Վերջին օրերի ամենաուշագրավ իրադարձություններից էր Հայաստանի պատվիրակության այցը Բաքու՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարին: Ուշագրավ և հետաքրքիր ոչ միայն ինքնին, այլ նաև՝ այն լուսաբանելու տեսանկյունից:
Այսպիսի իրադարձությունը, որը տեղի է ունենում Ադրբեջանում, և որին հաջողացնում են մասնակցել Հայաստանի պատվիրակները, մարտահրավեր ու փորձաքար է դառնում ոչ միայն միջոցառումը և ոչ բարեկամական երկրի պատվիրակությունը հյուրընկալող պետության, այդ ոչ բարեկամական երկրի պատվիրակության անդամների, այլ նաև՝ բոլոր կողմերի լրագրողների և լրատվամիջոցների համար: Թե ինչպես այդ խնդիրը կատարեց Ադրբեջանը, կամ ինչպես այդ ոչ դյուրին առաքելությունն իրականացրին մեր երկրի պատվիրակները, այս հոդվածի քննարկման հետաքրքրությունից դուրս են: Ադրբեջանական մամուլի լուսաբանումներն էլ առանձնացնելու հարկ չկա, դրանք, կամ համենայն դեպս դրանց հիմնական ոգին, թեկուզև անուղղակիորեն, սակայն երևակվում է մեր լրատվամիջոցների աշխատանքում:
Սկիզբը խոստումնալից էր
Սովորաբար, երբ պետք է տեղի ունենա որևէ արտակարգ իրադարձություն, որի շուրջ սպասվում է հանրային մեծ հետաքրքրություն, լրագրողները նույնպես պետք է նախապատրաստվեն դրան:
Եվ առաջինը, որ պետք է գա մեր լրագրողների մտքին, Բաքու մեկնող պատվիրակների հետ կոնտակտային տվյալներ փոխանակելն է, եթե մինչև այդ չեն ունեցել: Ինչպես նաև՝ պայմանավորվելն է, թե մոտավորապես որ ժամերին կարող են իրենք կապ հաստատել վերջիններիս հետ՝ անմիջականորեն նրանցից ստանալու իրադարձությունների մասին տեղեկությունները: Եվ ինչպես հնարավոր կլինի նրանց հետ կապվել արտահերթ, եթե ծագի դրա հրատապ անհրաժեշտությունը: Իսկ որ հրատապ անհրաժեշտություն կծագի, դրանում կասկած լինել չի կարող:
Հայաստանյան լրատվամիջոցների կողմից հիմնականում այսպես էլ լուսաբանվում էին թե Բաքվում տեղի ունեցող միջոցառումը, թե մեր երկրի պատվիրակների մասնակցությունը:
Ահա օրինակներ, որ անհնար չէ անմիջականորեն կապվել թեկուզ և Բաքվում տեղի ունեցող իրադարձության մասնակցի հետ և նրանից ստանալ ու տարածել հավաստի տեղեկություններ:
Իսկ ի՞նչ էր արվում, եթե արտագնա աշխատող պատվիրակներին անձամբ հնարավոր կամ նպատակահարմար չէր կապվել: Այն, ինչ արեցին, օրինակ Արմենպրեսը կամ 168-ը. տեղեկություն էին քաղում այդ պատվիրակների և միջազգային վերլուծաբանների սոցցանցերում կատարած գրառումներից:
Մեղրի միջի ճանճը
Մեկ էլ հանկարծ մեր լրատվամիջոցներից մի քանիսը կարծես թե չեն դիմանում քիչ թե շատ զուսպ և հավասարակշռված տեղեկատվության հոսքին, և հրապարկում են մի տեղեկություն, որից հայաստանցի շարքային քաղաքացին «իմանում է», որ իր երկրի իշխող կուսակցության ներկայացուցիչը Բաքվում հայտարարել է, թե Հայաստանը ոչ ցանկություն, ոչ էլ ուժ ունի պատերազմելու: Եվ խնդրում է հայերին այլևս օկուպանտ չանվանել:
Փաստորեն հայաստանյան լրատվամիջոցը ոչ միայն «հրատապ» արձանագրում է այդ «սենսացիոն» հայտարարությունը, այլ նաև «բարեխղճությամբ» կատարում հղումը՝ «Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն»: Իսկ ԱՊԱ-ն ադրբեջանական լրատվամիջոց է: Իսկ ադրբեջանական լրատվամիջոցից տեղեկություն լավագույն դեպքում կարելի է քաղե՛լ և ոչ՝ արտատպե՛լ:
Մինչև հայաստանյան հանրությանը ադրբեջանական ծագման տեղեկություն հայտնելը հարկ է «հարյուր ձև» ստուգել այն: Լրագրողը, եթե անգամ տեղեկացված չէ, հոտառություն ունենալ պարտավոր է: Կան այսպես կոչված տեղեկություններ, որոնք ճչում են, որ իրենք կեղծ են, հորինովի, որ իրենք տեղեկություն չեն, այլ հակա-տեղեկություն: Սակայն, ինչպես վերը նշեցինք, լրագրողի և խմբագրի մասնագիտությունների շատ կարևոր մաս է հոտառությունը:
Վերջինի բացակայությունն այս դեպքում կարող էր շատ ավելի լուրջ հետևանքներ ունենալ, քան վերոհիշյալ տեղեկության էժանագին շահարկումներն էին:
Բարեբախտաբար, հոտառության առումով և ընդհանրապես առավել փորձառու լրատվամիջոցները համբերությամբ սպասեցին մեր պատվիրակների հետ անմիջական շփման հնարավորությանը և ստացան ու տարածեցին պատշաճ տեղեկությունը:
Մեկնաբանել