Այս շաբաթ սոցիալական ցանցերը և քաղաքացիական լրագրությունը կամ այդ անվամբ հանդես եկողները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ իրենք կարող են վտանգավոր լինել: Ցավալիորեն՝ վտանգավորության տեսանկյունից նրանց շարունակում են չզիջել պրոֆեսիոնալ լրատվամիջոցները կամ այդ անվամբ հանդես եկողները:
Մի կողմից քաղաքացիական լրագրությունը կարևորվում է հատկապես տարերային աղետների, պատահարների ժամանակ, քանի որ այն ոչ թե սովորական, առօրյա աչքով է նայում այդ իրադարձություններին, այլ առհասարակ կարող է միա՛կ աչքը լինել այդպիսի դեպքերում: Եւ այս դեպքում նրա դերն անգնահատելի է: Մյուս կողմից, հենց վերջին հանագմանքն էլ չարաշահելու դեպքում, քաղաքացիական լրագրությունը վտանգում է և՛ լրագրությունը, և՛ քաղաքացիներին: Եթե նկատի ունենանք, որ հենց տարերային աղետների ու պատահարների ժամանակ են մարդիկ, հասարակ քաղաքացիները դառնում խոցելի ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն, ապա առավել կարևորվում է, թե ինչ տեղեկություններ են նրան հաղորդվում այն ամբողջ ընթացքում, երբ նա, կամ իր ընտանիքը, կամ իր քաղաքը, կամ իր երկիրը վտանգի մեջ են: