ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախընտրական շրջանում թեկնածուների համար հավասար պայմաններ, հավասարակշիռ լուսաբանում և համանման տերմինները կարծես թե շփոթության մեջ են գցել մեր ԶԼՄ-ներին: Այն բանից հետո, երբ նրան մեղադրում են նախընտրական շրջանում անհավասարակշիռ և կողմնակալ լուսաբանումների համար, սա մեկ այլ ծայրահեղություն է, որի մեջ ընկնում է հայրենական մեդիան:

Վերոնշյալ տերմինները հասկանալով բառացիորեն կամ ցանկանալով բառացիորեն հասկանալ՝ նրանք, չի բացառվում, որ շուտով ռեպորտաժներ վարեն ամենաանհավանական վայրերից, միայն թե ընտրությունների շեմին նրանց չասեն, թե չեն անդրադառնում այս կամ այն թեկնածուին:

Հասկանալի է, որ հասարակությանը հետաքրքիր են, կամ ԶԼՄ-ներն են որոշում, որ հետաքրքիր են, անցյալ շաբաթ մահափորձի ենթարկված թեկնածուի առողջության և դրա հետ կապված քարոզարշավը կամ ընտրություններն ընդհանրապես հետաձգելու հնարավորության մանրամասները: Բայց չէ՞ որ չի կարելի արձանագրել նրա յուրաքանչյուր փռշտոցը կամ աջ ձեռքի մատների ֆալանգների վիճակը՝ հատ-հատ:

Փորձություն՝ ոչ միայն թեկնածուի համար

Այս շարքում է այն, ինչ կատարվում է մյուս թեկնածուի հետ, որի ընտրած բողոքի ձևն օրեցօր սպառնում է նրա առողջությանը: Այս դեպքում էլ լրատվական դաշտի հետաքրքրությունը հասկանալի և բնական է, բայց ինչպե՞ս է այն բավարարվում…

Ինչքան էլ այդ թեկնածուի մասին կարելի է տեղեկություններ իմանալ նրա կողքին եղած մարդկանցից, լրագրողները և լրատվամիջոցների ղեկավարները գերադասում են ունենալ նրա՛ ուղղակի խոսքը, նրա՛ կադրերը՝ հեռախոսով խոսելիս, համակարգչով աշխատելիս, հատկապես իրենց լրատվամիջոցի լոգոյով բարձրախոսով, հատկապես իրենց «բացառիկ» հարցերին պատասխանելիս: Ի դեպ, այդ «բացառիկ» հարցերից է՝ «Չե՞ք  կարծում, որ հացադուլը քաղաքական պայքարի ամենաարդյունավետ միջոցը չէ»:

Ինչքան էլ առաջին ձեռքից տեղեկություններ ստանալը կարևոր և կենսական է ԶԼՄ-ի համար, բայց սա ա՛յդ դեպքը չէ: Ուրիշ խնդիր է, որ նրա նախընտրական շտաբն էլ կարծես թե բավարար կերպով չի համապատասխանեցնում աշխատանքներն իր թեկնածուի բողոքի առանձնահատկություններին: Իսկ դրանք ենթադրում են, որ լրագրողների հետ շփումները, տեսագրողների «օբշի պլանները» և «պերեբիվկաները» ապահովելու և այլնի համար պետք է նշանակվեն հատուկ ժամեր: Բայց եթե թերանում է շտաբը, մեր գործընկերներն իրենք պետք է հասկանան, որ անհրաժեշտ է ծայրահեղ նրբանկատություն՝ այս կարգի լուսաբանումներ պատրաստելիս: Էլ չենք ասում՝ բուն լուսաբանումների մասին: Անկախ նրանից՝ համակրում, հակակրում ենք այս թեկնածուին, առավել ևս երբ հակակրում ենք, պետք է զգույշ և էթիկայի տեսանկյունից անխոցելի լինեն այդ լուսաբանումները, որոնց նույնիսկ տոնը չպետք է վիրավորական լինի: Էլ ո՞ւր մնաց՝ դրանցում տեղ գտած որակումները:

Մենք շարունակում ենք թերանալ այս հարցում, մենք շարունակում ենք խրատ տալ, չարախնդալ, պիտակավորել այն գործողությունների հեղինակներին, որոնց մենք չենք հասկանում կամ չենք ընդունում:

Արդարացի լինելու համար նշենք, որ անցնող շաբաթվա երկրորդ կեսին արդեն սկսեցին հայտնվել անհատ մարդկանց և կառույցների՝ հացադուլավոր թեկնածուի առողջությամբ մտահոգության լուսաբանումներ, որոնք գնահատականներ չէին պարունակում: Բայց շաբաթվա առաջին կեսին մենք տանուլ ենք տվել այս հարցում:

Ի՞նչ է, նորի՞ց պատերազմ

Մենք կարող ենք տանուլ տալ նաև մեկ ուրիշ՝ մեր ներքին էթիկայի հետ քիչ կապ ունեցող ճակատամարտում: Հերիք չէ՝ «Ժողովուրդ» թերթի դեմ նույն անձը արդեն երկրորդ հայցադիմումն է ներկայացրել, հիմա էլ լրատվամիջոցները հայտնում են Հանրապետության երկրորդ նախագահի կողմից՝ նորից ԶԼՄ-ի դատի տալու մասին: Փաստորեն, հրադադարը ժամանակավոր էր: Ենթադրելի է, որ փետրվարի 18-ից հետո հրադադարի նոր, առավել հաճախակի խախտումներ կարձանագրվեն, և կավարտվի …հրադադարը:

Մեկ այլ «հրադադար»՝ այս անգամ՝ նախընտրական լուսաբանումների, անցկացնում են այն հեռարձակող լրատվամիջոցները, որոնց սեփականատերերը կորցրել են իրենց հետաքրքրությունը ընտրությունների նկատմամբ: Համենայն դեպս, նրանց կողմից ընտրարշավի նկատմամբ ուշադրության խիստ նվազման մասին է վկայում ԵՄԱ՝ հեռարձակվող ԶԼՄ-ներում 2013թ. նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը, որը հրապարակվեց այսօր:

Ցավալիորեն, մշտադիտարկումը դարձյալ ու դարձյալ վեր է հանում նախընտրական լուսաբանումների անկյունաքարային հիմնախնդիրը՝ բանավեճերի բացակայությունը եթերում: Ստեղծված մթնոլորտը և ավանդույթներն արդեն իսկ լավատեսություն չեն ներշնչում, թե այս իրավիճակը առաջիկա տասն օրերին կարող է փոխվել:

«Լավատեսական» 

Իսկ գուցե դրա կարիքն էլ չկա. չէ՞ որ հայաստանյան եթերի միակ խնդիրը հայ մտավորականները տեսել էին սերիալների բացասական ազդեցության մեջ: Անցնող շաբաթը հասկանալի դարձրեց, որ այդ խնդիրը ևս «լուծված է»: Համենայնդեպս, մեր ԶԼՄ-ներում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ եթերի մաքրությամբ մտահոգ պաշտոնյան արդեն գոհ է սերիալների՝ առնվազն սոցիալական դրական ազդեցությունից:

Լուսանկարը՝ http://www.armnewstv.am/hy/1359631247-ի:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.