ԱՅՍՏԵՂ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՅՆ ՉԷ

Տեխնոլոգիաների զարգացման ու տարածման հետ այդ տեխնոլոգիաներից օգտվել կարողացողներն ու դա փորձողները հաճախ ունենում են թյուր ընկալում, որ իրենք այլևս տեղեկատվության արտադրողներ են: Իսկ պրոֆեսիոնալներն արդեն կարող են գնալ վաստակած հանգստի:

Այս թյուրընկալումը կարող է ավելի երկար գոյատևել, քան ցանկալի է, հատկապես այն պատճառով, որ ոչ պատշաճ միջոցներով տեղեկատվություն են սկսում արտադրել… լրագրողները:

Տեխնոլոգիական առաջընթացի «զոհերից» առաջինը թերևս ֆոտոլրագրությունն է, ինչպես նաև՝ տպագիր կամ առցանց լրատվությունը, երբ այն ուղեկցվում է ոչ պատշաճ տեսա- և ֆոտոտեղեկատվությամբ:

Ֆոտոլրագրողները պարբերաբար իրենց մտահոգություններն են հայտնում իրենց հեղինակային աշխատանքների կամայական կիրառության, այլոց ոչ բարեխիղճ աշխատանքի պատճառով մասնագիտության վարկաբեկման կապակցությամբ:

Սրան ավելանում է նաև այն, որ հաճախ տեքստային տեղեկությունը փորձ է արվում լրացնել կամ ձևավորել լուսանկարով, սակայն այդ երկուսն այնքան անհամատեղելի կամ նույնիսկ իրար հակասող են լինում, որ կորչում է տեղեկության արժեքն ընդհանրապես: Այս դեպքում անհասկանալի է մնում՝ եթե ֆոտոձևավորումն այդքան կարևոր է տվյալ տեղեկության համար, ինչո՞ւ է դրա անհաջող իրականացումով փչացվում այն ընդհանրապես:

Գուցե ուզում էին անել շատ լավ, բայց ստացվում է՝ ինչպես մի՞շտ:

Հայաստանյան մեդիայում անգամ մի քանի օրերի դիտարկումը տխուր արդյունքներ է տալիս:

«Սենսացիոն» նյութն այն մասին, որ Ադրբեջանի նախագահի կինը կարծես թե հանդիպում է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ, կարող էր և ունենալ սպասված ցնցող ազդեցությունը, եթե այդ կասկածելի տեղեկությունը չուղեկցվեր անհաջող «ֆոտոշոփով»:

Alieva&Lukashenko

Թեև անգամ անզեն տրամաբանությամբ է երևում միջամտությունը այդ լուսանկարին, սակայն, լրատվամիջոցը այն հրապարակելուց առաջ կարող էր պարզապես փնտրել Ադրբեջանի նախագահի կնոջ լուսանկարները և անմիջապես, հենց առաջին հանդիպած կայքերում գտնել այդ լուսանկարի օրիգինալը (կամ գոնե այն, ինչ մնացել է օրիգինալը որոշակի մշակման ենթարկելուց հետո):

Alieva original

Չէր խանագարի նաև սեփական լսարանի մասին ավելի բարձր կարծիքը լրատվամիջոցի կողմից:

Ֆոտոշոփի վերջին ամենաաղմկոտ պատմությունը թերևս ռուսական Առաջին ալիքինն է՝ ուկրաինական կործանիչի կողմից Դոնեցկում կործանված մալայզիական օդանավն խոցումը «հավաստող» արբանյակային լուսանկարի հրապարակումը:

Սակայն բնության ՝ «յուրաքանչյուր թույն իր հակաթույնն ունի» օրենքը ակնհայտորեն գործում է նաև տեղեկատվության ոլորտում, և լուսանկարի հավաստիության շուրջ կասկածներն ավելի շուտ հաստատվեցին, քան հերքվեցին:

Իսկ եթե անվանակարգերի բաժանենք ֆոտոնենգության այս շաբաթվա մրցույթը, ամենաէժանագինն, ինչ խոսք «Սևանցի տղամարդը չնայած կնոջ աղերսանքներին նրան ստիպել է խմբակային սեքսով զբաղվել» հրապարակումն էր՝ ուղեկցող լուսանկարով : Սոցիալական ցանցերում քննարկումների և քննադատության տեղիք տված լուսանկարը, նույն այդ ցանցի շնորհիվ, հայտնաբերվեց լրիվ ուրիշ վայրում, լրիվ ուրիշ բովանդակություն ուղեկցելիս:

Հետաքրքիրն այն է, որ երբեմն ՝գուցեև հավաստի տեղեկությունը կարելի է  փչացնել անհաջող ֆոտոձևավորմամբ: Իսկ վիճելի ու կասկածելի տեղեկություններ հրապարակող հեղինակներին հասկանալն իսկապես բարդ է. չէ՞ որ հենց որպես խայծ տարածվող լուսանկարներն են առաջին հերթին զգոնացնում տեղեկատվություն սպառողին և զգուշացնում՝ «այստեղ ինչ-որ բան այն չէ»:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.