ՈՉ ՄԻ ԳՈՐԾ ԱՌԱՆՑ ՀԵՏՔԻ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Hetq

Ինչքան էլ Ստրասբուրգում ՀՀ նախագահին հայ պատգամավորի տված հարցը աղմուկ կամ ավելի ճիշտ է՝ փոթորիկ բարձրացրեց քաղաքական, հասարակական շրջանակներում և մեդիայում, միևնույն է, շաբաթվա մեդիա իրադարձությունը մնում է «Հետքի» խմբագրի ֆեյսբուքյան գրառումը՝ թերթի հավանական մոտալուտ փակման մասին:

Մեդիադաշտը բուռն արձագանքեց՝ փորձելով հասկանալ նման քայլի պատճառները և դրդապատճառները:

Այն, ինչ ներկայացրեց Է. Բաղդասարյանը, ցավալիորեն միայն հետաքննության արդյունքում չի պարզել: Այսինքն այն, որ «պետական պաշտոնյաները, օլիգարխները կարգավորում են իրենց հարաբերությունները խմբագիրների հետ», լրագրողները պատվերներ են կատարում, ակնհայտ է նույնիսկ անզեն աչքով: Բայց երևույթներն իրենց անունով կոչելու սովորույթ, չգիտես ինչու միայն «Հետքի» խմբագիրն ունի: Գուցե միայն այն պատճառով, որ այդ մեղքերից ոչ մեկում նրան ոչ ոք մեղադրել չի կարող: Թեև փորձեր՝ վարկաբեկելու միշտ էլ եղել են:

Իհարկե, դժվար է ասել, թե «իշխանությունը մեդիադաշտը ոչնչացրեց» հենց «Հետքի» դարդից, սակայն որ հայ լրագրության բացառիկ ներկայացուցչին նման հուսահատության հասցնելը այդ ոչնչացման կողմնակի և ոչ պակաս յուղալի էֆեկտներից է, կարելի է պնդել գրեթե միանշանակ: Ստեղծել այնպիսի տնտեսական և քաղաքական դաշտ, որ մեդիան շնչելու օդ չգտնի և իրեն դեսուդեն նետի՝ փոխակերպվելով ու դիմազրկվելով՝ լավագույն ճանապարհն է խեղդելու այդ փոխակերպմանն ու դիմազրկմանն ընդիմացող հատուկենտ մոհիկաններին: Ինչպես նաև՝ զգուշացում/կանխարգելում նման հավակնություններ ունեցող հնարավոր նորելուկների համար:

Երեսպաշտության պես մի բան էլ է ֆինանսական ծանր խնդիրներ ունեցող գործընկերոջն ասել՝ դիմացիր, մենք, հասարակությունը, պետությունը քո կարիքը շատ ունենք: Իսկ ինչո՞ւ չդիմացանք մենք՝ մնացած բոլորս: Ինչո՞ւ թույլ տվեցինք, որ Հայաստանում մեդիան դառնա իսկապես ամենավերահսկվող դաշտը, ինչպես իրավացիորեն պնդում է մեր գործընկերը:

Ի՞նչ արեցինք՝ «Հետքին» առանց ամպագոռգոռ բառերի ցույց տալու, որ այս հասարակությունն իր կարիքն ունի, կամ ինչպես ամերիկյան դիվանագետն ասաց, հետաքննական լրագրության կարիք ունի:

Քանի՞ գովազդատու գտանք կայքի համար մենք՝ հետաքննական լրագրության կարիքն ունեցողներս:

Դռնեդո՞ւռ ընկանք, բաժանորդագրություն ու վաճա՞ռք կազմակերպեցինք, երբ տպագիր «Հետքը» պայքարում էր ամեն մի բաժանորդի համար և տանուլ տվեց այդ պայքարը:

Եթե մենք իսկապես ունեինք «Հետքի» կարիքը, ուրեմն «Հետքը» չի, որ տանուլ  է տվել, այլ՝ նրա կարիքն ունեցողները:

Այն, ինչ կներկայացնի «Հետքը» մինչև տարեվերջ՝ մեդիա դաշտի «գծատերերի» և հեռուստաընկերությունների իրական սեփականատերերի մասին հետաքննությունը, գուցե չներվի ոչ միայն վերջիններիս կողմից: Ինչ-որ չար ու համառ մի բան հուշում է. շատ լրագրողներ ու լրատվամիջոցների ղեկավարներ թեթևացած շունչ կքաշեն, երբ հայ լրագրությունից վերջապես վերացվեն «Հետքի» հետքերը:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.