Անցյալ շաբաթներում ծայր առած ոչ միանշանակ պատմությունը՝ կապված քաղաքական/քաղաքացիական ընդդիմադիր կեցվածքի համար լրատվամիջոցի գոյությամբ հատուցելու հնարավորության հետ, չհասցրեց հանգուցալուծում ապրել: Անցնող շաբաթում կարծես թե արդեն ունենք նույն սցենարի արդեն երկրորդ դրվագը`մեկ ուրիշ լրատվամիջոցի գլխավոր դերակատարմամբ:
ՊԵԿ-ի նախաձեռնած արտահերթ ստուգումներում լրատվամիջոցը տեսնում է քաղաքական ենթատեքստ և անգամ դիմում երկրի օմբուդսմենին՝ խնդրելով նրա միջամտությունը հարկային մարմնի իրական նպատակները բացահայտելու հարցում:
Ձեզ համեստ պահեք. կարող է պատահի, ձեզ հետևում են
Զավեշտալին այս պատմության մեջ այն չէ, որ լրատվամիջոցի ղեկավարի դիմումի մեջ երկրի հարկային մարմնի գործունեության բուն շարժառիթների և նպատակների՝ ժողովրդի մեջ վաղուց ընդունված և անվիճելի համարվող պնդումների համապատասխան ճշգրիտ ձևակերպումն է տրվում, քանի որ այդ մարմինը ոչ մի կերպ չի ասոցացվույմ հարկայի՛ն գործառույթներ իրականացնող կառույցի հետ: Այն պատժիչ գործիք է և վերջ: Անգամ կարելի է կանխագուշակել, որ շուտով ՊԵԿ-ն իսկապես լուրջ խախտումներ կհայտնաբերի «Ռադիո Հայում» կամ առնվազն արձանագրություն կկազմի իր աշխատանքներին խոչընդոտելու մասին: Իսկ դա, ինչպես ճիշտ ժամանակին հիշեցրել է պետական մարմինն իր պարզաբանման մեջ, «հիմք է տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձանց նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման համար»:
Իսկ այդ նույն ժամանակ…
Առավել զավեշտալին կամ ողբերգականն այստեղ այն է, որ նույն շաբաթում զուգահեռ տեղի է ունենում մեկ այլ գործողություն, որն առաջին հայացքից նկարագրված նախորդի հետ ոչ մի կապ չունի:
Հայրենի կառավարությունը հարկերի վճարման ժամկետի հետաձգում է թույլ տալիս Հանրային հեռուսատեսությանը. չէ՞ որ վերջինս վերազինվում է: Մամուլում հրապարակված որոշ տեղեկություններով, այն մեկ միլիարդ դրամից ավելի տեխնիկա է պատրաստվում ներմուծել՝ համապատասխանելու միջազգային ստանդարտներին:
Փաստորեն Հանրայինին՝ միջազգային ստանդարտների հասնելու համար միայն տեխնիկան էր պակասում: Նույնիսկ երևի արդեն ավելորդ է ասել, թե ինչ երկար է նրա ճանապարհը մինչև միջազգային որևէ ստանդարտ, և թվարկել միջոցառումների այն շարանը, որը Հանրայինը պետք է կատարի այդ ճանապարհին:
Անցնող շաբաթվա այս երկու իրադարձություններն առաջին հայացքից, այո, կապ չունեն, բայց հենց դրանք են ընդգծում, թե ինչ ընտրովի է մոտենում մեր պետությունը կամ այն, ինչը պետք է որ պետություն լիներ, լրատվական դաշտին. գրպանային լրագրությունը և քաղաքացիական կյանքում գրպանային կեցվածքը ուղիղ ճանապարհ են լրատվամիջոցի՝ իր պատկերացմամբ զարգացման համար: Եվ հակառակը. եթե անձամբ դուք, կամ ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը, կամ մոտիկ հարևանի հեռավոր ազգականը վերջին 25 տարում փողոցում հանդիպել եք «Չենք վճարելու 150 ռուբլի» ակցիաների մասնակիցներին կամ անձկորեն նայել նրանց հետևից, ուրեմն հիշեք ընդմիշտ՝ դուք անգամ թռուցիկ պահելու իրավունք չունեք:
Առանց բարձրագոչ բառերի
Անցնող շաբաթվա ամենալուսավոր մեդիա-իրադարձություններից էր անշուշտ «Լրատուն» թանգարանի առաջին ցուցադրության բացումը: Սա ոչ միայն վերջին 25 տարիների երկրի նշանակալի իրադարձությունների լուսաբանման պատմությունը ներկայացնելու նպատակ ունի, այլև, հիմնադիրների հավաստմամբ, «մեդիագրագիտության ձև է. այցելուները կկարողանան հասկանալ, թե ինչ է ընտրում մեդիան, ինչու է ընտրում, ինչ է թողնում պատմության մեջ»: Նկատենք միայն, որ սա միջազգային մտածողություն է: Իսկ միջազգային ստանդարտն առաջին հերթին հենց մտածողություն է, գաղափար, հետո արդեն՝ տեխնիկա:
Շաբաթվա մեդիա-առեղծվածը
Անցնող շաբաթում մի հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ, որը «լուսաբանվեց» բացառապես մամուլի հաղորդագրության ձևաչափով: Տեղեկությունն այն մասին, թե ինչ էին անում եգիպտացի և քուվեյթցի լրագրողները Հայաստանում, բացի նրանից, որ հանդիպեցին հայ-եգիպտական և հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովների նախագահի հետ, այդպես էլ մնաց չպահանջարկված: Հետևաբար և աննկատ:
Նկարը՝ https://www.proactivereport.com կայքից:
Մեկնաբանել