«ԱՌԱՋԸՆԹԱՑ» ԲՌՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ

Կար ժամանակ, երբ լրագրողական համայնքը պայքարում էր, որ լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման, նրանց նկատմամբ բռության կիրառման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը չկարճվեն, չմոռացվեն-քնեցվեն:

Այսօր իրականությունը կարծես թե փոխվում է. երկար պայքարի արդյունքում վերջապես ստացվում է ակնհայտ բռնության փաստերի առթիվ հաջողացնել քրեական գործերի հարուցումը: Նկատելի «առաջընթաց» է:  

Մի փոքր ժամանակագրություն. «Ա1+»-ի լրագրողի նկատմամբ Ազգային Ժողովի անվտանգության ծառայության, ինչպես հետագայում պարզվեց, ղեկավա՛րը, բռնություն գործեց սեպտեմբերի 9-ին:

Այս միջադեպի կապակցությամբ ՀՀ Գլխավոր դատախազությունը երեք օր հետո հայտնեց, որ բոլոր նյութերը փոխանցել է Հատուկ քննչական ծառայություն: Իսկ այստեղ հրաժարվեցին քրեական գործ հարուցել: Հանրությունը դա իմացավ սեպտեմբերի 25-ին:

Այդ ընթացքում սեպտեմբերի 19-ին Ղազախստանի հայ համայնքի ղեկավարը «Հայկական ժամանակ» թերթի լրագրողին քաշքշում է, ձեռքից խլում ձայնագրիչը: Հաջորդ օրն իսկ պարբերականն այդ մասին հրապարակումը վերնագրում է այսպես՝ «Հաղորդում հանցագործության մասին»: Վերնագիրը՝ համենայն դեպս, որպեսզի իրավապահները հանկարծ ու չասեն, թե այս մի հանցագործությունը վրիպել է աչքներից:

(Վաղուց արդեն իրավապահները մեկումեջ են կատարում օրենքի պահանջը՝  հրապարակումը արդեն իսկ հաղորդում է հանցագործության մասին: Ընդ որում, օրենքում պահանջ չկա, որ լրատվամիջոցը պետք է հատուկ շեշտի, ուշադրությունը հրավիրի այն հանգամանքի վրա, որ այն, ինչ նկարագրված է իր հրապարակման/հաղորդման մեջ, հանցագործություն է:)

Հայաստանյան լրագրողական կազմակերպությունները սեպտեմբերի 22-ին հանդես են գալիս հայտարարությամբ, որտեղ դատապարտում են լրագրողի նկատմամբ Ղազախստանի հայ համայնքի ղեկավարի բռնությունը՝ այն գնահատելով որպես լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտում: ՀՀ Գլխավոր ոստիկանությունը սեպտեմբերի 25-ին հայտնում է, որ այդ մասին հրապարակումներն ուղարկվել են վարչական շրջանի դատախազություն ՝ հետազոտման:

Հիշեցնենք, որ մինչև այս պատմությունները հունիսի 24-ին ՀՔԾ-ն կարճել էր ևս մեկ գործ՝ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրողի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների բռնության կապակցությամբ:

Լրագրողական կազմակերպությունները բուռն արձագանքեցին բոլոր այդ կարճում-հրաժարումներին արդեն սեպտեմբերի 29-ին՝ գտնելով, որ «ՀՔԾ-ի նման գործելակերպը խիստ դատապարտելի է և վտանգավոր. այդ կառույցը փաստորեն իր պաշտպանության տակ է առնում բռնություններ իրականացնողներին, խորացնելով հիասթափությունն ու անվստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ»։

Մեկ էլ հանկարծ հոկտեմբերի 7-ին հայտնի է դառնում, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վերացրել է նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության սեպտեմբերի 22-ի որոշումը: Սա՝ սեպտեմբերի 9-ի՝ «Ա1+»-ի լրագրողի նկատմամբ բռնություն գործով:

Դեպքի առթիվ կրկին հարուցվում է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու հատկանիշներով: Եվ քրեական գործի նախաքննությունը հանձնարարվում է …նույն ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Միանգամայն պատահաբար քրեական գործ է հարուցվում նաև սեպտեմբերի 19-ի գործով:

Ինչ-որ հրաշքով Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը հոկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակում սկսեց բուռն գործել՝ հատկապես լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի ուղղությամբ:

Հնարավո՞ր է, որ այդ «հրաշքը» իրական դարձավ Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի՝ նույն՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստան այցելությամբ և ինտենսիվ հանդիպումներով՝ երկրի բոլոր առանցքային  պաշտոնյաների հետ:

Համենայն դեպս, իրադարձությունների ժամանակագրությունը այլ՝ մեր իրավապահների մասին ավելի լավ կարծիք ձևավորելու հիմքերի տեղ չի թողնում:

Հնարքն այն է, որ հանձնակատարը հո հավերժ չէ՞ր մնալու Հայաստանում: Իսկ նրանից հետո, «արդար» դատաքննության  ընթացքում կպարզվի, որ ոչ մի բռնություն ու խոչընդոտոմ էլ չի եղել: Իսկ եթե անգամ եղել է, ուրեմն՝ հաստատ լրագրողների կողմից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.