ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ

Եթե մեկ շաբաթ առաջ լրագրողներին,  ի թիվս Պուտինի հայաստանյան այցի դեմ ակցիայի մասնակիցների, քաշքշում և բերման էին ենթարկում, ապա անցյալ շաբաթը «փառահեղ» էր՝ մի քանի ա՛յլ վատ ավանդույթներ ևս վերհիշելու համար: Ավանդույթները, ցավոք, ոչ միայն վերհիշվեցին, այլև կյանքի կոչվեցին:

Սելը ճռռալու փոխարեն…

Նախ ՀՀ ազգային ժողովի մի պատգամավոր, ոչ կոռեկտ արտահայտությամբ վիրավորեց ոչ միայն ՀՀ ազգային փոքրամասնություններից մեկի ողջ  համայնքին, այլև «անմակարդակ», «վիժվածք»  որակեց լրագրողներին: Անգամ հետագա արդարացումը, թե կոնկրետ մեկ լրագրողի հետ մասնավոր զրույց է ունեցել, որը չպետք է հրապարակվեր, «չնսեմացրեց» պատգամավորի գործած սխրանքը: Հատկանշական է, որ այս գործը ՀՀ դատական իշխանություններին հասցնելու մտադրություն ունի հենց ինքը՝ պատգամավորը: Չնայած գուցե հակառա՞կը՝ լրագրո՛ղը մտածեր  այդ մասին, բացի նրանից, որ լրագրողները ստարագրահավաք են կազմակերպում՝ ԱԺ էթիկայի հանձնաժողով դիմելու համար:

Պատգամավորի օրինակը փաստորեն գրավիչ և վարակիչ էր. իր գործընկերոջից հետ չմնաց ՀՀ Ազգային ժողովի նախագահը: Օրենսդիր մարմնում ծավալված բուռն և արդյունավետ քննարկման ժամանակ Հ. Աբրահամյանը օդ նետեց «հաստավիզ լրագրողներ» արտահայտությունը: Եվ մնաց … անպատիժ. համենայն դեպս այդ արտահայտությունից մեկ օր հետո լրագրողները տեսանկարահանում են ժպտացող Աբրահամյանին, որը դեռ մի բան էլ ինքն է լրագրողին հարց տալիս. «Հիմա էդ հաստավիզների հարցն ինչպե՞ս լուծեցիք»: Փաստորեն ԱԺ նախագահը ոչ էլ միամտորեն էր բերնից բաց թողել պատմական արտահայտությունը. ավելին, նա դրանով հանձնարարություն էր տվել մեր գործընկերներին՝ մաքրվելու և ինքնամաքրվելու, սեփական շարքերը զտելու և բարձր ստանդարտների համապատասխանելու: Իսկ մեր, փաստորեն, «անմակարդակ» գործընկերները դեռ մի բան էլ ԱԺ նախագահին են բացատրում, որ լրագրողը չի կարող հաստավիզ լինել, չհաշված չնչին բացառությունները: Հիրավի, ամեն ինչ է մեր երկրում սկսել թարս աճել:

Իսկ ժպտացող Աբրահամյանին նկարահանելու փոխարեն հեռուստաընկերությունը կարող էր մնալ «պռատակոլի» սահմաններում և, եթե  ստիպված էր լուսաբանել Հայաստանի և Վրաստանի պառլամենտների նախագահների հանդիպումը Լոռու մարզում, ապա կարող էր լուսաբանել բացառապես ա՛յդ հանդիպումը: Իսկ ԱԺ նախագահին հնարավորություն չտար եթերով ևս մեկ անգամ ծաղրելու հայ լրագրողներին. նա գուցե փնտրեր ու չգտներ այդ հնարավորությունը ուրիշ մեդիատարածքներում ևս: Թեև ինքը հո հաստա՛տ լավ է ճանաչում իր հաստավիզներին:

Սուրբ տեղը դատարկ չի մնա

Անգամ «անմակարդակ, հաստավիզ» բնորոշումները, որ տրվեցին անցյալ շաբաթ հայ լրագրողներին, այն հոռետեսական տրամադրությունը չեն կարող առաջացնել, ինչպես տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի սահմանամերձ երկու տարածաշրջանները՝ Բերդը և Նոյեմբերյանը այլևս ադրբեջանական հեռուստաազդեցության ներքո են: Սկսել են կատարվել ամենավատ կանխատեսումներն այն բանի, որ սահմանամերձ շրջաններում մեր հաղորդակների թույլ լինելու կամ այլ պատճառներով, այստեղ չեն հեռարձակվում հայաստանյան լրատվամիջոցները: Իսկ գործող հզոր հաղորդակները չեն սիրում թափուր հաճախականություններ: Ավելի ճիշտ, ոչ թե չեն սիրում, այլ չեն հանդուրժում. միանգամից գրավում են դրանք: Ցավոք, մի քանի տարի հնչող ահազանգին ոչ իշխանություններն են արձագանքում, ոչ էլ՝ մյուս լրատվամիջոցները: Այս մի անգամ էլ այդ տեղեկությունը ոչ փոթորիկ առաջացրեց, ոչ անգամ՝ թեթև քամի: Այնպես որ, հրաժարականների մասին անգամ չերազեք:

Վերսկսվե~ց

Վերսկսվում է նաև մեկ այլ ավանդույթ՝ դատական գործեր է, որ հարուցվում են լրատվամիջոցների նկատմամբ: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ևս երկու հայց է ներկայացվել դատարան նման գործընթացներում վերջերս գրեթե մշտապես ներգրավված «Ժողովուրդ» օրաթերթի դեմ:

Այս առումով անցյալ շաբաթվա թույլ մխիթարությունը նույն «Ժողովուրդի» հաղթանակն էր. ընդհանուր իրավասության դատարանը մերժեց գործարարի հայցը թերթի դեմ: Սակայն գործարարը կարող է հանգիստ լինել. չէ՞ որ ավանդույթներն ընդամենը  մի քանի շաբաթ է՝ ինչ վերածնվում են:  Իսկ առջևում կան շաբաթներ և տարիներ:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.