Անցնող շաբաթում զարգացավ և մեկնաբանություններ ու քիչ թե շատ պարզություն ստացավ դեռևս նախորդ շաբաթում ի հայտ եկած պատմությունը, որին դժվար է այլ վերնագիր տալ, քան «ընդդիմադիր ակտիվ գործունեության հետևանքները»: Ինչքան էլ դա պոպուլիստական է հնչում բուն պատմության գլխավոր հերոսի շուրթերից, սակայն ամեն ինչ կարծես թե հենց այդպես է: Համենայնդեպս դրա դերակատարները պետք է գիտակցեին, որ առնվազն այդ տպավորությունն են թողնելու:
Անկախ «Ես?Yes!» ամսագրի մասին եղած կարծիքներից, դրա շուրջ ծավալված իրադարձությունները դասական օրինակն են, թե ինչ է պատահում, երբ մարդը համարձակվում է կյանքի կոչել իր՝ ընդդիմադիր կարծիքն ու դիրքորոշումներն ունենալու իրավունքը:
Այստեղ հատկանշականն այն է, որ ինքը՝ ամսագրի նախկին գլխավոր խմբագիրը, լինելով ակտիվ, տեղյակ և գործունյա քաղաքացի, միևնույն է, անհետևողական, ավելին՝ անփույթ է գտնվել, իր բնորոշմամբ, իր նախագծած ու ստեղծած ամսագրի նկատմամբ հեղինակային իրավունքները գրանցելու հարցում: Այսինքն, զբաղվելով ակտիվ լրագրողական և ոչ միայն լրագրողական գործունեությամբ, նա աչքաթող է արել մեր երկրում ընդունված այն պրակտիկան, որ քաղաքացիական դիրքորոշում ունենալն ու այն չթաքցնելը վտանգավոր են այս դեպքում՝ մասնագիտական գործունեության համար: Ախր անգամ հնարավորինս բազմակողմանի լրագրությամբ զբաղվելն է վտանգում գովազդատուների թիվը լրատվամիջոցի համար, ո՞ւր մնաց թե՝ բացահայտ ընդդիմադիր կեցվածքը, առավել ևս՝ քաղաքական գործունեությունը: իսկ եթե այդ քաղաքական գործունեությունը ժամանակին չզսպվեց, կվտանգվի ոչ միայն գովազդատուների թիվը, այլև աշխատանքն՝ առհասարակ:
Ինչևէ, անցնող շաբաթվա այս, ցավոք, շարքային ու տխուր պատմությունը հավանաբար իրավական հետևանքներ չի ունենա, քանի որ, գոնե այսօր «Ես?Yes!» ամսագրի նախկին գլխավոր խմբագիրը չի պատրաստվում դատարան դիմել: Սակայն այս պատմությունից եզրակացություններ պետք է անի ոչ միայն նա, այլև բոլոր այն անհատները, որոնց մտքով անգամ չի անցնում, որ պետք է ապահովագրվել՝ գրանցելով սեփական ստեղծագործությունների, նախագծերի նկատմամբ հեղինակային իրավունքները: Տվյալ դեպքում նկատի ունենք մեդիա- նախագծերը: Մեր լրատվական դաշտը առանց այդ էլ լիքն է քաղաքականացված վրեժխնդրության օրինակներով:
«Էտո յա՛ պրիդումալա»
Հեղինակային իրավունքի տեսանկյունից ևս անցնող շաբաթում նորություններ եղան: Երկրորդ ընթերցմամբ Ազգային Ժողովում քննարկվեց «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:
Անշուշտ դրական է, որ այն առաջին ընթերցումից հետո փոփոխությունների է ենթարկվել, սակայն վիճարկելի է այն, որ դրանց արդյունքում օրինագիծն առավել հստակ է դարձել: Առնվազն մեկ-երկու հարցում, որոնց շուրջ մտահոգություններ կային, անորոշությունը կարծես թե ավելացել է: Առաջին. իրավամբ փաստերը, օրվա լրահոսը և իրադարձությունները չեն հանդիսանում հեղինակային իրավունքի օբյեկտ, սակայն «փաստերի արտահայտման ձևը հեղինակային իրավունքի օբյեկտ է, եթե ստեղծագործական աշխատանքի արդյունք է» կամ համանման («օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի արտահայտման ձևը հանդիսանում է ստեղծագործական մեկնաբանություն») ձևակերպումները առնվազն խեղաթյուրում են «փաստ» լրագրողական եզրը: Փաստը չի կարող արտահայտվել մեկնաբանության ձևով, քանի որ «մեկնաբանությունն» իր հերթին լրագրողական այլ եզր է, որը «փաստի» տրամագծորեն հակառակ կողմում է և վերջինի հետ հատվել կարող է բացառապես այսպես՝ «փաստի մեկնաբանություն»: Ինչը հաստատ արդեն «փաստը» չէ: Վերջինը կարող է գրվել, շարադրվել, վատագույն դեպքում՝ հաղորդվել, բայց հենց մեկնաբանվեց, կկորցնի իր՝ անփոփոխ լինելու էությունը:
Անշուշտ, հասկանալի է լրագրողական համայնքի մտահոգությունը փաստերի ինքնատիպ շարադրանքների գողության սարսափելի չափերի հասած դեպքերի կապակցությամբ, սակայն, լրագրությանն առնչվող ցանկացած օրենք ինքը պետք է հաշտ լինի լրագրողական (ինչո՞ւ ոչ՝ նաև փիլիսոփայական), տվյալ դեպքում՝ «փաստ»,«կարծիք», «մեկնաբանություն» տերմինների հետ:
Իսկ ինչքա~ն խաղարկելու տեղ կարող է պարունակել «նյութի օգտագործման նպատակն արդարացնող ծավալ» ձևակերպումը: Նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ այսպիսի ձևակերպումը մեր դատարաններում որոշ ժամանակ լրագրողների նյարդերը սղոցելուց հետո պահանջելու է Վերաքննիչ կամ Սահմանադրական դատարանների մեկնությունները: Իսկ ինչո՞ւ սպասել անհաջող ձևակերպման փորձաշրջանի ավարտին, եթե այդ փորձաշրջանից կարելի է խուսափել՝ առավել հստակեցնելով ձևակերպումը:
Լուսանկարը՝ civilnet.am կայքի:
[…] շաբաթներում ծայր առած ոչ միանշանակ պատմությունը՝ կապված քաղաքական/քաղաքացիական ընդդիմադիր կեցվածքի […]