ԻՍԿ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԵ՞Ն «ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ»

Անցնող շաբաթում հայաստանյան լրատվամիջոցներում բնականաբար գերակշռում էին «Հարսնաքարի» տխրահռչակ դեպքից հետո ծավալված իրադարձությունները՝ բոլոր հարթություններով՝ իրավական, բարոյական, քաղաքական-կուսակցական, մարդկային: Շարունակվեց քիչ թե շատ բազմակողմանի՝ համապատասխան լուսաբանմամբ, նաև սերիալների և հեռուստատեսության բովանդակության թեմատիկան:

Հատկացրած ծավալի տեսանկյունից այս շաբաթվա թոփ թեմաներից էին նաև Հայաստան – Եվրամիություն հարաբերությունները՝ բացառապես պայմանավորված Հարավային Կովկաս պաշտոնական այցի շրջանակներում Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի՝ Հայաստան այցով: Այս թեման արդեն  շաբաթվա վերջում իր դիրքերը զիջեց եկող շաբաթ սպասվելիք մեկ այլ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի տարածաշրջանային այցին, որի լուսաբանումների ընթացքում արդեն հաջորդ շաբաթ բնականաբար կթեժանա Հայաստան- Եվրոպա հարաբերությունների թեման: Այն շատ արագ կհանդարտվի, հենց այդ բարձրաստիճան պաշտոնյան հեռանա Հայաստանից:

Հայաստան- Եվրոպա (Հայաստան – Եվրամիություն, Հայաստան – Եվրոպայի խորհուրդ և այլն) թեման թերևս կննջի, մինչև հաջորդ պաշտոնյան գա Հայաստան, ՀՀ որևէ պաշտոնյա մեկնի Բրյուսել/Ստրասբուրգ կամ հրապարակվի եվրոպական հերթական զեկույցը:

Կարծես ավանդույթ է, որ Հայաստան – Եվրամիություն կապերի մասին տեղեկությունները հայաստանյան լրատվամիջոցներում ավելի շատ իրադարձային են. ՀՀ նախագահը/օմբուդսմենը մեկնեց/մեկնում է Բրյուսել/Ստրասբուրգ կամ Եվրամիության այս/այն պաշտոնյան այցելեց Հայաստան:

Անցնող շաբաթում ևս Եվրամիություն- Հայաստան հարաբերությունները, գործընթացները մեր լրատվամիջոցներում բավարար խորությամբ կարծես թե չարտացոլվեցին՝ ավելի հաճախ մնալով իրադարձայինի մակարդակում: Իսկ առավել հաճախ այդ տեղեկությունը մատուցվեց լուրի ձևաչափով: Ինչ խոսք, եղան նաև ավելի ծավալուն և հանգամանալից լուսաբանումներ, սակայն դրանց մեջ գերակշում էին եթե ոչ՝ բացասական, առնվազն հեգնական երանգավորմամբ տրամադրությունները:

Նույնիսկ սա այնքան մտահոգիչ չէ, որքան այն վերլուծությունները, որտեղ բացահայտ ծաղրական, ոչնչացնող վերաբերմունքն է գերակա: Խնդիրն այն չէ, որ ԵՄ-Հայաստան համագործակցության նկատմամբ կա բացասական վերաբերմունք. ի վերջո, իր վերաբերմունքը ինչ-որ բանի նկատմամբ յուրաքանչյուրի գործն է:

Հետաքրքիրն այն է, որ Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերություններում որդեգրած «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը մեր լրատվամիջոցներում, հետևաբար և մեր հասարակությունում ընկալվում է իբրև գործարքի առաջարկ՝ հնարավոր է և թյուր կամ թեր տեղեկացվածության պատճառով: Իսկ «գործարք» բառը բացասական երանգ ունի. այն նկատի է առնում, որ ներգրավված երկու կողմերից մեկը ցանկանում է ինչքան հնարավոր է բարձր գնով «սաղացնել» հնարավորինս քիչ ապրանք:

Սակայն, պետք է որ անհրաժեշտ լինի փոփոխել Եվրամիություն-Հայաստան համագործակցության հասարակական ընկալումը: Այս հարաբերությունները հասարակության գիտակցության մեջ պարզունակության հասցված «գործարքից» լավ կլինի վերաճեն նրան, ինչ առնվազն նկատի են ունենում Եվրոպական կառույցները Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրների հետ հարաբերություններում:

Ինչու՞ չենք այն փոփոխությունները, որոնք  պետք է կատարվեն այսպես կոչված եվրապարտադրանքվ, դիտարկում այլ տեսանկյունից: Օրինակ այն, որ մարդու իրավունքների նկատմամբ առավել մեծ հարգանք, օրենքի գերակայություն, խոսքի ազատություն, գործարարության համար առավել նպաստավոր  պայմանների ապահովում, կրթության, քաղաքացիական ծառայության բարելավում, ուժային կառույցների նկատմամբ քաղաքացիական հասարակության առավելագույն վերահսկողություն և համանման այլ երևույթներ բխում են առաջին հերթին մեր հասարակության և պետության շահերից: Եթե չեն բխում՝ այլ խոսակցություն է: Բայց կարծես թե այդ միտքը չի վիճարկվում հասարակության մեջ և հետևաբար՝ ԶԼՄ-ներում: Իսկ դրանց հասնելու համար մենք պե՞տք է հնարավորինս օգտագործենք մեր ներուժն ու ռեսուրսները: Երևի թե՝ այո:

Իսկ եթե այդ ջանքերը նկատվում և գնահատվում ե՞ն… Դա շատ ավելի լավ չէ՞, քան մենակ մնալ ժամանակի մարտահրավերների առաջ: Արդյո՞ք մեր ԶԼՄ-ները արտացոլում են այն, որ Եվրամիության, Եվրոպայի խորհրդի պահանջները, որ ներկայացվում են Հայաստանին, առաջին հերթին բխում են Հայաստանի շահերից: Արդյո՞ք հենց մեր ԶԼՄ-ների խնդիրը չէ շուռ տալ հասարակության և ինչու՞ չէ նաև իշխանության մոտեցումները օտարերկրյա օգնությունների նկատմամբ, որ հանկարծ ու վերջիններիս մտքով չանցնի դրանք գործարքի վերածել:

Նկարը՝ http://times.am/?l=am&p=5310-ի:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.