Տարօրինակ զուգադիպությամբ հայ և համաշխարհային լրատվամիջոցները լրագրողական էթիկայի տեսանկյունից եթե ինչ-որ խայտառակ բան են անում, ապա դա տեղի է ունենում միաժամանակ: Այս շաբաթն այդ առումով բացառություն չէր:
Լրագրողի նոր պատվիրան՝ «մի սպանաներ»
Գուցե չարժե անդրադառնալ այս շաբաթվա մեր ոլորտի բոլոր մեղմ ասած չստացված դրվագներին, սակայն դրանցից երկուսը խիստ բնորոշ են վերջին տարիների լրատվությանը և դրանով իսկ՝ արժանի են հատուկ ուշադրության: Անհնար է չառանձնացնել ավստրալական ռադիոյի «բլեֆի» հետևանքների մասին պատմությունը, երբ հաղորդավարները, զանգահարելով հիվանդանոց և ներկայանալով որպես Անգլիայի թագուհին և Ուելսի արքայազնը, բուժքրոջը ուղիղ եթերում պատմել էին տվել Քեյթ Միդլթոնի առողջական վիճակի մանրամասները:
Եթե անգամ այդ կարգի զվարճալիքները «արդարացվում են» լսարանի անընդհատ ծիծաղով, չի բացառվում, որ հետևանքները նույնքան տխուր կլինեն, ինչպես անգլիացի բուժքրոջ դեպքում էր, որի դիակը մի քանի օր անց գտան իր տանը: Ամենասարսափելին այս պատմության մեջ այն է, որ, ինչպես հետագայում արդարանում էին հաղորդավարները, իրենք ուղղակի «եթերը 20 վայրկյան լցնել էին ուզում՝ իրենց հիմար ձայներով»: Այսինքն նույնիսկ տեղեկություններ ստանալն ու հաղորդելը չէր նրանց գերնպատակը: Իսկ ամենակարևորը, դարձյալ իրենց հավաստմամբ, այդ «կատակ-զանգը» թիմային աշխատանքի արդյունք էր:
Գուցե թե ռադիոյի հաղորդավարների անհաջող կատակից հետո ինքնասպան եղած բուժքրոջ պատմությունը վերջապես զսպաշապիկ դառնա «բլեֆների» և «ռոզիգրիշների» սիրահար ԶԼՄ-ների ու զանազան ստեղծագործական խմբերի համար: Չէ՞ որ հայ հասարակությունն էլ սիրում է այդ կարգի կատակներ տեղալ հայտնի ու անհայտ մարդկանց գլխին, իսկ մեր հիմնականում հեռարձակող լրատվամիջոցները ընդառաջ են գնում իրենց լսարանի հատկապես ա՛յդ պահանջներին: Փաստորեն, լրագրողների «մի վնասիր» պատվիրանը ժամանակն է «ափդեյթ» անելու՝ «մի սպանաներ»-ով:
«Մի՛ սովորեցրու սպանանել»
Այս պատմության հետ նույն «պատվավոր» տեղում է հայկական լրատվամիջոցի հնարքը՝ առավել հասանելի դարձնել «մի սպանաներ»-ի հակառակ պատվիրանը: Ավելին՝ այն սովորեցնում էր դրա իրականացման ձևը՝ բառացիորեն: Մեկ անգամ ևս այդ կայքն ու իր արածը չգովազդելու համար չենք տեղադրում այդ նյութի հղումը: Այն տեսագրություն է, որտեղ սիրիացի մի երեխա մաչետեով կտրում է գերի վերցված մի տղամարդու գլուխ, հետո էլ մեկ ուրիշն է նույն բանն անում: Առավել գրավիչ դարձնելու համար տեսանյութը պիտակավորված է «+18»: Մինչև այսօր՝ դեկտեմբերի 14-ը, այս տեսագրությունը դեռ դրված է այդ լրատվական կայքում և հանգիստ, օրվա բոլոր ժամերին և մեր երկրի բոլոր համակարգիչներից սովորեցնում է բռնություն և դաժանություն: Իսկ որոշ հայ լրագրողներ և լրագրողական կազմակերպություններ ջանք չեն խնայում սարսափ հարուցող ու դաժանություն պարունակող տեսարանների համար չափորոշիչներ մշակելու և շրջանառության մեջ դնելու համար: Ակտիվ քննարկումներ են լինում, թե հեռուստատեսային որ հաղորդումը օրվա որ ժամին պետք է ցուցադրվի, որ հանկարծ ու երեխայի աչքը չընկնի ինչ-որ մեկի բերանը ջարդող տեսարանով սերիալը: Իսկ առցանց հրատարակությունը՝ թող մնա այդպես էլ հասանելի ու գրավիչ նույն այդ երեխայի համար. չէ՞ որ այն օրենքով լրատվամիջոց չէ, որ ԶԼՄ-ի պահանջներ ներկայացնես: Կարծես թե բոլոր ԶԼՄ-ները համերաշխորեն կատարում են օրենքից և էթիկայից բխող բոլոր պահանջները, հիմա էլ առցանցները…
«Ձեզ էլ կբուժեն»
Սակայն, օրինակ, Ֆեյսբուքի դեպքում, ինչպես իրավացիորեն կարծում է իրավաբանը, այն վաղուց փակ մարմին չէ, հետևաբար տեղեկատվության հոսքը պետք է կարգավորվի ոչ թե առանձնահատուկ, այլ ընդհանուր եղանակով, ինչպես թերթում, հեռուստատեսությունում: Ավելին, եթե «ԶԼՄ-ների մասին» օրենքի՝ ԶԼՄ սահմանման «հատկանիշները համեմատում ենք Ֆեյսբուքի հետ, ապա շատ հատկանիշներ համընկնում են»: Ճիշտ է, այս կարծիքը մասնագետը հայտնել էր այդ սոցիալական ցանցում հայտնված կարծիքի կապակցությամբ հայաստանյան դատարանի կայացրած վճռի կապակցությամբ, սակայն, այն կարելի է վերագրել նաև կամ առավե՛լ ևս առցանց լրատվություն տարածողներին:
Իսկ քանի օրենքներում չեն ամրագրվել առցանց, սոցիալական ցանց և համանման արտահայտությունները կամ էլ ոչ մեկը նրանց դատի տալու նախադեպ չի ստեղծել՝ բռնւթյուն և դաժանություն քարոզելու համար, քանի որ այդ չափորոշիչներն էլ չեն ստեղծվել դեռ, քիչ չափորոշիչներից մնում է կարծես թե մեկը՝ հարգելի գլխավոր խմբագիր, արդյո՞ք դուք կցանկանայիք, որ անձամբ ձե՛ր երեխան համացանցի ասենք հանրագիտարաններում «թափառելիս» դեմ առնի իր հասակակցի մաչետե-ային սխրագործությանը: Դուք հաջո՞րդ օրը ձեր կայքից կհեռացնեք այդ տեսանյութը, թե՞ հենց այդ երեկո:
Նկարը՝ http://hay-power.com կայքի:
Մեկնաբանել