Անցյալ կիրակի երկրով մեկ ՏԻՄ ընտրություններ էին: Գյումրիի ընտրությունները այդ առումով միանգամայն խորհրդանշական էին և դրանց տրված գնահատականները այս կամ այն չափով կիրառելի են հանրապետության մյուս բոլոր համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների համար: Իսկ Գյումրիի ընտրությունները բնորոշվեցին որպես «մինի նախագահական»:
Հատկանշականն այս ընտրություններում այն է, որ առավել խտացված դրսևորվեցին ընդհանրապես մեր ընտրություններին բնորոշ գրեթե բոլոր բացասական երևույթները: Միայն թե այնքան սահուն և հարթ, որ ոչ մեկի համար կարծես արտառոց ոչինչ չի եղել: Մինչդեռ կիրակի օրն անցած ընտրությունները միանշանակ մեկ քայլ «առաջ» էին խոսքի վարկաբեկման, ընտրողի վրա դրա գրեթե զրոյական ազդեցության իմաստով:
Դարձյալ` Գյումրիի օրինակը: Հասարակության մի հատված, այդ թվում և, որն առավել վտանգավոր է, ընտրվելու հավակնություն ունեցողներից, գտնում են, որ մեր երկրում նախընտրական քարոզարշավ անցկացնելու կարիք չկա. իբրեև թե բոլորս իրար ճանաչում ենք, այսպես թե այնպես ընտրելու ենք մեր իմացած մարդկանց և չարժե լրացուցիչ ծախսեր ու ժամանակ վատնել քարոզչական նյութերի վրա, մարդիկ գիտեն` ում ընտրել:
Իսկ ընտությունների նախօրեին որտեղի՞ց են մարդիկ ճանաչում իրենց ապագա ընտրյալներին, եթե միասին հաց չեն կերել, հարևաններ չեն և այլն: Դրա համար համաշխարհային հանրությունն իր ողջ պատմության ընթացքում անընդհատ տարբեր բաներ փորձել է և վերջապես «հայտնագործել» նախընտրական քարոզարշավը:
Գյումրիի ընտրություններին մասնակցած ավագանու անդամության «Քաղաքը մերն է» նախաձեռնության թեկնածուների մասին կարծիք կա, որ նրանք «խելացի են, ինտելեկտուալ, բազմակողմանի զարգացած, ճանապարհ անցած մարդիկ են, բայց ճանաչելիության խնդիր ունեն»: Իսկ մեր գործընկեր Լևոն Բարսեղյանը այդ արժանիքների կողքին չունի վերը նշված թերությունը, այդ պատճառով էլ նրան ընտրեցին:
Հիշենք, որ «Քաղաքը մերն է» նախաձեռնությունը, ի հեճուկս հայաստանյան ընտրական ավանդույթների, տեղը տեղին քարոզարշավ անցկացրեց, փորձեց իր ընտրազանգվածին հասցնել սեփական գաղափարները: Արդյունքում, նախաձեռնության յոթ թեկնածուներից ընտրվեց միայն մեկը` մինչ այդ ճանաչվածը: Ու փաստորեն ոչ թե նախաձեռնության գաղափարները չաշխատեցին, այլ քարոզարշավը: Եւ ոչ թե որովհետև այն թույլ էր, այլ … քարոզարշավ էր: Ցավալիորեն ստացվում է, որ մեր ընտրության նախապայմաններն են`ծանոթությունը` իր ամենավարկաբեկված իմաստով, կաշառքը` իր բոլոր հին ու նոր իմաստներով, ընտրության չգնացողների անտարբերությունը` հիասթափվածության դասական արտահայտությամբ: Իսկ քարոզարշավը փաստորեն ոչինչ չորոշեց:
Այն, որ ընտրական դասական մեխանիզմները մեզ մոտ շատ վատ են աշխատում, մեկ անգամ չէ, որ համոզվել ենք, որ բայց որ մեր ընտրական համակարգից զանգվածային լրատվամիջոցները և տեղեկատվական դաշտը, ասել է թե` խոսքը աստիճանաբար դուրս են մղվում, կարծես թե իրողություն է դառնում: Համենայն դեպս անցած ընտրությունները ցույց տվեցին, որ խոսքի նկատմամբ վստահություն մեր հասարակության մեջ չկա:
Խոսքի վարկաբեկման ավելի լավ դրսևորում հնարավոր էլ չէ մտածել:
Առավել ազնիվ կլիներ իհարկե փաստել, որ մարդկանց ընտրությունը կարևոր չէ, կարևորը, թե ո՛ւմ ընտրելու հրահանգ կտրվի վերևից: Կամ որ նույնն է, ընտրություններ կանցկացվեն, սակայն ընտրովի այդ պաշտոններում անձինք միևնույն է, կնշանակվեն վերևից:
Սակայն անցյալ շաբաթ տեղի ունեցավ մի բան, որ հույս է տալիս, թե այս ամենին նույն այդ վերևներում այնքան էլ տեղյակ չեն: Բարեբախտաբար նույն Գյումրիում նույն վերևները տեսել են լրատվամիջոցներ, որոնցից պետք է զգուշանալ և անվտանգ հեռավորության վրա պահել նրանց, երբ այնտեղ է ժամանում հանրապետության ղեկավարությունը. Հանկարծ անհաճո հարց չտրվի, չվերահսկվող մի տող ու կադր չսպրդա մամուլում և հեռուստատեսությամբ:
Վախ է թե զգուշավորություն, բայց մինի նախագահական ընտրություններից առաջ այս քայլը որքան էլ խոսքի դեմ, այնքան էլ այն որպես ուժ գիտակցելու անուղղակի ապացույց էր: Եթե այս զգուշավորությունը պահպանվի մինչև նախագահական «մաքսի» ընտրություններ, ուրեմն ուրախությամբ կփաստենք. այս հոդվածի հոռեստեությունը ժամանակավրեպ էր:
Մեկնաբանել