Հայ լրագրության կյանքում անցյալ շաբաթ քիչ բան տեղի ունեցավ: Այն իմաստով, որ առօրյա նյութահայթայթման հոգսերի մեջ հայ լրագրողներս շատ հպանցիկ հիշեցինք մեր մասնագիտական տոներից մեկը՝ Հայ մամուլի օրը: Հատկանշականն այն է, որ այդ օրվան ամենայն անտարբերությամբ են վերաբերվում, այն իրենցը չեն համարում հեռուստա, ռադիո և առցանց լրատվամիջոցների մեր գործընկերները:
Համեմատության համար ասենք, որ դա նույնն է, թե օրինակ, Մատենադարանի աշխատակիցները հայտարարեն, որ հայ գրատպության 500-ամյակն իրենց չի վերաբերվում, քանի որ իրենց ինստիտուտի հիմնական ֆոնդը ձեռագիր մատյաններն են:
Իսկ թե ինչպես «նշեցինք» Հայ մամուլի օրը, ավելի շատ մահամերձ հիվանդի տեսության գնալ էր հիշեցնում:
Մանավանդ մի քանի քաղաքական գործիչների գնահատականները լավատեսության ոչ մի տեղ չէին թողնում. զարմանալիորեն նրանք հենց այդ օրն էին ընտրել տարվա մյուս օրերին իրենց չխնայած մամուլից «վրեժ» լուծելու:
Այն, որ մամուլի, և ոչ միայն՝ հայ, գործերը լավ չեն, միայն մասնագիտական տոնին հայտնի չդարձավ: Դրանք արդեն վաղուց լավ չեն, և մեղքը ոչ միայն նոր ժամանակներինն ու նոր մարտահրավերներինն է, այլև իրենը՝ մամուլինը: Արդեն տարիներ աշխարհով մեկ խոսվում է, որ տպագիր մամուլի համար ավելի ու ավելի է դժվարանալու դիմանալ էլեկտրոնայինի հետ մրցակցությանը:
Ինչպես տպագիր գիրքն է այսօր պայքարի մեջ, օրինակ, կինդլ-ի, կամ կարճ ասած, իր էլեկտրոնային տարբերակի հետ, այնպես էլ թերթը. ոչինչ հնարավոր չէ անել տեխնոլոգիական առաջընթացի հետ: Ու պետք էլ չէ:
«Այն, ինչ մյուս օրը պետք է գրեն թերթերը, կայքերն արդեն գրել են առավոտյան»,- հայ մամուլի ծննդյան օրը հոբելյարի օրհասական վիճակը ձևակերպեց «Ժամանակ» թերթի և «1in.am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը։
Ուրեմն ի՞նչ անի մամուլը՝ սպասի, մինչև էլեկտրոնային ԶԼՄ-ները փակեն թթվածնի իրենց վերջին խողովա՞կը: Ի դեպ, այսպիսի մտահոգությունների մասին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի լրագրողները, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները խոսել են Վրաստանում հոկտեմբերի 11-ին՝«Ավանդականից մինչև առցանց լրատվամիջոցներ. լավագույն փորձերը և հեռանկարները» համաժողովում:
Ի՞նչ խոսք, արվում են ուղիներ գտնելու ոչ միայն միասնական փորձեր: Դրանցից ամենատարածվածը, խելամիտն ու տրամաբանականը, թերևս թերթի էլեկտրոնային տարբերակը առցանց դարձնելն է և մուլտիմեդիա տարրերով այն հարստացնելը: Ինչը և սկսել է կիրառել ավանդական մամուլը՝ աստիճանաբար անճանաչելի դարձնելով սեփական ծագումը:
Ի դեպ, «ավանադական» և «այլընտրանքային» տերմինների մասին: «Այլընտրանքային» համարվողներն արդեն բավական ժամանակ է, որ լրատվամիջոցներ են, այնպես որ այդ բնորոշումը նրանց համար կիրառելը հավանաբար իներցիայի և սովորույթի խնդիր է, որը մոտ ապագայում ժամանակը կշտկի: Ինչպես տեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացի ցանկացած դրսևորման հետ է լինում:
Մամուլի համար իսկապես հրատապ է «կրեատիվությունը»՝ տեղեկությունների մատուցման նորանոր ձևեր և միջոցներ գտնելու և կիրառելու:
Այդպիսի օրինակներ արդեն իսկ կան հայաստանյան իրականության մեջ: Դրանք ոչ միայն տպագիր մամուլի կենսունակության մասին են վկայում, այլև՝ որ այդ կենսունակությունը նրանք ապահովում են՝ օգտագործելով նոր մեդիայի հնարավորութունները, ինչպես օրինակ, Գյումրիի «Ասպարեզի» կողմից QR կոդի կիրառումն է և այլն:
Լուծումները գուցե շատ չեն, բայց կան, պարզապես յուրաքանչյուր տպագիր լրատվամիջոց ինքը պետք է կարողանա գտնել իր ընթերցողների համար առավել հետաքրքիրն ու ընդունելին, իհարկե ՝դա իր ընթերցողների՛ն գտնելուց առաջ:
Նրանց (և մեր) բարքերից
Մինչ մենք այս շաբաթ տպագիր մամուլի վրա էինք փորձում սևեռել մեր և հասարակության ուշադրությունը, մեր գործընկերները Թունիսում իշխանությունների՛ ուշադրությունն էին փորձում գրավել:
Այստեղի բոլոր լրատվամիջոցները գործադուլ էին անում ՝ պետությունից պահանջելով չմիջամտել մամուլի ազատությանը: Հատկանշական է, որ թունիսցի լրագրողները ամառվանից էին նախապատրաստվում այս ակցիային և գործում էին համախմբված՝ անկախ նրանից՝ պետական, թե մասնավոր լրատվամիջոցներ են ներկայացնում:
(Անհնար է դիմանալ գայթակղությանը և չգրել, որ այս մասին հայաստանյան ԶԼՄ-ն հայտնել էր՝ բառացիորեն միայն թարգմանելով ռուսական լրատվամիջոցի նյութը, նույն լուսանկարով՝ առանց այդ մասին որևէ նշում կամ հղում անելու: Անգամ նեղություն չէին կրել ճիշտ տառադարձելու Թունիսի լրագրողների ազգային արհմիության նախագահի անունը, որը ռուսերեն հնչում է Խամրունի, իսկ իրականում Համրունի է:)
Լուսանկարը՝ http://www.jnews.am կայքի:
Մեկնաբանել