VERITAS ODIT MORAS

AMPLIFY TRUTHԱյս շաբաթ սոցիալական ցանցերը և քաղաքացիական լրագրությունը կամ այդ անվամբ հանդես եկողները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ իրենք կարող են վտանգավոր լինել:  Ցավալիորեն՝ վտանգավորության տեսանկյունից նրանց շարունակում են չզիջել պրոֆեսիոնալ լրատվամիջոցները կամ այդ անվամբ հանդես եկողները:

Մի կողմից քաղաքացիական լրագրությունը կարևորվում է հատկապես տարերային աղետների, պատահարների ժամանակ, քանի որ այն ոչ թե սովորական, առօրյա աչքով է նայում այդ իրադարձություններին, այլ առհասարակ կարող է միա՛կ աչքը լինել այդպիսի դեպքերում: Եւ այս դեպքում նրա դերն անգնահատելի է: Մյուս կողմից, հենց վերջին հանագմանքն էլ չարաշահելու դեպքում, քաղաքացիական լրագրությունը վտանգում է և՛  լրագրությունը, և՛ քաղաքացիներին: Եթե նկատի ունենանք, որ հենց տարերային աղետների ու պատահարների ժամանակ են մարդիկ, հասարակ քաղաքացիները դառնում խոցելի ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն, ապա առավել կարևորվում է, թե ինչ տեղեկություններ են նրան հաղորդվում այն ամբողջ ընթացքում, երբ նա, կամ իր ընտանիքը, կամ իր քաղաքը, կամ իր երկիրը վտանգի մեջ են:

Իսկ դու քաղաքացի՞ ես, թե՞ լրագրող

Իսկ անցյալ շաբաթ սոցիալական ցանցերը չխնայեցին Ամերիկայում Սենդի փոթորկից տուժածներին, նրանց հեռու և մոտ ազգականներին և շրջանառության մեջ դրեցին իբրև թե Նյու Յորքի ջրահեղձ փողոցներում լողացող շնաձկների, գետերի վերածված մետրոյի կայարանների լուսանկարները, տեսանյութերը, մարդկանց՝ անօգնական վիճակներում հայտնվելու և այլ սրտաճմլիկ ու անհավանական պատմություններ:

Սրտաճմլիկ պատմություններ և սենսացիոն պատկերներ հայտնելու անհամբերությունը լրատվամիջոցներին գուցե և ստիպեն առանց հապաղելու տարածել կասկածելի ծագումներով լուրերը: Սակայն իրենց հարգող լրատվամիջոցները, լրագրողական կազմակերպությունները և նույն սոցիալական ցանցերը իհարկե փորձեցին ջրի երես հանել այդ կարգի տեղեկությունների կեղծ լինելը: Ինչպես նաև քննարկում էին, թե որոնք են ճիշտ, որոնք կեղծ, ինչպես տարբերել մեկը մյուսից:

Միևնույն ժամանակ, ինչը հատկանշական է, տեղ էր տրվում այդ նույն քաղաքացիական հաղորդագրություններին՝ օրինակ «Քո լուսանկարը փոթորիկից» խորագրով, որոնք անգամ անզեն աչքով ճշմարտանման են:

Իհարկե, կեղծ տեղեկությունները նվազ վտանգավոր են, եթե դրանք այդչափ մասշտաբային ընդգրկումներ չունեն: Ինչպես հայտնի երգչի դեպքում էր, երբ ինչ-որ մեկի «կատակի» պատճառով նրա բազմաթիվ երկրպագուները սափրել էին իրենց գլուխները՝ դրանով իրենց աջակցությունը հայտնելով իբրև թե քաղցկեղի ախտորոշում ստացած իրենց կուռքին:

Այս կարգի տեղեկության տարածման վտանգավորության աստիճանը չափվում է նրանով, որ լավագույն օրինակներից է տեղեկատվական մանիպուլյացիաների փորձարկման: Փորձը ստացվեց,  տեխնոլոգիաներով հետաքրքրվածները կարող են հանգիստ լինել՝ դրանք անհրաժեշտ դեպքում կիրառելու համար: Սակայն պետք է նկատի ունենալ նաև այսպես կոչված թիրախային խումբը, իսկ երգչի դեպքում այն ակնհայտորեն անչափասներ էին կամ մարդիկ, որոնք ինչպես մեկնաբանություններից մեկի հեղինակն էր ձևակերպել, դեռ պետք է մեծանան (կամ աճեն):

Ո՞ւմ աճն է ավելի կարևոր

«Աճելու» տեղ ունեն նաև հայաստանյան լրատվամիջոցների թիրախները: Դա միակ «պայման» էր՝ օրինակ, հասկանալու, թե ինչ գումարի չափով է տուգանվել ՀԱԿ ակտիվիստ Վ. Գասպարին անցյալ շաբաթ, եթե պատահականության սկզբունքով այդ լուրին հանդիպել ես հետևյալ լրատվամիջոցներում: Օրինակ, ինչպե՞ս հասկանալ լրատվամիջոցի տեղեկությունը, համաձայն որի ՀԱԿ ակտիվիստը տուգանվել է նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով (ակտիվ հղում չենք դնում, քանի որ այսօրվա դրությամբ այն չի բացվում), երբ այդ նույն լրատվամիջոցից հղում է արվում իրենց սկբնաղբյուրին, որը այլ լրատվամիջոց է, իսկ վերջինս տեղեկացնում է, որ  Գասպարին տուգանվել է նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով: Մի զրո է, բայց համաձայնեք, տարբերությունն էական է: Իսկ ճշմարտությունը պարզ էր՝ Գասպարին տուգանվել էր 30 հազար դրամով: Ինչ խոսք, նվազագույն աշխատավարձի 30-ապատիկը և 30 հազար դրամը նույն թիվն են կազմում, սակայն ընթերցողին թվաբանության մեջ ինքնանպատակ չարժե խեղդել, մանավանդ՝ սխալ թվաբանության, ինչպես առաջին լուրում էր: Դե սա էլ հո քաղաքացիական լրագրություն չէ՞, որ ներողամտաբար մոտենանք:

Tabula rasa

Իսկ այ լրագրության բարձրագույն «դրսևորման» օրինակը, որին համաշխարհային հանրությանը լայնորեն ծանոթացրին այս շաբաթ, հաստատ իրեն թույլ չի տա կեղծ, չճշտված տեղեկությունների հրապարակում:

Դժվար է պատկերացնել, որ աֆրիկյան աղքատագույն Լիբերիա երկրի մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված Daily Talk կոչվող գրատախտակին գլխավոր խմբագիրը կավիճով անկարևոր լուր կամ ակնհայտ սուտ կգրի: Չէ՞ որ նրա լրատվամիջոցի ծավալն այդքան փոքր է՝ մի գրատախտակ ընդամենը, իսկ կիրառվող տեխնոլոգիան էլ՝ ժամանակատար և երկար ջանքեր պահանջող՝ կավճագրությունը…

Թաց լաթով մաքրվող ու կավիճով update արվող այդ լրատվամիջոցը բառացիորեն ձեռքի աշխատանք է:

Միթե սրա՞նք կարող են լինել հավաստիության գրավականը՝ տեղի քչությունն ու ձեռքով գրելը:

Գուցե մնում է երանի՞ տալ գրատախտակ-թերթի ընթերցողներին. ոչինչ, ճշմարտությունից բացի: Իսկ ճշմարտությունը հապաղում չի սիրում, ասում է լատիներեն ասացվածքը՝ Veritas odit moras: Ճիշտ ինչպես լուրը, ասում են գրեթե մյուս բոլոր, ոչ գրատախտակային լրատվամիջոցները:

Լուսանկարը՝   Paul Downey-ի:

 

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.