ԻՍԿ ԴՈՒ՛, ՏԱՐԱԾԵ՞Լ ԵՍ ԱՅԴՊԻՍԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Azatutyun.am

Կամ գրաքննություն` կարգով, օրենքով

Հաշվի առնելով 2008թ. մարտի 1-ի փորձը, իշխանությունները ընտրություններին ընդառաջ հնարավոր է կատարելագործում և օրինակացնում են գրաքննությունը՝ ներառելով դրա ամենախիստ դրսևորումը՝ լռեցնելը, եթե հանկարծ դա էլ պետք գա: Համենայն դեպս, լրագրողներին նման մտահոգությունների տեղիք են տալիս անցյալ շաբաթ առավել շատ քննարկվող հետևյալ երկու փաստերը՝ ՀՀ ԿԸՀ-ում լրագրողների հավատարմագրման կարգը և Արտակարգ դրության պայմաններում սահմանադրական կարգը պաշտպանելուն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթի ընդունման պարտադրանքն ինքնին և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի բովանդակությունը:

Մի քանի օր է՝ քննարկվում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը: ԿԸՀ-ն իր 2012թ. հունվարի 31-ի որոշման 3-րդ կետով նախ հավաստիացնում է, որ բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական  պայմաններ: Իսկ 11-րդ կետով բերում այն հիմքերը, որոնցով կարող է դադարեցնել լրագրողի հավատարմագրումը:

Եվ այսպես ե՞րբ՝ «1) եթե նա անգործունակ  կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով,

2) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ,

3) նա տարածել է ընտրական հանձնաժողովների (պաշտոնատար անձանց) գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով»:

Հիրավի՝ «ոչ խտրական» և որ ամենակարևորն է՝ «սահմանադրական» պայմաններ:

Հերիք չէ՝ լրագրողները բաժանվում են դատապարտվածների և ոչ դատապարտվածների, նրանք փաստորեն անգործունակ  կամ սահմանափակ գործունակ էլ են: Ուրեմն նրանց մնացած մասը լիարժե՞ք գործունակ է (կամ այլ կերպ ինչպե՞ս կձևակերպեր ԿԸՀ-ն):  Սրանք նույնիսկ վիրավորական ձևակերպումներ են, որոնք գրավոր տեսք չպիտի ստանային:

Փորձագետները նշում են  նաև այս որոշման հակաիրավական կողմը. «Օրենքը սահմանում է լրագրողի խոսքի և գործունեության ազատությունը, որն այս պարագայում ոտնահարվում է»,-«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյան:

Չգոհանալով այս նախազգուշական մասնակի միջոցառմամբ, այժմ ավելի ամբողջական լուծում է նախապատրաստվում ընտրությունների ժամանակ կամ դրանցից հետո իշխանությունների տեսանկյունից հնարավոր ոչ ցանկալի զարգացումներից ապահովագրվելու համար:

2008թ. մարտի 1-ին «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» այն ժամանակվա ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի հրամանագիրը որոշ վերլուծաբաններ գնահատեցին իբրև հակասահմանադրական: Հիմնավորումը հետևյալն էր. 2005թ. փոփոխված Սահմանադրությունը պահանջ էր դնում Արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանել օրենքով: 2008թ. մարտի 1-ին այդպիսի օրենք դեռևս չկար: Իսկ Նախագահը Արտակարգ դրություն հայտարարեց  փաստորեն ոչ թե օրենքով, այլ հրամանագրով:

Այժմ արտակարգ դրության պայմաններում սահմանադրական կարգը պաշտպանելուն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթի  մաս կազմող «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը ամեն գնով մինչև մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները ընդունելու փորձ է արվում. ««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը կքննարկվի և կքվեարկվի առաջին, երկրորդ և երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ոչ ուշ, քան 2012թ. ապրիլի 30-ից մայիսի 3-ի չորսօրյա նիստերում»:

Սա վկայում է ԱԺ կայքում օրենքի նախագծի մասին լրացուցիչ տեղեկությունների բաժինը:

Կարելի՞ է սա այլ կերպ հասկանալ, քան իշխանությունների կողմից ակնարկվող նախազգուշացում. եթե այս անգամ էլ անհրաժեշտ համարվի, դարձյալ արտակարգ դրություն կհայտարարվի, և արդեն ոչ ոք չի կարող ասել, որ դա օրինական չէ:

Ընդ որում ընդդիմադիրների և վերլուծաբանների հիմնական մտահոգությունը Արտակարգ դրության պայմաններում բանակի ներգրավվածության շուրջ է: Մինչդեռ առաջին ընթերցմամբ ընդունված այս օրինագծում կան այլ` ոչ պակաս վտանգավոր ձևակերպումներ: Դիտարկենք այն, ինչը բանակի ներգրավվածության շուրջ մտահոգությունների ֆոնին մղվել է երկրորդ պլան, սակայն լուրջ մարտահրավեր է լրատվական դաշտի համար:

Համաձայն ՀՀ Սահմանադրության հոդված 44-ի, մարդու և քաղաքացիների առանձին իրավունքներ կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես սահմանափակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ (ընդգծումը մերն է-ԵՄԱ ամփոփագիր):

Իսկ ի՞նչ կարգ է սահմանում առաջին ընթերցմամբ ընդունված օրենքը:

Հոդված 7-ի (Արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները) 12 կետը սահմանում է, որ ի թիվս այլ միջոցառումների և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների, կարող է կիրառվել «խոսքի ազատության սահմանափակում»:

Ոչինչ չի տալիս նաև դրան հետևող շարադրանքը՝ «զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելում»: 

Իսկ ի՞նչ մեխանիզմներով, ինչ կարգով՝ չէ՞ որ Սահմանադրությունը պահանջում է օրենքո՛վ սահմանել այդ կարգը, ոչ թե Նախագահի հրամանագրով:

Սա այնպիսի մի ձևակերպում է, որի էֆեկտը կարող է լինել ճիշտ 2008թ. մարտի 1-ինը:

Մինչդեռ այս օրենքը պետք է «բացեր» ՀՀ Սահմանադրությամբ արդեն իսկ նախատեսված իրավիճակը:

Ի դեպ, 2008-ի Նախագահի հրամանագրում ձևակերպումն «ավելի ժողովրդավարական» էր.«Զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում»: Թեև 2008-ի մարտին այս ձևակերպումը շատ արագ Նախագահի կողմից խմբագրվեց՝ ստանալով հետևյալ տեսքը.«արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման (ապօրինի) միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաև նման տեղեկատվություն կամ կոչեր որևէ այլ եղանակով և ձևով հրապարակելը կամ տարածելը»: Բայց գրաքննության էությունը սրանից չփոխվեց. Հնարավորինս բազմակողմանի տեղեկություններ հաղորդելուն հակված ԶԼՄ-ները գերադասեցին ընդհանրապես լույս չտեսնել: Որոշ կայքեր փակվեցին:

Այլ հարց է, որ սրանով իշխանությունները ակամայից նպաստեցին բլոգների և հանրային լրատվության այլ հարթակների հարկադրական զարգացմանը: Բայց այն ժամանակ առավել տեսանելի էր այլ իրողություն. ԶԼՄ-ների մի մեծ մաս տևական ընթացք զրկված էր տեղեկությունների հավաքումն ու տարածումը իրականացնելու իրավունքից, իսկ հանրությունը՝ տեղեկություններ ստանալու իրավունքից:

Եթե օրենքը արտակարգ դրության ժամանակ իր քաղաքացիների կյանքն ավելի թեթևացնելու նպատակ ունի, ինչու՞ չի մասնավորեցնում, թե ինչ մեխանիզմներով է դա անելու, եթե անպայման պիտի սահմանափակի խոսքի ազատությունը:

Մի՞թե իր վերջնագծին էլ օրենքը կհասնի այս  տեսքով:

2 մեկնաբանություն 'ԻՍԿ ԴՈՒ՛, ՏԱՐԱԾԵ՞Լ ԵՍ ԱՅԴՊԻՍԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ'

  1. Naira says:

    Mer orensdirnery miayn mtacum en aynpisi orenqner stexcel, vor hnaravorins sahmanapaki mamuli iravunqnery ev pashtpani irenc shahery. Aranc ayd el, orenqov te aranc orenq, ishxanutyunnery lragroxneri dem hashvehardar tesnelu u nranc lrecnelu mec varpet en, hima uzum en dran orinakan bnuyt tal.

  2. Մարիամ says:

    Լրագրողների հավատարմագրման այս կարգը սահմանելով ԿԸՀ-ում երեւի մտածել են, թե բարեփոխում են իրականացրել: Երեւի մտածում են, թե հատկապես դատված լրագրողներն են գրում ԿԸՀ-ի` թվեր նկարելու ու կատարած խախտումների մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.