Հայաստանյան լրատվամիջոցներն ընդհարապես շատ օրինաչափություններ են խախտում, իսկ վերջին ընտրությունների ժամանակ մոռանալ տվեցին այն տեսությունը, համաձայն որի ցանկացած ընտրությունների ժամանակ առավելագույն սրությամբ դրսևորվում են ընտրությունների միջև՛ ընկած ժամանակահատվածի միտումները:
Որքան հեռանում են խորհրդարանական ընտրությունները, այնքան ակնհայտ է դառնում, որ հայաստանյան ԶԼՄ-ները, (հատկապես՝ հեռարձակող), ավելի ճիշտ նրանց փոխարեն՝ ուրիշը, որոշել էին, որ հնարավորինս հավասարակշիռ և չեզոք լինելու են միայն նախընտրական շրջանում: Դրանից հետո նրանք, հետևաբար և իրենց հաղորդած տեղեկությունները այնպիսին են, ինչպիսին դրանից առաջ էին՝ կողմնակալ, երբեմն՝ բևեռացվածության աստիճանի միակողմանի, իսկ եթերի թույլտվություն ունեն միայն «ընտրյալները»:
Այս մասին անցյալ շաբաթ քննարկումներ են եղել հայաստանյան ՀԿ-ների համար Գյումրիում կազմակերպված «ԱլԳ Քաղաքացիական հասարակության դերը վիզաների ազատականացման և մեդիայի ոլորտներում բարեփոխումների իրականացման մեջ» թեմայով սեմինարին և Լրատվամիջոցների շահերի պաշտպանության խմբի երևանյան նիստին :
Միջոցառումների մասնակիցները քննարկել են ԶԼՄ-ների դերը հասարակական կյանքում ընդհանրապես, ընտրությունների ժամանակ՝ մասնավորապես՝ մեկ անգամ ևս փաստելով, որ հեռուստատեսության և ռադիոյի եթերը բավական ընդունելի է եղել նախընտրական քարոզչության ժամանակ, իսկ դրանից առաջ և հետո՝ ինչպես վերևում է նկարագրված:
Իսկ ինչպիսի՞ բացատրություն կարելի է տալ այս երևույթին, ի՞նչ դրդապատճառներ կարող էին լինել հեռարձակողների կողմից օբյեկտիվության այս ժամանակավոր բռնկման համար:
Մինչև հնարավոր պատճառներին անցնելը նկատենք, որ փաստորեն մեր հեռարձակողները ունե՛ն համապատասխան ռեսուրսներ՝ տեխնիկական լինի, մասնագիտական, կադրային, թե՝ այլ, իրենց եթերում տալու իրականության հնարավորինս լայն և ընդգրկուն պատկեր՝ հնարավորինս բազմակողմանի լրատվության և ստուդիաներում հյուրերի բազմազանության միջոցով: Փաստորեն այս ռեսուրսների պակասը չի պատճառը, որ մենք էլի եթերում լսում և հատկապես տեսնում ենք մինչապրիլիության դեմքերն ու դեպքերը: Այսինքն այսուհետ առնվազն վերոնշյալ պատճառները չպետք է բերվեն, եթե հեռարձակողներին մեղադրեն միակողմանիության և լրագրության մյուս բոլոր մեղքերի մեջ: Հիմա ինչպե՞ս պետք է հեռարձակողները պատասխանեն, որ պատճառը ընդամենը մեկ ռեսուրսի բացակայությունն է ՝ կամքի: Ընդ որում՝ ոչ թե իրենց, այլ՝ քաղաքակա՛ն կամքի:
Ի՞նչ է ստացվում. Արևմուտքը մեզ հստակ հասկացրել էր, որ հետևում է ընտրություններին, որ այդպիսով նա որոշելու է՝ մենք ինչ բարեխղճությամբ ենք կատարում իր առաջ ստանձնած մեր պարտավորությունները: Ինչին կհետևեն պատժամիջոցները կամ խրախուսանքները:
Այս համատեքստում հեռարձակողները շատ լավ կատարում են քաղաքական իշխանության պատվերը և առնվազն նախընտրական քարոզչության ընթացքում Հայաստանին՝ հեռարձակողների շնորհիվ փաստորեն հաջողվում է ստեղծել այն իմիտացիան, որ մեր պարտավորությունները առվազն ձգտում ենք կատարել բարեխղճությամբ:
Այսինքն մեր հեռարձակողները մի օր արթնացան փոխված, և այդ փոփոխությունն ամենևին իրենց հոգուց չէր բխում: Փաստորեն ներքին պահանջ չկար: Նորից ենք հիշում, որ վերազինման, կադրերի վերապատրաստման կարիք չզգացվեց. մետամորֆոզը տեղի ունեցավ, կարելի է ասել, մեկ գիշերում, համարյա ըստ Կաֆկայի:
Այլ է պատկերը մյուս լրատվամիջոցների դեպքում: «Տպագիր լրատվամիջոցները անթաքույց տրվում էին այս կամ այն ուժի պրոպագանդային»,- արձանագրել են սեմինարի մասնակիցները Գյումիրիում: Ինչու՞:
Նախ՝ նրանց հետևող չկար: Նկատի ունենք՝ նույնքան ուշադիր, որքան հեռարձակողներին: Իսկ ամենակարևորը՝ տպագիր ԶԼՄ-ների սեփականատերերը կամ այն անձինք և շրջանակները, որոնք խիստ ազդեցություն ունեն դրանց վրա, հասկացել են, որ էլեկտրոնային լրատվամիջոցների հետ մրցակցությանը տպագիրները այնքան էլ չեն դիմանում և այլևս չունեն հասարակական կարծիքի ձևավորման նախկին ուժն ու հզորությունը: Հետևաբար մնում է միայն դրանց հնարավորությունները մինչև վերջ սպառել ՝ առանց մտահոգվելու այդ լրատվամիջոցների հնարավոր վարկաբեկմամբ և դրանց՝ գուցե չնչին, սակայն որոշակի հասարակական կշռի ի սպառ վերացմամբ (չնչին բացառությունները միայն հաստատում են օրինաչափությունը): Իսկ նման պարագայում տպագիր լրատվամիջոցները ունակ կլինեն ծառայելու բացառապես դեղին գույնով՝ նույն անձանց ու շրջանակներին կեղտոտ սպիտակեղենի՝ քաղաքական լինի, թե բոմոնդա-գլամուրային, լվացքի համար: Անգամ աշխարհի հզորները պարկեշտ լրատվամիջոցներին չէ, որ վստահում են այս գործը:
Հետաքրքիր է, որ նույն անձանց ու շրջանակների կողմից միանգամայն այլ վերաբերմունքի արժանացան առցա՛նց լրատվամիջոցները: Դրանք զերծ մնացին ծայրահեղացված այն պրոպագանդայից, որը հետագայում կփակեր նրանց ճանապարհը լրատվական դաշտում:
Ի դեպ, առցանց լրատվամիջոցներին լուրջ մրցակից էին և դրանց օրեցօր նմանվում են սոցիալական ցանցերը: Եվ եթե այսպես շարունակվի, իսկ բոլոր կանխատեսումներն ասում են, որ հենց այսպես էլ շարունակվելու է, սոցիալական ցանցերը կդառնան ամենաբազմակողմանի, ամենահրատապ, ամենաժողովրդավարական լրատվամիջոցը: Եւ այն ժամանակ չի բացառվում, որ մոտակա մրցակցի շունչը մեջքին զգալով՝ հայաստանյան հեռարձակող լրատվամիջոցներում, թեկուզև՝ ոչ մի գեշերվա մեջ, ձևավորվի նաև ներքին պահանջարկ՝ լինելու այնպիսին, ինչպիսին էին 2012թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Թե չէ, դրսից ուրիշի աչքը հանելու համար ներսից էլ մերն ենք հանում:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի:
Մեկնաբանել