Վերնագրերը լրագրության մեջ, հատկապես՝ տպագիր, միանգամայն առանձին ուսումնասիրության թեմա են:
Ոչ ոքի զարմացնել երևի պետք չէ տեղին և հոդվածի բովանդակությունից բխող և այդ բովանդակությունն արտահայտող վերնագրերով. հենց այդպիսի վերնագրեր էլ պահանջվում են լրագրության մեջ: Բացառությունները և բացթողումները՝ մի կողմ:
Սակայն այժմ ավելի ու ավելի հաճախ են հանդիպում ոչ թե պարզապես բացառությունները և «անմեղ» բացթողումները, այլ հենց՝ սկզբունք դարձող դիտավորյալ աղավաղումները: Վերջին ժամանակներում այդպիսի դեպքերի առատությունը հակա-դասական/հակա-դասագրքային օրինակներ է բերելու լայն հնարավորություն է տալիս:
Օրինակ, երբ վերնագրում կարդում ես, որ Վարդան Պետրոսյանն արդարացվել է, ինչքան էլ տեղյակ լինես տվյալ դատավարության ժամկետներին և գործընթացներին, միևնույն է, մտածում ես, որ հավանաբար ինչ-որ բան բաց ես թողել, և դատարանն արդեն կայացրել է իր վճիռը: Արդեն րոպեներ անց, հղումով հոդվածին հասնելուց և այն ծայրեծայր ընթերցելուց հետո ես հասկանում, որ լրագրության տվյալ գործը հրապարակախոսության ժանրից է, իսկ հեղինակի վերոնշյալ պնդումը ոչ թե դատարանի, այլ իր կարծիքով՝ ժողովրդի վճիռն է: Եվ որ այդ ամբողջ հոդվածը թերևս գրվել է հենց այդ մի նախադասության համար, որը հայտնագործելուց հետո հեղինակը չի դիմացել այն զարգացնելու և հրապարակայնացնելու գայթակղությունից: Մինչդեռ, հանրային հետաքրքրության, զգայուն թեմաների մասին հրապարակախոսությունը ևս, ինչպես լրագրության մյուս բոլոր ժանրերը, պահանջում է ճշգրտություն, նրբանկատություն և պետք է որ բացառի ընթերցողին մոլորեցնելու հնարավոր փորձերը:
Այսպիսի վերնագրերի առատության սպառիչ բացատրությունը ինքը՝ հայ լրագրությունը տալիս է, սակայն հենց զուգահեռ, նույն օրն ևեթ «լրացնում» այդ հրապարակումը համապատասխան դիդակտիկ նյութով: Այս վերջին դեպքն էլ միանգամից գրավում է բացահայտումների խոստմամբ, թե «ինչու Հոլոքոստի ենթարկված հրեաները չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը», ընդ որում՝ «Իսրայելի պաշտոնյայի պարզաբանումներով»: Այնուհետև նույն դառը հիասթափությունն է. պաշտոնյան պարզաբանում է բացառապես այն, թե ինչու… ինքը չի կարող պարզաբանել, թե ինչու Հոլոքոստի ենթարկված հրեաները չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը:
Մոլորեցնող ու այլ բովանդակության ակնկալիք տվող, ոչ միանշանակ վերնագրերից վերջապես առաձնանում է ամենաթարմը՝ «Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելը նկարահանվել է (տեսանյութ)»:
Առաջին տպավորությունն այն է, որ խոստացվող տեսանյութը հենց միջադեպինն է, մինչդեռ իրականում թե հրապարակումը, թե այն ուղեկցող/լրացնող տեսանյութը այն մասին է, որ Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելը նկարահանվել է: Գուցե թե տարբերությունը մեծ չէ, սակայն դա զգալու համար այդ վերնագիրը կարելի է համեմատել «Տեսախցիկները ֆիքսել են Արամ Մանուկյանի հետ կատարվածը. Մանրամասներ» վերնագրի հետ:
Նույնիսկ բառացիորեն նույն վերնագիրը՝ «Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելը նկարահանվել է», սակայն առանց տեսանյութի խոստման, արդեն ընթերցողին պաշտպանում է ակնհայտ մոլորությունից:
Վերջին շաբաթների ընդամենը մի քանի անբարեխիղճ վերնագրերի օրինակները կարծես թե վկայում են, որ այդպիսով փոխվում է վերնագրի բուն առաքելությունը՝ հակիրճ, մի քանի բառով ներկայացնելու այն, ինչը պետք է բացվի առավել ծավալուն նյութում: Միթե՞ վերնագիրը մոլորության գործիքի է վերածվում:
Մեկնաբանել