ԱՅԴ ՕՐԸ ԳԱԼՈՒ Է

Գնալով ավելի ու ավելի է դժվարանում դատողություններ անել հայաստանյան լրագրության մասին՝ օգտագործելով բառեր և տերմիններ, որոնք պետք է որ տեղին լինեին, սակայն ավելի ու ավելի են հեռանում մեր լրագրությունից և այն ամենից, ինչ տեղի է ունեցում դրա շուրջ: Շուտով գործածությունից ստիպված կլինենք հանել «չափանիշներ», «չափորոշիչներ», «մասնագիտական պատրաստվածություն» և համանման այլ արտահայտություններ, որոնք անհրաժեշտություն կլինի փոխարինել «վիրավորանք», «խոչընդոտել», «ֆիզիկական բռնություն» և այլ արդիական բառապաշարով:

Այս օրերին լրագրության արևմտյան դպրոցները զբաղված են իրենց ուսանողներին նոր, ժամանակակից տեխնոլոգիական գործիքներից օգտվելու կարողություններ փոխանցելով, քանի որ նրանք պետք է« տիրապետեն մուլտիմեդիա նյութեր պատրաստելու հմտություններին, տիրապետեն տեղեկատվության տարածման, մարքեթինգի և բաշխման տեխնոլոգիաներին, որպեսզի իրենց նյութերը հասցնեն հնարավորինս ընդարձակ լսարանի»:

Մեզ մոտ էլ օրվա պահանջներին ընդառաջ  ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են նմանատիպ դասընթացներ, սակայն վերջին ամիսներին և հատկապես օրերին մեդիայի շուրջ զարգացումները լրագրողների համար ա՛յլ դասընթացների անհրաժեշտություն են ստեղծում՝ ինքնապաշտպանության հնարքներ, լեզվակռվի ունակություններ և հակահարվածի տակտիկա՝ ընդդեմ ֆիզիկապես գերազանցող «զանգվածի»:

«Ծալը փախել ա երևի»՝ նկատի ունենալով լրագրողներին, «Դավայ, յան տվեք սաղդ»՝ անմիջականորեն դիմելով լրագրողներին՝ ասում են մեր ազգընտիրները երկրի խորհրդարանում:

Ցավոք, այս ամենը նորություն չէ, փոխվում են կամ, ավելի ճիշտ, ժամանակ առ ժամանակ փոխատեղվում են նմատիպ պատմության գործող անձինք երկու կողմից էլ: Պատգամավորները, պաշտոնյաները իրենց թույլ են տալիս վիրավորական արտահայտություններ լրագրողների հասցեին, հարձակվում են նրանց վրա: ԶԼՄ-ներն արձանագրում են երևույթը, լրագրողական համայնքը արձագանքում է երևույթին, անցնում է մի քանի օր/շաբաթ/ամիս: Դեպքը հնանում է, համարյա՝ մոռացվում: Մինչև հաջորդ «գործողություն»՝ հաճախ նույն գործող անձանց մասնակցությամբ:

Մենք համբերատար և հետևողականորեն շարունակում ենք խորհրդարանում և այլուր հարցեր տալ նույն հերոսներին՝ գրեթե վստահ լինելով, որ ի պատասխան հետևելու են նվազագույնը՝ մտքի գոհարներ, իսկ առավել հաճախ՝ շարքային «գնացիր ստուց», «դավայ սաղդ», «ծնոտդ կպոկեմ»: Իսկ լրագրողներին աշխատելիս բերման ենթարկելը, տեսախցիկ ու ձայնագրիչ խլելը նույնքան սովորական են դարձել, որքան՝ մասնագիտական կարողությունները զարգացնելու դասընթացները:

Մենք նույն համբերատարությամբ և հետևողականությամբ լուսաբանում ենք այս կարգի դեպքերին ժամանակ առ ժամանակ հետևող հաճախ անպտուղ դատական գործընթացները:

Մի քանի օր առաջ ԱԺ անվտանգության ծառայության պետի հարձակումը Ա1+-ի լրագրողի վրա որքան էլ անսպասելի էր, բայց լրիվ «դավայ սաղդ»-ի տրամաբանության մեջ էր: Գուցե հենց այդ պատճառով էլ այն շատ քիչ պաշտոնյաների անհագստացրեց: Առավել նախանձելի հանգստությամբ իրավապահներն են սպասում այս կապակցությամբ բողոքի, որպեսզի գործ հարուցեն: Թեև այս մասին հրապարակումները և պետական պաշտոնյայի սխրագործությունը հավերժացնող տեսագրությունը պետք է որ բավարար լինեին դրա համար:

Անկախ այն ամենից, թե ինչպես են կոծկում լրագրողների աշխատանքի խոչընդոտման, նրանց վիրավորելու դեպքերը, այդ մասին պետք է բարձրաձայնել և միշտ տեղեկացնել իրավապահ մարմիններին. չէ՞ որ դրանք մի օր սկսելու են ծառայել իրենց կոչմանը: Եվ երբեք չգիտես՝ գուցե հենց այսօր է այդ օրը:

Նկարը՝ http://kalimpongnewsexpress.blogspot.com կայքից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.