ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՄԵԴԻԱՅԻ ԴԱՍԸ՝ ԼՈՒՐԵՐԻՆ

«Լինել և չլինել՝ այս է խնդիրը»:

Հանրահավաք մայրաքաղաքի կենտրոնում: Մարդիկ՝ հասկանալի է հիմնականում՝ ընդդիմադիր կամ առնվազն դժգոհ ինչ-որ իրականությունից, դեմքի համապատասխան արտահայտություններով, գոռալով ու հնարավոր է բորբոքված իրենց պահանջներն են հայտնում գործող իշխանություններին: Այս հավաքին ներկա են ամենատարբեր մարդիկ ամենատարբեր քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումներով, սոցիալական ծագմամբ և կարգավիճակով, ինչի մասին դատել կարելի է նաև նրանց հագուստներից ու պահվածքից:

Երեկոյան հեռուստատեսությամբ լուրեր նայելիս այս հանրահավաքի ամենատարբեր մասնակիցները տեսնում են իրենց ցերեկային միջոցառման «լուսաբանումը»: Իսկ այդտեղ կան բացառապես հնամաշ հագուստով, կիսասափրված հատուկենտ տղամարդիկ ու չարացած, դարձյալ հնամաշ հագուստներով կանայք: Եվ այս բոլորը՝ պարտադիր ատրիբուտիկայով զինված՝ արևածաղկի սերմեր չրթելիս:

Մի տնով չենք, բայց

Երևանի մամուլի ակումբի կազմակերպած «Հանրային նշանակության խնդիրների լուսաբանումը էթիկական տեսանկյունից» կոնֆերանսի ժամանակ այս մասին պատմում էր ոչ ամենևին հայ մասնակիցը, այլ՝Մոլդովայի Անկախ մամուլի ասոցիացիայի գործադիր տնօրեն Պետրու Մակովեյը:

Ի~նչ ծանոթ պատկեր է: Խոսքը կարծես մե՛ր մայրաքաղաքում տեղի ունեցած և մե՛ր հեռարձակվող հեռուստատեսություններով «լուսաբանված» հանրահավաքների և բողոքի ակցիաների մասին է: Եվ մինչև մուտք չգործես համացանց և չգտնես, ցանկալի է, չմոնտաժված կադրեր օրա իրադարձություններից, պատկերացում չես կազմի հանրահավաքի մասնակիցների մոտավոր թվի, հնարավոր է նաև՝ նպատակի և հիմնական ուղերձների մասին:

Ծուռ հայելիների հեռուստատեսությունում

Այդ իմաստով ցավալիորեն գնալով ավելի պահանջարկված են դառնում հենց չմոնտաժված կադրերը: Սակայն, ինչքան էլ հայաստանյան հեռուստատեսությունները հաջողությամբ խեղաթյուրեն իրականությունը՝ այն շպարելով, կիսապատմելով, կիսացուցադրելով, այդ իմաստով անցնող շաբաթվա ռեկորդակիրը Ռուսական Առաջին ալիքի լուրերն էին:

Թե ինչպես «մինչև Մոսկվա հասնելը» Շանթ Հարությունյանի մասնակցությամբ նոյեմբերի 5-ի դեպքերը դարձան գործող կառավարության կողմնակիցների և հակառակորդների ակցիա, Շանթ Հարությունյանը՝ ընդդիմության առաջնորդ, իսկ ցուցարարների ձեռքին եղած փայտե մահակների և եղած թե չեղած պայթուցիկ փաթեթների հետ հայտնվեցին՝ արմատուրա և բենզինի շշեր, որոնք «թռան իրավապահների ոտքերի տակ», դեռևս մնացել է անհայտ: Ապատեղեկատվության այս և այլ գլուխգործոցներ մեր ռուսաստանյան գործընկերները հասցրին իրենց բազմամիլիոնանոց լսարանին ընդամենը 38 վայրկյանի ընթացքում՝ դինամիկ, «դրայվային» մի «գեղեցիկ»՝ հեռուստատեսային ժարգոնով ասած՝ «նեմոյի» ժամանակ:

Նույնիսկ առանձնապես աշխարհաքաղաքական մեծամեծ նպատակներ չեն նշմարվում այս խեղաթյուրումների տակ կամ դրանք համենայնդեպս թող փնտրեն քաղաքագետները: Իսկ պարզ ժուռնալիստիկայի տեսանկյունից դա աղբ էր՝ անփութորեն թափված լսարանի գլխին, առանց տեղեկատվական նվազագույն հատիկի:

Այսօրվա դրությամբ հայկական կողմից դեռ ոչ ոք հերքում, պարզաբանում չի պահանջել կամ առնվազն չի հայտնել այդպիսի ցանկության մասին: Ավելին, նոյեմբերի 6-ի երեկոյան Առաջին ռուսականում նոյեմբերի 5-ի իրադարձությունների գույները խտացան մինչև «զանգվածային անկարգություններ»:

Քաղաքական ենթատեքստերից թերևս հնարավոր է հետևյալը, որ ցույց տրվի, թե ուր է հասել Հայաստանը՝ խոսքի և կարծիքի ու դրանք արտահայտելու եվրոպական ազատությունների հետևից ընկնելով: Եվ շտապ պետք է նրան հետ բերել եվրաճիրաններից:

Եվ Օսկարը ստանում է…

Ինչքան էլ ԵՄԱ Ամփոփագիրը մեդիան քննելիս և վերլուծելիս առաջնորդվում է նախ և առաջ հասարակության՝ լրատվություն ստանալու իրավունքով և իր թիրախում փորձում է պահել ԶԼՄ-ների հենց լրատվական-վերլուծական բովանդակությունը, սակայն անցնող շաբաթվա դափնիները շնորհում է ժամանցային հաղորդման:

Հայտնի «Չէին սպասում» հաղորդման հեղինակ և վարող Սուրեն Շահվերդյանը հայտնեց, որ հրաժարվում է եթեր հեռարձակել դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարից մի քանի ժամ առաջ նրա առանձնատանը նկարահանված հաղորդումը: Հեղինակի փաստարկը հենց այն էթիկայի ոլորտից է, որ այդքան քարոզում են լրագրողական կազմակերպությունները. «Պատկերացնում ե՞ք մյուս կողմի վիճակը, երբ տեսնի, որ ինքը (Վարդան Պետրոսյանը-ԵՄԱ Ամփոփագիր) այնտեղ ուրախ, զվարթ ներկայացնում է իր առանձնատունը:… Չենք կարող եթեր տալ. անտակտություն կլինի»:

Վաղուց ժամանակն է  մեր լրատվականներին՝ սերտելու այս «ժամանցային» դասը:

Նկարը՝ http://www.srilankaguardian.org կայքից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.