ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԻ ՏԵՂԵՐԸ ՓՈԽԵԼԻՍ

Հեռուստատեսություն. փակենք այս թեման Թվում է, ի թիվս այլ միջոցների, պետք են նաև երկար ու բարդ մեթոդաբանությամբ մշտադիտարկումներ՝ հասկանալու և վեր հանելու այն բոլոր խնդիրները, որոնք առկա են հայաստանյան լրատվամիջոցներում և այդ ոլորտը կարգավորող իրավական դաշտում: Այդպիսի մշտադիտարկումներ, իհարկե, անհրաժեշտ են, արվում են և արվելու են:

Այդ պրոֆեսիոնալ մշտադիտարկումների հիման վրա են կառուցվում այն գնահատականները, որոնք և տեղական, և միջազգային կազմակերպությունների կողմից տրվում են լրագրողների ամենօրյա աշխատանքի և բազմաթիվ այլ գործոնների համադրության արդյունքում ձևավորվող լրատվական մթնոլորտին: Եվ ինչքան էլ այդ գնահատականները հակիրճ ու լակոնիկ լինեն, սովորաբար նույնքան էլ դիպուկ և տարողունակ են լինում:

Նոր զեկույց՝ ծանոթ գնահատական

Անցնող շաբաթում Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի կողմից հրապարակվեց Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության իրագործման հերթական՝ 2012թ.-ի առաջընթացի զեկույցը : Այստեղ ավանդաբար տեղ ունեն նաև խոսքի ազատության խնդիրները: Դրանցից մասնավորապես մտահոգության տեղիք է տալիս բազմակարծությունը հեռարձակվող լրատվամիջոցներում, անգամ նշելով որոշակի առաջընթաց ԶԼՄ դաշտում՝ ի դեմս Արմնյուսի եթերում «Ա1+»-ի 20 րոպեանոց լրատվական թողարկումների հեռարձակման:

Այս և այլ թերություններ լրատվական դաշտում շտկելու համար առաջարկվում է փոփոխություններ կատարել հեռարձակման մասին օրենսդրության մեջ՝ «ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի առաջարկություններին համահունչ»:
Ընդհանրապես այս կարգի դիտողություններ և առաջարկություններ արվում են համանման բոլոր զեկույցներում: Ինչ խոսք, դրանց ընդառաջ կամ ոչ ընդառաջ, արվում են նաև փոփոխություններ մեր օրենսդրական դաշտում, սակայն անցնող շաբաթվա համադրությունները լրատվական դաշտում տեղի ունեցող իրադարձությունների հետ՝ առնվազն հուսահատեցնող են, քանի որ խիստ խորհրդանշական են:

Պատային-շախմատային

Իսկ ի՞նչ էր տեղի ունենում Հայաստանյան ԶԼՄ-ներում անցնող շաբաթում: Ոչ մի նոր բան:
Բովանդակային, օրենսդրական, խորքային լուծումների մասին մտածելու ժամանակ մեզ մոտ կարծես թե չկա, մենք զբաղված ենք ոլորտի կոսմետիկ «մեկայփով»: Մամուլում հրապարակվեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի հավանական նոր թեկնածուի անունը, որն այժմ զբաղեցնում է Հանրային հեռուստատեսության տնօրենի պաշտոնը:

Թե ինչ գործեր-նորամուծություններ են արվել նրա օրոք Հանրային հեռուստատեսությունում, բացի այն ավելի ոչ- հանրային դարձնելը, այնքան էլ հայտնի չէ: Փոխարենը՝ շախմատ է, որ խաղացվում է ԶԼՄ տախտակին. ֆիգուրներ են փոխվում-փոխատեղվում, իսկ վիճակը մնում է անփոփոխ: Մե՛ծ հաշվով: Քանի որ նախագահական ընտրությունների նախաշեմին հարաբերական բազմակարծությունն ու հավասարության պահպանումը հեռարձակվող ԶԼՄ-ներում ավելի շուտ բացառություն էր, քան կանոն դարձավ մեր դաշտի համար:

Նշանակալին այն է, որ վերևում հիշատակված բացառությունը նշվեց բոլորի կողմից՝ և հայաստանյան իշխանությունների, և քաղաքացիական հասարակության, և միջազգային կազմակերպությունների: Նշվեց, ընդգծվեց և… դրվեց դարակին՝ հավանաբար հետագայում հիանալու և մատնացույց անելու համար:

Իսկ դրանից հետո սկսվեց աշխատանքը՝ փոփոխությունների իմիտացիայի ուղղությամբ. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ նշանակվեց/ընտրվեց շոումեն Ռուբեն Ջաղինյանը:

Իսկ հիմա ավելի «գլոբալ» փոփոխություն է սպասվում հեռարձակման ոլորտում՝ չհաշված 2014թ.-ի թվայնացումը. ՀՌԱՀ նախագահի պաշտոնավարման ժամկետի լրանալու կապակցությամբ ներկա նախագահը ամենայն հավանականությամբ կփոխարինվի վերը նշված թեկնածուով: Ամենավատ (կամ ամենալավ) կանխատեսումներով, ՀՌԱՀ-ը կարող է անգամ լուծարվել, քանի որ արդեն իսկ հաջողությամբ կատարել է իր «պատմական առաքելությունը»՝ փակել «Ա1+»-ը:
Ամենավատ կանխատեսում՝ այն իմաստով, որ մինչև հիմա միամտաբար կարծել ենք, թե Հանձնաժողովի առաքելությունը հեռարձակողների եթերային լիցենզավորում, հեռարձակողների գործունեության՝ օրենսդրությանը համապատասխանության վերահսկողություն իրականացնելն է և այլն, այսինքն՝ օրենքով ձևակերպված գործառույթներ, որոնք, հաստատ, լավ է որ իրականացնող կա: Բայց սա՝ միամտաբար:

Իսկ եթե վերադառնանք իրականություն, հնարավոր է որ մամուլի կանխատեսումը Հանձնաժողովի լուծարման մասին իրոք ամենալավն է: Իհարկե, եթե վերջինիս առաքելությունը և կոչումն ի սկզբանե «Ա1+»-ն էր:
Ի վերջո, կլուծարվի Հանձնաժողովը թե կենթարկվի շախմատային փոխատեղման, մեծ հաշվով, շատ բան չի փոխվի հեռարձակվողների կյանքում՝ մասնավորապես, ԶԼՄ ոլորտում՝ ընդհանրապես: Մթնոլորտի՛ իմաստով:

Իրապես՝ գաղջ

Տարբեր լրատվամիջոցներով ընդամենը մեկ օրվա լրահոսին հետևելով անգամ կարելի է վեր հանել հայաստանյան լրատվական դաշտի գրեթե բոլոր հիմնական խնդիրները՝ օրենքին անհամապատասխան գործելն ու ոչ պրոֆեսիոնալիզմը, ինչպես դա արվեց անցնող շաբաթում:
Այսինքն գույներն այնքան խիտ են, որ անգամ հատուկ չափիչ սարքեր պետք չեն:

Լուսանկարը՝ http://www.report.am/news/society/herustatesutyan-or.html-ի:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.