ՊԱՐՏԱԴԻՐ ԹՎԱՅԻՆ

Tv-transitionԱնցնող տարվա ամենագործածական բառերից էր «պարտադիրը», որն արտասանելուց հետո անմիջապես և պարտադիր գալիս էր «կուտակային» բառը: Առաջիկա երկու տարում «պարտադիր» բառից հետո առավել հաճախ թերևս կկիրառվի «թվային» բառը: Պարտադիր թվային հեռարձակում երևույթը հնարավոր է ոչ միայն օրենսդրական, տեխնիկական, այլև սոցիալական խնդիրների պատճառ դառնա:

Հայաստանի տարածքում անալոգայինից թվային հեռարձակման անցման վերջնաժամկետը հետաձգելով մինչև թճէջ թվականի հուլիսի մեկը, ՀՀ կառավարությունը հասկացավ, որ այլևս ձգելու տեղ ու ժամանակ չկա, և ուզած-չուզած պետք է գործընթացները արագացնել` ինչի հաշվին էլ լինի:

Վերջերս հայտնի դարձավ, որ թվայնացման գործընթացն իրականացնելու համար հայտարարված մրցույթն արդեն կայացել է, և այն շահել է միջազգային հեղինակավոր ընկերություններից մեկը: Համապատասխան պայմանագիրը կառավարության հետ դեռ չի կնքվել. տեխնիկական հստակեցումների անհրաժեշտություն կա: Կային նաև հույսեր, որ այդ հստակեցումնեը կարվեին մինչև այս տարվա ավարտը, և պայմանագիրը կստորագրվի: /Այս պահի դրությամբ պայմանգրի ստորագրման մասին տեղեկություններ չկան, իսկ աշխատանքային տարուն մնացել է աշխատանքային մեկ օրվանից քիչ ավելի/:

Ոլորտի պատասխանատուները կիսամասնավոր հանդիպումներում հավաստիացնում են, որ մինչև տենդեր հայտարարելը ստուգել են ենթակառուցվածքների բազան, և որտեղ անհրաժեշտ է եղել, կատարել են վերանորոգում: Հավաստիացումներ հնչում են նաև այն մասին, որ  լուծվել են մինչև այժմ ծագած բոլոր խնդիրները: Իսկ ողջ գործընթացի ժամանակ ծագելիք տեխնիկական և այլ կարգի խնդիրները տեսանելի են, իսկ դրանց լուծումներն` իրատեսական: Օրինակ, մինչև վերջնաժամկետ, եկող տարվա ամռանը համապատասխան սարքավորումներն ստանալուց հետո, կիրականացվի թեսթային հեռարձակում մայրաքաղաքում և մի շարք քաղաքներում ու սահմանամերձ գյուղերում: Կամ, օրինակ, վստահեցնում են, որ անալոգային հեռարձակումը չի անջատվի այնքան ժամանակ, մինչև բնակչությունն առնվազն իննսուն տոկոսով ապահովված չլինի թվային ազդանշանով հեռուստատեսային պատկերի և ձայնի ստացման տեխնիկական հնարավորությամբ:

Այստեղ իհարկե լռության է մատնվում լրագրողական կազմակերպությունների կողմից բազմիցս բարձրացված` մուլտիպլեքս օպերատորի հարցը, որի օրենսդրական կարգավորումն այս պահին բացակայում է: Իսկ դա նշանակում է, որ առայժմ հնարավոր չի  լինի մուլտիպլեքս օպերատորի համար մրցույթ հայտարարել, այնուհետև լիցենզավորում իրականացնել: Այսինքն այս առումով ևս շտապել է պետք:

Նույնիսկ սա ամենամեծ մտահոգությունը չէ: Անգամ այսօր իսկ առավել առաջադեմ տեխնոլոգիաների առկայության և առավել ևս մոտ ապագայում` այսինքն մինչև էջ թվականը դրանց ի հայտ գալու պայմաններում` մեր կառավարությունն ասում է, որ ընտրված թվայնացման տեխնոլոգիան ամենա-, այսպես կոչված, սոցիալականն է: Բավական է գնել թվային ազդանշան ընդունող ժամանակակից հեռուստացույց կամ էլ հնի դեպքում`միայն մեկ կցորդ, և հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա դիտել բարձրորակ հեռուստատեսային/ քիչ էր մնում  գրվեր` հաղորդումներ/ պատկեր և ձայն:

Սպասվում է, որ այդ կցորդները պետք է արժենան մոտավորապես երեսուն դոլարին համարժեք դրամ, իսկ մի մեծ խմբաքանակ էլ /ճշգրիտ թիվը կհրապարակենք պայմանագրի կնքումից հետո/ կառավարությունը անվճար կհատկացնի սոցիալապես խոցելի ընտանիքներին:

Այ, այստեղից էլ կսկսվի շահարկումների շղթան: Ի՞նչ հիմունքով են որոշվելու այդ անապահովները, ի՞նչ փաստաթղթեր և տվյալներ են դրա համար պահանջվելու, ո՞վ է բաշխումն իրականացնելու, ինչքանո՞վ է այդ գործընթացը թափանցիկ լինելու, և ի՞նչ վստահություն է ունենալու այն հանրության շրջանում` հարցեր են, որոնց պատասխանները ստանալ կօգնեն` մեկ մեր կառավարությունը, մեկ էլ` տխրահռչակ «Փարոսի» փորձը:

Այն ստանդարտների ցանկը, որոնց պետք է համապատասխանեն հեռուստացույցները, ինչքանո՞վ կլինեն բաց ու հրապարակային և մի քանի ընտրյալների ձեռքին մնալով` չե՞ն դառնա թաքուն առուծախի առարկա`այդ ընտրյալներին հեռուստացույցների արտոնյալ, հետևաբար և` հաջող բիզնես ապահովելով: Կան մարդիկ, որ այսօր արդեն զգուշանում են նոր հեռուստացույց ձեռք բերել` վստահ չլինելով, որ մեկ տարուց դրանք համապատասխանելու են ստանդարտների հրաշագործ, համենայնդեպս մինչ օրս չհրապարակված ցանկին: Թեև հեռահաղորդակցության ոլորտում գործող և այսօր թվային հեռուստատեսության ծառայություններ մատուցող ընկերությունների բաժանորդներից ոմանք սրա լուծումը տեսնում են ոչ թե անմիջականորեն իրենց` հեռուստադիտողի մակարդակում, այլ հենց ընկերության. վերջինս կապահովի թվային ազդանշանի ստացման իր պարտավորությունը, և իր բաժանորդներին կհասցնի, ինչպես դա անում է այսօր: Նույնիսկ մասնագետներն այս պահին լավ չեն պատկերացնում բոլոր այն նրբությունները, որոնք հաստատապես ծագելու են թվայնացման պրակտիկական փուլում, իսկ դրանց լուծումներն` առավել ևս մթության մեջ են այս պահին, չնայած բոլոր հավաստիացումներին:

Այս բոլոր մտահոգությունները թվայնացմամբ զբաղվող ՓԲԸ-ն` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը թերևս ստիպված կլինի փարատել սոցիալական քաղաքականության համար անհրաժեշտ բաղադրիչի` մեծամասշտաբ իրազեկման արշավի կամ այսպես կոչված, թվայնացման պոպուլյարիզացիայի միջոցով: Իսկ դրա ոչ մի նշան գոնե առայժմ չի երևում: Բայց չէ՞ որ, եթե թվայնացումը հանրային միջոցառում է, ապա պետք է օր առաջ հանրությանը մատչելի իրազեկել, թե ինչ է անում կառավարությունը հանուն իր բարօրության: Որպեսզի այդ հանրությունը օր առաջ տեղեկանա ու հասկանա, թե հեռարձակման թվայնացում ասվածն իրեն ինչ է տալու և իրեն ինչ է արժենալու: Միայն ժամանակին և պատշաճ իրազեկված լինելու դեպքում նա կկարողանա համապատասխան վերահսկողությունն իրականացնել գործընթացի մնացած մասի նկատմամբ: Եվ դրա վերջնական ներդրումից հետո չեն լինի հիասթափության և հակազդեցության այն տհաճ պահերը, որոնք անցնող տարում ապրեց և դեռ եկողներում էլ կապրի մեկ ուրիշ պարտադիրի` կենսաթոշակային կուտակայինի դեպքում:

Հ. Գ. Շնորհավոր նոր`թվային հեռուստատեսության նախատարի:

Նկարը՝ http://www.michaelsinsight.com կայքից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.