլիսի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը դիմեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով քննարկել Թերեզա Ասատրյանի կալանքի տակ պահելու նպատակահարմարության հարցը։ Ըստ օմբուդսմանին հասցեագրված լրագրողի հայտարարության, խափանման միջոցն ընտրելիս հաշվի չեն առնվել իր առողջական վիճակը եւ երկու անչափահաս երեխաների առկայությունը։ Դատախազին օմբուդսմանի դիմելու հիմք է հանդիսացել նաեւ Թերեզա Ասատրյանին այցելած Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբի զեկուցագիրը։

Այս գործի քննությունը սկսվեց օգոստոսի 31-ին Վանաձորում՝ Լոռու առաջին ատյանի դատարանում։ Հոկտեմբերի 6-ին դատարանը Թերեզա Ասատրյանին դատապարտեց 3 տարվա ազատազրկման եւ 400 հազար դրամ տուգանքի։ Վճիռը բողոքարկվեց ՀՀ Վերաքննիչ դատարան։ Դեկտեմբերի 5-ին Վերաքննիչ դատարանը Թերեզա Ասատրյանին անմեղ ճանաչեց մեղադրանքի մեկ՝ կաշառք տալուն դրդելու մասով։ Մյուս մասով՝ խարդախության փորձով, տուգանքի չափը երկու անգամ կրճատվեց՝ մինչեւ 200 հազ. դրամ։ Թերեզա Ասատրյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

2005թ. ՀՈՒԼԻՍ

ՀՈՒԼԻՍԻ 13-ին Հայաստանի յոթ հասարակական կազմակերպություններ (Երեւանի մամուլի ակումբ, Հայաստանի ժուռնալիստների միություն, Հայաստանի “Ինտերնյուս”,  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, “Հետաքննող լրագրողներ”, “Թիմ” հետազոտությունների կենտրոն, Գյումրիի լրագրողների “Ասպարեզ” ակումբ) համատեղ հայտարարություն ընդունեցին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ։

Հայտարարության մեջ ներկայացված էին լրագրողական կազմակերպությունների առաջարկությունները փոփոխությունների այն նախագծի որոշ դրույթների վերաբերյալ, որը 2005 թվականի հուլիսի 7-ին ներկայացվել էր Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը, իսկ օգոստոսի 29-ին պետք է քննարկվեր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում։ Մասնավորապես, ընդգծվում էր այն, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ունի դրույթ, ըստ որի հեռարձակվող լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող մարմնի անդամներին նշանակում է ՀՀ Ազգային ժողովը՝ ՀՀ նախագահի առաջարկով։ Հայտարարության մեջ այնուհետեւ նշվում էր, որ “Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին” ՀՀ օրենքը նախատեսում է երկու կարգավորող մարմին՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, հետեւաբար, դրույթը պետք է վերաբերեր ոչ թե մեկ մարմնի, այլ մարմիններին, առավել եւս՝ որ ԵԽ փաստաթղթերում հենց այդպես էլ նշվում է՝ “Հեռարձակող ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող մարմիններ”։ Հայտարարության հեղինակները նաեւ ընդգծում էին. “Տրամաբանական եւ նպատակահարմար կլինի, եթե Ազգային ժողովը՝ որպես իր բնույթով ներկայացուցչական եւ հասարակության տարբեր շերտերի շահերը արտահայտող հաստատություն, ներկայացնի  կարգավորող մարմինների անդամների թեկնածությունները, իսկ նախագահը, որպես Սահմանադրության երաշխավոր եւ պետության գլուխ, նշանակի նրանց։ Դրանով կապահովվի իշխանության տարբեր թեւերի եւ հասարակության ակտիվ մասնակցությունն այդ մարմինների ձեւավորմանը”։

Յոթ լրագրողական միավորումները նաեւ առաջարկում էին Սահմանադրության մեջ ամրապնդել գրաքննության ցանկացած ձեւն արգելող դրույթ. “Մեր այս առաջարկը բխում է այն իրողությունից, որ ժողովրդավարության ուղին բռնած երկրներում, որոնցում ոչ հեռու անցյալում կային գրաքննություն իրականացնող մարմիններ, պահպանվում է թաքնված գրաքննության տարրեր ներդնելու վտանգը։ Սահմանադրության մեջ գրաքննության ցանկացած ձեւն արգելող դրույթը տարբեր օրենքներում դրա քողարկված դրսեւորումները բացառելու երաշխիք կլինի”։

Հուլիսի 27-ին վերոհիշյալ լրագրողական կազմակերպությունները հանդես եկան եւս մեկ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր. “… Մենք Վենետիկի հանձնաժողովից պատասխան ենք ստացել, որ մեր առաջարկությունները (հուլիսի 13-ի — խմբ.) կուսումնասիրվեն ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների մասին եզրափակիչ կարծիքի նախապատրաստության ընթացքում։ Հուլիսի 21-ին Ստրասբուրգից ուղարկված Եզրափակիչ կարծիքի նախագծում փաստորեն առաջարկվում է փոխել հեռարձակման բնագավառը կարգավորող մարմնի (Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի) անդամների նշանակման մասին դրույթը. նախագծում իշխանությունների նախատեսածի (ՀՌԱՀ — ի անդամներին ՀՀ նախագահի ներկայացմամբ նշանակում է ՀՀ Ազգային ժողովը) փոխարեն Վենետիկի հանձնաժողովը առաջարկում է՝  1/2 — ին նշանակում է ՀՀ նախագահը, 1/2 — ին՝ Ազգային ժողովը, տարբերակը։ Ինչ վերաբերում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին, ապա փաստաթղթում ընդամենը նշվում է, որ խնդրահարույց է նախագահի կողմից դրա ձեւավորումը, սակայն որեւէ կոնկրետ առաջարկություն՝ սահմանադրական բարեփոխումների համատեքստում չի արվում։ Ոչինչ ասված չէ նաեւ Սահմանադրության   մեջ գրաքննության ցանկացած ձեւն արգելող դրույթ ունենալու մեր առաջարկության վերաբերյալ”։

Յոթ լրագրողական կազմակերպությունների կարծիքով “ԶԼՄ-ների ազատության, անկախության եւ բազմակարծության ոլորտում Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները թերի են  եւ Հայաստանում խոսքի ազատության համար անհրաժեշտ երաշխիքներ չեն կարող ապահովել”։ “ Սահմանադրության այս կամ այն դրույթը նշանակություն կարող է ունենալ, եթե այն ամրագրում է որոշակի արժեքներ, կոնկրետ սկզբունքներ եւ երաշխիքներ։ ՀՌԱՀ-ի ձեւավորմանը նախագահի եւ խորհրդարանի հավասարաչափ մասնակցությունը որեւէ էական բան չի ավելացնում այդ մարմնի անկախության երաշխիքներին, իսկ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, ինչպես արդեն նշվեց վերեւում, ընդհանրապես անտեսվում է։ Ավելին, Սահմանադրության մեջ հիշյալ մարմնի ձեւավորման հիմնարար մեխանիզմների ամրագրումը սահմանափակում է ՀՌԱՀ-ի անդամներին կոնկրետ օրենքով նշանակելու տարբերակների շրջանակը եւ այդ մեխանիզմների հետագա կատարելագործման խոչընդոտներ ստեղծում”։

Հայտարարության հեղինակները ՀՀ ԱԺ պատգամավորներին կոչ էին անում կամ ընդունել իրենց նախորդ առաջարկը, կամ մշակել ընդհանուր դրույթներ, որոնք կապահովեն  հասարակական նշանակության ոլորտները կարգավորող տարբեր տեսակի անկախ մարմինների (այդ թվում՝ ՀՌԱՀ-ի եւ ՀՀՌԸԽ-ի) ձեւավորմանը խորհրդարանի մասնակցությունը, կամ Սահմանադրության փոփոխությունների նախագծից պարզապես հանել մեկ կոնկրետ մարմնի (ՀՌԱՀ-ի) ձեւավորման կոնկրետ մեխանիզմներ սահմանող ցանկացած դրույթ։ Իսկ հեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների անդամների նշանակման հարցերը լուծել “Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին” ՀՀ օրենքի արմատական բարեփոխմամբ։

Հուլիսի 28-ին Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Օմբուդսմանը նույնպես համարում էր, որ “ՀՀ Սահմանադրության մեջ պետք է ամրագրվեն հեռարձակման ոլորտը կարգավորող առնվազն երկու մարմիններին վերաբերող դրույթներ”։ Այդ մարմինների ձեւավորման առավել օպտիմալ ձեւը, Լարիսա Ալավերդյանի տեսակետով, ՀՌԱՀ-ի եւ ՀՀՌԽ-ի անդամների թեկնածությունների ներկայացումն է խորհրդարանի եւ նրանց հաստատումը նախագահի կողմից։ “Կարգավորող մարմինների նոր կազմը պետք է ձեւավորվի սահմանադրական փոփոխություններն ընդունվելուց անմջապես հետո”,-նշվում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 1-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Եվ եթե նախագծի ամենավիճահարույց դրույթներից մեկը (հ. 83.2 – կարգավորող մարմնի ձեւավորման կարգի մասին) նոր խմբագրությամբ համապատասխանում էր Վենետիկի հանձնաժողովի առաջարկությանը, ապա լրագրողական հանրության եւ օմբուդսմանի կարծիքներն այդպես էլ հաշվի չառնվեցին։

Սեպտեմբերի 15-ին Երեւանի մամուլի ակումբը տարածեց հայտարարություն, որում նշվում էր Հայաստանի հասարակության անբավարար ներգրավվածությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացում եւ մտահոգություն էր հայտնվում նախագծի առանձին, մասնավորապես՝ խոսքի եւ տեղեկատվության ազատությանը վերաբերող դրույթների առնչությամբ։ “Ամենից առաջ մտահոգում են հեռարձակման բնագավառը կարգավորող մարմնի ձեւավորման՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծով սահմանվող մեխանիզմները, քանի որ դրանք  հեռարձակվող լրատվամիջոցների առավելագույն ազատություն չեն ապահովում”։ Եվ քանի որ երկրորդ ընթերցումից հետո նախագիծը հնարավոր չէ արմատական փոփոխությունների ենթարկել, ԵՄԱ-ն կատարեց խմբագրական բնույթի առաջարկություններ, որոնք հնարավորություն կտային որոշ չափով կոնկրետացնելու համապատասխան դրույթները  եւ նպաստելու ձեւակերպումների առավել հստակեցմանը։

Սեպտեմբերի 28-ին Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունվեց երրորդ ընթերցմամբ։ ԵՄԱ խմբագրական բնույթի առաջարկությունները Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերջնական տեքստում հաշվի առնվեցին։ Իսկ 83.2 հոդվածը էական փոփոխությունների չենթարկվեց, բացառությամբ մեկ ճշտման. նրանում հիշատակված մարմինն այժմ բնութագրվում էր ոչ միայն որպես “անկախ” այլեւ “կարգավորող”։ Այսպիսով, Սահամանդրության այդ հոդվածը ձեւակերպվեց այսպես. “Հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովման նպատակներից ելնելով՝ օրենքով ստեղծվում է անկախ կարգավորող մարմին, որի անդամների կեսը վեց տարի ժամկետով ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս կեսը նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից՝ վեց տարի ժամկետով։ Ազգային ժողովն այդ մարմնի անդամներին ընտրում է  պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ”։ Այլ կերպ ասած՝ կարգավորող մարմնի ստեղծման նպատակը եւ կարգավիճակը Հիմնական օրենքում մնացին ոչ հստակ ձեւակերպված։

Այսպիսով փոփոխված Սահմանադրությունը չլուծեց լրատվամիջոցների ոլորտին առնչվող երկու գլխավոր խնդիրները. չարգելեց գրաքննությունը եւ չապահովեց հեռարձակման ոլորտը կարգավորող երկու մարմինների անկախությունը։

ՀՈՒԼԻՍԻ 14-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ պատվի ու արժանապատվության պաշտպանության մասին ընդդեմ քաղաքացուհի Լիա Ռեւազյանի “Ֆեմիդա” ՀԿ նախագահ Ջուլիետա Ամիրխանյանի հայցի քննությունը։

Հայցվորը պահանջում էր հերքել իրականությանը չհամապատասխանող եւ իրեն վարկաբեկող այն տեղեկությունները, որոնք եղել էին Լիա Ռեւազյանի՝ երկրի բարձրագույն պաշտոնատար անձանց, մի շարք ԶԼՄ-ների եւ որոշ միջազգային կազմակերպությունների հասցեագրած նամակում։ Նրանում, մասնավորապես, կային վիրավորական արտահայտություններ Ջուլիետա Ամիրխանյանի վարած եւ Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերով 2004 թ. հունիսի 1-ից մինչեւ 2005 թ. մայիսի 31-ը հեռարձակված “Դատական ալիք” հաղորդաշարի հասցեին։ Քաղաքացուհի Ռեւազյանի վրդովմունքն էր հարուցել “Դատական ալիքով” 2005 թ. ապրիլի 7-ին ցուցադրված սյուժեն։ Այն նվիրված էր մայրաքաղաքի շենքերից մեկի բնակիչների եւ Լիա Ռեւազյանի հոր՝ Համլետ Ռեւազյանի ղեկավարած “Թոռնիկ Եվա” ՍՊԸ-ի միջեւ դատական վեճին։

Հուլիսի 25-ին դատարանը մասնակիորեն բավարարեց “Ֆեմիդայի” նախագահի հայցը։ Լիա Ռեւազյանի նամակում բերված փաստերը համարվեցին իրականությանը չհամապատասխանող։ Սակայն հայցվորի՝ իր պատրաստած հերքման տեքստը նույն հասցեներով տարածելու պահանջը դատարանը մերժեց, ընդսմին՝ չմատնանշելով, թե ինչպես պետք է հերքվեն Ջուլիետա Ամիրխանյանին վարկաբեկող տեղեկությունները։

Առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկվեց ՀՀ Վերաքննիչ դատարան, որը հոկտեմբերի 11-ին բողոքը բավարարեց եւ Լիա Ռեւազյանին պարտավորեցրեց հերքում ուղարկել վեճի առիթ հանդիսացած նամակի բոլոր հասցեատերերին։ Լիա Ռեւազյանն իր հերթին այս վճիռը բողոքարկեց ՀՀ Վճռաբեկ դատարան։ 2006 թվականի մարտի 6-ին բարձրագույն դատական ատյանը Վերաքննիչ դատարանի որոշումը թողեց անփոփոխ։

“Դատական ալիք” հաղորդման 2005 թվականի ապրիլի 7-ի սյուժեն պատվի ու արժանապատվության պաշտպանության եւս մեկ դատական հայցի առիթ դարձավ։ Այս անգամ հայցվորը “Թոռնիկ Եվա” ՍՊԸ ղեկավար Համլետ Ռեւազյանն էր (Լիա Ռեւազյանի հայրը), իսկ պատասխանողը՝ Հայկական երկրորդ հեռուստաալիքը եւ “Դատական ալիք” հաղորդաշարի վարող, “Ֆեմիդա” ՀԿ նախագահ Ջուլիետա Ամիրխանյանը։ Համլետ Ռեւազյանը պահանջում էր հերքել իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող տեղեկությունները, որոնք եղել էին “Դատական ալիքում”։ Օգոստոսի 25-ին դատական նիստը, հազիվ սկսված, հետաձգվեց հայցվորի միջնորդությամբ։ Նման մի քանի միջնորդություններից հետո հայցվորը բացարկ հայտնեց դատավորին, ինչը բավարարվեց։ Սակայն նոր դատավորով նիստին էլ հայցվորը չներկայացավ դատարան, եւ ի վերջո 2006 թվականի փետրվարի 2-ին հայցը թողնվեց առանց քննության։

2005թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ին “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանի մամուլի ասուլիսի առիթը 2005 թվականի օգոստոսի 17-ին “Ազգ” օրաթերթում տպագրված “Եվրոպական ինտեգրացման հայկական մի տարբերակ” հրապարակումն էր։ Ծավալուն հոդվածը հիմնված էր Հայաստանի պետական մրցանակի դափնեկիրներ Աշոտ Զաքարյանի, Ալեքսանդր Կաշինի եւ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Մարատ Քրմոյանի՝ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին հասցեագրված (Կարեն Բեքարյանը նաեւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փորձագետ է) նամակի վրա։ Նրանում, մասնավորապես, ՀԿ ղեկավարը մեղադրվում էր, թե “իր գործունեությամբ վնաս է հասցնում երկրի միջազգային հեղինակությանը”։ Հրապարակումը նվիրված էր մի հակասության, որն առաջացել էր Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահագն Գուրզադյանի ղեկավարությամբ գործող “Կոսմոլոգիա” խմբի կողմից գիտական նախագծի իրականացման ընթացքում։ Նախագիծը ֆինանսավորվում էր ԱՄՆ-ի առեւտրի եւ զարգացման գործակալության (USTDA) կողմից։ Դրա  կոնտրակտորն էր ամերիկյան “Սքայ Բրոդբենդ Սերվիսիզ” (SBS) ամերիկյան կազմակերպությունը, իսկ “Եվրոպական ինտեգրացիան” ենթակոնտրակտոր էր եւ իրականացնում էր զուտ գանձապահական ֆունկցիաներ։

Կարեն Բեքարյանի խոսքերով, 2005 թվականի հունվարի վերջին՝ նախագծի ավարտից երկու ամիս առաջ, Վահագն Գուրզադյանը “Եվրոպական ինտեգրացիային” առաջարկեց դրամաշնորհի չծախսված մասը (որը ենթակոնտրակտորին փոխանցված գումարի 70 տոկոսն էր կազմում. 102,720.45 ԱՄՆ դոլար) փոխանցել ֆիզիկական անձի անունով, ինչը հակասում էր իրավաբանական նորմերին։ Այնուհետեւ կատարողը փորձ արեց այդ գումարը ստանալ “Կոսմոլոգիա” ՀԿ-ի հաշվին, որն այդ պահին գրանցված չէր (սա հաստատվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից)։ Ենթակոնտրակտորի մոտ առաջացած կասկածների պատճառով, կատարողին միջոցների տրամադրումը դադարեցվում է։ Կողմերի միջեւ “հարաբերությունների ճշտումը” շարունավում եւ ոչնչի չի հանգեցնում, ու Կարեն Բեքարյանը որոշում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը փոխանցել նշված գումարով ցպահանջ մուրհակ։

Ինչպես մամուլի ասուլիսում նշեց “Եվրոպական ինտեգրացիայի” ղեկավարը, իր կազմակերպությունը նպատակ չուներ հակասությունը հրապարակային դարձնել եւ ստիպված է գնացել դրան այն բանից հետո, երբ “Ազգը” հրաժարվել է հրապարակել օգոստոսի 17-ի հոդվածի պատասխանը։ Այն հարցին, թե ինչու “Եվրոպական ինտեգրացիան” ընդդեմ “Ազգի” հայցով չի դիմել դատարան, Կարեն Բեքարյանը պատասխանեց, թե բացառիկ կարեւորում է ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների գործունեությունը, իսկ վերջիններիս ներկայացուցիչների միջեւ դատական վեճերը վնասում են միասնական նպատակին՝ երկրում քաղաքացիական հասարակության կայացմանը։

“Եվրոպական ինտեգրացիայի” նախագահին օգոստոսի 31-ին հասցեագրած նամակում “Ազգ” օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը բացատրել է “տվյալ պահին” պատասխանը հրապարակելուց հրաժարվելու պատճառները. քանի որ այն “ավելի քան երկու անգամ գերազանցում է” բուն հոդվածի ծավալը, չի ներկայացնում փաստացի ապացույցներ, “չի հերքում” թերթում բերված տեղեկությունները։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվեց եւ հետաձգվեց ընդդեմ “Չորրորդ իշխանություն” թերթի Պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) էլեկտրաէներգետիկայի ամբիոնի ասիստենտ Կարեն Խաչատրյանի հայցով դատաքննությունը։ Հայցվորը պահանջում էր պարտադրել թերթին հրապարակել “Պոլիտեխնիկցի” Խաչատրյանների ոդիսականը” (“ՉԻ”, 28 հունիսի 2005 թ.) հոդվածին ի պատասխան՝ իր իսկ պատրաստած հերքման տեքստը։ Հոդվածում նկարագրվում էր վերոհիշյալ ամբիոնի դասախոս Վարոս Խաչատրյանի եւ ի պաշտպանություն նրա հանդես եկած որդու՝ Կարեն Խաչատրյանի կողմից “բուհում ստեղծված անառողջ մթնոլորտը”։ Նշենք նաեւ, որ “Չորրորդ իշխանությունը” Կարեն Խաչատրյանին հնարավորություն էր տվել արտահայտելու իր կարծիքը՝ հուլիսի 26-ին հրապարակելով “Պոլիտեխնիկցի” Կ. Խաչատրյանի պարզաբանումները” նյութը։

“Չորրորդ իշխանության” դեմ Կարեն Խաչատրյանի հայցը հետաձգվեց, քանի որ այդ պահին Ճարտարագիտական համալսարանի ուսանողուհիներից մեկի հոր՝ դատախազությանը ներկայացրած դիմումի հիման վրա հարուցված քրեական գործով հետաքննություն էր իրականացվում։ Իսկ մինչ հետաքննության ավարտը դատարանն իրավասու չէր քննելու Կարեն Խաչատրյանի քաղաքացիական հայցը։

Նման հայց, նույն պահանջով Կարեն Խաչատրյանը ներկայացրել էր նաեւ ընդդեմ “Առավոտ” թերթի։ Այս անգամ վեճի առարկան “Առավոտում” հունիսի 24-ին հրապարակված “Սեռական հետապնդո՞ւմ ուսանողուհու հանդեպ” հոդվածն էր։ Հրապարակումը հիմնված էր ընդեմ Վարոս եւ Կարեն Խաչատրյանների գործունեության՝ Ճարտարագիտական համալսարանի մի խումբ ուսանողների եւ դասախոսների՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հղած բողոքի վրա։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում այս գործի քննությունը սկսվեց սեպտեմբերի 23-ին եւ դարձյալ հետաձգվեց՝ վերը հիշատակված պատճառներով։

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 24-ին, “Առավոտը” հղում կատարելով Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սարգսյանին, հայտնեց, թե Կարեն Խաչատրյանն այլեւս չի աշխատում համալսարանում։ Հաշվի առնելով ուսանողների կողմից բազմաթիվ բողոքները՝ ղեկավարությունը նրա հետ աշխատանքային պայմանագիր չի կնքել։

2005 թվականի վերջի դրությամբ այս երկու գործերից ոչ մեկը չէր քննվել։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում սկսվեց ընդդեմ ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Լոռու մարզային բաժնի՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում էր պարտադրել հարկադիր կատարման ծառայությանը՝ կատարելու ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի հայցով դատավճիռը։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի եւ քաղաքային իշխանության միջեւ ձգձված դատավեճը սկսվել էր 2004 թվականին, երբ վերջինս հրաժարվել էր իրավապաշտպան կազմակերպությանը տրամադրել քաղաքապետարանի եւ Ավագանու 2002-2003 թթ. բոլոր 2614 որոշումների պատճենները։ Գործն անցել էր բոլոր երեք դատական ատյաններով, որոնք ամեն անգամ պարտադրել էին Վանաձորի քաղաքային վարչակազմին՝ բավարարելու փաստաթղթերը (բացառությամբ գաղտնիք պարունակողների) ստանալու կազմակերպության իրավունքը, սակայն քաղաքապետարանը համառում էր (մանրամասները տես՝ 2004 թվականի հաշվետվության մեջ)։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր հարկադիր կատարման ծառայություն, ու 2005 թ. փետրվարին ծառայության աշխատակիցները կազմակերպությանն էին փոխանցել քաղաքապետարանի եւ Ավագանու խորհրդի 240 որոշում, սակայն ոչ թե 2002-2003 թթ, այլ 2004 թ.։ Փաստաթղթերի հաջորդ խմբաքանակը (մոտ 270 որոշում), այս անգամ արդեն 2002-2003 թթ., իրավապաշտպան կազմակերպությունը ստացավ 2005 թ. մայիսին։ Դրանից հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ոչ մի փաստաթուղթ չի ստացել, ինչն էլ պատճառ էր դարձել դիմելու դատարան։ Այս գործի դատավարությունն ավարտվեց հոկտեմբերի 21-ին։ Դատարանը հաշվի առավ դատավճիռը կատարելու հարկադիր կատարողների բազմաթիվ փորձերը, ընդսմին նշելով, որ ծառայությունը հետեւողական չի եղել իր առջեւ դրված խնդիրն իրականացնելիս։ Այսպես, չի պահանջել վերը հիշատակված փաստաթղթերի ամբողջական ցանկը, որի հիման վրա հնարավոր կլիներ որոշել, թե դրանցից որոնք են գաղտնիք պարունակում, հետեւաբար՝ ենթակա չեն տրամադրման։ Դատարանը պարտավորեցրեց հարկադիր կատարման ծառայության Լոռու բաժնին՝ ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի իրավապաշտպան կազմակերպությունը ստանա հայցվող փաստաթղթերը։

2005թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ին, Գյումրու քաղաքապետի թեկնածու (եւ գործող քաղաքապետ) Վարդան Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ Գագիկ Մանուկյանը դիմել է Շիրակի մարզի դատախազություն՝ պահանջելով զրպարտության համար քրեական գործ հարուցել “168 ժամ” թերթի թղթակից Արման Գալոյանի դեմ։ Իրավապահ մարմին դիմելու պատճառը “168 ժամ” թերթում (6-12 հոկտեմբեր, 2005) Արման Գալոյանի հրապարակած “Գյումրիում լարված ընտրապայքար է սպասվում” հոդվածն էր։ Ըստ դիմողի, Վարդան Ղուկասյանին զրպարտում էր հոդվածի հետեւյալ հատվածը. “Վերջերս Գյումրիում տեղի ունեցած որոշ արտակարգ միջադեպերը, սպանություններն ու կրակահերթերը, որոնք, ի դեպ, վերագրում են քաղաքապետին ու նրա ընտանիքի անդամներին, լցրել են համբերության բաժակը։ Էլ չենք ասում բնակբաշխման ոլորտում ի հայտ եկած օրինազանցությունները, չնչին գնով տարածքներն օտարելն ու դրանով պետությանը հսկայական վնասներ պատճառելը, որոնց կապակցությամբ, ի դեպ, դատախազությունում նյութեր նախապատրաստվեցին ու քրեական գործեր հարուցվեցին։ Ու հիմա կարծես բոլորը Գյումրիում խնդիր են դրել օր առաջ ազատվել Վարդան Ղուկասյանից”։

Հոկտեմբերի 13-ին Արման Գալոյանը հարցաքննվեց դատախազությունում։ Վերջինս հոկտեմբերի 24-ին մերժեց քրեական գործ հարուցելու դիմումը՝ հրապարակման մեջ հանցակազմի բացակայության պատճառով։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ին “Առավոտ” օրաթերթը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 15-ին Գյումրիում փորձ է արվել խոչընդոտելու թերթի շաբաթօրյա (նախորդ) համարի տարածումը։ Ըստ “Առավոտի”, քաղաքային իշխանությունների դժգոհությունն է հարուցել “Զինված եւ անհավասարակշիռ. վտանգավոր է, երբ “պսիխոպատ” քաղաքապետը զենք է կրում” հոդվածը, որը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կենսագրության եւ գործունեության որոշ դրվագներ էր պարունակում։ Վերջինիս կողմնակիցները, նշում է թերթը, ոչ միայն առգրավում էին “Առավոտը” կրպակներից, այլեւ այցելում էին պատճենահանման կետեր՝ դրանց տերերին արգելելով թերթի համարը ձեռք բերած անձանցից ընդունել հիշյալ հոդվածի պատճենահանման պատվերներ։

Գյումրիում հոկտեմբերի 23-ին կայացած ընտրություններից հետո Վարդան Ղուկասյանը վերընտրվեց քաղաքապետ, որից հետո “Առավոտը” շարունակեց թեման։ Հոկտեմբերի 25-ին “Առավոտում” հրապարակվեց Աննա Իսրայելյանի “Պսիխոպատը” վերընտրվեց քաղաքպետ” հոդվածը, որում խոսվում էր Գյումրիում լարված նախընտրական մթնոլորտի եւ բուն ընտրությունների մասին։ Գյումրու վարչակազմի ղեկավարի պատասխանն այս անգամ չհետեւեց։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ին “Լրագրողներ առանց սահմանի” (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակեց աշխարհում մամուլի ազատության իր հերթական չորրորդ վարկանիշային աղյուսակը։ Հետազոտությունը կատարվել էր 167 երկրներում եւ հիմնվում էր 2004 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2005 թվականի սեպտեմբերի 1-ը մամուլի ազատության ոլորտում կատարված իրադարձությունների վրա։ RSF-ի ինդեքսը հաշվարկվում է՝ 14 գործընկեր կազմակերպությունների, իրենց՝ RSF-ի 130 թղթակիցների, ինչպես նաեւ՝ լրագրողների, հետազոտողների, իրավաբանների եւ իրավապաշտպանների հարցման հիման վրա։ Հարցվողները յուրաքանչյուր երկրում մամուլի ազատության մակարդակը գնահատում էին ըստ RSF-ի մշակած հարցաթերթիկի, որը ներառում է 50 չափանիշ՝ լրագրողների եւ ԶԼՄ-ների վրա ճնշումների զանազան ձեւերից մինչեւ օրենսդրական սահմանափակումները, պետական լրատվամիջոցների եւ արտասահմանյան մամուլի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը։ Հայաստանն այս անգամ հայտնվեց 102-105-րդ տեղում։ Ինչպես RSF-ի նախորդ հետազոտությունների ժամանակ, այս անգամ էլ որեւէ մեկնաբանություն չէր տրվում, թե ինչ գործոններ են ազդել Հայաստանի վարկանիշի կտրուկ փոփոխությունների (ինչպես դրական, այնպես էլ բացասական) վրա. 2003-ին Հայաստանը 90-րդ տեղից բարձրացել էր 83-րդ, 2004-ին՝ իջել 102-րդ։

2005թ. ՆՈՒՅԵՄԲԵՐ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ ընդդեմ “Հայոց աշխարհ” օրաթերթի “Արշիլ Գորկի” հիմնադրամի նախագահ Բադալ Բադալյանի հայցի քննությունը։ Հայցվորը պահանջում էր թերթին պարտադրել հրապարակելու “Հայոց աշխարհ”-ի 2005 թվականի հունվարի 25-ի համարի Կիմա Եղիազարյանի “Արշիլ Գորկու 100-ամյակը կնշե՞նք. Ի հայտ են եկել լեյտենանտ Շմիդտի որդիներ” հոդվածի հերքումը։ Բադալ Բադալյանի կարծիքով այնտեղ կային իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը վարկաբեկող տեղեկություններ։ Հրապարակման մեջ նկարագրվում էին Հայաստանի կառավարության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ջանքերը՝ ԱՄՆ-ում ստանալու եւ Հայաստան տեղափոխելու Արշիլ Գորկու մի քանի տասնյակ նկարները, որոնք նկարչի այրին կտակել էր Հայ Առաքելական Եկեղեցուն։ Միաժամանակ, հոդվածում քննադատվում էր “Արշիլ Գորկի” հիմնադրամի տնօրենի գործունեությունը, ինչը, նյութի հեղինակի կարծիքով, հակադրվում էր կառավարության եւ եկեղեցու գործողություններին։

Ըստ “Հայոց աշխարհի” բացատրությունների, խմբագրությունը հունիսի 15-ին Բադալ Բադալյանից նամակ է ստացել, որով խնդրվում էր հերքում հրապարակել։ Սակայն խմբագրությունը չի արել դա, քանի որ ըստ “Զանգվածային լրատվության մասին” ՀՀ օրենքի՝ հերքման պահանջ կարելի ներկայացնել հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում։ Բադալ Բադալյանի հայցը մերժվեց։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ին Հայաստանի ժուռնալիստների միությունում կայացած մամուլի ասուլիսում Ռադիո “Հայ”-ի գործադիր տնօրեն Արամ Մկրտչյանը հայտարարեց Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնի (ՀՀԿ) դեմ իրենց բողոքի մասին։ Վերջինս անհիմն կերպով մի շարք ծառայությունների դիմաց վճար է պահանջում։ ՀՀԿ-ի հետ վեճը սկսվել է այն բանից հետո, երբ 2005 թ. փետրվարին Ռադիո “Հայ”-ը հաղթող է ճանաչվել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հայտարարած երկրի տարբեր քաղաքներում 20 FM հաճախությունների փաթեթի հեռարձակման լիցենզավորման մրցույթում եւ սկսել է մրցույթի ներկայացված հայտով ստանձնած պարտավորությունների կատարումը։ Յուրաքանչյուր հաղորդակի գրանցման եւ շահագործման թույլտվության համար ՀՀԿ-ը ռադիոկայանից պահանջել է վճարել “վերգետնյա կայաններին հատկացվող հաճախությունների միջազգային գրանցման եւ կոորդինացման” (300 հազար դրամ) եւ “հեռուստառադիոհեռարձակման կայանների հաճախության ընտրության ու էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննության”  (1 մլն. դրամ) վճարներ։ Այլ կերպ ասած 20 կայանների շահագործման իրավունք ստանալու համար ռադիոընկերությունը պետք է վճարեր 26 մլն. դրամ։ Ռադիո “Հայ”-ը դիմել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն, որի կազմի մեջ է գտնվում ՀՀԿ-ը։ Նախարարությունից պատասխան է ստացվել, թե պահանջվող վճարները կարող են կրճատվել միայն 300 հազար դրամի չափով, քանի որ վերգետնյա կայաններին հատկացվող հաճախությունների միջազգային գրանցումն ու կոորդինացումն արդեն կատարված է։ Սակայն ըստ Արամ Մկրտչյանի, ՀՀԿ-ը ընդհանրապես չպետք է որեւէ վճար գանձի, քանի որ դա հակասում է “Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին” ՀՀ օրենքին, որի 48-րդ հոդվածն ասում է. “Պետական կառավարման հեռահաղորդակցության մարմինը, օգտվելով Հեռահաղորդակցության միջազգային միության (International Telecommunication Union — ITU) ներկայացրած ցուցակից, կազմում է Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար նախատեսված եթերային հաճախությունների ցանկը և պարբերաբար տրամադրում է Ազգային հանձնաժողովին”, իսկ 53-րդ հոդվածը նախատեսում է. “Հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար արտոնագրատերը մուծում է տարեկան եթերավճար, որի չափը հաշվարկվում է՝ ելնելով միայն հաճախության սպասարկման համար անհրաժեշտ ծախսերից”։

Լիցենզիայի պահանջների կատարման համար, լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արամ Մկրտչյանը, Ռադիո “Հայ”-ը կշարունակի իր հաղորդակների տեղադրումը։ Ռադիոկայանի տնօրենը բոլոր գործող հեռուստառադիոընկերություններին կոչ արեց ՀՀԿ-ից հետ պահանջել իրենց վճարած գումարները։

Արամ Մկրտչյանը հայտնեց նաեւ, որ հոկտեմբերի վերջին Ռադիո “Հայ”-ը դիմել է իրավապահ մարմիններին՝ բողոքելով ՀՀԿ-ի գործողություններից։ Գլխավոր դատախազությունը դիմումը վարույթ է ընդունել։ 2005 թվականի վերջի դրությամբ իրավիճակը դեռեւս հստակեցված չէր։ Միաժամանակ, ըստ Արամ Մկրտչյանի, ռադիոընկերությունը տեղադրել է բոլոր հաղորդակները եւ օգտագործում է դրանք՝ այդպես էլ ՀՀԿ-ից շահագործման թույլտվություն չստանալով։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, ասաց Արամ Մկրտչյանը, ապօրինի գանձումների հարցը լուծվել է ներգերատեսչական կարգով. տրանսպորտի եւ կապի նախարարությունը ՀՀԿ-ին արգելել է հեռուստառադիոընկերություններից հաղորդակների օգտագործման համար վճարներ գանձել։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ին 2005 թվականի նոյեմբերի 27-ի սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեի առթիվ ընդդիմության կազմակերպած միջոցառումների ժամանակ միջադեպեր են տեղի ունեցել Հայաստանի հանրային հեռուստատեսության “Հայլուր” ծրագրի թղթակից Տաթեւիկ Նալբանդյանի եւ “Այբ-Ֆե” թերթի թղթակից Դիանա Մարկոսյանի հետ։

“Այբ-Ֆե” թերթի թղթակից Դիանա Մարկոսյանի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, որտեղ ավտոտեսչությունը կանգնեցրել է ավտոշարասյան մեքենաներից մեկը, որում գտնվում էին ընդդիմության ներկայացուցիչները։ Ըստ Դիանա Մարկոսյանի, մեքենայում գտնվող անձանց եւ տեսուչների միջեւ վեճ է առաջացել, որին միջամտել են հատուկ նշանակության ջոկատի մարտիկները։ Տուժել է “Հանրապետություն” կուսակցության Շենգավիթի տարածքային ստորաբաժանման ղեկավար Աշոտ Պողոսյանը, որին տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի վայրում գտնվող լրագրողուհին լուսանկարել է տեղի ունեցածը, իսկ “կարմիր բերետավորներից” մեկը, փորձելով նրանից խլել լուսանկարչական ապարատը, ձեռքը թափահարել է, եւ հարվածը կպել է թղթակցուհու դեմքին։ Դիանա Մարկոսյանը ոստիկանություն չի դիմել։

“Հայլուրի” թղթակցուհի Տաթեւիկ Նալբանդյանի վրա հարձակումը տեղի է ունեցել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում կազմակերպված հանրահավաքի ժամանակ։ Երբ հավաքը մոտեցել է ավարտին եւ “Հայլուրի” նկարահանող խումբը գնում էր դեպի խմբագրության մեքենան, հավաքի մասնակից մի քանի կանայք հարձակվել են երկու անչափահասների վրա։ Լրագրողուհին փորձել է պաշտպանել երեխաներին, եւ կանանցից մեկը հարվածել է նրան։ Ըստ Տաթեւիկ Նալբանդյանի՝ միայն գործընկերների օգնությամբ է իրեն հաջողվել թաքնվել մեքենայում։ Նույն օրը նա դիմել է իրավապահ մարմիններին։ Միջադեպից մի քանի օր հետո լրագրողուհին վատ է զգացել։ Բժշկական հետազոտությամբ պարզվել է, որ նրան հասցվել է միջին բարդության վնասվածք եւ անհրաժեշտ է վիրահատական միջամտություն։ Հարձակվողը, պարզվել է, Երեւանի բնակչուհի, 1961 թ. ծնված Աննա Բադալյանն էր։ Նրա դեմ հարուցվեց քրեական գործ եւ մեղադրանք ներկայացվեց ՀՀ Քրօրի 258 հոդվածի 3-րդ մասին 4-րդ կետով (հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով)։ Այս գործի դատաքննությունը սկսվեց 2006 թվականի փետրվարի 9-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում եւ ավարտվեց փետրվարի 23-ին։ Հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքները, դատարանը Աննա Բադալյանին դատապարտեց երկու տարվա պայմանական ազատազրկման. երկու տարվա փորձաշրջանով։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ին, 28-ին եւ 29-ին “Ազատություն” ռադիոկայանի հայկական ծառայության ծրագրերի հեռարձակումը Հայաստանի հանրային ռադիոյի եթերում (107.6 ՄգՀ հաճախությունում) ուղեկցվում էր ուժեղ աղմուկով։ Նոյեմբերի 28-ին հանրային ռադիոյի ինտերնետային կայքում տեղեկություն տեղադրվեց, ըստ որի ՀՀՌ-ի ծրագրերը առանց պրոբլեմների հեռարձակվում են բոլոր ալիքներով, բացառությամբ հիշյալ հաճախության։ Ըստ ՀՌԱ-ի տեղեկատվության, տեխնիկական անսարքությունները հավանաբար FM 107.6-ի համար տեղակայված նոր հաղորդակի պատճառով են։ Ընդսմին, մամուլում հաղորդումներ եղան, որ “Ազատություն” ռադիոկայանի հայկական ծառայության ծրագրերի հեռարձակումների խափանումներ են եղել  նաեւ ՀՌՀ-ի այլ հաճախություններում։ Եղան նաեւ վարկածներ, թե այսպիսով “խլացվում են” նոյեմբերի 27-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ ընդդիմության կարծիքները։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ին,  ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը եւ հանրաքվեն լուսաբանող լրագրողների համար կազմակերպված եզրափակիչ սեմինարում Երեւանի մամուլի ակումբը ներկայացրեց Հայաստանի ԶԼՄ-ներում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի լուսաբանման մոնիտորինգի արդյունքները։ Հետազոտությունը ԵՄԱ-ն կատարել էր 2005 թ. նոյեմբերի 5-ից 25-ը։ Դրա օբյեկտ հանդիսացած թերթերը եւ հեռուստաընկերությունները հանրաքվեի թեմային քանակական առումով բավարար ուշադրություն էին դարձրել։ Սակայն դրանց մեծամասնությունը արշավը լուսաբանելիս անտեսել էր անկողմնակալության եւ բազմակարծության սկզբունքները եւ չէր ապահովել սահմանադրական փոփոխությունների բովանդակության մասին հավաստի եւ իրազեկ տեղեկատվություն (ԵՄԱ հետազոտության հաշվետվությանը կարելի է ծանոթանալ “Հետազոտություններ” բաժնում)։

2005թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-8-ի համարում “Իրավունք” թերթը հրապարակեց “Շպիոն են ման գալիս” տեղեկատվությունը, ըստ որի ՀՀ գլխավոր դատախազությունը “Արմենթել” ընկերությունից պահանջել է “ նոյեմբերի 24-ից սկսած 2 ժամվա պարբերականությամբ ներկայացնել ընդդիմադիր ամենատեղեկացված լրագրողների հեռախոսային բոլոր խոսակցությունների ամփոփագրերը”։ Թերթը հղում էր անում “Արմենթելին” մոտ կանգնած աղբյուրին, ավելացնելով, թե վերջինիս ենթադրությամբ “այդ քայլով դատախազությունը ձգտում է բացահայտել իշխանական թիմի այն ներկայացուցիչներին, ովքեր լրագրողներին տրամադրում են կոնֆիդենցիալ տեղեկատվություն վարչախմբի տրամադրությունների եւ հերթական “գաղտնի” քայլերի վերաբերյալ”։

“Արմեթելի” մամուլի քարտուղար Հասմիկ Չութիլյանը չհաստատեց այս տեղեկությունը, ընդգծելով, թե գլխավոր դատախազությունն իրենց նման խնդրանքով չի դիմել։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ին Ժուռնալիստի տանը կայացած մամուլի ասուլիսում Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, Հայաստանի “Ինտերնյուս” ՀԿ-ը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն անհանգստություն հայտնեցին տպագիր պարբերականների տարածմամբ զբաղվող մասնավոր ընկերությունների շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ։ Հարկային տեսուչներն այցելել էին այդ ընկերություններ եւ պահանջել ներկայացնել բաժանորդագրությամբ թերթեր եւ հանդեսներ տարածելու լիցենզիան։ Ընդ որում, հարկայինները հիմնվում էին “Փոստային կապի մասին” ՀՀ օրենքի (ընդունված 2004 թ. դեկտեմբերի 14-ին) համապատասխան դրույթի եւ “Լիցենզավորման մասին” ՀՀ օրենքի վրա։ Այս դրույթները անակնկալ էին ինչպես տարածող կազմակերպությունների, այնպես էլ ԶԼՄ-ների, լրագրողական միավորումների համար, որոնք չէին էլ ենթադրում, թե տպագիր լրատվամիջոցների տարածման գործունեությունը կարող է դասվել լիցենզավորվողների շարքին։

Տպագիր ԶԼՄ-ների տարածման լիցենզավորման համար սահմանված է 5 մլն դրամ, ինչը փոքր մասնավոր ընկերությունների համար անտանելի բեռ կլինի։ Ավելին, լիցենզիայի բացակայության համար տարածողներին կարող էին տուգանել տարեկան շրջանառության 50 տոկոսի չափով։ Վերոհիշյալ ֆինանսական վճարումների կատարումը կհանգեցներ համարյա բոլոր տարածողների սնանկացման, իսկ շուկայում գերակշիռ դիրք կստանային 1-2 խոշոր ընկերություններ։ Այլ խոսքով, տպագիր պարբերականների բաժանորդագրությամբ տարածման շուկայում մենաշնորհի լուրջ վտանգ կստեղծվեր։

Չորս լրագրողական կազմակերպությունները հայտարարեցին, որ օրենսդրական այս պահանջները հակասում են Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ եւ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածներում ամրագրված տեղեկությունների ազատ տարածման իրավունքին։ Այստեղ նաեւ ներքին հակասություններ են առաջանում “Լիցենզավորման մասին” ՀՀ օրենքի հետը, որի դրույթներից մեկը սահմանում է, որ տնտեսվարող սուբյեկտների լիցենզավորումը պետք է առաջին հերթին խթանի շուկայի զարգացումը։

Լրագրողական միավորումների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին դիմելու իշխանության համապատասխան մարմիններին, այդ թվում ՀՀ Ազգային ժողով՝ օրենսդրական դրույթը փոխելու պահանջով։

Դեկտեմբերի 22-ին “Համագործակցություն հանուն բաց հասարակության” նախաձեռնությունը (որը միավորում է Հայաստանի մի քանի տասնյակ ՀԿ-ների) հայտարարություն ընդունեց, որում, մասնավորապես կոչ էր անում. “Կառավարությանը՝ դադարեցնել պարբերականների տարածմամբ և բաժանորդագրությամբ զբաղվող սուբյեկտների նկատմամբ փոստային ծառայություններ մատուցողների պահանջներ ներկացնելը, Ազգային ժողովին՝ “Փոստային կապի մասին” և “Լիցենզավորման մասին” ՀՀ օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ երաշխավորելով, որ պարբերականների բաժանորդագրության ծառայությունները չեն դիտվի իբրև փոստային ծառայությունների մատուցում և ենթակա չեն լինի լիցենզավորման”։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ին Նոր Հաճն (Կոտայքի մարզ) քաղաքում ոստիկանությունը փորձեց խոչընդոտել “Առավոտ” օրաթերթի թղթակցուհի Նաիրա Մամիկոնյանի եւ “Չորրորդ իշխանություն” թերթի լուսանկարիչ Գագիկ Շամշյանի մասնագիտական գործունեությունը։ Քաղաքի մուտքի մոտ պետավտոտեսչության աշխատակիցները կանգնեցրել են լրագրողներին տեղափոխող տաքսին։ Նրանք ժամանակ են ձգել, մինչեւ մոտեցել է պետական համարանիշերով մեքենա, որից դուրս է եկել քաղաքացիական հագուստով մի երիտասարդ։ Խոսելով տեսուչների հետ, վերջինս հեռացել է, իսկ տաքսու վարորդին թույլատրել են շարունակել ճանապարհը։ Հասնելով քաղաք՝ լրագրողները սկսել են լուսանկարել այն հողակտորները, որոնք, ըստ տեղացիների, նախկինում հատկացված են եղել զոհված ազատամարտիկների ընտանիքներին, իսկ հետո՝ քաղաքային իշխանությունը դրանք տրամադրել է մայրաքաղաքային բարձրաստիճան պաշտոնյաների։ Տեղացիներից մեկի հետ զրույցի ժամանակ, վերջինիս տուն է ներխուժել վերոհիշյալ երիտասարդը եւ լուսանկարչին հրավիրել է դուրս՝ “զրուցելու”։ Շուտով ժամանել են քաղաքային ոստիկանության բաժնի աշխատակիցները, սկսել են պարզել, թե ինչ են  անում լրագրողները եւ փորձել են խլել լուսանկարչական ապարատը։ Նաիրա Մամիկոնյանը զանգահարել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Վարյանին եւ պատմել միջադեպի մասին։ Լրագրողներին տարել են քաղաքային ոստիկանատուն, ուր շարունակվել են այցելության նպատակը եւ լուսանկարված օբյեկտները պարզելու փորձերը։ Լրագրողներին մոտ 40 րոպե պահելուց հետո, ոստիկանները նրանց բաց են թողել՝ ներողություն խնդրելով եւ ասելով, թե թյուրիմացություն է եղել. իրենք փնտրել են նման համարներով մեքենա։

Դեկտեմբերի 7-ին “Առավոտը” հրապարակեց Նաիրա Մամիկոնյանի ռեպորտաժը Նոր Հաճն կատարած այցելության մասին եւ հողակտորների լուսանկարները։ Նյութի վերջաբանում թերթը հիշեցնում էր, որ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է։

Այս միջադեպը հայտնվեց ՀՀ նախագահին առընթեր հակակոռուպցիան միջոցառումների մոնիտորինգի հանձնաժողովի տեղեկատվության ազատության աշխատանքային խմբի տեսադաշտում։ Հանձնաժողովի ղեկավար Բագրատ Եսայանը բացատրությունների համար պաշտոնապես դիմեց ՀՀ ոստիկանություն։ 2006 թ. փետրվարի 2-ին ստացվեց ՀՀ առաջին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Արարատ Մահտեսյանի ստորագրությամբ պատասխանը, որի պատճենը Հանձնաժողովը ներկայացրեց “Առավոտին”։ 2006 թվականի մարտի 8-ին “Առավոտում” հրապարակվեց Նաիրա Մամիկոնյանի “Գեներալ-մայորը ստում է։ Ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը” վերնագրով մեկնաբանությունը այդ պատասխանի վերաբերյալ։ Նրանում մասնավորապես ասվում էր, որ ոստիկանության պատասխանում նշված ծառայողական հետաքննությունը չի կարող օբյեկտիվ լինել, քանի որ կատարվել է առանց տուժած լրագրողներին հարցաքննելու, առանց նրանց փաստարկները հաշվի առնելու։ Ավելին, միջադեպի ոստիկանության մեկնաբանությունները չեն համապատասխանում իրականում կատարվածին։ “Ես՝ որպես ՀՀ փոխոստիկանապետի պարզաբանման մեջ մատնանշված լրագրող, պնդում եմ, որ գեներալ-մայորը պարզապես ստում է։ Իսկ եթե բանը հասնի դատարան, ես պատրաստ եմ ներկայացնել իմ հայտարարությունը հիմնավորող լրացուցիչ ապացույցներ”,-եզրափակել է Նաիրա Մամիկոնյանը։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ին “Հյումըն ռայթս ուոթչ” (“Human Rights Watch”) իրավապաշտպան կազմակերպությունը Եվրամիությանը կոչ արեց ազդել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի վրա՝ այդ երկրներում մարդու իրավունքների ոլորտում կոնկրետ առաջընթացների հասնելու նպատակով։ Հայտարարությունը նվիրված էր դեկտեմբերի 12-ին Բրյուսելում սկսվող ԵՄ ներկայացուցիչների եւ հիշյալ երեք երկրների արտգործնախարարների՝ “Հարեւանության եվրոպական քաղաքականության” ծրագրի շրջանակներում գործողությունների պլանների քննարկման համար կայանալիք հանդիպմանը։

Բնութագրելով, մասնավորապես, Հայաստանում խոսքի ազատության վիճակը, “Հյումըն ռայթս ուոթչ”-ը նշում էր. “Չնայած անկախ եւ ընդդիմադիր տպագիր ԶԼՄ-ների առկայությանը, իշխանությունները շարունակում են, հիմնականում, սահմանափակել ԶԼՄ-ների ազատությունը երկրում, այդ թվում հեռարձակման հաճախություններից զրկում են Հայաստանի իրադարձությունների անկախ լուսաբանում ներկայացնող հեռուստաընկերություններին”։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակեց այդ կազմակերպության իրականացրած եւ կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված տարեկան մրցույթի արդյունքները։ Մրցույթի հաղթողները արժանացան մրցանակների. ոսկե բանալի՝ իբրեւ թափանցիկության, կողպեք՝ իբրեւ գաղտնիության խորհրդանիշ։ Տեղեկատվության մատչելիության առումով առավել փակ հաստատություն էր ճանաչվել Երեւանի քաղաքապետարանը։ Ամենաանհեթեթ եւ զավեշտալի պաշտոնական պատասխանը ստացվել էր Գյումրու քաղաքապետարանից. “Գյումրու ավագանու կողմից կայացրած որոշումներին եւ 2005թ բյուջեին կարող եք ծանոթանալ մեր ինտերնետային կայքից, որը դեռ պատրաստման փուլում է”։ Այս առիթով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2005 թ. նոյեմբերի 16-ին դիմել էր դատարան ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի եւ նոյեմբերի 21-ին էլեկտրոնային փոստով ստացել էր հայցվող տեղեկատվությունը։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը հայտարարություն տարածեց, որում մտահոգություն էր հայտնում ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների խախտումների դեպքերի հաճախացման առնչությամբ։ “Հարձակումները, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը, բռնությունները, լրագրողների աշխատանքին խոչընդոտելը, նրանց բերման ենթարկելը դառնում են արատավոր պրակտիկա՝ լրջորեն հարվածելով երկրի հեղինակությանը”։ Պատահական չէ, որ խոսքի ազատության վիճակի վատթարացումը արձանագրում են նաեւ միջազգային կազմակերպությունները, ընդգծում էր Լարիսա Ալավերդյանը։ Եզրափակելով՝ Պաշտպանը հույս էր հայտնում, որ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու ցանկացած դեպք, առավել եւս ցանկացած բռնություն լրագրողի նկատմամբ, պատկան մարմինների կողմից կբացահայտվի մինչեւ վերջ, եւ մեղավորները կկրեն համարժեք պատասխանատվություն։