ՄԵՐ ԵՎ ԱՅԼՈՑ ՍԽԱԼՆԵՐԻ «ԳԵՂԱԴԻՏԱԿԸ»

Այս շաբաթ մեկ անգամ ևս համոզվեցինք, որ եթե իշխանությունները ցանկանում են մարդկանց մոռացնել տալ «Ա1+» հեռուստաընկերությունը, երևի ճիշտ կանեն՝ վերջապես եթեր տան նրան: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի ցանկացած հրապարակային հայտնություն առաջին հերթին հանրությանը «Ա1+»-ի մասին է հիշեցնում և առիթ դառնում դրա շուրջ քննարկումների: Այս շաբաթվա առիթը Ազգային Ժողովում ՀՌԱՀ նախագահի տարեկան հաշվետվության ներկայացումն էր, որի լուսաբանումներում դարձյալ գերիշխում էին հեռուստաընկերության և հայաստանյան հեռուստաեթերի շուրջ պատգամավորների դատողություններն ու գնահատականները:

«Ա1+»-ի «կարմիր թելը» վկայում է. եթե հարյուր տարի էլ անցնի, ապագայի իշխանությունները թող համոզված լինեն, ընդհանրապես հեռուստատեսության և եթերի մասին ցանկացած քննարկման ժամանակ բանախոսները միևնույն է, հիշելու են «Ա1+» հեռուստաընկերությունը և հիշեցնելու են նրա եթերազրկումը:

Այս շաբաթ, ինչ խոսք, մեկ այլ «զրկելու» թեմա էր հասարակության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ Վ. Օսկանյանի անձեռնմխելիությունը: Այս թեման հնարավոր բոլոր ասպեկտներով լուսաբանվեց և մեկնաբանվեց հայաստանյան և ոչ հայաստանյան լրատվամիջոցներում: Սակայն ամենաուշագրավն, ըստ մեզ, «Վաշինգտոն պոստ»-ի բլոգինն էր: Եվ բնավ ոչ այն պատճառով, որ նոր բացահայտումներ էր անում մեր նախկին արտգործնախարարի մասին (այն վերլուծական- հրապարակախոսական բնույթ ունի), այլ լավագույն օրինակն էր, թե ինչ է ստացվում, երբ առանց փաստական տվյալները, անունները ստուգելու հոդված է գրվում: Եթե անգամ հոդվածի հեղինակը շատ հեղինակավոր քոլեջներ է ավարտել կամ աշխատել է խիստ հայտնի լրատվամիջոցներում և նախկինում դժվար ու հետաքրքիր ոլորտներ է լուսաբանել, դա պետք է որ նրան իրավունք չվերապահի իր հոդվածի գլխավոր հերոսի կազմակերպության անունը, որն ի դեպ օգտագործել էր 10 անգամ, սխալ գրելու: Մյուս երեք փաստական սխալներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով բլոգ, որտեղ նյութն արդեն տեղադրված է՝ այդ սխալների մասին առաջաբանով:

Ընդհանրապես սխալներն այս շաբաթ արևմտյան մամուլում ոչ միայն փաստական էին: Ամերիկյան հայտնի հեռուսատաալիքը ուղղաթիռից կատարվող նկարահանումները ցուցադրում էր ուղիղ եթերի ռեժիմում: Մինչ հաղորդավարն արդեն գլխի էր ընկել, թե ինչով կավարտվի գողացված մեքենայից զենք վերցրած վարորդի փախուստը, որին ուղղաթիռով կրնկակոխ հետևում և նկարահանում էր ոստիկանությունը, հեռուստաընկերության եթերի պատասխանատուները շարունակում էին ցուցադրել գանգստերական ֆիլմերի սյուժե հիշեցնող ոչ բեմադրված, իրական կադրերը: Ինչպես ճիշտ հասկացել էր հաղորավարը, հետապնդվող վարորդը մի տեղ կանգ առավ և ատրճանակը գլխին պահելով, վերջ տվեց իր կյանքին: Ուղիղ եթերում: Հետո արդեն հաղորդավարը ներողություն խնդրեց լսարանից՝ խոստովանելով, որ իրենք «համը հանել են»:

Այս պատմության միակ դրական հետևանքն եղավ այն, որ կասկածի տակ դրեց և բուռն քննարկման առարկա դարձրեց ուղիղ եթերում ոստիկանական նկարահանումները ցուցադրելու նպատակահարմարությունը, քանի որ դրանք հաճախ անկանխատեսելի ավարտ են ունենում՝ ինքնասպանություն, սպանություն, մահվան ելքով ավտովթար և այլն:

Լավ կլինի մենք էլ սկսենք այդ մասին մտածել, քանի դեռ այս կարգի ուղիղ հեռարձակումները մեզ մոտ ավանդույթ չեն: Մանավանդ որ ուղիղ եթերի հեռարձակման դեպքում օրենքի և էթիկայի խախտման դեպքեր մեզ մոտ էլ արձագրվել են, որոնցից մեկը «Կենտրոն» հեռուստաընկերությանը 1 մլն դրամ արժեցավ:

Ասենք, մենք հաջողացնում ենք չափը անցնել նաև ոչ ուղիղ եթերի դեպքում և հետո ոչ ներողություն ենք խնդրում, ոչ էլ մեղա գալիս մեր ստեղծած «շիլաշփոթի» համար:

Այն, որ հայկական լրատվամիջոցները չխորշեցին և հրապարակեցին վրացական մի գյուղում կարասում խեղդված 10 ամսական երեխային գտնելու, կարասից հանելու, վերակենդանացման փորձերի սահմռկեցուցիչ տեսագրությունը, ինչ- որ առումով աննախադեպ էր անգամ հայ մամուլի համար, սակայն փաստորեն տեղավորվեց անցնող շաբաթում «համաշխարհային» միտումների շրջանակներում:

Այս քայլով ստվերվեց անգամ սպանություններին և ինքնասպանություններին հաջորդող հաճախ ոչ կոռեկտ լուսա և տեսաձայնագրությունների մեր տեղական փորձը:

Ինչ խոսք, լրատվամիջոցը հետագայում ավելի կոռեկտ դարձրեց այդ մասին հրապարակումը՝ թողնելով միայն մեկ լուսանկար, իսկ տեսագրության համար իր ընթերցողներին «ուղարկելով» յութուբ, որտեղ այն դիտելու համար արդեն պահանջվում է ստորագրություն և գրանցում:

Բայց, ինչպես հայտնի անեկդոտում, նստվածքը մնում է, ուղղակի սա ամենևին էլ ծիծաղելի չէ, իսկ նստվածքն այս դեպքում շատ է դառը:

Նկարը՝ http://www.jnews.am կայքից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.