«ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է»

Անցյալ շաբաթ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց և հրապարակեց ՀՀ ԱԺ մայիսի 6-ի ընտրություններին համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին Հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:

Այստեղ, ինչպես և սպասվում էր, առաջնայինը վերը թվարկվածների համար հավասար պայմաններ ապահովելն է:

Թվում է` ի՞նչ է պատահել որ. ԿԸՀ-ն իրականացնում է իր գործառույթները` համաձայն Ընտրական օրենսգրքի սահմանած կարգի և ժամկետների:

Ամբողջ խնդիրն այն է, որ ԿԸՀ-ն առաջին անգամ չէ, որ սահմանում է ժամանակացույց և առաջին անգամ չէ, որ հանրային հեռարձակողները տրամադրում են իրենց եթերը նախընտրական քարոզարշավին: Իսկ բոլորի համար հավասար պայմաններ ապահովել Հանրային հեռարձակողները պարտավորվել են համարյա իրենց ստեղծման օրվանից:

Նախընտրական քարոզարշավը մեկնարկեց հենց երեկ, և թե մինչև մոտավորապես մեկ ամիսը ինչ խախտումներ և աննախադեպ ոչ-խախտումներ կարձանագրեն նախընտրական քարոզարշավին և դրա լուսաբանմանը հետևող մշտադիտարկումները, կարձանագրենք արդեն մեկ ամիս հետո: Իսկ այժմ հիշեցնենք, թե ինչ բացեր ու խախտումներ են արձանագրվել նախորդ ընտրությունների մշտադիտարկումները` անկախ օրենքներից, ԿԸՀ և այլ մարմինների հաստատած կարգերից, օրենքներից բխած պարտավորություններից, հանրայինի կարգավիճակից և առաքելությունից:

Նախ, հիշեցնենք, որ մինչև 2007թ. խորհրդարանական ընտրությունները Հյուման Ռայթս Ուոթչ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մարդու իրավունքների մասին 2006թ. տարեկան զեկույցի Հայաստանին վերաբերող բաժնում անդրադառնալով երկրում ԶԼՄ-ների իրավիճակին, արձանագրում է, որ գտնվելով իշխանությունների հսկողության տակ, հանրային հեռուստատեսությունը «նորությունների անաչառ և բազմազան լուսաբանում ապահովելու բավարար անկախություն չունի»:

(Իհարկե, 2007-ից հետո մի շարք օրենսդրական փոփոխություններ են եղել, սակայն Հյուման Ռայթս Ուոթչ-ի 2006-ի գնահատականը, ցավոք, արդիական է նաև այսօր:)

Հանրային հեռուստատեսությունը, իր մասնավոր գործընկերների հետ (Վերջիններիս այս հրապարակմամբ չենք անդրադառնում, քանի որ հանրայինը հատուկ առաքելություն ունի, թեև մասնավորներն էլ ազատված չեն որոշակի պարտավորություններից: Իսկ հանրային ռադիոն գրեթե բոլոր խորհրդարանական ընտրություններում պահպանում է քիչ թե շատ հավասարակշիռ լուսաբանում, սակայն ռադիոն ավանադաբար չի համարվում ազդեցիկ և պոպուլյար լրատվամիջոց, ինչի մասին վկայում են նաև քաղաքական գովազդի համար այստեղ սահմանված սակագները նույնպես:) ընդդիմադիր դաշտի կուսակցությունների նկատմամբ խտրական վերաբերմունք էր հանդես բերում:

Ավելին`2007-ի նախընտրական շրջանում «Հ1-ը կուսակցությունների նկատմամբ իր ուշադրությունը բաշխել է» հետագայում «խորհրդարանում նրանցից յուրաքանչյուրի ներկայացվածությանը մոտ համամասնությամբ»: Ընդ որում, անկախ նրանից, որ դրանցից որոշները նաև միջազգային կազմակերպությունների տվյալներով, բավական բարձր քաղաքական ռեյտինգ են ունեցել:

Դժվար է ասել, որ ԱԺ-ում ուժերը բաշխվել են` համաձայն լուսաբանման տրամաբանության: Հակառակն ավելի իրատեսական է` լուսաբանվել են այնքանով, որքան նրանց տեղեր պետք է իջեցվեին:

Ինչպես արձանագրում է ԵՄԱ մշտադիտարկումը, «նրանց գործունեությանը կամ չեն անդրադարձել, կամ անդրադարձել են խիստ հազվադեպ և նվազագույն ծավալներով, գործնականում չեն լուսաբանվել նրանց միջոցառումները, մամուլի ասուլիսները, այդ կուսակցությունների ներկայացուցիչներից ոչ մի անգամ հարցազրույց չեն վերցրել»: Հատկանշական է, որ նույն քարոզարշավի մի փուլում արդեն այս պատկերը փոխվում է, բայց այն  բանից հետո, երբ վերոհիշյալ խնդիրների բարձաձայնմամբ հրապարակվում է ԶԼՄ-ների դիտարկման միջանկյալ հաշվետվությունը, ինչպես նաև սկսվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկարատև դիտորդական առաքելությունը:

Այդ խտրական քաղաքականությունը հանրային, ինչը նշանակում է նաև համապետական սփռման հեռուստատեսության կողմից, ամենևին չէր նպաստում մարզերի ընտրողների տեղեկացվածությանը: Վերջիններիս անհասանելի էին այն մասնավոր հեռուսատաընկերությունները, որոնք քիչ թե շատ բազմազան և բազմակողմանի տեղեկություններ էին հաղորդում նախընտրական շրջանում, սակայն ունեին միայն մայրաքաղաքային սփռում:

Հանրային հեռուստատեսության քամահրական վերաբերմունքը ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ փոխվում է բացահայտ թշնամանքի ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ, երբ գործը հասնում է նախագահական ընտրություններին:

Այստեղ Հանրայինը պարբերաբար բացահայտորեն խախտել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի այն կետը, որը պարտադիր պետք է գործի ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլև առհասարակ: Մասնավորապես`հանրային հեռուսառադիոընկերության հողորդումներում «քաղաքական դիրքորոշման գերակշռությունն արգելվում է»: Իսկ մշտադիտարկումները շատ հաճախ են արձանագրել քաղաքական կողմնակալություն նախագահության ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ:

Նույնիսկ այս ամենը այնքան սարսափելի չէ, մանավանդ որ, գուցեև քիչ հավանական, բայց շտկելի է: Առավել մտահոգիչ է այն, որ 2008թ. ընտրություններին նախորդած ժամանակահատվածում ՀՀՌԸ ղեկավարությունը քամահրական վերևաբերմունք է ցուցաբերել հասարակական կարծիքի նկատմամբ:

Մասնավորապես  այդպիսի վերաբերմունքի է արժանացել ԵՊՀ մի խումբ դասախոսների, հայ գիտնականների 2007թ. դեկտեմբերին տարածած հայտարարությունը, որով երկրի հեռուստաընկերություններին, այդ թվում հանրայինին կոչ էր արվում «չմոռանալ հանրության առաջ ունեցած պարտավորությունները և վերջ դնել հասարակության լայն շերտերին տեղեկատվական շրջափակման մեջ առնելու քաղաքականությանը»: Իսկ «2008թ. փետրվարի, ի պատասխան ընտրությունների ընթացքում Հանրային հեռուստատեսության գործունեությունից անբավարարվածության, որն արտահայտել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, հետևեց ՀՀՌԸ խորհրդի նախագահի ոչ թե քամահրական, այլ վիրավորական արձագանքը»,-փաստում է ԵՄԱ մշտադիտարկման հաշվետվությունը:

Այս ֆոնին նույնիսկ կարելի է մոռանալ, որ օրենքների պահպանումը վերահսկելու կոչված մարմինները չէին արձագանքում օրենքի խախտումների մասին ահազանգերին: Լավագույն դեպքում բավարարվում էին համապատասխան ԶԼՄ-ից այդ կապակցությամբ իրենց հարցմանը պարզաբանում ստանալով:

Այնպես որ, հարգելի հանրային և նրա գործունեությունը կարգավորող մարմիններ, «գրասենյակը արձանագրում է»:

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.