«Վերջին շրջանում մեդիա ոլորտում փոփոխություններն այնքան սրընթաց և դինամիկ են տեղի ունենում, որ որևէ ստատիկ իրավիճակի ներկայացումը հազիվ թե շատ բան տա՝ հիմնախնդիրների ընկալման տեսանկյունից: Առավել ևս, որ փոփոխությունները մեկ հարթությունում, ասենք, տեխնոլոգիական, անպատճառ իրենց կնիքն են թողնում մնացած բոլորի վրա՝ օրենսդրական, քաղաքական, մասնագիտական»:
Սրանք ամենևին Մամուլի ազատության օրվա առթիվ 2013թ. մայիսի 3-ի մտորումները չեն: Չակերտները ճիշտ նկատեցիք. սրանք մեջբերում են՝ արված 2012թ. հոկտեմբերի 11-ին Թբիլիսիում տեղի ունեցած Հարավային Կովկասի ԶԼՄ-ների «Ավանդականից՝ առցանց լրագրություն. լավագույն փորձը և հեռանկարները » համաժողովում հնչած ելույթից:
Հատկանշական է, որ գիտաժողովում Հայաստանը ներկայացնող բանախոսներից Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի՝ այդ ժամանակ արված «2011-2012թթ.-ի գերակշռող միտումները Հայաստանյան ԶԼՄ-ներում» վերլուծությունը, որը նաև Հայաստանի ԶԼՄ-ների զարգացման շուրջ կանխատեսումներ էր պարունակում, չնչին փոփոխություններով արդիական է անգամ համաժողովից յոթ ամիս հետո: Նկատենք նաև, որ վերլուծությունը կատարվել է նախընտրական երկու՝ 2012թ.-ի մայիսի խորհրդարանական և 2013թ. փետրվարի նախագահական ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում:
Անգամ այս պարագայում ակնհայտ է, որ այն միտումները, որոնք արձանագրվեցին խորհրդարանական ընտրապայքարի ժամանակ, ոչ միայն շարունակվեցին, այլև առավել ամրացան նախագահականի ժամանակ: Օրինակ, մինչև այս երկու ընտրությունները Հայաստանում արդիական էր հետևյալ մտածելակերպը, որ ով հեռուստատեսություն ունի, նա էլ կհաղթի ընտրություններում: Համազգային ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ և՛ Երևանի մամուլի ակումբի, և՛ միջազգային կազմակերպությունների մշտադիտարկումները ցույց տվեցին, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայաստանյան հեռարձակվող լրատվամիջոցները, հատկապես հեռուստատեսությունները, բոլոր քաղաքական ուժերի քարոզարաշավի լուսաբանումը հիմնականում հավասարակշիռ են իրականացրել, իրենց եթերում հիմնականում ապահովել են բազմակարծությունը:
Սա բանախոսը բացատրել է ոչ այնքան իշխանությունների բարի կամքով (առանց որի այն, միևնույն է, անհնար էր), որքան այն հանգամանքով, «որ հեռուստատեսությունը զրկվել է հանրային կարծիքի ձևավորման մենաշնորհից, և ընտրություններին ցանկալի արդյունքների հասնելու համար այդ ռեսուրսի անզուսպ չարաշահումը կարող էր ջանքերի անտեղի վատնում լինել»:
Այս միտումները պահպանվեցին նաև նախագահական ընտրություններին, թեև, ցավոք, դրանցից հետո առանձնապես զարգացում չապրեցին: Պատճառներից մեկը նույնն է, ինչ խորհրդարանական ընտրություններից հետո. միջազգային կազմակերպությունների ուշադրության բացակայությունը կարծիքների և իրադարձությունների լուսաբանման նկատմամբ՝ ոչ ընտրական ժամանակահատվածներում:
Սակայն գլխավոր պատճառներից և՛ անցյալ տարի, և՛ հատկապես այս տարի մնում է հեռուստատեսությունների դերի աստիճանական նվազումը՝ քաղաքացիների համար տեղեկությունների հիմնական աղբյուր լինելու առումով: Իսկ այ կայքերը ապրում են իրենց աստեղային ժամերը:
Հատկապես հեռարձակման թվայնացման նախաշեմին հեռարձակվող լրատվամիջոցների օրենսդրական, քաղաքական բոլոր հիմնախնդիրներին զուգահեռ, կամ գուցե դրանցից առավել, առանձնանում է Հանրային հեռարձակողը: Ինչպես անցնող մեկ տարում բազմաթիվ անգամներ կանխատեսել է ԵՄԱ Ամփոփագիրը, 2012թ.-ի հոկտեմբերին դեռ նշվել էր, որ որպես արժեքավոր ինստիտուտ Հանրային հեռարձակողը հեռանում է թատերաբեմից՝ այդպես էլ չկայանալով: Ինքնարտադրում ապահովող գործիքին ներկայացվող այն խնդիրները, որոնք Հանրայինի առջև դրել էին իշխանությունները, աստիճանաբար ոչ պակաս հաջողությամբ կատարում են մասնավոր հեռարձակողները: Խնդրներ առաջադրելուց առաջ՝ իշխանությունները վերջիններիս, իհարկե, նաև ազատեցին գովազդային դաշտի հիմնական մրցակցից՝ Հանրայինից խլելով այդ դաշտում ագրեսիվ խաղացողի կարգավիճակ տվող արտոնությունները: Մինչդեռ վերջինս վերևների թողտվությամբ շատ ավելի մեծ հաջողությամբ էր իրականացնում բիզնես նախագծեր, քան մասնավորները:
Եթե հոկտեմբերին միայն կանխատեսվում էր, ապա այսօր արդեն ակնառու է, որ արդեն ոչ պիտանի այդ գործիքը՝ Հանրային հեռարձակվողը տրվելու է որպես փրկագին՝ լոյալ «մտավորականությանը», որոնք այնտեղ կիրականացնեն էժանագին նախագծեր՝ առանց գովազդային եկամուտների, բայց և կմնան իշխանությունների հավատարիմ էլեկտորատը:
Իսկ տպագիր մամուլի փրկությունը, ինչպես երևում է, իսկապես կոնվերգենտ դառնալն է, այլապես միայն «թղթի վրա» այն հազիվ թե երկար գոյատևի՝ առցանց լրատվամիջոցների հնարավորությունների հետ մրցակցության մեջ:
«Լրատվամիջոցներ» հասկացության սահմանման ընդլայնումը, ինչպես ամիսներ առաջ, այնպես էլ այսօր հնարավորություն է ստեղծում խոսելու սոցիալական մեդիայի միջոցով «ցանցային» քաղաքացիական ակտիության մասին: Այդ ցանցերում տեղեկատվության ակնթարթային տարածումն ու նույնքան ակնթարթային արձագանքն այդ տեղեկատվությանը պարունակում է նաև ապատեղեկատվության, սադրիչ տեղեկությունների և մանիպուլյացիաների սողանցքներ, որոնք փորձում են կիրառել ժամանակակից փիար և քաղաքական տեխնոլոգները:
Այստեղ է կարևորվում փորձառու լրագրողների, մեդիա փորձագետների և քաղաքացիական ակտիվիստների համագործակցությունը, որը «լրատվական կազմակերպութունների գործունեության նոր և հեռանկարային ուղղությունն է»:
Միանգամայն ուշագրավ է այն դերը, որը հատկացվում է, թվում էր, իր առաքելությունը վաղուց սպառած մի մեդիայի՝ ռադիոյին: Ձեռքերով աշխատող ցանկացած մասնագետ՝ սանտեխնիկ, բժիշկ, բուժքույր, վարորդ, որոնք չեն կարող իրենց աշխատանքին զուգահեռ թափառել համացանցում և այդպիսով մշտապես զինված լինել թարմ տեղեկություններով, նույնչափ կարիք ունի տեղեկությունների, քան ողջ աշխատանքային օրը համակարգչի առաջ անցկացնող մասնագետը: Իսկ հայաստանյան ռադիոները վերջին տարիներին մեծապես անցել են հասարակական-քաղաքական տեղեկատվություն մատուցողի ձևաչափին, ինչից շահել է միայն այդ տեղեկատվությունն սպառողը:
Վերջին տարիներին հայաստանյան լրատվական դաշտի դրական փոփոխություններից շարունակում են նշվել զրպարտության և վիրավորանքի համար հայցերի քանակի, ինչպես նաև՝ դրանցում ֆինանսական փոխհատուցման չափի նվազման միտումները:
Դրանք այսօր էլ ակնհայտ են: Իսկ նոր միտումներին և հների շարունակությանը ԵՄԱ Ամփոփագիրը կանդրադառնա արդեն «եկող տարի». շնորհավոր Մամուլի ազատության օրը:
Հ.Գ. Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ելույթին ամբողջությամբ հնարավոր կլինի ծանոթանալ մայիսի 16-ին՝ ԵՄԱ շաբաթական տեղեկագրում:
Լուսանկարը՝ http://photobzik.com/ կայքի:
Մեկնաբանել