ԱՖՂԱՆ ԿՆՈՋ ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայաստանյան ԶԼՄ-ները, որ բուռն քննարկում են սերիալների կրիմինալածին և այլ թերություններ, հարթակ են դառնում դաժանություն և սարսափ պարունակող տեսարանները դատապարտող մտավորական և այլ մասնագիտությունների տեր մարդկանց համար, հանկարծ ու հանգիստ այս շաբաթ ցուցադրության հանեցին աֆղանական քաղաքում անհավատարմության մեջ մեղադրվող մի կնոջ գնդակահարության սահմռկեցուցիչ տեսաշարը:

Այդ տեղեկությունն, ի դեպ, հնարավոր էր և ներկայացնել քիչ ավելի մեղմ, ինչպես դա արեցին մի շարք  լրատվամիջոցներ:

Հնարավոր է իհարկե, որ լրատվության մի սպառողի համար այդ տեսաշարը կարող է լինել սահմռկեցուցիչ, մյուս սպառողը հոնքն էլ չշարժի: (Այստեղ է, որ հիշում ենք նման տեսարանների համար չափորոշիչների մշակման անհրաժեշտությունը. ուղղակի սա այլ թեմա է):

Այնուամենայնիվ դաժան մահապատժի իրական տեսագրությունը իր հնարավոր ազդեցության մասշտաբով հազիվ թե զիջի, եթե չգերազանցի, բեմադրված դաժանության տեսարաններին: Մինչդեռ լուրերի շարքում այս կադրերը մնացին աննկատ՝ առանց ծնունդ տալու բարոյախրատական թեմաներով նամակագրության հերթական նմուշին:

Անցնող շաբաթը հայ լրագրության համար նշանավորվեց ևս մեկ իրադարձությամբ, որը նույնպես հավանաբար դեռ կունանա իր զարգացումները և արձագանքները: Նախ հրապարակվեց մեր գործընկերների տեղեկությունն  այն մասին, որ լրագրողը կանչվել է ԱԱԾ և այնուհետև նաև հոդվածը` այնտեղ կանչվելու նպատակների մասին : Այս պատմության մեջ ոգևորիչն այն էր, որ մյուս լրատվամիջոցներն անմիջապես արտատպեցին այդ տեղեկությունները` այսպիսով ցույց տալով, որ պատմությունը հետաքրքել է և իրենք ևս հետամուտ են լինելու դրա զարգացումներին:

Միայն սա: Մնացածը միայն տխուր եզրահանգումների տեղիք է տալիս:

Լրագրողի գործունեությանը խոչընդոտելը, տեղեկատվության աղբյուրներ չբացահայտելու իրավունքը, խոսքի ազատությունը և այլ մասնագիտական խնդիրներ հայաստանյան օրենսդրությամբ կարգավորվում են:

Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի համաձայն, տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրագրողին կարող է պարտադրվել միայն դատարանի որոշմամբ, այն էլ հետևյալ սահմանափակումներով`ծանր քրեական հանցագործության բացահայտման նպատակով; երբ սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Ընդ որում նման պարագայում լրագրողը կարող է միջնորդել՝ իրականացնելու դռնփակ դատաքննություն, համաձայն ՀՀ քրեականան դատավարության օրենսգրքի:

Սրանք լրագրողի համար տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու միանգամայն բավարար պայմաններ են: Այսինքն լրագրողն օրենքով պաշտպանված է: Սակայն փաստորեն գտնվում են այլ տարբերակներ, ինչպես օրինակ վերը նկարագրված դեպքը. լրագրողին որևէ գործով կանչում են ԱԱԾ, հարցաքննում, հետո ստորագրություն վերցնում նախաքննական գաղտնիքը չբացահայտելու մասին: Ի վերջո, ի՞նչ է պատահել. չէ՞որ լրագրողն էլ իր երկրի քաղաքացին է և բոլորի հետ հավասար պետք է մասնակցի դրա անվտանգության ապահովմանը և եթե պետք է՝ հարցաքննվի ու ցուցմուքներ տա:

Պարզապես մյուս քաղաքացիներից լրագրողը տարբերվում է նրանով, որ հարցաքննությունից հետո տված ստորագրությամբ այլևս չի կարող բացահայտել՝ իրականում իրենից պահանջե՞լ, թե՞ չեն պահանջել տեղեկատվության աղբյուր բացահայտել: Հետագայում այս թեմայով հրապարակումներ պատրաստելիս լրագրողն իր ամեն բառի վրա պետք է մտածի՝ հանկարծ նախաքննության գաղտնիք չբացահայտե՞ց: Թե՞ այդ թեման այլևս տաբու է իր համար:

Վերոնշյալ դեպքին հազիվ թե վերաբերի, իսկ ընդհանրապես՝ որոշակի գործի շրջանակներում ԱԱԾ-ում ժամեր անցկացնելուց հետո լրագրողը ոչ միայն տվյալ գործին, այլև համանման ծանրակշիռ և հանրային հետաքրքրություն ներկայացնող այլ գործերի անդրադառնալիս կսկսի ծանրութեթև անել` արժե՞ այդ ամենն այն հնարավոր գլխացավանքին, որն ունենալու է հրապարակման հետևանքով:

Կանդրադառնա՞ արդյոք հաջորդ անգամ լրագրողը նման թեմայի:  Ի վերջո, ի´նչ տիտանական աշխատանք է ընկած ամեն մի նման հրապարակման հետևում, եթե լրագրողին հաջողվել է շահել կարևոր ու առանցքային աղբյուրների վստահությունը: Ի՞նչ կմնա ԱԱԾ-ի շենքից դուրս գալուց հետո այդ վստահությունից, որը տարիներով լրագրողն ու լրատվամիջոցը վաստակում են իրենց ընթերցողների և աղբյուրների մոտ:

Գուցե՝ անուղղակի ու լավ քողարկված, բայց սա այլ կերպ, քան խոսքի ազատության սահմանափակման փորձ չես կոչի:

Ցավոք սա տեղի ունեցավ անցնող շաբաթում ևս շարունակվող խոսքի ազատության սահմանափակման մասին քննարկումների ֆոնին: Ավելի ճիշտ խոսքի ազատությունը սահմանակելու ցանկություն և մտադրության չունենալու մասին հավաստիացումների ֆոնին, որ տեղացին «Եթերի մաքրման պահանջ»  նախաձեռնության անդամները:

Նրանց հավաստմամբ, ՀՀ նախագահին դիմելիս  իրենք ցանկություն չեն ունեցել եթերում սահմանափակել խոսքի ազատությունը: Իհա´րկե չեն ունեցել: Նրանք հո չէի՞ն կանգնելու և հայտարարեին, որ այո, հենց էլ սահմանափակեք բոլոր լրագրողների խոսքի ազատությունը, հենց էլ գրաքննեք ամեն մի տողը, ամեն ինչ ստուգեք և անցկացրեք թրի տակով:

Անշուշտ նամակագիրները չեն կարող, ոչ զորու են, ոչ էլ իրավասու՝ սահմանափակելու որևեէ մեկի խոսքի ազատությունը: Նրանք դրան կարող են միայն նպաստել: Ինչն էլ արեցին ներքևից տված «դաբրոյով»:

Դրանում համոզվելու համար հերիք են  բաց նամակի ինստիտուտի պատմության մի քանի դրվագները: Ինչ խոսք, մեզ մոտ նամակներն անձնավորված չեն, գոնե դեռ, և զուգահեռներն էլ անունների համար չեն տարվում, այլ երևույթի, բայց բարքերի վերահսկման ու դեռահասների դաստիարակության խնդիրներով մտահոգ նամակների շնորհիվ խորհրդային հասարակությունը աշխարհին տվեց խոսքի սահմանափակման դասական օրինակներ՝ Զոշչենկո, Պաստեռնակ, Բրոդսկի և այլ մտավորականներ:

Այնուամենայնիվ ինչեր էլ որ տեղի ունեցած լինեն հուլիսի 7-13-ը, ինչպես էլ որ դրանք լուսաբանված լինեն հայաստանյան ԶԼՄ-ներում, անցնող շաբաթը լրատվական դաշտի կյանքում մնում է որպես աֆղան կնոջ գնդակահարության շաբաթ: Քանի որ ԶԼՄ-ների ինքնակարգավորման, էթիկայի նորմեր ընդունելու և դրանց խստորեն հետևելու պայմաններում ոչ ներքևից, ոչ վերևից ազատ խոսքը սահմանափակելու անուղղակի և ուղղակի փորձեր չեն արվի, կամ առնվազն այդ փորձերն անողները կդժվարանան դրանց արդացումն ու հիմնավորումը գտնել:

Նկարը՝ http://www.anc.am/am/news/386/-ի:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.