ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի ուղեցույցներ

«Պատերազմի, զինված բախումների և ներքին հակամարտությունների ժամանակ լրագրողների ու լրատվամիջոցների վարքի» ուղեցույց. ընդունվել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2017թ. հունվարի 30-ի նիստում:

«Սոցիալական ցանցերում խմբագրությունների աշխատակիցների վարքի կանոնների վերաբերյալ» ուղեցույց. ընդունվել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2015թ. հուլիսի 23-ի նիստում:

Հարցի նախապատմությունը. ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչների 2015թ. մայիսի 16-ի ժողովում առաջարկություն եղավ, որ Դիտորդ մարմինը նախապատրաստի մի ուղեցույց փաստաթուղթ, որի հիման վրա յուրաքանչյուր լրատվամիջոց ինքը կմշակի սոցիալական ցանցերում իր աշխատակիցների վարքի կանոնները: Առաջարկությունը  պայմանավորված էր Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրի 3.5 կետով. «Սահմանել սոցիալական ցանցերում խմբագրության աշխատակիցների վարքի կանոնները եւ հետևել դրանց պահպանմանը»:

Հայաստանի ԶԼՄ-ների համար՝ «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշման հիման վրա մշակված ուղեցույց. ընդունվել է  ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2015թ. հուլիսի 23-ի նիստում:

Հարցի նախապատմությունը. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը 2015թ. հունիսի 16-ին կայացրեց «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով վճիռը, որում արտահայտված իրավական որոշ դիրքորոշումներ կարող են էապես փոփոխել լրատվամիջոցների պատասխանատվության շրջանակները համացանցում: ՄԻԵԴ-ը սահմանել է, որ օգտատերերի անթույլատրելի մեկնաբանությունները/քոմենթները (օրինակ, ատելության խոսք կամ բռնության կոչ պարունակող) հեռացնելու պարտականությունը լրատվամիջոցի համար ծագում է ոչ թե ծանուցում ստանալու, այլ՝ այն պահից, երբ ընկերությունը տեղեկանում է դրանց գոյության մասին: Այս որոշման դրույթների  հիման վրա ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը մշակել է առաջարկություններ Հայաստանի այն լրատվամիջոցների համար, որոնք իրենց ընթերցողներին հրապարակումների մեկնաբանությունների/ քոմենթների հնարավորություն են տալիս: