Սրանք պարզապես հայտնի ֆիլմերի անուններ չեն. այս բառերը պիտակի նման կախված են առաջիկա ընտրությունների քարոզարշավի, դրան նախորդող, վախենամ թե` նաև հաջորդող ժամանակահատվածի վրա:
Անհեթեթ իրավիճակներ, այս կամ այն իրավունքի, օրենքի խախտումներ`պաշտոնական քարոզարշավն անցնող շաբաթ է սկսվել, իսկ մենք արդեն որերորդ ընտրություններն են`կարծես թե նույն կինոժապավենն ենք նայում` տեղ-տեղ ափդեյթ արված:
Միայն վա՛տ երազն է կրկնվում
Ո՞վ կարող է հիշել, թե որ ընտրությունների ժամանակ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չեն օգտագործվել հօգուտ մեկ թեկնածուի կամ մեկ կուսակցության: Ճիշտ է` չեն եղել այդպիսի ընտրություններ: Անցնող խորհրդարանականն էլ այդպիսին չի եղել, և գալիք նախագահական ընտրություններն էլ այդպիսին չեն լինելու: Այդ մասին, ինչպես անցյալ ընտրություններում էր, արդեն կան հրապարակային «խոստումներ»:
Միայն թե առաջներում պետական պաշտոնյաները, մարզպետները, կոմունալ վարչության պետերը և ժեկերի քարտուղարուհիները խախտում էին օրենքը և իրենց պետական կամ տեղական աթոռի վրա նստած էին չարաշահում այն: Իսկ այս էլ երկրորդ , որոշ վերապահումներով` երրորդ համապետական ընտրություններն են, որ բոլոր վերոնշյալները կամ իրենց, կամ իրենց նշանակողի կամքով, խստորեն հետևելով Հայաստանի օրենքների և միջազգային պարտավորությունների տառին` արձակուրդի դիմումներ են գրում և հանրապետության համար ամենաթեժ պահին` ընտրությունների նախօրյակին և որ ամենակարևորն է` դրանց անմիջական անցկացման օրը, մեկնում են վաստակած հանգստի: Ընդ որում, նրանցից պնդողներ էլ կան, որ իրենք… հանգստանալու են: Իհարկե անբարոյականություն է կանխավ մտածել, որ այդ ընթացքում, ասենք մի մարզպետ, անձամբ իր և տվյալ համայնքում իր «ահի» ֆայլը «դիլիթ անելու» ու մալդիվներում շեյք խմելու փոխարեն հենց ֆիզիկապես էլ նստած կմնա իր աթոռին ու տեղական ինքնակառավարման հեռախոսով կչարաշահի իր տեղական ինքնակառավարման աթոռը` ապահովելու իրենից ակնկալվող կամ իրեն հրահանգված հուսալի արդյուքները կոնկրետ թեկնածուի համար:
Կարևորը`ոչ մի դիտորդ չի կարող այստեղ խախտում գտնել, անգամ եթե այդ արձակուրդում հանգստացող պաշտոնյային քվեարկության օրը տեսնի իր աթոռին նստած. մարդը, միգուցե, շատ է հանգստացել, կարոտել է իր աթոռին և մի քանի րոպեով մտել է կարոտն առնելու:
«Վ պորյադկե ժիվոյ օչերեդի»
Իսկ լրագրողները չեն էլ հասցնում կարոտել այն իրավիճակներին, երբ ընտրությունները կամ քարոզարշավը լուսաբանելիս նրանց մուտքը այս կամ այն հաստատություն արգելվում է. վտանգավոր կերպով՝ այս գործելակերպը նույնպես ավանդական է դառնում որոշ թեկնածուների մոտ:
Քարոզարշավի մեկնարկը մեդիա դաշտի համար նշանավորվեց իրավունքի կոպիտ ու, ցավոք, ծանոթ այս խախտումով՝ լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտումով: Երկրի բարձրագույն պաշտոնյայի և նախագահի թեկնածուի քարոզարշավի կազմակերպիչները կարծես թե գալիս են հօդս ցնդեցնելու վարչական ռեսուրսների օգտագործման մասին`վերևում նկարագրված «հերյուրանքները». նրանք արդեն որերորդ անգամ չեն կարողանում մի մեծ, մի քանի քառակուսի մետր ավելի ընդարձակ տարածք վարձակալել իրենց միջոցառման համար: Արդյունքում տուժում են լրագրողները, որոնք բոլորը, պարզապես, չեն տեղավորվում այդ փոքրիկ սրահում: Մի կողմից, պաշտոնյաներից պահանջում ենք չչարաշահել իրենց դիրքը, մյուս կողմից էլ` պահանջում, որ բոլոր հավատարմագրված լրագրողների համար պատշաճ պայմաններ ապահովեն:
Առավել զավեշտականն այն է, որ իրավիճակը շտապ շտկելու և բոլոր լրագրողների համար աշխատանքային միևնույն պայմաններն ապահովելու փոխարեն՝ թեկնածուի շտաբից խոստացել են առաջիկայում քարոզարշավը լուսաբանող բոլոր լրատվամիջոցների համար ապահովել հավասար պայմաններ՝սահմանափակ տարածքներում կիրառելով, ուշադրություն՝ ռոտացիոն սկզբունք: Լրագրողական մի շարք կազմակերպություններ արձագանքեցին այս «նորարարական» նախաձեռնությանը` այն համարելով անընդունելի: Այս մասին հայտարարության մեջ կազմակերպությունները հիշեցրել են հերթական դեժավյուն` նույն պաշտոնյայի կողմից լրագրողների իրավունքի նույն կարգի խախտումը Գյումրիում, 2012թ. սեպտեմբերի 4-ին:
Այս ամենն արդեն ինչ-որ տեղ տեսել ենք….
Հա, իհարկե, առնվազն նախորդ` խորհրդարանական ընտրություններին:
Նախորդած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ԵՄԱ Ամփոփագիրն արդեն արձանագրել է պատգամավորության թեկնածուների, կուսակցությունների` բանավիճելու հակումների բացակայությունը: Սակայն, բացի փաստը պարզապես արձանագրելուց, Երևանի մամուլի ակումբը հանդես է եկել բանավեճերն օրենսդրորեն պարտադիր դարձնելու առաջարկությամբ:
Մինչ դա իրականություն կդառնա, երկիրը դարձյալ ընտրությունների թոհուբոհի մեջ է, և ինչպես նկատելի է անգամ անզեն աչքով, թեկնածուները, որոշ բացառություններով, քաղաքական բանավեճի տարրը չունեն իրենց նախընտրական զինանոցում: (Երևանի մամուլի ակումբն այսօր հայտարարություն է տարածել ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ ուղիղ եթերով հեռուստաբանավեճերի անցկացման մասին):
Մինչդեռ ցանկացած ընտրական գործընթացի, հատկապես համապետական ընտրությունների ժամանակ, հավասար պայմաններում, ընդարձակ լսարանի առջև բաց և քաղաքակիրթ բանավեճերը կարող են բարձրացնել քաղաքական ընտրապայքարի որակը: Քանի որ այդ կերպ թեկնածուներն ունենում են լրացուցիչ հնարավորություններ՝ ընտրազանգվածին սեփական տեսակետները ներկայացնելու: Դրանք նաև կարևոր են թեկնածուների մասին ընտրողներին առավելագույնս իրազեկ պահելու առումով: Իսկ ամենակարևորը՝ թեկնածուներն արտահայտվում են հավասա՛ր պայմաններում՝ հավասա՛ր մրցակցության մթնոլորտում:
Բանավեճերը թեկնածուներին օգնում են ավելի խորքային վերլուծություններ անել զանազան խնդիրների առնչությամբ, առավել տեսանելի են դարձնում նրանց գիտելիքները և մոտեցումները կոնկրետ խնդիրների դեպքում: Ավելի շատ, քան դա հնարավոր է քարոզարշավային այլ տարրերի կիրառման դեպքում՝ լինեն դրանք գովազդներ, ելույթներ, նախօրոք գծված հանդիպումներ և այլն: Հատկապես բանավեճում է հնարավոր ցույց տալ թեկնածուի հնարավորինս ամբողջական պատկերը՝ ոչ իր շտաբի կողմից դրված միզանսցենում: Այստեղ է, որ երևան են գալիս թեկնածուների՝ արագ մտածելու, արագ արձագանքելու, ճիշտ կողմնորոշվելու և նմանատիպ այլ ունակություններ:
Քաղաքական բանավեճերի օգտին է նաև այն հանգամանքը, որ դրանք են առավելագույնս ակնառու ցուցադրում թեկնածուների, նրանց ծրագրերի, գաղափարների, կերպարների տարբերությունները, ինչը հատկապես էական է դեռևս չկողմնորոշված ընտրողների համար:
Բանավեճերն ունեն նաև «կողմնակի» հետևյալ էֆեկտները՝ ա) առաջացնել հանրային հետաքրքրություն ընտրարշավների և ընտրությունների նկատմամբ, բ) նպաստել բանավեճի մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը, գ) ձևավորել դրանց նկատմամբ հանրային պահանջարկ:
Այս ամենը միավորվելով կարող են ոչ միայն էապես նվազեցնել ընտրարշավի կենտրոնացումը կենցաղային- առօրեական հարցերի շուրջ և դրանց շահարկումը, այլ նաև՝ ընտրական գործընթացները բերել զուտ քաղաքական դաշտ: Իսկ սրա կարիքը մեր հասարակությունը հաստատապես շատ ունի:
Մի քիչ էլ նորություններ
Այս քարոզարշավի նորարարություններից է սոցիալական ցանցերի, որպես օրգանիզմի, առավել ակտիվությունը: Սակայն, ինչ խոսք, թեկնածուներն իրենք ոչ միայն սոցիալական ցանցերի, այլ նաև ընդհանրապես համացանցի ներուժը լիարժեք չեն օգտագործում:
Իսկ իրական Հայաստանը…
Չեն օգտագործում՝ ճիշտ էլ անում են. վիրտուալ տարածք մտնելուց առաջ թող մի անգամ էլ իրական Հայաստան գան: Իսկ անցնող շաբաթում այդ իրական երկիրը նաև լրատվամիջոցներում այն էր, որին սփյուռքահայ մի քանի հիմնադրամներ բարեգործական օգնություն են տրամադրում: Ճիշտ այնպիսի օգնություն, ինչպիսին այդ երկրին տրվում էր ուղիղ 25 տարի առաջ, աղետի օրերին. վառելափայտ, տաք կոշիկներ և վերարկուներ: Իսկ դուք ասում եք՝ բանավեճեր, համացանց…
Դեժավյու՝ պոստ սկրիպտում
Անցյալ տարի կարծես թե մեղմվել էր լրատվամիջոցներին դատի տալու` գործարարների և պետական պաշտոնյաների ախորժակը: Փորձագետները նույնիսկ այդ գործելակերպի նվազման միտումներ արձանագրեցին: Անցնող շաբաթվա տխուր նախադեպը հիշեցրեց այս կարգի դատական գործերի բումը 2011 թվականին: Չենք շտապում աճի միտում արձանագրել, արձանագրում ենք առայժմ այս միակ դեպքը:
Մեկնաբանել