ՎՐԻՊՈՒՄՆԵ՞Ր, ԹԵ՞ ՄԻՏՈՒՄՆԵՐ

ԵՄԱ Ամփոփագրի այս թողարկումը ծրագրավորվում էր որպես հիմնական թեմա ունենալ հայաստանյան լրատվական դաշտի անցնող շաբաթվա այն վրիպումները, որոնք ոմանց կարծիքով վրիպում էին, ոմանց կարծիքով՝ լրագրողի անմիջական պարտականության արդյունք: Այսինքն վրիպումներ՝ պայմանական, հնարավոր, վիճահարույց, համենայն դեպս լրագրողական համայնքի և լրատվության ոչ անտարբեր սպառողների համար՝ ոչ միանշանակ: Այսինքն «վրիպումներ» վրիպումները:

Սակայն, ցավոք, անցնող շաբաթվա «նշանակալից» մեդիա իրադարձության, ինչպիսին դարձավ Աբովյանում եկեղեցու օծման արարողությանը հետևած «հյուրասիրության» լուսաբանումը հայաստանյան և արձագանքները՝ ոչ հայաստանյան մամուլում, դափնիները խլեց մեր դաշտի ամենավիճահարույց, իրեն կոպլեքսներից զերծ պրոֆեսիոնալ պատկերացնող լուսանկարիչը: Ցավո՛ք, քանի որ վերջինիս արածը ոչ միայն իր վտանգավորությամբ գերազանցեց Աբովյանի «դեպքին», այլ նաև՝ մնաց աննկատ լրագրողական համայնքի կողմից:

Սիրիական ճգնաժամի լուծման փնտրտուքներո՞ւմ

Մեր հավակնոտ գործընկերը վերցրել ու հանգիստ իր կայքում տեղադրել է համացանցում տեղ գտած մի տեսանյութ, որտեղ Սիրիայի ապստամբ հրամանատարը հանում է կառավարական զորքերի զոհված զինվորի սիրտը և ուտում այն: Գուցե անհնագստանալու կարիք չկա. չէ՞ որ տեսանյութն այսպես թե այնպես արդեն կա համացանցում, և այդ մասին գրում և խոսում են գրեթե բոլոր խոշոր լրատվամիջոցները:

Ինչպես միջազգային լրատվամիջոցներին ասում են սիրիացիները, այսպիսի գազանություններ տեղի են ունենում Սիրիայում ճգնաժամի սկզբից ի վեր, սակայն միջազգային հանրությունը նոր-նոր է իր համար բացահայտում դրանք: Եվ նաև՝ այսպիսի տեսանյութերի տարածման շնորհիվ:

Թե Սիրիայի պատերազմի մասին ինչեր բացահայտեց այս տեսանյութը, այլ խնդիր է: Գուցե թե այդ պատերազմի և ընդհանրապես պատերազմի իրական սարսափները վեր հանելու և հետագա վայրագությունները կանխելու և խաղաղարարության տեսանկյունից այս տեսագրությունն անգին գանձ է: Բայց երբ այն տեղադրվում է հայաստանյան մի կայքում, որն անգամ դեռահասներն են պարբերաբար ստուգում՝ «հետաքրքիր վթարներ» կամ, իրենցից մեկի բառապաշարով՝ «թույն ավարիաներ» դիտելու համար, հետաքրքությունը հաստատ Սիրիայի ճգնաժամի շուտափույթ լուծմամբ և վայրագությունները դադարեցնելու մղումով չէ պայմանավորված:

Այն առաջընթացը, որ ապրեցին նախ այս լուսանկարիչը, այնուհետև՝ նաև նրա կայքը, հանավաբար հենց մեր անտարբերությամբ է պայմանավորված: Նախ մենք չընդվզեցինք (ավելի ճիշտ ընդվզեցինք, բայց ակնհայտորեն՝ ոչ բավարար) մեր տեղական վթարների և աղետների նրա լուսաբանումներից, որոնք չափազանց շատ էին պարունակում դաժան և չարդարացված մանրամասներ, բացահայտում էին տուժողների և զոհերի ինքնությունը, ինքնանպատակ էին և ունեին զրոյական արժեք՝ հանրային շահի տեսնակյունից: Հետագայում գործընկերները և որոշ սպառողներ նրան նույնիսկ մեղադրեցին ոստիկանության նյութերը սեփական արտադրանքի անվան տակ իրացնելու մեջ: Սա էական է այնքանով, որ ոստիկանության լուսանկարած և տեսանկարահանած նյութը իր բովանդակությամբ և նպատակներով խստորեն տարբերվում է լրագրողական բովանդակությունից և նպատակներից, իսկ դրանք նույնացնելը պրոֆեսիոնալիզմի պակասի կամ բացակայության նշան կարող է համարվել:

Այս «մեդիա-զարգացումը» հասավ մինչև կայքի ստեղծում, որտեղ վերը նշված սկզբունքները խորացան և բազմապատկվեցին: Հավանաբար մեր հանցավոր լռությունը կամ ոչ պատշաճ ընդվզումը՝ գուցե այս երևույթը ոչ ըստ արժանվույն կարևորելու միամտությամբ պայմանավորված, հիմա ուրիշ պտուղներ է տալիս:

Եթե մենք խոսում ենք դաժան տեսագրությունների մասին, սովորաբար նկատի ենք ունենում, թե ինչպես են դեռահասներն իրար ծեծում, կամ հրամանատարը ինչպես է ստորացնում կամ ծեծում իր զինվորներին: Այս դեպքում խիստ դժվարանում է անուն տալ այն երևույթին, երբ դիակից հանում են սիրտն ու լյարդը և ուտում: Միթե նորից դաժանությո՞ւն: Չե՞նք նսեմացնում արդյոք այս երևույթի հրեշավորությունը: Չե՞նք նսեմացնում արդյոք այս տեսարանների ազդեցության աստիճանը անգամ ամուր նյարդերով մարդկանց վրա:

Ի վերջո, Հայաստանում միջազգային լրատվամիջոցներ դիտում են, ինչպես նաև դրանց կայքերը այցելում են ոչ այնքան զանգվածաբար, ինչպես վերևում հիշատակված «լրագրողինը»:

Եվ վերջապես՝ տեղեկատվական ի՞նչ նպատակ է հետապնդում այս նյութի տեղայնացումը Հայաստանում:

Թույլատրելի ցանկությունների սահմանը

Երևանի մամուլի ակումբի «Մամուլի ակումբ» հաղորդաշարի անցնող շաբաթվա թողարկման ժամանակ քննարկվում էին հեռուստատեսային թոք-շոուներում թույլատրելիության սահմանները, այդ թվում է՝ և դեռահասների ծեծի դաժան տեսարանների: Այստեղ հնչեց կարծիք, որ «ծեծի տեսագրություն նայող երիտասարդը հաջորդը ցանկանում է տեսնել, թե այդ ծեծողն ինչպես է արդեն սպանում»:

Իսկ ի՞նչ պետք է ցանկանա տեսնել սպանության տեսարաններից կշտացած ու ձանձրացած երիտասարդը: Խնդրե՛մ, եթե դժվարանում է միջազգային լրահոսում կողմնորոշվել կամ անտեղյակ է համաշխարհային վերջին գազանություններից, կարող է արդեն չմտահոգվել ու շատ չփնտրել. դրանք նրա համար գտնող, առավել մատչելի դարձնող ու անխնա տարածողն արդեն կա:

Իսկ շղթան դեռ ձգվում է

Մինչ վերը նկարագրված տեսանյութի տեղադրման սույն քննադատությունը պատրաստվում էր, նույն կայքը տեղադրեց սիրիական մեկ ուրիշ «ժիվոյ բլոկբաստեր» (բնութագրումը՝ հայ դեռահասների տիպիկ ներկայացուցչի- խմբ.). թե ինչպես է մեռնում մարդը դիպուկահարի կրակոցից:
Ի՞նչ կա որ. «լրագրողն» ընկել է սիրիական «ալիքի» վրա. ոչինչ, որ բացահայտ բռնություն է քարոզում: Անգամ ձևերը կարելի է սովորել:

P.S. Այդ տեսանյութերին ակտիվ հղում այս հոդվածում չենք տեղադրում. անփորձ ընթերցողը թող ինչքան հնարավոր է դժվարությամբ դրանք գտնի, իսկ փորձառուն կգտնի ու կգնահատի առանց դրա էլ:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.