ԱՇԽԱՐՀԸ ԿՓՐԿԻ ԼՐԱԳՐՈՒԹՅՈ՞ՒՆԸ

court, rules, journalists, must, disclose, sources,, missing, the, point, of, journalism, Երբեմն թվում է, թե ճշմարիտ բազմակողանի, անկողմնակալ և խորը լրագրությունը կփրկի աշխարհը: Երբեմն դա ոչ թե թվում է, այլ պարզապես հենց այդպես էլ ձևակերպվում է տարբեր մարդկանց կողմից: Գուցե այդ կերպ այլ մասնագիտությունների տերերը պարզապես իրենց ուսերի՞ց են վայր դնում իրենց մասնագիտությունների և անձամբ իրենց պատասխանատվության բեռը այդ անշնորհակալ գործում:

Երբեմն իրենք՝ լրագրողներն էլ կարծում են, որ իրենց գործն ավելին է, քան տեղեկություններ հայթայթելն ու տարածելը: Գուցե թե տեղեկությունների տարածման, դրանով հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, և այդ կերպ իրադարձությունների ընթացքի վրա որևէ կերպ ազդելու հեռահար հնարավորության իմաստով՝ այո, սակայն լրագրողները և նրա լսարանը միշտ պետք է գիտակցեն, որ այլ է ԶԼՄ-ների առաքելությունը:

«Մեր աշխատանքի նպատակը հասարակությունը փոխելը չէ, այլ ճշմարտությունն ասելը և առաջ շարժվելը: Մարդկանց աշխատանքն է փոփոխություններ անելը: Եթե մենք փորձենք անել այս երկուսը, մենք կսխալվենք»,- անցնող շաբաթում «Հետքի» հարցազրույցը լավագույնս ձևակերպեց այդ առաքելությունը:

Ճիշտ է, սա առավելապես հետաքննող լրագրողների համար է ասված, սակայն մեծ հաշվով այն անշուշտ առնչվում է լրագրությանն ընդհանրապես:

Մյուս կողմից, մեր լրատվամիջոցներն ընկնում են մյուս ծայրահեղության մեջ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է միջազգային իրադարձություններին:

Ինչպես նկատել էր «Մեդիա.ամ»-ը, Ուկրաինայի Մայդանի արյունալի ՝ փետրվարի 18-ի գիշերվա ընթացքում «Հայաստանի եթերը խաղաղ էր»:

Հայաստանյան մեդիա սպառողն այդ գիշեր օգտվել է կամ սոցիալական ցանցերից, կամ մի քանի առցանց լրատվամիջոցներից, կամ ոչ հայկական լրատվամիջոցներից: Ահա անցնող շաբաթվա դառը ճշմարտությունը հայաստանյան մեդիայի մասին:

Այն, որ մեր տեղական լրատվամիջոցների համար իսկապես ֆինանսական լուրջ խնդիր է աշխարհի թեժ, թեկուզև ոչ հեռավոր կետեր ուղարկել սեփական թղթակիցներին, ոչ մեկի համար գաղտնիք չէ:

Այլ հարց է, թե ինչ խնդիր պետք է լուծի այնտեղ հայաստանյան լրատվամիջոցի սեփական թղթակիցը: Բացի ֆինանսական միջոցներից, այդպիսի լրագրողների նաև անվտանգությունը պետք է ապահովել:

Մնում է ամենակարևոր հարցերից մեկը՝ պատրա՞ստ ենք մենք նկարահանման սարքը ձեռքներիս զոհվել՝ հանուն սեփական լսարանին էքսկլյուզիվ կադրեր ու մանրամասներ, կամ, շեշտում ենք՝ դետալային տեղեկություններ հաղորդելու: Գուցե թե զոհվելը պարտադիր չէ, բայց չէ՞ որ դրա հավանականությունը գոնե վերջին օրերի Մայդանում անհամեմատ ավելի բարձր է, քան, ասենք, գյուղնախարարի հետ Արմավիրի մարզ այցելության ժամանակ: Եվ խնդիրն այստեղ պարզապես մեր ծուլությունը և ցածր պրոֆեսիոնալիզմը չեն:

Գուցե ավելի մեծ դեր ունի այն, որ այսօր ինչքան պահանջարկված չէ հայաստանյան հասարակության տեղեկացվածությունը մեր իսկ իշխանությունների կողմից, ճիշտ նույն չափով պահանջարկված չէ մեր տեղեկացվածությունը միջազգային հանրության համար: Տեղեկատվության միջազգային «առևտրում» ի՞նչ ենք տալիս-առնում մենք, որ միջազգային կյանքում ինչ հետևանքներ ունենա մեր տեղեկացվածությունը:

Մեր տեղեկացվածությունը, հետևաբար և՝ ոչ անտարբեր կեցվածքը անշուշտ, կարևոր են անհատ ուկրաինացիների համար՝ մեր ծանոթ – ընկերների, իսկ աշխարհաքաղաքական իմաստով ինչքանո՞վ է նշանակալից հայաստանյան հասարակության տեղեկացվածությունն ու դիրքորոշումը՝ մնում է չհաշվարկված և չչափված:

Իհարկե, լրատվամիջոցը առաջին հերթին ի՛ր լսարանի մասին պետք է մտածի այս կամ այնտեղ թղթակից գործուղելով: Սակայն առավել հավանական է, որ լրատվամիջոցները վստահ չեն, որ այդ էքսկլյուզիվ պատառիկները կավելացնեն/կբարձրացնեն իրենց տպաքանակը/կայքի ռեյտինիգը (պայմանականորեն)/դիտելիությունը, եթե անգամ հայաստանյան  իրոք ամենաարտառոց էքսկլյուզիվները ի զորու չեն դա անել: Իսկ եթե անգամ ավելացնեն, դա երբեք ուղիղ համեմատական չի անդրադառնա նրանց եկամուտներին:

Այդ պատճառով հայ հասարակությունը շարունակում է արտերկրում տեղի ունեցող նույնիսկ ամենաթեժ իրադարձություններին հետևել արտերկրի, կամ, որ առավել նախընտրելի է, ուկրաինական լրատվամիջոցների աչքերով կամ շփվելով այնտեղի մարդկանց հետ առցանց հարթակներում:

Իսկ ամենաստույգ և ամենակարևոր տեղեկությունը Մայդանից այսպես թե այնպես հայտնվո՛ւմ է. այնտեղ մարդի՛կ են զոհվում: Տեղեկացվածության անգամ այս մակարդակը պետք է որ բավական լինի հայաստանյան հասարակության համար՝ անտարբեր չմնալու  համար:

Մնացյալը տեխնոլոգիաների խնդիր է՝ քաղաքական, տեղեկատվական թե տեխնիկական՝ էական չէ:

Նկարը՝ http://www.policymic.com/ կայքից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.