Անցնող շաբաթը հնարավորություններ է տալիս լիուլի օգտագործելու հայ բանահյուսության ամենատարբեր ժանրերն ու նմուշները:
Նախ՝ շաբաթը եռում էր ԱԺ պատգամավորի և ՀՀ արդարադատության նախարարի բառապաշարների երկու «առանցքային» բառերի շուրջ՝ «ղալաթ անել» և «չաթլախ»: Համենայն դեպս տեղական լրահոսում և վերլուծություններում այս բառերն այնքան շրջանառվեցին, որ մրցունակ էին անգամ ոչ տեղական «Մայդան» և «Յանուկովիչ» բառերի հետ:
Շաբաթավերջին գործածության հաճախությամբ սկսեց հաղթել նախկին արտգործնախարարի կողմից ակտիվ շրջանառության մեջ նետված՝ բանավոր լեզվի մեկ այլ նմուշ՝ «արա» դիմելաձևը: Առաջատարներին նշանակալիորեն զիջում էր, թեև դարձյալ պատվավոր տեղում էր ԱԺ մեկ այլ նշանավոր պատգամավորի թարմացրած՝ «հոր բոստան» արտահայտությունը:
Այս բառերն այսպես թե այնպես գործածվում են ժողովրդի առօրյա խոսքում, և դրա համար ամենևին անհրաժեշտ չէ ընտրյալների կողմից դրանց թարմացումը: Խնդիրն այն է, որ դրանք դարձան շաբաթվա լրահոսի առաջատար թեմաները՝ հավասար քայլելով ուկրաինական զարգացումների, ՀՀ-ում հղի կանանց բժշկական որոշ ծառայությունների համար վճարների սահմանման և այդ մասին առողջապահության նախարարի որոշման հետկանչի, Սումգաիթյան ջարդերի և Մարտի 1-ի տարելիցների մասին ԶԼՄ-ների հրապարակումների կողքին:
Փոխարենը հայաստանյան մեդիան համալրեց համաշխարհային ամենահայտնի ու ամենաշատը մեջբերվող այն լրատվամիջոցների շարքը, որոնք անցյալ շաբաթում ընդհանրապես չանդրադարձան փետրվարի 20-ի գիշերվան, որը տեղի բնակչության կարծիքով շրջադարձային էր Վենեսուելայում ընթացող հակակառավարական բողոքների և դրանց ուղեկցող կառավարության աջակիցների ցույցերի և այս երկու կողմերի միջև բախումների համատեքստում: Իսկ բուն իրադարձություններին եթե նույնիսկ անդրադարձներ էին լինում, դրանք առավելապես մակերերսային էին:
Անցնող շաբաթում համաշխարհային լրատվամիջոցները փորձեր արեցին շտկելու իրավիճակը և իրենց ընթերցողներին սկսեցին ավելի շատ տեղեկացնել վենեսուելական իրադարձությունների մասին:
Հայաստանյան լրատվական դաշտը կարելի է ասել անհաղորդ մնաց լատինաամերիկյան կյանքի ոչ-սերիալային կրքերին:
Անցնող շաբաթվա ամենադրական իրադարձությունը, որ տեղի ունեցավ մեր տեղեկատվական դաշտում, թող տարօրինակ չհնչի, ադրբեջանանական հաքերային խմբի կողմից հայաստանյան 300-ից ավելի կայքերի վերահասցեավորումն էր դեպի ադրբեջանական քարոզչական բովանդակությամբ մի կայք:
Այդ օրվա լարվածությունը՝ հատկապես կապված մի քանի լրատվական կայքերի անհասանելիության հետ, հետագայում նաև անհանգստությունները՝ am. տիրույթի խոցելիության կապակցությամբ, արդեն շաբաթավերջում տեղի տվեցին զուտ հայկական լավատեսությանը՝ չկա չարիք առանց բարիքի:
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն, ի դեպ, հարձակումից օրեր առաջ էր զգուշացնում ադրբեջանցիների կողմից հայտարարված հարձակման մասին: Թե ինչքանով էր լսված փորձագետի զգուշացումը, ակնհայտ դարձավ փետրվարի 26-ի գիշերը: Իսկ արդեն պոստֆակտում վերլուծելով կատարվածը և ինչ-ինչ լուծումներ առաջարկելով փորձագետը եզրակացնում է.«Ադրբեջանցի հաքերները օգնեցին մեզ. եթե չլինեին նրանք, բազմաթիվ հարցեր մենք այսօր չէինք բարձրացնի»:
Ճիշտ այնպես, ինչպես միջին վիճակագրական հայը չի փոխում իր տան անապահով կողպեքը կամ չի ամրացնում մի կերպ փակվող դուռն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն կոտրել գող հարևանները:
Լուսանկարը՝ http://www.newsbox.am/ կայքից:
Մեկնաբանել