ԵՄԱ Ամփոփագիրը փաստորեն լավատես էր` ԶԼՄ-ների Նոր տարվա սկիզբը ակնկալելով այս փետրվարին:
Այն իրավիճակը, երբ լրատվամիջոցները փորձում էին հնարավորինս հավասարակշիռ լուսաբանել նախագահական քարոզարշավը, փաստորեն պահանջ և ավանդույթ չդարձավ` նույն կերպ շարունակելու աշխատանքը նաև ընտրություններից հետո:
Դարձ ի շրջանս…
Ավելին` մեր լրատվամիջոցները շատ շուտ թուլացան նույնիսկ ընտրությունները չսկսված` խախտելով լռության օրը: Այս երևույթն անգամ հասցրեց ստանալ իր անունը ` «ինքնահանգստություն» (այս մասին առավել մանրամասն հրապարակում կլինի ԵՄԱ համապատասխան հաշվետվությունից հետո): Ընդ որում` խախտումներ կատարել են նաև թեկնածուները իրենց ֆեյսբուքյան էջերում:
Հատկանշական է, որ հատկապես հեռարձակվող լրատվամիջոցները նախաքարոզչական դիսբալանսի մեջ ընկան անմիջապես` ընտրությունների պաշտոնական արդյունքները չընդունող թեկնածուի հանրահավաքների լուսաբանման ժամանակ: Օրինակ, «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականը փետրվարի 20-ի գլխավոր թողարկման ժամանակ ցույց է տալիս ռեպորտաժ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքից` կիրառելով հայլուրական բոլոր էժանագին հնարքները` հնարավորինս ոչ մարդաշատ կադրեր, արևածաղիկով խիստ զբաղված միտինգավորներ և ոչ մի համայնապատկեր (դիտել 05.42 րոպեից):
Իհարկե, այդ հնարքները հորինվել և աշխարհում կիրառվում էին նաև «Հայլուրից» առաջ, սակայն դրանք չարաշահելու պատճառով` այս լրատվականին իրավամբ կարելի է այդ հնարքների հեղինակը համարել:
Ե՛վ Հանրային, և՛ մի քանի մասնավոր հեռարձակվող լրատվամիջոցների լրատվականների անցնող շաբաթվա աշխատանքը վկայեց, որ այսպես կոչված, ժողովրդավարական մեթոդները (իսկ լրատվամիջոցների համար դրանք ավելի շուտ մասնագիտական արհեստավարժություն են) կամ ավելի ճիշտ, դրանց կիրառման թույլտվությունը, գալիս են ծորակով, որի փականը ամենևին լրատվամիջոցի ձեռքին չէ: Ցավոք, ոչ էլ սպառողի:
Սպառողին չհասցեագրված և նրանով չուղղորդվող, վերևում նկարագրված աշխատաոճի մասին է խոսում նաև այն երևույթը, որ ընտրություններին սեփական թեկնածուն չունեցող և իր ընտրազանգվածին այդպես էլ չուղղորդած կուսակցությունների հեռուստատեսությունները հայելային արտացոլեցին այդ կուսակցությունների վերաբերմունքը այս ընտրությունների նկատմամբ (եթե անգամ իրավական տեսակետից «կուսակցությունների հեռուստատեսություններ» արտահայտությունը սխալ է, բայց հեռուստատեսային դաշտը առանց սեթևեթանքների այլ կերպ չես բնորոշի):
Այս շարքից է նաև սպառող-ընտրողի պահանջների լրիվ անտեսումը` մրցող թեկնածուների միջև բանավեճի անցկացման կամ գոնե դրանք նախաձեռնելու տեսանկյունից: Այս մասին բազմիցս հավաստել են նախագահական ընտրությունների լուսաբանման ԵՄԱ և մի քանի միջազգային կազմակերպությունների մշտադիտարկումների արդյունքները:
Մոսկվան արդյունքներին չի՞ հավատում
Արդյունքների առումով հետաքրքիր կլինի անշուշտ ընտրության օրը լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերի պաշտոնական հետաքննությունը: Առնվազն խոստումնալից է, որ Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը չի սահմանափակվում լրագրողական կազմակերպությունների նշած երկու դեպքերով:
Նույն` արդյունքների առումով պետական ատյաններին չի վստահում «Գալա» հեռուստաընկերությունը, որի կայքը ընտրությունների օրը խափանվել էր:
Ռո~ւբիկ ջան
Իսկ լրատվական դաշտի և ոչ միայն նրա համար, առավել կարևոր արդյունքները կլինեն եկող շաբաթ, երբ Հանրային հեռուստատառադիոընկերության խորհուրդը կընտրի իր նախագահին: Անգամ այսքան կարևոր` սակայն այդ արդյունքները առանձապես հետաքրքիր չեն: Այն պարզ պատճառով, որ բոլորին ամեն ինչ պարզ էր մինչև մրցույթ հայտարարելը: Չնայած այս ոլորտի առավել փորձառու մասնագետների առկայությանը, Հանրային հեռարձակումը վստահվելու է առավելապես շոումենի իմիջ ունեցող Ռուբեն Ջաղինյանին, որին հենց այդ իմիջի պատճառով շատերը ոչ թե Ռուբեն,այլ Ռուբիկ են կոչում: Ինչքան էլ նրա միակ մրցակիցը փորձի փաստարկել, թե իր հայտը մրցակցության իմիտացիայի համար չէ, միևնույն է, այս մրցույթը վերջին և տրամաբանական քայլն է Հանրայինը Զվարճալիի վերածելու մի քանի տարվա սցենարի:
Նկարը` http://a1plus.blogsome.com/2007/05/24/p36/-ի:
Մեկնաբանել