Բարոյական վնասի, վիրավորանքի և զրպարտության համար ԶԼՄ-ների պատասխանատվության խնդիրները մշտապես լինելու են հասարակության ուշադրության կենտրոնում:
Անցնող շաբաթում ԱԺ-ում վիրավորանքի և զրպարտության համար ԶԼՄ-ների ֆինանսական պատժաչափը մեղմելու մասին քննարկումների ժամանակ հնչեց մի արտահայտություն: Հեղինակի հավաստմամբ, դա իրավագիտության մեջ ընդունված հասկացություն է: Նույնիսկ եթե այդպես է, այնուամենայնիվ, լրագրողական համայնքը պետք է որ առնվազն «լսեր» ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի արտահայտությունն այն մասին, որ պատիժը պետք է լինի «ցավոտ և շոշափելի»: Իհարկե, պատգամավորը նաև «բացել է» իր այդ միտքը՝ քիչ թե շատ մեղմելով այդ արտահայտությունները.«Նման պատիժը պետք է ունենա կանխարգելիչ նշանակություն, սակայն չոչնչացնի լրատվամիջոցին»:
Ողջամիտն էլ հարաբերական հասկացություն է
Հատկանշական է, որ այս երկու «տերմինները»՝ ցավոտ և չոչնչացնող, կիրառվում են պատիժ տերմինի համար: Անգամ ֆինանսական իմաստով, անգամ՝ հանուն պատկերավորության, բայց այս արտահայտության կիրառումը թերևս անուղղակիորեն բացահայտում է հատկապես իշխանական օրենսդիրների ՝ ԶԼՄ-ների համար հնարավորինս առավելագույն պատժաչափ կիրառելու կապույտ երազանքը:
2010 թվականին վիրավորանքն ու զրպարտությունը ապաքրեականացնելուց հետո շատերի կապույտ երազը՝ ոչնչացնել իրենց հասցեին կիսաթթու խոսք ասած լրատվամիջոցներին, մնաց անկատար. կտրուկ նվազեցին ինչպես ԶԼՄ-ների դեմ դատական գործերի թիվը, այնպես էլ՝ եղածներով ԶԼՄ-ներից նյութական փոխհատուցման շեմը: Ինչպես երևում է, այս հարցը շարունակում է անհանգստացնել հայաստանյան քաղաքական և հասարակական դաշտին: Եվ եթե ընդդիմադիր քաղաքական գործիչները ցանկանում են այդ պատժի չափը սահմանել ոչ թե նվազագույն աշխատավարձի հազարապատիկի, այլ գոնե՝ հարյուրապատիկի չափով, ապա իշխանականները եղածն էլ «ողջամիտ» են համարում:
Իսկ բարոյական վնա՞սը…
«Հակառակի նման» Սահմանադրական դատարանը դրանից մի քանի օր առաջ էր կայացրել որոշում, համաձայն որի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «այնքանով, որքանով բարոյական վնասը չի դիտում որպես վնասի տարատեսակ և չի ապահովում բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն՝ արգելափակելով անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը», ճանաչվեց ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր:
Ինչքան էլ հակասահմանադրական ճանաչված, սակայն Քաղաքացիական օրենսգրքի այդ մասը կդադարի գործել 2014թ. հոկտեմբերի 1-ին: Իսկ մինչ այդ անհրաժեշտ կլինի մշակել բարոյական վնասի ինստիտուտի կիրառման շրջանակները և հիմքերը, բարոյական վնասի դիմաց նյութական փոխհատուցման սահմանման հստակ մեխանիզմները և այլն: Փորձագիտական կարծիք կա, որ այն կբարձրացնի ԶԼՄ-ների պատասխանատվությո՛ւնը:
Բարոյական վնասի համար նյութական փոխհատուցման այս նյութականացումն, ինչ խոսք, մի կողմից կնպաստի մարդկանց անձնական կյանքի իրավունքի պաշտպանությանը, սակայն մյուս կողմից էլ գուցե նոր մահակի դեր ստանձնի ԶԼՄ-ների համար: Եթե անգամ՝ ոչ մահակ, ակնհայտ է, որ այն առնվազն զգուշության առավել բաձր շեմի պատճառ կդառնա լրատվամիջոցների համար: Միայն թե այդ զգուշությունը ինքնագրաքննության չհասնի:
Նկարը՝ http://media.am կայքից:
Զարմանալի է այն հանգամանքը, որ մեր օրենսդիրները շարունակում եմ օգտագործել «տուգանք», «պատիժ» արտահայտություններ քաղաքացիաիրավական հարաբերությունների առումով, մինչդեռ նշված արտահայտությունները վերաբերում են ու օգտագործվում են բացառապես քրեաիրավական նպատակներով։ Քրեական ոլորտում սոցիալական արդարությունը վերականգնելու համար անհրաժեշտ է հանցագործին պատժել, իսկ քաղաքացիական ոլորտում անհրաժեշտ է անձի կրած վնասը զուտ փոխհատուցել։ Քաղաքացիական օրենսգրքում 1087.1 հոդվածով սահմանված գումարները իրավական պաշտպանության կամ վնասի փոխհատուցման համար են սահմանված, այլ ոչ թե անձին պատժելու, տուգանելու, նրա գործունեությանը վնասելու համար, և այլն։
Թերևս դա էլ է բացահայտում նրանց թաքուն երազը` հնարավորինս պատժելու ԶԼՄ-ներին: