ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի հայտարարությունը, թե լավ կլինի՝ Հայաստանը լինի Ռուսաստանի իշխանության ներքո, բուռն արձագանքներ առաջացրեց իր բովանդակության պատճառով: Եվ՝ ոչ միայն բովանդակության պատճառով:
Հայաստանյան հասարակությունը ալեկոծվեց նաև այն փաստից, որ լրագրողները չեն դադարում «խոսեցնել» Ազգային ժողովում հայտնված այն պատգամավորներին, որոնք ձայնագրման սարքի և բարձրախոսի առջև հիմնականում արտառոց ու մեղմ ասած, ոչ միանշանակ հայտարարություններ են անում: Այս կարգի հարցազրույցներ ԶԼՄ-ներում վերջերս շատ հաճախ են հանդիպում: Քիչ չեն նաև դրանցից հետո քննարկումներն այն մասին, թե արժե՞ր արդյոք այդ հրապարակման մեջ հայտնված տեղեկությունը կամ արտահայտված տեսակետը այդ ընթացքում դրսևորված հակաէթիկական պահվածքին և օգտագործված՝ գրավոր խոսքին անհարիր բառապաշարին:
Սակայն այն վրդովմունքը, որ առաջացրեց Մ.Սեդրակյանի խոսքը հրապարակելու հանգամանքը, կարծես թե աննախադեպ էր: Բարձրացված աղմուկը, կարելի է ասել համարյա մասնագիտական էր, քանի որ բանավեճում էին ոչ միայն տեղեկատվության սպառողները, այլև արտադրողները: Կարծիքները բևեռացված էին. լրագրողներն իրենց պարտքը համարեցին բացատրել, որ իրենք պարտավոր են խորհրդարանում հայտնված բոլոր ընտրյալներին՝ լինեն դրանք իշխանական, թե ոչ, խոսեցնել և «հասարակությանը ներկայացնել խնդիրները և այն իրողությունը, որում մարդիկ ապրում են»: Ավելին, նրանցից ոմանք գտնում են, որ աղմկահարույց խոսքի հեղինակներին չխոսեցնելով՝ լրագրողները «կաղճատեն, կսիրունացնեն խորհրդարանի պատկերը»: «Թողեք, որ բոլորը երևան այնպես, ինչպես կան», –թունդ բանավեճում կոչ է անում լրագրողը:
Իսկ ի՞նչն է վրդովում հակառակ տեսակետն ունեցողներին: Առաջին փաստարկը, որ նրանք բերում են, այն է, որ այս կարգի հրապարակումներին ուշադիր հետևում են հարևան Ադրբեջանում: Եվ ոչ միայն պարզապես հետևում են, այլ նաև՝ անմիջապես արտատպում դրանք, ինչպես եղել էր հենց այս դեպքում: Նրանցից շատերի կարծիքով, այս կարգի հրապարակումները «սկանդալային նյութ ստանալու», «կայֆավատ լինելու» նպատակով են արվում:
Ավելի անողոք է երևույթի հետևյալ մեկնաբանությունը, ըստ որի, չի կարելի այսպես արժեզրկել լրագրությունը, քանի որ այն հանրային տրամադրություններ ձևավորող հարթակ է:
Փաստարկն այն է, որ մերի նման երկրում, որտեղ ընտրական մեխանիզմների բացակայության պայմաններում «նման ցինիկ և անգրագետ հայտարարություններից հետո», միևնույն է, հանրությո՛ւնը չի որոշում՝ այդպիսի պատգամավորներ հայտնվեն խորհրդարանում, թե ոչ: Իսկ այդ խոսք տիրաժավորումը կարող է, ըստ հեղինակի առաջացնել «մեծամասնության մեջ լինելու ցանկություն», քանի որ մեր քաղաքացիները հաճախ «չունեն տեղեկատվությունը զտելու գործիք»:
Այսպիսի վիրտուալ բանավեճի արդյունքներից կարող էր լինել այն, որ կողմերից մեկը մյուսին գոնե, դրա մի մասին, համոզեր իր ճշմարտացիության մեջ: Սակայն երկու կողմերն էլ կարծես թե մնացին սեփական կարծիքին և նրանց համոզմունքները չդրդեցին հակառակ կողմի փաստարկները:
Թերևս միակ, թեկուզ և առանձնապես ոչ շոշափելի արդյունքը այս բանավեճում կարող է լինել այն, որ հաջորդ նման հնարավորության դեպքում լրագրողը կամ լրատվամիջոցը ևս մեկ՝ ոչ ավելորդ անգամ կմտածի՝ իր արածը ո՞ր տիրույթում է՝լրագրությա՞ն, թե՞ «կայֆավատի»:
Մեկնաբանել