ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԵԼԵԻ ՄԻՋԵՎ

Երբ սեպտեմբերի սկզբին հնչեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պատրաստակամության մասին հայտարարությունը, հասարակության մտահոգություններից մեկն այն էր, թե ԵՄ-ի հետ մոտավորապես չորս տարի բանակցելուց հետո երկիրը ինչ արագությամբ պետք է փոխի իր ուղղվածությունն ու ուղղությունը:

Մտահոգությունները պայմանավորված էին ինչպես մասնագետների առկայության, այնպես էլ՝ առկա մասնագետների ներքին համոզմունքների  հետ: Քանի որ, օրինակ եվրոպականի հետ մեր օրենսդրության ներդաշնակեցման վրա աշխատած մարդը այդ գործը պետք է որ ոչ միայն որպես հանձնարարություն կատարելիս լիներ, այլև՝ ներքին համոզվածությամբ: Մի՞թե հնարավոր կամ առնվազն հեշտ պետք է լիներ արագ շրջադարձ կատարել ներքին այլ՝ հակադարձ համոզվածության:

Անցյալ շաբաթների լրատվությունը ցույց տվեց, որ վերոնշյալ մտահոգությունները առնվազն միամտության արդյունք են: Արդեն նորություն չէ, որ նրանցից շատերը, ովքեր կատաղի հավատում էին մեր երկրի եվրաապագային, շատ արագ անցում կատարեցին եվրասիաապագային: Իսկ հին համոզմունքներից մնաց միայն կատաղիության շապիկը:

Այդ կատաղիությունը ներխուժեց մեր երկրի կյանքի գրեթե բոլոր ոլորտները, և երկրի որդեգրած նորագույն քաղաքականության հիմնավորումները սփռվեցին թե անվտանգության, թե կրթության, թե ռեսուրսների շահագործման և թե մշակույթի վրա:

Մյուս բոլոր ոլորտները կարելի է հանգիստ թողնել և անդրադառնալ միայն մեդիային:

Այն, որ անցնող շաբաթում վերջապես առավել նյութականացավ մի քանի տարի առաջ ծնունդ առած՝ իրական Հանրային հեռուստատեսություն ստեղծելու գաղափարը, թերևս պատահական չէ:

Տարիներ շարունակ հասարակությունը խոսում էր գոյություն ունեցող Հանրային հեռուստաընկերության թերություններից: Ավելի ճիշտ՝ իրողությունից, որ այն, ինչ հանրությանը մատուցվում է որպես հանրային, ամենևին էլ այդպիսին չէ: Լավագույն դեպքում՝ պետական և ոչ ավելին:

Եթե Հանրային հեռուստաընկերությունը ունի առանձին հոգևոր-մշակութային-կրթական ալիք և շարունակո՛ւմ է տեղեկատվություն հաղորդել, ուրեմն բոլոր ջանքերը պետք է ներդնի իսկապե՛ս հանրային հետաքրքրության տեղեկատվություն հաղորդելուն:

Այս ճանապարհին իր անելիքները թողած՝ Հանրայինը հանկարծ թանկարժեք տեխնիկա է սկսում ձեռք բերել, կասկածահարույց կադրային քայլեր անել: Սակայն դա էլ էականը չէ: Այլ այն, թե հաշված օրերում՝ սեպտեմբերի 3-ից սկսած, ինչի է վերածվում Հանրայինը:

Մի քանի շաբաթ առաջ մամուլում հրապարակումներ եղան Հանրայինում ռուսաստանցի գլխավոր պրոդյուսերի նշանակման մասին՝ այն շեշտադրությամբ, որ սա դեպի Մաքսային միություն, դեպի ռուսիֆիկացում ճանապարհի առաջին քայլերից է: Անգամ Հանրայինի լոգոյի փոփոխությունը՝ զոհ տալով դրանում Հայաստանը հիշեցնող միակ բանը՝ «Հ»-ն և առավելագույնս նմանեցնելով Ռուսական Առաջին ալիքի լոգոյին, նման մտահոգությունների տեղիք տվեց.

Այս ամենը կարելի էր գուցե չափազանցություն համարել, սակայն անցնող շաբաթում այդ մտահոգությունը բարձրաձայնեցին արդեն մեդիա փորձագետները: Մասնավորապես ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը չի կիսում վերջին օրերին հնչող այն կարծիքները, թե Հանրային հեռուստատեսությունը բարելավվել է. «Իրականում մենք ունենք յոթանասունական թվականների հեռուստատեսություն»: Իսկ ախտորոշումը առավել քան հուսահատեցնող է. «Հանրայինը ոչ միայն հանրային չէ, այլև Հայաստանինը չէ»: Սա արդեն լուրջ ահազանգ է. փաստորեն գալիս է մի փուլ, երբ երանի կտանք ամիսներ առաջվա անորակ ու անճաշակ, բայց մե՛ր Հանրայինին: Այսինքն մեր Հանրային լավ հեռուստատեսության համար պայքարում ոչ միայն կորցնում ենք այդ լավի հույսերը, այլև մերն ընդհանրապես:

Սրանից ուժեղ մաքսային հոտ է գալիս:

Զանգվածային լրատվամիջոցները ամենահզոր զենքերից են, իսկ անգամ ինտերնետի մղոնանոց քայլերի պարագայում մեր հասարակությունը դեռևս շարունակում է մնալ հեռուստատեսության լայն սպառող: Եվ եթե ինտերնետը վերահսկելը դժվար ու առայժմ անիրական է, հեռուստատեսության սանձերը շատ ավելի արագ կարելի է քաշել և ունենալ հլու-հնազանդ, կառավարվող, ձեռնասուն ոչ թե հեռուստատեսություն, այլ՝ ծելե:

Իսկ դրանց տարբերությունները մենք քիչ թե շատ հասցրել էինք տեսնել անկախության վերջին քսան տարում: Հիմա հասարակության հեգեմոն ծելեն մեզ ստիպելու է կարոտել կայացման ու հաստատման փորձերի ճանապարհին մոլորված մեր երբեմնի «Հայլուրն» ու  Հանրայինն ընդհանրապես:

Այս տեմպերով «առաջընթացի դեպքում», երբ ռուսները, բելոռուսներն ու ղազախները գան Եվրասիական Միություն, վախենամ՝ մենք արդեն այնտեղ լինենք:

Նկարը՝ http://lrtes.com կայքից:

One Response to 'ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԵԼԵԻ ՄԻՋԵՎ'

  1. Գեղամ Բաղդասարյան says:

    Ցավոտ խնդիր է ցավով արծարծված։ Բայց Աստված բեթարից ազատի՝ հաջորդ կանգառը կարող է լինել Ծելեի ու Ծիլիվիզըրի միջակայքում։

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.