ԻՐԱԶԵԿ՝ ԱՆՊԱՇՏՊԱ՞Ն

Haykak ArshamyanԱնհեթեթ է խելացի դեմքով վերլուծել, թե ինչն էր պակասում անցնող ամսում և անցնող շաբաթում մեր մեդիա դաշտին՝ կատարյալ լինելու համար, ա՛յն ժամանակ, երբ վերլուծում ես, թե ինչպես են լուսաբանվել քեզ հետ նույն սենյակում աշխատող գործընկերոջդ՝ նախորդ գիշեր իր տան առաջ ծեծուջարդի ենթարկելու մասին տեղեկությունները: Իսկ տեսաշարը, լուսանկարները… Ինչ խոսք, պրոֆեսիոնալ լրատվամիջոցները լիարժեք կատարեցին իրենց առաքելությունը: Հասարակությունը շատ արագ տեղեկացվեց, թե ինչ է տեղի ունեցել վերջին շրջանի բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից երկուսի հետ սեպտեմբերի 5-ի գիշերը Եզնիկ Կողբացի 2 հասցեում:

Դրանից առաջ հասարակությունը շատ օպերատիվ տեղեկացվել էր նախագահականի, ավելի առաջ՝ քաղաքապետարանի և Փակ շուկայի դիմաց անցկացվող բողոքի ակցիաների ընթացքի և առանձին դրվագների, ինչպես նաև հետագա զարգացումների մասին: Եվ ընդհանրապես, վերջին ամիսներին դժվար է գտնել տեղեկատվության հայ սպառողի, որը ցանկության դեպքում չկարողանար տեղեկություններ ստանալ իրեն հետաքրքրող  իրադարձություններից: Ինչպես և նախկինում կանխատեսվում էր, ցավոք, այդ տեղեկությունները օպերատիվ հաղորդում է ոչ թե Հայաստանում առայժմ ամենամեծ լսարանն ունեցող մեդիան՝ հեռուստաընկերությունները, որոնք հիմնականում հասանելի են Հայաստանի գրեթե բոլոր ծայրամասերում, այլ համացանցային մեդիան՝ իր բոլոր տեսակներով և թեև օրեցօր աճող, բայց դեռևս հեռուստատեսայինին զիջող լսարանով:

Սակայն…

Այն, ինչին կոչված է ծառայելու տեղեկացվածությունը՝ այսինքն նպաստելու հասարակական-քաղաքական կյանքին և որոշումների կայացմանը հասարակության հնարավորինս լիարժեք մասնակցությանը, մնում է բաց: Լրատվամիջոցները կատարում են իրենց առաքելությունը, տեղեկացնում են, հասարակությունը տեղեկանում է և ահա, ուր որ է՝ պետք է կյանքի կոչի հայտնի արտահայտությունը, թե «ինֆորմացիան ուժ է», մեկ էլ՝ ի՞նչ: Հանկարծ մեր թարս հասարակությունում պարզվում է, որ ամենաանզորն ու անպաշտպանը հենց ամենատեղեկացվածներն են, նրանք, որ համեմատաբար շատ բան գիտեն և պետք է որ գործադրեն իրենց տեղեկություններն ու գիտելիքը ի բարօրություն հասարակության և երկրի: Բայց արի ու տես, հենց նրանք էլ դառնում են իրենց տեղեկացվածության և դրանից բխող՝ իրենց ակտիվության զոհերը:

Չէ՞ որ դժվար է չհամաձայնել, որ այսօր հասարակության ամենաանպաշտպան խավը ամենատեղեկացվածներն ու ամենա- ոչ-անտարբերներն են:

Ինչ խոսք, սրանից փչում է չլսելու-չարձագանքելու-չհաղորդելու սովետական կեցության հոտը, բայց դա… հավանաբար՝ սեպտեմբերի 5-ի գիշերվա կադրերի ազդեցությամբ է: Հակառակ դեպքում, պետք է կոչ անել նաև մեդիա ասպարեզում վերադառնալ «Պրավդայի» ֆորմատին:

Սակայն…

Այդպիսի վերադարձը չափազանց թանկ կնստի տեղեկացվածության առումով առնվազն խորհրդային ժամանակներից առաջընթաց ապրած հայ հասարակության համար:

Պարզապես գուցե առավել շատ օրինակներ են անհրաժեշտ՝ հասարակության տեղեկացվածության արդյունքում՝ հաղթանակով ավարտված նրա ակտիվության փորձից:

Ցավոք, անցնող շաբաթում այդպիսիք քիչ էին:

Լուսանկարը՝ http://www.aravot.am- ի:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.