Ողջ շաբաթ հայաստանյան և միջազգային լրատվական դաշտին հետևելիս միտումներ նշմարելու ու եզրակացություններ անելու անհրաժեշտությունը կարող է այսպես ասած «ջրվել» մեկ-երկու ժամում: Ինչպես դա տեղի ունեցավ այս շաբաթ:
Շաբաթվա բոլոր մեդիա իրադարձությունները խամրեցին «Հասարակական կազմակերպությունները՝ որպես պետական քաղաքականության իրականացման գործիք» բազմանշանակ անվանումով «քննարկման» ժամանակ հունիսի 11-ի երեկոյան ՀՀ ԱԺ-ում պաշտոնական Կրեմլի խոսափող համարվող ռուսաստանցի լրագրող Դ. Կիսելյովի ելույթից: Այն, ի դեպ, հայաստանյան մեդիայում արդեն անվանել են «մաստեր-կլաս»:
Հունիսի 11-ի երեկոյան Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցածից հետո, այն մտահոգությունները, թե հայաստանյան լրատվամիջոցներն իրենց հրապարակած տեղեկություններն «անցկացնում են» ռուսաստանյան ֆիլտրով, այլևս ակտուալ չեն: Այն, ինչ տեղի ունեցավ այդ օրը, անցյալ տասը ամիսների տրամաբանական արդյունք/շարունակությունն է: Եվ այժմ արդեն հայաստանյան իրականության համար պետք է որ առավել մտահոգիչ լինի ոչ թե պարզապես ռուսական ֆիլտրը, այլ ռուսաստանյան մեդիայի սկզբունքներո՛վ և, չի բացառվում, ռուսաստանյան մեդիա գիգանտների անմիջական հսկողության ներքո աշխատելու հեռանկարը:
Դ. Կիսելյովը հայ խորհրդարանականներին և լրագրողներին անգլո-սաքսոնական քարոզչությանը, աշխարհի կառավարման ռուսական և ամերիկյան մոդելներին, Ռուսաստանում արժեհամակարգի վերադասավորումներին ծանոթացնելու ժամանակ անդրադարձել է նաև լրագրության հիմունքներին: Մասնավորապես, Դ. Կիսելյովն ասել է, որ այլևս ակտուալ չեն լրագրության այնպիսի սկզբունքներ, ինչպես օրինակ՝ փաստը մեկնաբանությունից տարանջատելը: Այսինքն, տեսականորեն սկսել են ուսուցանել այն, ինչ «հաջողությամբ» փորձարկեցին Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ:
Կիսելյովի ելույթի մեխն, ինչ խոսք, ռուսաց լեզվի «շահերի պաշտպանությունն էր»՝ հանուն Հայաստանի անվտանգության շահերի: Պակաս հետաքրքիր չէր և իր թիմակցիների, մասնավորապես ՌԴ արտաքին քաղաքական հետազոտությունների և նախաձեռնությունների ինստիտուտի տնօրեն, արտերկրից ֆինանսավորվող ՀԿ-ներին «օտարերկրյա գործակալ» հռչակող հայտնի օրենքի նախաձեռնողներից Վերոնիկա Կրաշեննիկովայի զգուշացումը հայ հասարակությանը՝ արևմտյան ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների վտանգի մասին:
Այստեղ անգամ երևակայություն հարկավոր չէ՝ վերոնշյալ երեք «պոստուլատները»՝ ա) ռուսերենը՝ երկրորդ պետական լեզու, բ) քաղաքացիական հասարակության «քաղհան» (իմա՝ հասարակական կազմակերպությունների իսպառ կամ մասնակի ոչնչացում՝ մինչև կատարյալ անդեմացում), գ) վերադարձ լրատվության համայնավարական շրջան կամ քարոզչություն՝ լրատվության փոխարեն, իրար կողքի շարադրելով՝ ստանալու համար ժամանակակից Ռուսաստանի երազած Հայաստանի պատկերը: Այդ նկարում ջնջված կլինեն վերջին 22 տարվա հիմնական ձեռբերումներից առնվազն մի քանիսը: Իսկ սրանից հետո տոտալ ռուսիֆիկացիան արդեն «ռազ պլյունուծ» է:
Փաստ և մեկնաբանություն
Ի դեպ, Կրեմլի գլխավոր քարոզչափողի կողմից անմիջականորեն «մաստեր կլաս» անցկացնելու փաստն ինչ-որ տեղ նույնիսկ հուսադրող է. նշանակում է՝ մեր լրատվական դաշտը հասցրել է յուրացնել և նույնիսկ կիրառում է միջազգային լրագրության ստանդարտները, այնքան, որ դրանց առկայությունը նկատելի է և գրգռում է պուտինյան լրագրությանը:
Նկարը՝ https://www.asauthors.org կայքից:
Մեկնաբանել