Անցնող շաբաթվա ամենաբուռն մեդիա և քաղաքական կրքերը ծավալվեցին հիմնականում երկու իրադարձությունների շուրջ: Մեկը՝ հայաստանյան, մյուսը՝ միջազգային:
Նախ՝ հայ հասարակությունն ալեկոծեց ռուսական առաջին ալիքով հնչած այն միտքը, թե Մաքսային միությանն անդամակցելու ցանկություն հայտնած Հայաստանին պատասխանել են, որ նրա «ցանկությունները մոտ ապագայում այդպիսին էլ կմնան՝ Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ Ադրբեջանի հետ չլուծված տարածքային հարցի պատճառով»:
Ա լա գեղ կոմ ա լա գեղ
Այս ալեկոծությանը շաբաթվա սկզբում անարձագանք մնաց դրա իրական հասցեատերը՝ ՀՀ իշխանությունները: Այդ օրերին ապարդյուն էին անցնում լրատվամիջոցների ջանքերը՝ նրանց որակմամբ «սկանդալային տեսանյութի» կապակցությամբ որևէ պարզաբանում ստանալ «Ռուսական առաջինից» կամ ՀՀ իշխանություններից (ս.թ. սեպտեմբերի 3-ից հետո ՀՀ իշխանություններ ասելով հավանաբար հարկ է հասկանալ միայն ՀՀ նախագահին, քանի որ երկրի արտաքին հարաբերությունների և հատկապես ինտեգրման մոդելների հնարավոր նախընտրությունների շուրջ զարգացումները այլևս բացառապես կամ լավագույն դեպքում վերջինիս քմահաճույքի ոլորտից են, և ոչ ոք դրանց անսպասելի շրջադարձերի մասին դրանցից նույնիսկ երկու րոպե առաջ չի իմանում):
Միակ «արձագանքը», որ մամուլին բաժին հասավ, Ռուսաստանի Առաջին ալիքի վերոնշյալ հայտարարությանը չէր առնչվում, այլ հարակից՝ Մինսկում ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքին ՀՀ նախագահի՝ ենթադրաբար քնած լինելու կապակցությամբ էր (դիտել 2.12 րոպեից մինչև 2.20): Նախագահի մամուլի խոսնակը իր նոր, հավանաբար հենց այդ կապակցությամբ բացված թվիտերյան հաշվում կատարում է իր՝ առայժմ միակ գրառումը՝ Նախագահը քնած չէ, կարդում է: Եվ թյուրիմացության համար մեղադրում օպերատորի պրոֆեսիոնալիզմին:
Այս պարագայում թերևս առանձնապես կարևոր էլ չէ՝ մեր Նախագահը քնե՞լ էր, թե՞ տարված էր ընթերցությամբ:
Հայ օպերատորների բառապաշարով՝ երբևէ «նախագահ նկարած» ցանկացած մասնագետ գիտի, համենյան դեպս նրան ասվում է, թե ինչ դիրքերում և ինչ դիրքերից չի կարելի նկարել նախագահներին: Եվ անգամ եթե նրանք չեն գտնվում իրենց մասնագիտական բարձրության վրա և վրիպումներ են թույլ տալիս, սովորաբար տեսաշարերն անցնում են մոնտաժողի, լրագրողի, իսկ նախագահ/ների դեպքում՝ նաև գլխավոր խմբագրի/թողարկման պատասխանատուի ձեռքի տակով:
Մեղքը օպերատորի վրա գցելով՝ թերագնահատվում է այս կադրերի նկարահանման և հեռարձակման նշանակությունը. սա պարզորոշ կերպով հերթական «գունավոր խալաթն» է մեր մաքսային գործընկերների կողմից: Դա ընդունելու դեպքում, պետք է որ համարժեք կամ գոնե որևէ պատասխան տրվի «պատերազմի» այս՝ տեղեկատվական ռազմաճակատում: Սակայն հենց դրա համար էլ գոյություն ունեն օպերատորները: Մեղքը՝ նրանց պրոֆեսիոնալիզմի վիզը:
Նախընտրելին՝լռությունը
Հանուն արդարության պետք է նշել, որ վերևում նշված ՝ ՄՄ անդամակցություն-Լեռնային Ղարաբաղ կապի թեմայով պատասխանի նմանվող ինչ-որ բան տալու փորձ արեց ԱԳՆ փոխնախարարը՝ ՀՀ Ազգային Ժողովում պատգամավորների ճնշման ներքո: «Ռուսաստանի իշխանություններն անընդունելի են համարում «Առաջին ալիքի» հեռարձակումը» ձևակերպումը ամենչհաջողված պատասխանն էր, որ կարելի էր սպասել նույնիսկ մեր ԱԳՆ-ից: Եթե անգամ պրն փոխնախարարի ականջին ռուսական իշխանությունները նման բան էին շշնջացել, վերջինս շշնջացողին պետք է որ հուշեր, որ լրագրության մեջ հերքումները, ուղղումները, ներողությունները կատարվում են նույն ձևաչափով, ինչպես որ հաղորդվել էր անընդունելի համարված տեղեկությունը: Ինչ խոսք, այստեղ ձևաչափերի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ վերոնշյալ տեղեկությունը ոչ ոք միամտություն չունեցավ լրագրություն համարելու: Առաջին ռուսականը միայն բարձրախոս է, և այդ կարգի հերքումները դուրս են նրա խմբագրակա՛ն քաղաքականության շրջանակներից: Այնպես որ, միանգամայն իրավացի են մամուլի ակնկալիքները՝ տեղեկություններ ստանալու փոխնախարարի ռուսաստանյան խողովակներից:
Ոչ առաջին անգամ է, ոչ էլ ՝ վերջին
Անցնող շաբաթվա բուռն լրտեսական կրքերը հիշեցրին նույնանուն խորհրդային մուլտֆիլմը, որտեղ գաղտնալսողներն ու գաղտնի տեսանկարահանողները հայտնվում են ամենաանհավանական տեղերում և ամենաանսպասելի քողարկմամբ: Սա դեռ 1967թ.նկարահանված «մուլծիկում», այդ ժամանակաշրջանին բնորոշ տեխնիկական հնարավորություններով և դրանցից բխող երևակայությամբ:
Ժամանակ առ ժամանակ հայտնի են դառնում դիվանագիտական գաղտնի համարվող փաստաթղթերի, ամենատարբեր կոնսպիրատիվ վայրերում կատարված խոսակցությունների և հանդիպումների բովանդակությունները: Եվ եթե այս ամենի համար առանձին ջանքեր են գործադրվում, և պահանջվում են հատուկ միջոցներ, ապա էլեկտրոնային նամակագրություն, և ընդհանրապես համացանցում ցանկացած քայլ, անգամ համակարգչի ստեղնաշարի վրա յուրաքանչյուր հարված կարող է գրանցվել Ամերիկյան հատուկ ծառայության՝ սկանդալային դարձած լրտեսող ծրագրի կողմից:
Անգամ լրագրողներն են հայտնվում գաղտնալսողների հետաքրքրության շրջանակում: Եթե ուրիշ օրինակներ չլինեին էլ, միայն Վիկիլիքսը բավական էր հասկանալու համար, որ այո, աշխարհում տոտալ վերահսկողություն է, և ոչ ոք դրանից ապահովագրված չէ:
Այնպես որ առնվազն արհեստականի տպավորություն են թողնում եվրոպական երկրների ղեկավարների նախ զարմանքը, հետո նաև՝ վրդովմունքը՝ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսված լինելու կապակցությամբ: Իսկ վերջիններս առանձնապես չթաքցրեցին էլ, որ լրտեսել են: Ավելին՝ նրանք հայտարարեցին, որ շարունակելու են լրտեսել:
Այս տեղեկությունները, որքան էլ փոթորկում են միջազգային մեդիան, մի տեսակ անտարբեր են թողնում հայ հասարակությանն ու մեդիա դաշտին: Կամ մենք թաքցնելու բան արդեն չունենք, կամ էլ արդեն գոնե 1967թվականից գիտենք, որ մեզ վերահսկելը «ռազ պլյունուծ»: Մեր մուլծիկը պետք է եվրոպացիներին էլ ցույց տված լինեինք: Թերևս այդքան ծանր չտանեին այս պատմությունը:
Անվրեպ ծանրքաշային… պատասխան
Շաբաթվա անվրեպ պատասխանը լրագրողներին՝ նրանցից օձիքն ազատելու համար տվեց ՀՀ սպորտի նախարարը, որը թմրանյութերի շրջանառության համար կալանված իր որդու մասին նրանց հարցերից խուսափելու համար տվեց հանդիպակաց հարցը.«Ես գնում եմ զուգարան: Չե՞ք ասի տեղը»: Հիրավի՝ լեգենդի երկրորդ կյանքը:
Լուսանկարը՝ http://www.massimedia.com/media/ կայքի:
Մեկնաբանել