ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՃԱՆԱՊԱՐՀ

bound newspapersԵրևանի մամուլի ակումբը պարբերաբար հանդես է գալիս լրատվամիջոցների ինքնակարգավորմանն առնչվող նախաձեռնություններով: Դրանք ամենատարբեր արձագանքն են գտնում լրագրողական համայնքում: Մեր գործընկերները կամ ոգևորվում են և միանում դրանց, կամ լռության և անտարբերության մատնում դրանք, կամ էլ բացահայտ հայտարարում, որ իրենք կարգավորվելու կարիք չունեն. այդ նախաձեռնությունների հեղինակները և մասնակիցները իրենց համար հեղինակություններ չեն, և նրանք չէ, որ պիտի զբաղվեն իրենց կարգավորմամբ:

Բոլոր մոտեցումներն էլ հարգանքի արժանի են, այնքանով, որ արտահայտում են մարդկանց/կազմակերպությունների կարծիքներ:
Բայց՝ միայն այդքանով:

Վերջին երկու մոտեցումները իրականում շատ ավելի վտանգավոր են, քան կարող են առաջին հայացքից թվալ:

Բազմիցս բերվել է և բերվելու է այն փաստարկը, որ եթե մենք հանդես չբերենք ինքնակարգավորվելու ցանկություն և նախաձեռնություն, մնացած բոլոր՝ ո՛չ զլմ-ական սուբյեկտները կհայտնեն այդ ցանկությունը՝ լինի դա օրենսդրական, իրավական կարգավորում՝ լավագույն, թե՝ փողոցային ռազբորկա՝ վատագույն դեպքում:
Այնպես որ, այն, ինչ կատարվում է այժմ Մեծ Բրիտանիայում, բոլորովին էլ պատահական չէ. 300 տարի ոչ մեկին հաշվետու չեղած բրիտանական մամուլը ստիպված է լինելու ենթարկվել անկախ կարգավորող մարմնին, որն իրավունք է ունենալու տուգանք սահմանելու լրատվամիջոցի նկատմամբ, ինչպես նաև՝ պահանջել ներողություն խնդրել:

Ի դեպ, համանման նախաձեռնություն ծնվել էր նաև Ավստրալիայում, բայց, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, այստեղ այն պառլամենտի հավանությանը չարժանացավ: Հնդկաստանում ևս թեժանում են խոսակցությունները՝ ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողական մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտության մասին: Երևի կարիք էլ չկա թվարկելու այն բոլոր երկրները, որտեղ ժամանակ առ ժամանակ, վերջերս՝ առավել հաճախ ծնվում են ԶԼՄ-ները կարգավորելու ցանկություններ:
Հատկանշական է, որ Մեծ Բրիտանիայում այդ մարմինը, գոնե դեռ մտահղացման փուլում, ինքնակարգավորող բնույթ է ունենալու:

Եթե մորաքույրս բեղեր ունենար…

Ինքնակարգավորման մասին դատողությունները շատ ավելի են արժևորվում, երբ դրա բացակայությունը դառնում է ակնհայտ և թողնում է հետևանքներ: Եթե լրատվամիջոցը չունի էթիկայի գրված կանոններ, այնտեղ աշխատող լրագրողները չգիտեն այն մեծ խաղի կանոնները, որի մեջ մտել են: Կամ ավելի ճիշտ, կարծում են, որ այդպիսիք չկան: Իսկ այդպիսիք կան, նույնիսկ եթե ոչ՝ կոնկրետ այդ լրատվամիջոցում: Կան էթիկայի կանոններ, որոնք համընդհանուր են, և մեր գործընկերները պարտավոր են դրանց ծանոթանալ:

Ինչպես օրինակ՝ անցնող շաբաթվա, որոշ բնորոշումներով, աննախադեպ իրադարձությունը, որ տեղի ունեցավ հայաստանյան լրատվական աշխարհում: Լրագրողին աշխատանքից ազատել՝ պատժելու համար սոցիալական ցանցում նրա կատարած գրառումների համար՝ այս պատմությունը կարող էր իրապես աննախադեպ լինել, եթե մեջտեղում էթիկայի կանոնների հարց չլիներ: Բայց այդ ամենը, ցավոք կամ բարեբախտաբար, հիշեցնում է քաղաքացի Կորեյկոյի գործունեությունը, որը բաժանված էր երկու մասի՝ առավոտյան 8-ից մինչև 16:00-ն և 16:00-ից մինչև առավոտյան 8-ը: Իսկ դրանք իրարից տրամագծորեն էին տարբերվում: Ավելին՝ հակասում էին իրար:Այդ իսկ պատճառով՝ խոսքի ազատության նկատմամբ այդ «աննախադեպ» ոտնձգության» մասին՝ այսքանը:

Բոլոր ճանապարհները տանում են…

Այսպիսի պատմությունները մեր իրականության մեջ կարող են շատ ավելի հաճախակի դառնալ՝ նկատի ունենալով էթիկայի գրված կանոններ չունենալու հաստատակամությունը հատկապես այն լրատվամիջոցների կողմից, որոնց հաճախ են մեղադրում մասնագիտական էթիկան խախտելու մեջ:
Անցնող շաբաթ հեռարձակված «Մամուլի ակումբ» հաղորդումը տխուր մտորումների տեղիք տվեց՝ լրատվամիջոցը չի ցանկանում ոչ միայն ունենալ մասնագիտական վարքի կանոններ, այլև ՝ ընդհանրապես այդ կարգի խնդիրները քննարկել գործընկերների հետ: Միակ ընդունելի ձևաչափը՝ «մեր հարցերը մենք ինքներս կլուծենք»:

Մոտավորապես այս իրավիճակի պատճառով է եղել այն, ինչ եղել է Մեծ Բրիտանիայում: Հասարակությունը և պետությունը հոգնել են սպասելուց, թե երբ բոլոր ԶԼՄ-ները իրենք կլուծեն իրենց հարցերը. չէ՞ որ նրանք բոլորն էլ ծանոթ էին էթիկայի կանոններին:

Բայց, փաստորեն, միայն ծանոթ լինելը կարող է և չփրկել, ինչպես դա եղավ Մեծ Բրիտանիայում լրագրողների կողմից՝ այլոց հեռախոսային հաղորդագրությունները գաղտնալսելու դեպքում: Իսկ մեր և Մեծ Բրիտանիայի տարբերությունը գուցե լինի այն, որ եթե նրանք չեն ցանկանում ինքնակարգավորվել, նրանց կսիտպեն ինքնակարգավորվել, իսկ մեզ ուղղակի կկարգավորեն:

Լուսանկարը՝ http://www.dailymaverick.co.za կայքի:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.