ՄԻ ԹԵՄԱՅԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Պաշտոնական աղբյուրներին կարելի է, գուցե պետք էլ է չսիրել, սակայն կան թեմաներ և ոլորտներ, որտեղ առավել վստահելին պետք է որ լինեն հենց այդ՝ չսիրված պաշտոնական աղբյուրնեը: Հատկապես այն դեպքում, երբ սեփական արժանահավատ աղբյուրներ գտնել չի ստացվում: 

Անցնող շաբաթներն ապացուցեցին, որ հայաստանյան ԶԼՄ-ները ոչ ստանդարտ իրավիճակներում տեղեկություններ ստանալու և տարածելու առնվազն տարօրինակ գործելակերպ ունեն:

Երկու շաբաթ առաջվա, մեղմ ասած, խառնիխուռն տեղեկությունն այն մասին, որ Վարդենիսում խուճապ է, քանի որ ադրբեջանական դիվերսանտներ են ներխուժել մարզի տարածք, առավել վտանգավոր զարգացումներ ունեցավ: Լրատվամիջոցները արագ-արագ, առանց պատշաճ ստուգելու, հրապարակեցին մեկ ուրիշ՝ արդեն Քարվաճառ ներխուժման մանրամասները, իրենց  կարծիքով` նպատակները, անգամ դրա մասնակիցների «կյանքից դրվագներ»:

Ընդ որում, այս պատմության ամենասկզբում հրապարակումները հավասարակշռված էին՝ տեղեկատվություն և գրեթե ուրիշ ոչինչ: Աստիճանաբար, գուցեև պաշտոնական տեղեկությունների նվազելու կամ դրանց միօրինակ լինելու պատճառով հայաստանյան լրատվամիջոցներն սկսեցին «հենվել» սեփական տեղեկատվական և վերլուծական աղբյուրների վրա:

Ընդհանրապես ճիշտ է վերապահությամբ և թերահավատությամբ վերաբերվել պաշտոնական տեղեկություններին, սակայն այս թերահավատությունը անպայման պետք է հիմնված լինի փաստերի վրա: Հակառակ դեպքում դա ինքնանպատակ թերահավատություն է:

Խոսքն այստեղ այն մասին էլ չէ, որ չի կարելի սեփական կառավարությանն ու իշխանություններին քննադատել նման ծայրահեղ իրավիճակներում, ինչպիսին երկրում` պատերազմական վիճակում գտնվող հարևան պետությունից «անկոչ հյուր» ունենալն է: Իհարկե, կարելի է և պետք է: Բայց դա անելիս հիմնավորումներն ու մտահոգություններն էլ պետք է ամուր լինեն: Կամ առնվազն լինեն հիմնավորումներ: Հակառակ դեպքում լրագրության փոխարեն ստացվում է տնայնագործություն: Չգերագնահատելով ուժային կառույցների տրամադրած տեղեկությունները, մանավանդ որ դրանք շատ ժլատ էին և հաճախ հաջորդում էին հրապարակումներին, լրատվամիջոցները, միևնույն է, ավելի ծանրակշիռ և հավաստի աղբյուրներ այդպես էլ չբացահայտեցին:

Փոխարենը մեր ԶԼՄ-ները և սոցիալական ցանցերը լցվեցին հայտնի և անհայտ, ինքնակոչ և խորհրդավոր դիվերսանտների և հետախույզների, կամ իրենց այդպիսին համարողների հարցազրույցներով, որոնք փորփրում, բայց չէին բացում թեման, կամ ավելի շատ հարցեր էին առաջացնում, քան թե պատասխանում էին հարցերի:

Մի առանձին թեմա է այն «արնախումությունը», որը լրագրության մեջ ամեն անգամ հայտնվում է, հենց երիտասարդ է զոհվում սահմանին: Իսկ այս անգամվա երիտասարդ տղայի սպանվելը, ինչպես նախնական հայտարարում են պաշտոնական աղբյուրները, Քարվաճառ ներխուժած ադրբեջանցիների կողմից, այդպիսի մի առիթ էր` դաժանագույն և անհարկի ձևակերպումների համար, որոնք նույնիսկ որպես վերնագրեր հրապարակվեցին: Մեր գործընկերները չխնայեցին ոչ սպանված երիտասարդի հիշատակը, ոչ նրա ծնողների և հարազատների զգացմունքները, ոչ էլ Ադրբեջանի հետ սահմանակից այդ և մյուս բնակավայրերի մարդկանց առանց այդ էլ լարված նյարդերը:

Ընդհանրապես այս շաբաթների լրագրությունը տեղեկություններ հաղորդելու լրագրություն չէր, տեղեկություններ, որոնք իրազեկելու նպատակ ունեն: Անցնող շաբաթների լրագրությունը մարդկանց ցնցելու, նրանց այդ ցնցումների մեջ հնարավորինս երկար պահելու, մարդկանց անհանգստությունն ու լարվածությունը գերագույն աստիճանի հասցնելու մասին էր:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.